ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ, արձակագիր
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆԻՆ
ծննդյան 60-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
Ես եկել եմ ու մի քիչ էլ
գըլգըլալեն դեռ կըհոսեմ:
Ես գրում եմ, որովհետև
դուք չեք թողնում, որ ես խոսեմ:
Ա.Շ.
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
Թվում է` վաթսունը գոնե նրան պիտի խնայեր և Իգդիրի թոռ ու Մետաքսի զավակ բնիկ երևանցի զվարճախոս տղեկի պայծառ կերպարը աչքներիս առաջ չհրեր դեպի «տարեցի» մի քիչ վախենալու ձորապռունկը, որից այն կողմ արդեն «ծերունազարդի» անխուսափելի անդունդն է:
Դեռ երեկ-մյուս օրը հիսուն էր ու հենց այդպես՝ «Հիսուն» կոչվող պատմվածք էր տպել, որի մեջ անվերջակետ մե՛ծ-մե՛ծ մի նախադասությամբ ու մի շնչով պատմել էր իր այդ հիսնամյակի օրը: Սովորական, ամեն օրվա նման մի օր, որ իր կարուսելային ձանձրույթի ճշգրիտ գրանցումով էլ դարձել էր գրական գյուտ, որ, ասում է, ցնցել էր ոչ վաղ անցյալի հայոց գլխավոր ղեկավարին` հատուկ հեռախոսազանգով այդ հիացմունքը հաղորդելու ցանկությունը զսպել չկարողանալու աստիճան: Եթե հիմա հանկարծ վերցներ ու գրեր «Վաթսուն» վերնագրով պատմվածք, համոզված եմ, ազատ կարող էր արտագրել նույն տեքստը, և ամեն ինչ կլիներ դարձյալ ճշգրիտ ու համով, ավելին` կունենայինք բորխեսավարի արված մի հայկական ֆանտասմագորիա: Բայց հիմա, երբ գրառում եմ այս «հոբելյանական» մտքերս, օրը շաբաթ է, և «Առավոտի» կայքում հրապարակվել է իր անծայրածիր վեպի տասնվեցերորդ հատորի քանիերորդ մասը, ինքն էլ տանը նստած գրում է երևի տասնութերորդ հատորի մի հատվածը: Ու արդեն կարևոր չէ` ծննդյա՞ն օրվա մասին է, թե՞ մեկ այլ, սովորական, բայց հաստատ իր օրն է, որ իրենն ու մերն է միաժամանակ:
Սովետի ժամանակ ես Արմեն Շեկոյան չեմ տեսել: Բարակ գրքույկներ ուներ` բոլոր ջահելների նման, կարդացել ու տեսել եմ հետաքրքիր բանաստեղծ: Հետո եկավ մեր երազի անկախությունը. շատերը ծալեցին տետրակներն ու անցան ավելի լուրջ, մեծ գործերի, ոմանք էլ մնացին գրականության մեջ` իրենց բաժինը նրանով պոկելու հույսով, իսկ ինքը մնաց գրականության մեջ հենց գրականության համար: Իր վավերական Շեկոյան ազգանունը հնչեցրեց իբրև մաքուր հորինվածք, Երևանի Մետաքս քուչի պրոզայիկ անունը դարձրեց խորախորհուրդ «Մետաքսի ճանապարհ»: «Աղանդեր», «Անկապ երգեր», «Անտիպոեզիա», «Շարունակվող սերիալ» անուններով շարքեր ու գրքեր շարեց, ու մինչ գրական միջնաբերդերում հերթ կանգնածները մտմտում էին` դա բանաստեղծությո՞ւն Է, թե՞ ավելի շատ Երևանի բարբառով շուլալած չաստուշկա, պարզվեց, որ երևանցի վարորդից ու օլիգարխից մինչև Կալիֆորնիայի համալսարանի հայագիտականի դասախոս կարդում են դրանք որպես իրենց ուղղված Խոսք:
Հետո թողեց պոեզիա-անտիպոեզիան ու սկսեց «խոսել» ավելի մարդավարի` արձակով, և պատմվածքների ու վեպերի հատորներ դարսած, հայոց թիվ մեկ արձակագրի տիտղոսի կռիվ տվող շարանից հեռու` մեջտեղ բերեց հին ու նոր պատմվածքներ, որ դարձյալ կարդում են, և վեպ, որի ամեն նոր մասին խիստ որոշակի մարդիկ սպասում են ամեն շաբաթ: Եվ դարձյալ այդ մոգական խաղը. որովհետև բանաստեղծությունները տպել է «Հայկական ժամանակ» թերթում, իսկ վեպը` «Առավոտում», թվում է՝ գրական խաղ է արել ու վեպը վերնագրել հենց «Հայկական ժամանակ»: Բայց եթե անգամ իրոք այդպես է, իր տարերքով ու պարունակությամբ այդ աննախադեպ տեքստը իրապես հայկական ժամանակի գրական, վավերագրական ու փիլիսոփայական քրքրումն է, մի իսկական «Ի խույզ հայոց կորուսյալ ժամանակների»:
Եվ, ուրեմն, Արմեն Շեկոյանի համար վաթսունը մի հերթական հանգրվան է, և ինքը տարիքից կամ գրչի սպառումից վախ չունի, որովհետև իրապես անկախ է, և եթե կախված է մեկից կամ մի բանից, դա կախվածությունն է գրականությունից: Երանի իրեն…
Սեյրան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մեր ժամանակների տարեգիրը
Սիրելի՛ Արմեն, հոգեհարազատ ընկեր, եղբայրաբար շնորհավորում եմ քեզ քո փառավոր հոբելյանի առիթով: Դու տաղանդավոր գրող ես, և պատահական չէ, որ բոլորիս ուղեկցող ժամանակը քեզ պատվիրել է, որ դու քո գրով ու գրչով դառնաս տարեգիր, գեղարվեստորեն վավերագրես, առարկայական ու տեսանելի դարձնես այն ամենը, ինչը նշանակում է շարժվող ժամանակի հետագիծ: Դու ինձ զարմացնում ես քո անդադրում աշխատանքով, գրողական կենցաղավարությամբ: Ինչպե՞ս ես կարողանում լսել, զգալ մեր բարդ ու հակասական ժամանակների շնչառությունը, որի արտացոլման օրենքներին տիրապետելը քչերին է հաջողվում: Քո լեզուն, քո ոճը, քո պատկերավորման միջոցները համարժեքորեն ներդաշն են և խոսում են Արմեն Շեկոյան գրողի գեղարվեստական մտածողության բացառիկ ինքնատիպության մասին: Քո «Հայկական ժամանակ» ընդհանուր խորագիրը կրող հատորներում դու կարողացել ես ներկայացնել տարբեր բնավորություն, հոգեբանություն ու աշխարհայացք ունեցող բազմաթիվ անձանց, որոնցից շատերի հետ ծանոթացել եմ համազգային շարժման օրերին: Դա մեր համընդհանուր իդեալների իրագործման ռոմանտիկական շրջանն էր, որ, ցավոք, հետագայում կանգնեցինք դաժան ռեալիզմի առջև, ինչը հատուկ է բոլոր հեղափոխություններին: Խոստովանեմ, որ ինձ շատ դուր եկավ սկզբնական շրջանում գրականության մեջ հայտնվելու քո մետաֆորիկ ընդհանրացումը. «Ես արդեն կամաց-կամաց սկսում եմ նմանվել մի երեխայի, որ միանգամայն նոր մի խաղալիք է գտել ու անմնացորդ խրվել խաղի մեջ»: Դա գրականությանը և արվեստին հատուկ այն խաղն է, որի օրենքներին դու խորապես տիրապետեցիր հենց այդ տարիներին:
Ափսոս, որ հիմա հայտնվել ենք մի այնպիսի աբսուրդային վիճակում և նմանվել Բեքետի հերոսներին, որոնք համառորեն սպասում են Գոդոյին:
Հիմա մենք նույն վիճակում ենք, սպասման հիվանդ ենք, և մեզ բաժին հասած գոդոները զբաղված են իրենք իրենցով ու իրենցիններով և թքած ունենան մեր սպասումների վրա: Սիրելի՛ Արմեն, սա տարեգրության նյութ է, և համոզված եմ, որ իր արտացոլումը կգտնի քո հետագա ստեղծագործությունների մեջ:
Զավեն ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՄԱՐԴԸ ՔԱՐԵՐԻ ՄԵՋ
Ժամանակներ կան, երբ պոեզիան հարգված ա դահլիճներում, ապահով տեղավորված քննադատների գրախոսականներում ու ընթերցողների սիրո մեջ: Նման ժամանակներում սովորաբար հարց չի առաջանում` ինչո՞ւ ես գրում, արածիդ իմաստը ո՞րն ա: Արմեն Շեկոյան բանաստեղծը գրական աշխարհ մտավ և առաջին գրքերը հրապարակեց հենց նման ժամանակներում: Հետո ուրիշ ժամանակներ եկան: ԽՍՀՄ փլատակների տակ մնացին ոչ միայն գրահրատարակչության, քննադատության և այլ հարակից համակարգերը, այլ նաև, միառժամանակ, անհետացավ ընթերցողը: Ես ինքս հենց էդ ժամանակ եմ մտել գրականություն և էսօրվա պես հիշում եմ էդ տարիների սառնամանիքը: Շատերը մնացին բքի տակ, չհաղթահարեցին ճամփան` դեպի նոր գրական տարածք ու նոր ընթերցող: Արմենը էն եզակիներից էր, որ դուրս եկավ փորձությունից` ուժեղացած ու հաղթած:
Հետաքրքիր կլիներ հասկանալ` ինչու: Ինձ թվում ա` ես պատասխանը գիտեմ: Ճգնաժամը չկարողացավ կոտրել, հակառակը` ուժեղացրեց Շեկոյան բանաստեղծին, որովհետև Արմենը կարողացավ էդ ճգնաժամը մտցնել պոեզիա: Խոսքը մարդու ճգնաժամի մասին ա: Հասարակական մեծ ցնցումները` հեղափոխություններ, պատերազմներ, հենց նրանով են ահռելի, որ սրում են մարդու ճգնաժամը: Էդ ճգնաժամը միշտ կա, հավերժաբար կա, բայց հասարակական կատակլիզմների ժամանակ մերկանում ա ողջ դաժանությամբ: Ու եթե բանաստեղծը կարողացավ խոսքի մեջ տեղավորել էդ մերկ դաժանությունը, կնշանակի հաղթել ա:
Արմենը կարողանում ա անել հենց դա` խոսքի մեջ ա բերում կյանքի դաժանությունն ու էդ դաժանության մեջ` մարդուն: Իրականության ընթացիկ նշանների առատությունը, որ կա Արմենի տեքստերում, ստեղծում ա էն պաշտպանական ցանցը, որը թույլ չի տալիս` պոեզիան լողա մարդուց կտրված «հոգևորի» ամպերի մեջ: Արմենի գործերում կա ոչ թե վերացական «հոգևորը», այլ մարդու հոգին, որը խփվում ա պատերին ու քարերին: Էդ պատերն ու քարերը` մեզ բոլորիս շրջապատող իրականության փաստականությունն ու մարմնականությունը, բերելով խոսքի մեջ, բանաստեղծը ստեղծում ա էն տարածքը, որի մեջ մենք մահկանացու, այսինքն թե` մենակ մարդ ծնված լինելով հանդերձ, միասին ենք ու ոչ մենակ:
Բանաստեղծները, որոնց հիշում ենք կամ չենք հիշում, միշտ էդ երանելի տարածքն են փորձել ստեղծել իրանց գրածի մեջ: Ու երբեմն, ոնց որ Արմենի դեպքում, կարողացել են:
Մարինե ՊԵՏՐՈՍՅԱՆ
***
Արդի հայ վեպի հորիզոնում ինքնատիպ ներկայություն է Արմեն Շեկոյանի «Հայկական ժամանակը»: Նոր թերթոն վեպի շեկոյանական «անավարտ» հղացքը իր մեջ ներառում է հուշի, կենսապատումի, հրապարակագրության հիմնական տարրերը, սակայն ներժանրային հստակ ուղղվածության մասին խոսել չի կարելի: Եթե վեպը, թերթոնի ձևաբանության թելադրանքով, կոչված է ապահովել ժամանցային նախապայմանը, ապա այդ ժամանցը ևս հեղինակային խաղի կանոններից է, որովհետև Շեկոյանը մի կողմից շարահյուսում է իր կյանքի ժամ-անցումները, զուգահեռ տալիս հայկական ժամանակն ընդգրկող վերջին 40-ամյակի ժամ-անցումները, իսկ, ասենք, երկրում ստեղծված արտակարգ իրավիճակի ռեժիմով թելադրված ժամանակի պայմանական կանգառը զուգահեռում սեփական վեպի ժամ-անցումի դադարեցմամբ: Ընդհանրապես, Շեկոյանի վեպի թե՛ ներժանրային խաղերը, թե՛ շարահյուսման ձևերն ու ընթերցման կոդերը շատ լավ են արտահայտված հեղինակի առանձնացրած գլուխների վերնագրերում: Երկխոսությունների «տարափը» հեղինակը հաճախ վերնագրում է գեղարվեստական ֆիլմերի անվանումներով, որոնք նաև ապահովում են նոստալգիկ մթնոլորտը` «Նվագախմբի տղաները», «Երջանկության մեխանիկան», «Մենք ենք, մեր սարերը» և այլն: Վեպի սերիալայնությունն ընդգծելու համար էլ մի գլուխը վերնագրել է «Սուրճ կնոջ բուրմունքով»: Գրական հանդիպումների ու գրողական կենցաղի ցուցիչները հաճախ դառնում են տարբեր գրական ստեղծագործությունների վերնագրերով գլուխները, որոնք մեկ-մեկ բառախաղային տարբերակներով են համեմվում` «Երկրի ջիղը», «Ծերունին և ծովը», «Թաց օգոստոս», «Չե՛ս ծերանում, Պարո՛ւյր Սևակ» և այլն: Հրապարակագրության վկայությունների գործառույթը ապահովում են քաղաքական գործիչների ու տարբեր կուսակցությունների լոզունգներից վերցված վերնագրերը` «Աշխատենք միասին», «Հին ընկերները չեն դավաճանում» և այլն: Խոսուն վերնագրերը բացահայտում են վեպի գլխավոր տրամադրությունները և մատնանշում «ժամ-անցի» հիմնական մոտիվները:
Վահրամ ԴԱՆԻԵԼՅԱՆ