ԱՆՏՈՆԻՆԱ ՄԱՀԱՐԻ

AntoninaՀԳՄ վար­չու­թյու­նը
շնոր­հա­վո­րում է արձակագիր
ԱՆՏՈՆԻՆԱ ՄԱՀԱՐՈՒՆ
ծննդյան 90-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

Այս կնոջ, գրողի` ապրած կյանքը քեզ ստիպում է զարմանալ ու խոնարհվել նրա առջև, նրա ապրած կյանքի առջև: 22 տարեկանում «նացիոնալիզմի ու շովինիզմի, հակասովետական պրոպագանդայի» մեղադրանքով ձերբակալվել ու մեկ տարի պահվել է Վիլնյուսի բանտում, որտեղ քաղբանտարկյալները գերադասում էին ինքնասպան լինել` չդիմանալով կտտանքներին… Կոմի մարզի ճամբար, այնպիսի տաժանակիր աշխատանք, որ նրան տեղափոխում են Սիբիր, պարզվում է, Սիբիրում պայմաններն ավելի բարվոք էին… Մոտ էր ազատությունը, երբ տեղեկացրին, որ հեռակա դատապարտվել է ցմահ աքսորի… Եվ այսքանից հետո անքեն ժպիտով կարող է ասել` ես միշտ պարտվածների հետ եմ եղել և ոչ թե հաղթածների, հաղթածներն առանց ինձ էլ յոլա կգնան…
Սիբիրը եղավ նրանց հանդիպման վայրը: Սիբիրում գտան իրար` այլևս չբաժանվելու պայմանով: Գուրգեն Մահարու համար Անտոնինան դարձավ գթության քույր` բառացիորեն խլելով նրան մահվան ճիրաններից կամ, ինչպես ինքն է ասում. «ինչպես երեխայի, դուրս եմ բերել գերեզմանից, կարող եմ հպարտանալ»: Դարձավ այն միակ հավատարիմ ընկերը, ով «Այրվող այգեստաններ»-ի դեն սկսված հալածանքներից հետո մնաց նրա կողքին: Միա՛կը: Եվ, վերջապես, նա երջանիկ կին է, ով գիտե սիրո գինն ու համը, ով սիրել ու սիրվել է, և նրանք` Գուրգենն ու Անտոնիան, իրար պետք էին, ինչպես օդը…
Ճակատագրով իրեն բաժին ընկած կյանքը արժանապատվորեն ապրել է ու կարողացել է այդ կյանքը, որ նաև Գուրգեն Մահարու կյանքն էր, հանձնել սպիտակ թղթին. «Իմ ոդիսականը», «Հուշեր և պատմվածքներ», «Հուշեր», «Հին ամրոցի գաղտնիքը»…
Սիբիրում իրեն թույլ էր տալիս երազել` երբևէ վերադառնալ Լիտվա, բայց եկավ Հայաստան և Մահարու մահից հետո էլ մնաց այստեղ` միայն ինքը կարող է թույլ չտալ, որ պատմությունը չխեղաթյուրվի, այդպես խնդրել-կտակել է Մահարին: Ու նա շարունակում է ապրել Կասյան փողոցի բնակարանում, որի մի մասը դարձրել է թանգարան` Գուրգեն Մահարու շունչն ու կերպը պահելով: Այս բնակարանը նրանց կյանքի վկան է, որտեղ մեկտեղվել է ամենաերջանիկ հուշը ամենացավոտ հիշողության հետ…
Մարդու տեսակ կա` ազնիվ ու ազնվազարմ, անկոտրում, բայց բարի, փխրուն, բայց ամրասիրտ, անկախ, բայց հավատարիմ… Անսահման հպարտ` իր կորուստներին, դժվարություններին, զրկանքներին տեր ու տիրական: Եվ անչափ կանացի, ինչպես վայել է գրողի կնոջն ու կին գրողին…

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

mahariՌուտա-Նազիկ

Գուրգենի հետ անցավ գարունը, ամառը, աշունը, ձմեռը: Նորից եկավ գարունը՝ իր հետ բերելով ուրախություն: Ծնվեց մեր աղջիկը: Նրան անվանեցինք Ռուտա-Նազիկ: Ռուտան լիտվական անուն է, իսկ Նազիկը՝ հայկական:
Գուրգենն իսկապես երջանիկ էր, որ աղջիկ ունենք: Դա հոր սովորական ուրախություն չէր: Դա մահվան դատապարտված մարդու ուրախություն էր (Գուրգենը գիտեր այդ մասին)… Եվ ահա այդ դատապարտված մարդը ունի նոր կյանք՝ նրա աղջիկը: Մեր Ռուտա-Նազիկը առողջ երեխա էր, մեծ, երկնագույն աչուկներով ու բավական լուրջ դեմքով: Գուրգենը նրան անսահման էր սիրում: Նա մեզ ուրախություն ու երջանկություն բերեց: Գուրգենը նույնիսկ երկու հարյուր ռուբլի վիճակախաղով շահեց, կյանքում առաջին անգամ: Մենք կարծում էինք, որ մեր Ռուտա Նազիկը երջանիկ երեխա էր: Միայն թե հաճախ Գուրգենը ցավով ասում էր, որ ինքը հիվանդ է, որ երկար չի ապրի ու չի տեսնի իր աղջկան մեծացած… Բայց, ավաղ:

«Իմ ոդիսականը» գրքից

P1080318Անտոնինա Մահարի

Ալմաստ ԶԱՔԱՐՅԱՆ

Առաջին անգամ Ալմաստ Զաքարյանին տեսել եմ, երբ նա, որպես Էդվարդ Թոփչյանի ասպիրանտ, հաճախ լինում էր նրանց տանը, իսկ այնտեղից բարձրանում էր մեր տուն ու երկար զրուցում Գուրգենի հետ: Գուրգենն ասում էր, թե Ալմաստը շատ խելացի է և շատ լավ է հասկանում գրականությունը: Իսկ Է. Թոփչյանը Գուրգենին ասում էր, թե Ալմաստն ակադեմիական խելք ունի և նրա հետ շատ հեշտ է աշխատելը: Ահա այսպիսի բնութագրումներ էի լսում Ալմաստ Զաքարյանի մասին:
Մի քանի տարի անց Ալմաստը դարձավ բանասիրական գիտությունների դոկտոր, բայց միշտ համեստ էր ու բարի, թեև դեմքին մշտապես թախիծ կար: Նրա գրչին են պատկանում «20-րդ դարի հայ գրականության» երկու հատորները, երեք հատոր Չարենցի մասին և շատ այլ աշխատանքներ: Այդ ամենը նա գրել է ամառանոցում, աշխատում էր մինչև ուշ աշուն:
– Ալմաստ, ձանձրալի չէ՞ քաղաքից ու մարդկանցից կտրված,- հարցնում էի ես:
– Ոչ: Ես սիրում եմ մենակությունը,- պատասխանում էր նա:
Ալմաստ Զաքարյանը զարմանալի, անսովոր անհատականություն էր, ով ոչինչ չի ստացել կյանքից, բայց այնքան բան է արել հայ գրականության համար: Վիրավորական է, որ այդպիսի գրական գործիչը չտեսավ իր փառքը, չստացավ արժանավոր պարգևներ, երախտագիտություն: Ճակատա­գրի հեգնանք:
Ի՜նչ անարդարություն:
Սիրելի, բարի, փառապանծ, արտասովոր զավակ դաժան ճակատագրի: Ցանկանում եմ, որ Մայր-Հայաստանը հիշի քեզ` իր դժբախտ դստերը, ու թեկուզ մահից հետո պարգևատրի գրական աշխատանքների, տանջալի կյանքի համար: Չէ՞ որ այս աշխարհում ամեն ինչ ուշ է գալիս` փառքը` մեռածներին, փողը` ծերերին, իսկ սերը հաճախ ուշացած է լինում:
Ես հպարտանում եմ, որ պատիվ եմ ունեցել շփվել հայ գրականության մեծ գործիչ Ալմաստ Զաքարյանի հետ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։