ՊԱՏՐԻԿ ԱՐՏԵՄԻ

ՀԳՄ վարչությունը

շնորհավորում է   արձակագիր

ՊԱՏՐԻԿ ԱՐՏԵՄԻԻՆ

ծննդյան 80-ամյակի առթիվ

 

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

ԲԱՆ` սերունդներին

 

 

Պատրիկ Արտեմիի (Պատվական Արտեմի Շաքարյան) գրական վաստակին ծանոթանալիս առաջին զգացումը զարմանքն է: Նա հայ գրականության մեջ եզակի հեղինակներից է, որն իր գրական ճանապարհը սկսել է, երբ մայրամուտին է հասնում կյանքի ճանապարհը: Պատրիկի առաջին գիրքը («Լեռան երեկոն») տպագրվել է 15 տարի առաջ, երկրորդը («Հարդագողի ճամփորդներ»)` 2009-ին, և այսօր 80-ամյա գրողը ծննդյան հոբելյանի հետ նշում է նաև գրական գործունեության ընդամենը… 15-ամյակը: Նկատելի է նաև այն հետզհետե արագացող ռիթմը, որով Պատրիկն իր գործերն է ստեղծում ու լույս աշխարհ հանում. միայն 2017-19 թթ. տպագրել է երեք ծավալուն ժողովածու` «Սորան», «Խաղը» (2017), «Ժամադրություն» (2019): Տպավորություն կա, թե մարդը կյանքի իրիկնամուտին իր մեջ հայտնագործել է մեկ այլ մարդու և հիմա տենդագին աճապարանքի մեջ է` հնարավորինս շատ բան պեղել այդ մարդուց, որովհետև հենց նա է, որ կարող է ԲԱՆ թողնել սերունդներին:

Պատրիկն ինչպես պատմվածքներում, իր գրքերը խորագրելիս էլ կյանքի իմաստի որոնումների ճանապարհին է. կյանքը «խաղ է», «ժամադրություն», «սորան», իսկ մարդը` «հարդագողի ճամփորդ»:

Գրողը հաջողում է բոլոր այն դեպքերում, երբ ստեղծագործական պատումին վավերականության թեթև շունչ է խառնում, երբ նրա գրիչը պատմվածքի ու ակնարկի «սահմանին» է: Վերջին ժողովածուն բացող «Սուլթան» պատմվածքը հենց այդպիսի պատում է` մոգական ռեալիզմի տարրերով:

Պատրիկի պատմվածքների վերջին ժողովածուներից մեկը վերնագրված է «Սորան»: Այն հանգամանքը, որ այդ ժողովածուում համանուն պատմվածք չկա, արդեն իսկ բառին նշանակալիության առանձնակի դեր է վերապահում: Ճիշտ է, վերջին ժողովածուում նույն վերնագրով պատմվածք կա, սակայն այդտեղ «սորան» բառը լրիվ իր բառարանային նշանակության մեջ է, մինչդեռ «Սորան» ժողովածուն նույն բառը կնքել է փիլիսոփայական ծանր լիցքով: Այդ  բառը մոտավորապես նշանակում է «սահք». երբ անտառից, թեքություն ունեցող լանջերից փայտ կամ խոտի խուրձ են ցած իջեցնում, ընդ որում` դա անում են բարձր տեղից մանրախիճե կամ հողե ծածկույթ ունեցող կածանով բեռն արագ քարշ տալով: Եվ որպեսզի ներքև սորացող բեռը չկորցնի իր ուղղությունը, մարդն առջևից նրա ուղղությունն էլ է կարգավորում, բայց դա անում է շատ արագ, որպեսզի թե՛ կարգավորի, թե՛ չմնա իջնող բեռան տակ: Ահա և Պատրիկ Արտեմիի ժողովածուի վերնագրի «առեղծվածի» լուծումը. մարդուս կյանքն ի՞նչ է` վերից (ասել է թե` երկնքից` ճակատագրից) արագ սորացող մի բան, և որպեսզի մարդը չմնա իր իսկ կյանքի բեռան տակ, նա ստիպված է ավելի ու ավելի արագ գնալ իր ճանապարհը: Ուրեմն` կյանքը մարդու և՛ բեռն է (խաչ, որ պիտի տանի), և՛ սորանը, որով մարդն ու իր բեռը պիտի սորան մինչև ներքև` մինչև անէություն: Բայց սորանը ոչ միայն տարածական հասկացություն է (կածան, նեղ ճանապարհ), այլև ժամանակային. մեր կյանքի ժամանա՛կն էլ մի սորան է, որ վերնային կամքով սորում-սորում է մինչև… ավարտ` հար և նման ավազի ժամացույցին: Ուրեմն` մեր կյանքի թե՛ «տարածությունը», թե՛ ժամանակը սորան է, որով մենք դեպի անէություն ենք գլորում հավերժությունից մեկ ակնթարթով պոկած մեր ինքնությունը, մեր երազը, մեր ցավը, մեր ԲԵՌԸ: Եվ Պատրիկ Արտեմին իր գրականությամբ իմաստնաբար հիշեցնում է այդ մասին` թաքուն հորդորելով միշտ հիշել կյանքի վաղանցուկ լինելու` սորանի մասին:

«Ժամադրություն» պատմվածքը Պատրիկի ստեղծագործության լավագույն էջերից է: Կիսավավերական այս պատումը գեղեցիկ ձոն է սիրուն և հանուն սիրո մարդու վեհացմանը, այնպիսի վեհացման, որն ութսունամյա ծերունուն կարող է կանգնեցնել բարձր կամրջի գլխին և ստիպել թռչել դեպի… երկինք: («Արևելյան մանկություն» վիպակի «Քարե կամուրջ» հատվածում, որտեղ պատմվում է առաջին սիրո մասին, պատանի հերոսը նույնպես ցատկում է բարձր կամրջից, բայց` Դեբեդի խոժոռ ալիքների մեջ, և մի ամբողջ կյանք հետո` վերջին սիրո համար ութսունամյա Գրեգ Լոռենցի ցատկը յուրատեսակ կամուրջ է դառնում, որով կամարվում են առաջին ու վերջին սիրո ափերը): «Ժամադրություն» պատմվածքի վերնագիրն էլ ձգվելով իմաստավորվում-դառնում է ժողովածուի վերնագիր` ակնարկելով, թե կյանքն էլ հիրավի գոյության հետ մի ժամադրություն է, որ նախորոշել է ճակատագիրն ու Աստված:

«Արևելյան մանկություն» վիպակը, որ կազմված է յոթ առանձին հատվածներից, գրողի մանկության հուշերի արձագանքը լինելով, վերնագրով դարձյալ խտացած ասելիք ունի: Ինչո՞ւ «արևելյան»: Սա կյանքի մայրամուտը օտար ափերում, հեռավոր Արևմուտքում ապրող մարդու ենթագիտակցական հակազդեցությունն է այն քանոնավոր-կանոնավոր, անհոգ, կուշտ ու բավարար կյանքին, որ բնորոշ է «արևմտյան մանկությանը»: Ուրեմն «արևելյան»` ասել է թե`  սրտալի, ջերմ, անհաշվենկատ, պարզ, բնությանը մերձ…

Պատրիկի հասուն գրիչը վաղուց չի վարանում կյանքի վարագույրը բացել ամենաանսպասելի կողմերից, ամենաանակնկալ իրավիճակներում և միշտ` ինքնատիպ լուծումներով: Նրա թեմատիկ հետաքրքրությունների շրջանակը լայն է:

Նա բառի հիանալի «հոգեբան» է, լավ գիտի, թե ինչ հսկայական լիցք ու ձգողականություն ունի բառը («Կեչիկան» պատմվածքում (շատ հետաքրքիր մի գործ` նաև թեմայի անսովորությումբ) գրողը Ալյասկայի այս փոքրիկ քաղաքի զարմանալի հարազատությունը ահա թե ինչպես է մեկնաբանում. «Առաջին իսկ հանդիպումից ես սիրեցի իմ հայրենի ձորաքաղաք Ալավերդու նման նեղ և երկարավուն Կեչիկանը, որը շատ հարմարավետ տեղավորված էր խոր կանյոնի մեջ… Մենք` բոլոր հողածիններս, թուլությունների, սովորույթների և շաբլոնների համաստեղ ենք, միայն բավական է, որ մեր կեչին լիներ իր անվան մեջ, և ես ավելի շատ սիրեցի այդ քաղաքը, թեև առանց այդ էլ մտերմիկ էր և գրավիչ»):

Պատրիկ Արտեմին իր մանկության բնօրրանի, հայրենի եզերքի երգիչն է, և դա նույնիսկ այն դեպքերում, երբ ուղղակի այդ մասին չի գրում. հեռավոր ամերիկաներում, ալյասկաներում դեգերող հայ մարդը ամենուր իր բնաշխարհը գտնելու ակամա ջանքի մեջ է, և նա գոհանում ու երջանկանում է, երբ գտածն ընդամենը մի բառ է, որը մայրենի լեզվից նվիրական մի բառի հուշն է արթնացնում:

Պատրիկին բնորոշ է քաղաքացիական հստակ կեցվածքը, և այս վերջին ժողովածուի «Հրեշտակի սատանան» վիպակը դրա վկայությունն է:

Կիրքը, ավյունը, երիտասարդական եռանդը, որով իրեն ամենազոր գրչին է նվիրել Պատրիկ Արտեմին, կասկածի տեղ չի թողնում, որ դեռ առիթ կունենանք նշելու նրա գրական գործունեության… 25-ամյակը:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.