ՀՈՒՅՍԻ ՈՒ ՀԱՎԱՏԻ ՆԱՄԱԿՆԵՐ ՌԱԶՄԻ ԴԱՇՏԻՑ / ՎԱՐԴԻԹԵՐ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

Խաժակ-Գյուլնազարյան«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԻ» արխիվից


ՍՊԻՏԱԿ ԾԱՂԻԿՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻՆ

Լուսինը երկնի անամպ լազուրում
Շողում է՝ ինչպես արծաթե սինի
Ես քեզ եմ հիշում իմ երազներում
Կաթ ծաղիկների չքնաղ թագուհի:
«ՇՈՒՇԱՆ» ՊՈԵՄԻՑ Խ. Գ.

Խ.Գ.-ն Խաժակ Գյուլնազարյանն է՝ գրող որ մանուկներինն էր, պատանիներինը, մեծերինը: «Սպիտակ ծաղիկների թագուհին»՝ նրա պատանեկան խենթ ու խելառ, արբեցնող սերը՝ Շուշանը:
«Անգին Շուշանս.
Երկար ու տանջալից սպասումից հետո ստացա նամակդ (որն ի դեպ ավելի շատ խոհարարական էր, քան թե քեզ, սիրուն թագուհիս, բնորոշող մի թղթիկ), ինչևէ, շնորհակալ եմ:
«Կարոտել եմ քեզ». ահա մի բառ, որ միշտ տենչանքով է գրում ամեն մի ջահել, իսկ ես հո էլ ավելի: Դու գիտես, որ ես շատ էլ սենտիմենտալ սիրահարներից չեմ, բայց դե էլի կարոտը տխրեցնում է ինձ: Ժողովուրդը, որ միշտ հանճարեղ է, մի այսպիսի առած ունի՝ «Սարի սովորը դաշտում կտխրի», հիմա իմն է. սիրուն աչերիդ սովորել եմ նայել ու տենչալ երկա՜ր, երկա՜ր ու տխրում եմ առանց նրանց: Օ՜, թե որ եկար, էլ ձեռիցս չես պրծնի, էնպես պիտի գրկեմ, էնպես պիտի համբուրեմ կակաչե շուրթերդ, որ ձյունե կրծքիդ վրա շուրթերիցդ արյունե կարմիր-կարմիր վարդի թերթեր թափվեն:
Զարմանալի է՝ ինչո՞ւ ջահելի նամակը տենչանք է ու միայն տենչանք, ահա ես հարցնում եմ քեզ, դու չես պատասխանում. դե դա բնական է, չէ՞ որ ես քո մտապատկերին եմ միայն հարցնում, բայց ես կպատասխանեմ, որովհետև ջահելություն, սեր ու կյանք միևնույնն են, որովհետև չկա ջահել, որի սիրտը չի իշխում մտքին, իսկ իմ մոտ սիրտս կատարյալ պարսից շահ է, որ թելադրում է մտքիս իր ցանկացածը ու հետևում նրա կատարմանը, իսկ որովհետև նրա ցանկությունը միայն սիրելն է ու տենչալը, ուստի միտքը նրա ստիպմամբ ձեռքին ասում է՝ գրի սիրում եմ, տենչում եմ, տարօրինակ ու հետաքրքիր է սա, բայց ինչ արած՝ կյանքի օրենքն է:
Գալուս հաջորդ օրը սկսեցի դեռ Ախտայում մտածած մի պատմվածք, դանդաղ է գնում, բայց կվերջացնեմ: Շիրազը կարդացել է մի քանի կտոր՝ հավանում է, բայց ճիշտն ասած ինձ դուր չի գալիս, նամանավանդ, որ ստիպված եմ շատ չարչարվել՝ թեման պարսկական է, ու կոլորիտը պահելու համար անընդհատ թերթում եմ պարսկական կյանքից վերցրած գրքեր, ինչ որ է, կգաս կկարդանք:
Դու, սիրունիկս, հենց որ լավացար, իսկույն սկսիր պարապել…
Համբույրներով՝ միշտ քո Խաժակ»:

Այս նամակը գրվել է 1939 թվականի օգոստոսին, երբ Խաժակը Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնի ուսանող էր: Մեկ տարի անց սիրահարներն ամուսնացան, ու թվում էր, թե աշխարհում ոչ մի բան չի կարող խանգարել նրանց երջանկությանը…
1941 թվականի հունիսին, Խաժակ Գյուլնազարյանը նոր էր հանձնել պետհամալսարանի ավարտական վերջին քննությունը և երկու տպագրված՝ «Չար բազեի մահը» և «Ծույլի վերջը» գըրքույկների հեղինակ էր, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, ու շատերի պես նա էլ դարձավ զինվոր: Սկզբում սովորեց Թբիլիսիի հրետանային դպրոցում, ապա՝ որպես մարտկոցի հրամանատար, մասնակցեց Կերչի դժվարին մարտերին:
Ու նամակները հաջորդեցին իրար:
«…Ա՜խ Շուշո, կարոտել եմ քո սերը, քո ժպիտը, քո թախիծը և Երևանին: Կարդա բանաստեղծություններիս մեջ (հին) մի ութնյակ կա, այսպես է վերջանում.
Ո՜ դյութիր, դյութիր հմայք նաիրյան,
Աբովյան փողոց ու գիշեր խորին…
Գրքերիս ու գրչիս կարոտել եմ, Շուշան… »:
Մանկամարդ կնոջն ու ծնողներին հասցեագրված բազմաթիվ սրտառուչ նամակներից, որ պահպանվում են Հայաստանի ազգային արխիվի «Խաժակ Մեսրոպի Գյուլնազարյան (արձակագիր, գրականագետ) և Հասմիկ Սիմակի Սահակյան (գրականագետ)» ընտանեկան ֆոնդում, «Գրական թերթի» ընթերցողների համար ընտրեցինք երկուսը: Պատճառներից մեկը պարզունակ է՝ դրանք գրված են արևագույն թղթի վրա (ի դեպ, ինչպես միշտ՝ մարգարտաշար) ու անմիջապես ուշադրություն են գրավում, և մյուս պատճառը, որ դրանք, ըստ երևույթին անհավասար մարտում գերի ընկած զինվոր Խաժակի պատերազմական վերջին նամակներն են, քանի որ, իր իսկ վկայությամբ. «…Դա 1942 թվի մայիսի 19-ին էր: Համակենտրոնացման ճամբարներում մնացի երկու տարի: Փախուստի փորձերը ձախողվում էին: Ընկերներիցս շատերը մեռան սովից, տառապանքից, տիֆից… Բայց շատերն էլ դիմացան, դաժան տառապանքի մեջ էլի հայրենիքի զինվոր մնացին: Ես էլ դիմացա և 1944-ի օգոստոսին ազատվելով համակենտրոնցված ճամբարից, կրկին մեկնեցի ռազմաճակատ…»:
«Սիրելիդ իմ Շուշա՛ն, – գրում է Խաժակը 1942 թ. մարտի 26-ի իր նամակում,- շուրջս խաղաղ է այժմ, ինչպես գյուղում գիշեր ժամանակ: Փոքրիկ ճրագը վառվում է ու ծխում, ու այդ լույսի տակ պառկած ես գրում եմ քեզ իմ այս նամակը, իմ սրտի նման մաքուր ու բոսոր թղթի վրա: Անուշ աղջիկ, կյանքն աստիճանաբար փոխվեց, ու ես հանկարծակիի եկա. ինձ համար ճակատն այժմ այնքան հասարակ է և մենամարտը թշնամու հետ այնքան պարզ, որքան պարզ ու հասարակ չէր նույնիսկ քեզ հետ, նազելիս, Երևանի հրաշակերտ Աբովյան փողոցի մայթի վրա շրջելը: Մի խոսքով, ամեն ինչ ունի յուր լավ կողմը ևս, իսկ այս կռվի լավ կողմն ինձ համար արդար զինվորի սրտի վեհ զգացումն է: Գեղեցիկ էր կյանքը, գեղեցիկ կլինի նա շուտով: Կապրեն մարդիկ նորից մեր երկրում ուրախ ու երջանիկ, վառոդի ծուխն իսպառ կմոռացվի, և ես հուսով եմ, որ այդ երջանիկների թվում կլինենք և մենք՝ ես հավատացած եմ: Առողջությունս շատ լավ է, ճիշտ է այստեղ սարսափելի ուժեղ քամիներ եղան և մոռոզ: Նույնիսկ անհավատալի կթվա, բայց այդ ճիշտ է, սակայն ես թքեցի և այդ ցրտերի վրա, այժմ ամուր եմ, ինչպես չինական հոյակապ պարիսպը, սիրտս անվրդով է և հանգիստ. թե մտածում եմ՝ այդ միայն ձեր մասին, քո՝ անուշիկս և տնեցոց: Գրեք բոլորի մասին և շատ գրեք: Համբուրում եմ բոլորիդ: Հորս, մորս, քույրերիս, Ջիվան եղբորս, ձեր բոլորի համար, ձեր նման շատերի համար, իմ նման շատերի հետ գնում եմ ես իմ արդար ճանապարհով: Ողջույն ձեզ:
Ի դեպ, երևի պատահաբար հանդիպեցի մեր համալսարանից, հենց մեր ֆակուլտետից մի տղայի՝ Կոտայքից, անունը Կարո. առաջ ինքը ինձ ճանաչեց, այստեղ, ըստ նրա ասելու, մեր տղաներից շատերը կան: Բարև և համբույրներ բոլոր հարազատներին, ջերմ, ջերմ համբույրներով՝ քո Խաժակ: Ղրիմ»:
Հաջորդ՝ ապրիլի 4-ի նամակը սկսվում է «Գարնան երգ. Գարուն աղջկան՝ Շ.-ին» բանաստեղծությամբ՝
«Արդեն գարուն է եկել,
Ծաղկած գարուն սիրելի,
Երևանի փողոցում
Ինչքա՜ն աղմուկ կլինի…
Շուշան ջան, քո նամակներից և հայրիկի գրած նամակներից ինձ համար պարզվեց անչափ տենչալի մի քանի հարց, ավելի ճիշտ մի քանի մութ հարցեր ստացան ցանկալի պատասխան. նախ որդիական անկեղծ ցնծությամբ իմացա, որ Սաթն առողջացել է և այնքան լավ է զգում իրեն, որ պատրաստվում է շարունակել իր աշխատանքը, ապա ինձ համար պարզվեց, որ իմ բոլոր լավերը Երևանում ապրում են մարդավայել և վերջիվերջո պարզվեց, որ սիրելի Շուշանն ու իր երևանյան կոմպանիան ինձ սիրում և հիշում են միշտ և հպարտանում ինձանով (խոսքս պարզ է, իմ անուշ ծերունիների, մեր խաղաղ ընտանյաց մասին է): Շուշո ջան, ես առաջվա նման առողջ եմ և հանգիստ, ոչ մի թընդյուն, ոչ մի վառոդի հոտ չի սարսռեցնում իմ ջահել սիրտը, իմ երակներում անկանգ հոսում է հպարտ ու անխոցելի լեռնեցու մուգ կարմիր արյունը: Հարց է առաջ գալիս. իզուր չէ՞ արդյոք իմ այդչափ հպարտությունը, սնապարծություն չէ՞ արդյոք, ո՛չ, սիրելիս, քանի որ իմ հպարտության մեջ «ես»-ը չէ, որ իշխում է. մեր մոտոռային աշխարհում, «ես»-ը ձուլված է հզոր «մենք»-ի մեջ, երկրաչափական ֆորմուլայով այդ կարելի է արտահայտել այսպես. ես մենակ ոչինչ եմ, ես, իմ նման շատերի հետ՝ «ամեն ինչ»: Ահա իմ սրտում ծփում է հենց այդ հզոր «մենք»-ի հպարտությունը: Կիսաստվածները (Բիբլիայի մեջ) միշտ էլ հպարտ են եղել, այժմ հյուսված է մի մեծ, մի աննախադեպ Բիբիլիա, մի աստղենի էպոս, և այդ էպոսի հերոս կիսաստվածները ավելի քան ունեն իրավունք հպարտանալու իրենց արդար և իմաստուն գործով: Միտքը էակին մարդ է դարձնում, իսկ սերը՝ Հերոս. զգացմունքը չես սանձի, եթե նա համամարդկային է, իսկ մեր մեծ ընտանիքի հպարտությունը հենց այդպիսի համամարդկային զգացմունք է:
Շուշանս, քեզնից ստացած նամակները գրեթե բոլորը գրված են փետրվար ամսին, միայն մեկն է գրված մարտ ամսի 8-ին, այդ նամակից ես իմացա, որ ստացել եք իմ ուղարկած ծանրոցը: Իմ հասցեն է. Дейст. Крас. Арм. пол. поч. ящик 1624 850 А.П. в Ба­тарея л-т Х.М.Г.
Գրեք, իմ նամակներն հասել են ձեզ, թե ոչ: Քեզ ուրախ պահիր և աշխատիր հետ չմնալ կուլտուրական կյանքից: Համբուրում եմ բոլորիդ ու քեզ, սիրուն թռչնակ, ամո՜ւր, ամո՜ւր:
Քո, միշտ քո՝ Խաժո, 1942, 8/4 Ղրիմ
Հայրիկ ջան, մայրիկ ջան, ձեր փետրվար ամսի վերջերին գրած նամակներն ստացա, ներեցեք, որ երկար չեմ պատասխանում, միևնույնը պիտի գրեմ, ինչ Շուշոյիս, շատ-շատ ուրախ եմ, որ դուք սրտով արի եք, ձեր արյունն է հոսում իմ երակներում, ես էլ անկոտրում սիրտ ունեմ: Դմբացնում ենք ֆրիցին, քշում ենք կամաց-կամաց: Իմ մասին բոլորովին չմտածեք, հավատացնում եմ, որ սաղ-սալամաթ կթռչեմ ձեր գիրկը: Եթե նամակները ուշանան, ոչ մի վատ բան միք մտածի. այդ կարող է պատահել մեր դաշտային փոստի անկանոն աշխատելու հետևանքով:
Համբուրում եմ ձեզ, գրկում եմ: Ձեր Խաժո, 1942, Ղրիմ»:

Պատերազմն ավարտվեց: 1945 թ. հունիսի 9-ին լեյտենանտ Խաժակ Գյուլնազարյանը պարգևատրվեց «Բուդապեշտի գրավման համար» մեդալով, իսկ ավելի ուշ՝ «Հայրենական պատերազմի II աստիճանի» շքանշանով: Տուն դարձավ հաղթանակած զինվորը, բայց այլևս հուշ էր դարձել նրա «Պատանեկության և երիտասարդության թագուհին՝ Շուշանը…»:
Թող կորչեն պատերազմները, որ սպանում են Սերը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.