ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ. ՄՇՏԱԲՈՐԲՈՔ ՊԱՀԵԼՈՎ ՊԱՅՔԱՐԻ ՋԱՀԸ ԿԱՄ «23»-Ի ՆԱՄԱԿԸ / Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ազատ-Արցախ
1988-ի ղարաբաղյան ազգային-ազատագրական պայքարը, որի արմատները խորն են, վկայում է իր ազատության և անկախության համար ընդվզող արցախահայության անկոտրում կամքի ու արժանապատվության մասին: Բռնակցվելով Ադրբեջանին՝ ժողովուրդը երբեք չի հաշտվել օտարի լծի տակ համակերպվելու մտքին և 70 տարիների ընթացքում բազմիցս է իր ցասումն ու բողոքն արտահայտել գաղութացման դեմ` ցույցերով և հանրահավաքներով, Մոսկվա հղած նամակներով, զանգվածային ստորագրու­թյուններով: Ինչ խոսք, ցանկացած պայքար, դժգոհություն ճնշվում էր Խորհրդային Միության և Բաքվի իշխանությունների կողմից, և նրանց հեղինակները (նախաձեռնողները) հետապնդվում, աքսորվում և բանտ էին քշվում, դաժան հալածանքների ենթարկվում: Շատերին ազգայնամոլի պիտակ էր կպցվում և պարտադրվում լքել մարզի սահմանները: Նրանց շարքերում, բնականաբար, մեծ թիվ էին կազմում մտավորականության ներկայացուցիչները, մասնավորապես գրողները, ովքեր փաստացի ուղղորդում, ղեկավարում էին համաժողովրդական շարժումը: Այդպես եղավ նաև 1988-ին, երբ ոգևորված Մ. Գորբաչովի կողմից հռչակված վերակառուցման կուրսով, արցախահայությունը հրապարակայնորեն արտահայտեց Ադրբեջանի կազմից դուրս գալու և մայր Հայաստանին միավորվելու իր օրինավոր պահանջի մասին:
Ահա թե ինչու մշտապես ազերական իշխանությունների թիրախում են հայտնվել առաջին հերթին գրական ընտանիքի ղեկավարները` ազգանվեր գործունեու­թյան համար. Գրիգոր Ներսիսյան, Բոգդան Ջանյան, Բագրատ Ուլուբաբյան, Վարդան Հակոբյան… Մարդիկ, որոնք չեն ընկրկել ազերական բռնապետական մեքենայի առաջ: Եվ այս աստղաբույլին հմայք են հաղորդել Գուրգեն Գաբրիելյանը, Հրաչյա Բեգլարյանը, Մաքսիմ Հովհաննիսյանը…
Ոչ ոք չի կարող ուրանալ Բագրատ Ուլուբաբյանի անուրանալի ավանդը` Ադրբեջանի բռնապետության դեմ պայքարի կազմակերպման, ժողովրդի համախմբման գործում: Այդ տեսանկյունից հատկանշական է ԽՄԿԿ Կենկոմ, ԽՍՀՄ Գերագույն խորհուրդ և Մինիստրների խորհուրդ հղած մարզի մի խումբ ղեկավար աշխատողների նամակը, որում 1920-ական թթ.-ից վեր մանրակրկիտ փաստարկներով նկարագրվում էր Ադրբեջանի կողմից մարզում տարվող հայատյաց քաղաքականության մասին: Նամակի հեղինակները, բնականաբար, երկրամասի ժողովրդի միակ փրկությունը տեսնում էին Արցախը Հայաստանին վերամիավորելու մեջ: Նման խիզախ քայլի համար թե նամակագիրներն ինչպիսի դառն ճակատագրի արժանացան, բոլորիս է հայտնի: Նամակը չհասավ իր նպատակին, բայց ուներ, անշուշտ, մեծ դերակատարություն:
Արցախյան ազատագրական շարժումն առավել հախուռն դրսևորվեց 1988-ին: Իսկ պայքարի ակունքներում դարձյալ Արցախի մտավորականության լավագույն ներկայացուցիչներն էին: Գրողների միությունում, որը շարժման ակտիվ մասնակիցներին համախմբող շտաբի էր վերածվել, Գուրգեն Գաբրիելյանի, Վարդան Հակոբյանի, Հրաչյա Բեգլարյանի կողմից պատրաստվում է «23-ի նամակը»: Հետագայում «շտաբը» տեղափոխվեց «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրության շենքը. այնտեղից հարմար էր ղեկավարել նաև հրապարակի ցույցերը: Այդ օրերին «շտաբից» անբաժան էին գրական ընտանիքի անդամներից շատերը (Սոկրատ Խանյան, Արկադի Թովմասյան, Կոմիտաս Դանիելյան, Կիմ Գաբրիելյան, տողերիս հեղինակը և ուրիշներ): Գրողների վեհ առաքելության մասին է հավաստում նաև Մոսկվա մեկնած պատվիրակների խմբում (այն գլխավորում էր Արցախի ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը) գրողների ընդգրկվելու փաստը: Պատվիրակության մյուս անդամների հետ նրանք Կրեմլում համարձակ պաշտպանում էին Արցախի դատը և Ստեփանակերտ վերադառնալուց, անտեսելով իրենց սպառնող վտանգը, շարունակում էին առավել ակտիվ գործունեություն ծավալել հանրության շրջանում: Առանձնապես մեծ ջանքերի հետ էին կապված ժողպատգամավորների արտահերթ նստաշրջանի հրավիրման նպատակով նրանց կողմից իրականացվող նախապատրաստական (քարոզչական-բացա­տրական) աշխատանքները հանուն պահանջատիրության` ժողովրդի համախմբմանը միտված աշխատանքները, որոնք ապարդյուն չանցան:
Հատկանշական է, որ շարժման ակտիվիստները «շտաբում» գրողների հետ հավաքվում էին անելիքները ծրագրելու և քննարկելու, իրենց քայլերը համաձայնեցնելու և իրականացնելու համար: Ճիշտ է, «շտաբ» մուտք գործելու համար «հատուկ անցաթուղթ» չէր պահանջվում, սակայն բոլորին արտոնված չէր ներկա գտնվել օրակարգային հրատապ հարցերի արծարծմանը և որոշումների կայացմանը: Հաճախ գործողություններն այնպես արագ էին զարգանում, որ սկզբունքային նշանակություն ունեցող խնդիրների շուրջ վերջնական վճիռներ ընդունելու համար երկար ժամանակ էր պահանջվում, և իրավիճակից ելնելով՝ քննարկումները շարունակվում էին մինչև ուշ գիշեր, երբեմն էլ` մինչև լուսաբաց… Ասվածի վառ ապացույցը փետրվարի 20-ին ժողովրդական պատգամավորների պահանջով ԼՂՀ Մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանի կազմակերպումն էր, ինչի մասին իր հիշողություններում անդրադարձել է նաև պատմական նստաշրջանի նախագահ, հանրապետության վաստակավոր ուսուցիչ Վիգեն Հայրապետյանը. «Փետրվարի 19-ին հանրահավաքի մասնակիցների պահանջով պատգամավորներ Վարդան Հակոբյանը և Արմո Ծատուրյանը, բանաստեղծ Գուրգեն Գաբրիելյանի հետ այցելում են ԼՂՀ գործկոմի նախագահի տեղակալ Շմավոն Պետրոսյանին և նրա սեղանին դնելով արտահերթ նստա­շրջան հրավիրելու վերաբերյալ թվով 67 պատգամավորների ստորագրություններով հաստատված տեքստը՝ պահանջում նույն օրը սկսել նստաշրջանի աշխատանքները: Բայց քանի որ, կանոնակարգի համաձայն, նստաշրջանը պետք է հրավիրվեր խորհրդարանի գործկոմի որոշմամբ, հետևապես պիտի գործկոմի նիստ կայանար ու նոր միայն խոսք բացվեր նստաշրջանի հրավիրման մասին: Որպես գործկոմի անդամ՝ ես տվել էի իմ համաձայնությունը: Ցավոք, նրանցից ոչ քչերը հրաժարվեցին իրենց ստորա­գրությունները դնել արտահերթ նստա­շրջան հրավիրելու առաջարկի տակ: Իսկ ինչ վերաբերում է մարզգործկոմի նախագահ Վ. Օսիպովին, այդ օրերին նա անբաժան էր Բ. Կևորկովից և գրեթե դուրս չէր գալիս մարզկոմի շենքից: Մինչդեռ, ի հեճուկս մեր հակառակորդների, նստաշրջանը փետրվարի 20-ին կայացավ և քվորումն ապահովվեց»…
Նստաշրջանի մասին մանրամասներ պատմելով՝ որոշ ուշագրավ դրվագների է անդրադառնում և Շարժման առաջամարտիկներից Ռազմիկ Պետրոսյանը. «Հենց որ հրապարակում հավաքվածներն իրազեկվում էին, որ պատգամավորների թիվը թեկուզև մեկով ավելացել է, անսահման ուրախություն էին ապրում: Շատերը, շրջանցելով ազերի ոստիկանների կողմից հսկվող պահակակետերը, վտանգից խուսափելու համար մարզկենտրոն էին հասնում անտառներով ու լեռներով: Հետո ակնհայտ դարձավ, որ իր շքախմբով դահլիճում հայտնված Ք. Բաղիրովը պատգամավորներին փորձում է սիրաշահել ու խոստումներ տալ` «կանաչ լույս փռել» նրանց ճանապարհին, միայն թե նիստը չգումարվի և որոշում չկայացվի: Սակայն ներկաները, չհանդուրժելով նրա «կոկորդիլոսյան արցունքները», արհամարհում ու պահանջում են լքել դահլիճը: Իսկ ԼՂԻՄ գրողների միության նախագահ, պատգամավոր Վարդան Հակոբյանը, ով դրանից հետո առաջինն էր մոտեցել ամբիոնին և նստաշրջանում հանդես եկել Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականությունը դատապարտող հիմնավորված, ընդարձակ զեկուցմամբ, բացահայտ դիմել է Բաղիրովին. «Դուք խանգարում եք նստաշրջանի աշխատանքները, կարող եք նստել կամ էլ գնալ` ինքներդ որոշեք»…
Ելույթ ունեցողներն էլ (թվով 44 հոգի) խստիվ քննադատում և անարգանքի սյունին էին գամում Ադրբեջանի ղեկավարներին, ընդգծելով, որ այլևս հետդարձի ճանապարհ չկա, ու ժողովրդի փրկությունը միայն մայր Հայաստանին միավորվելու մեջ է:
Իսկ թե 1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ պատգամավորների արտահերթ նստաշրջանը պատմական ինչպիսի որոշում կայացրեց, բոլորին է հայտնի…
Հիրավի, մեծ ու անուրանալի է արցախյան ազատագրական շարժման գործում «23-ի նամակի» դերը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։