Գրողները գրողների մասին / Ալեքսանդր Թոփչյան

Ալեքսանդր-Թոփչյան***
«Գարուն» ամսագրի խմբա­գրությունում Ռաֆայել Արամյանի հետ նստած զրուցում էինք: Տիգրան Բակուրը մտավ և վրդովված դիմեց նրան.
– Ես շա՛տ վիրավորված եմ, ընկեր Արամյան, ամբողջ գիշեր չեմ քնել, երեկ սոսկալի բաներ եք ասել իմ մասին…
– Ի՞նչ եմ ասել, սիրելի Բակուր,- զարմացած հարցրեց Ռ. Արամյանը:
– Երեկ Գրողների միության ժողովում ասել եք, թե Տիգրան Բակուրը բացարձակ հանճար է… Խնդրում եմ, այլևս այդպիսի բան չասեք, ես ընդամենը մի համեստ տաղանդ եմ:

***
Տիգրան Բակուրն անձնագրով Հակոբ Հակոբյան էր: 60-ականների վերջից նա սկսեց հանդես գալ մեկ այլ ծածկանունով՝ Արարատ Նայիրյան, իսկ ռուսերեն բանաստեղծություններն ստորագրում էր Армен Вечный կամ Москва Кремлевич Российский ծածկանուններով:

***
Տիգրան Բակուրը 1969թ. բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն տպագրեց՝ Արարատ Նայիրյան ծածկանունով: Առաջին երջանիկներից մեկը, որ նվեր ստացավ այդ գիրքը՝ ես էի: Նա գրեթե ամեն օր զանգում և հետաքրքրվում էր, թե, արդյոք, կարդացի՞: Վերջապես, հերթական զանգերից մեկին ի պատասխան ասացի.
– Այո, կարդացել եմ և չեմ հավանում:
– Հրաշալի է, – պարզապես ցնծաց նա: – Ուրեմն, պիտի եղբոր պես խնդրեմ, որ այդ գիրքը մի լավ ջարդես թերթում, խոստանում եմ այդ առթիվ արքայական քեֆ կազմակերպել ռեստորանում:

***
1963թ. սեպտեմբերի 12-ին Ժան-Պոլ Սարտրը և Սիմոն դը Բովուարը երկու օրով, Թբիլիսիից մեքենայով ժամանեցին Երևան: Նրանց գալը զուգադիպեց Վախթանգ Անանյանի՝ Լուսակերտում կառուցված առանձնատան նորամուտի հետ, ուստի Սևանում դիմավորելուց և տեղում հյուրասիրելուց հետո ուղևորվեցինք դեպի Լուսակերտ, ուր արդեն հավաքվել էին հանրապետության ղեկավարությունը և մի շարք նշանավոր գրողներ, որոնց թվում էին Սերո Խանզադյանը և Հրաչյա Քոչարը, որ նույնպես Լուսակերտում առանձնատուն ուներ:
Հյուրասիրությունն առատ էր և բազմազան: Սակայն հյուրերը գրեթե բան չէին ուտում, պատճառը գուցե նախորդած՝ Սևանի հյուրասիրությունն էր, որից շատ ժամանակ չէր անցել: Ուշադիր տանտերը՝ Վախթանգ Անանյանը նկատեց նրանց ժուժկալությունը և դիմեց ինձ.
– Տղա ջան, էդ հալիվորն ու իրա կնիկը բան չեն ուտում, սոված են մնալու, ափսեները լցրու, երևի ամաչում են վերցնել:
Հրաչյա Քոչարը, որ թամադան էր, հարկ համարեց ճշտել.
– Սիրելի Վախթանգ, քո ասած այդ «հալիվորն ու իրա կնիկը» համաշխարհային գրականության մեծերից են:
– Քոչար ջան, քեզնից ու Սերոյից էլ մեծ ե՞ն:
– Սերոյի համար ոչինչ չեմ կարող ասել, բայց ինձնից ու քեզնից իսկապես մեծ են,- պատասխանեց Հրաչյա Քոչարը:

***
1967թ. աշնանը Երևանի Պետհամալսարանի մեծ դահլիճում պոեզիայի երեկո էր: Սակայն դա սովորական երեկո չէր, երբ պարզապես բանաստեղծություններ են արտասանվում: Այդ օրն ավելի շատ բանավեճ էր ծավալվել ոչ միայն արդի, այլև ընդհանրապես այն մասին, թե ինչ է պոեզիան: Երեկոյի ընթացքում շատ բան ասվեց, սակայն ընդամենը երկու ելույթ է մնացել հիշողությանս մեջ: Նախ՝ բեմ բարձրացավ Սլավիկ Չիլոյանը, գինով, բայց ոտքի վրա հաստատուն կանգնած, և միայն մեկ նախադասություն արտասանեց.
– Տաքսով եկավ, տաքսով գնաց Սայաթ Նովեն:
Հետո խոսք առավ Միսաք Հովենցը և իր ծավալուն ելույթն ամփոփեց հետևյալ բառերով. «Պոեզիան պըտի բըխա»:
Առաջին շարքում նստած Հենրիկ Էդոյանը խմբագրեց այդ «ինքնատիպ» բանաձևումը.
– Չէ, Միսակ, պոեզիան պըտի բխկա:
Միսակը, որ արդեն իջնում էր բեմից, կանգ առավ և անդրդվելիությամբ ու ամենայն լրջությամբ կրկնեց. «Ո՛չ, պոեզիան պըտի բըխա»:

***
Տարիներ առաջ սփյուռքահայ մի բանաստեղծուհի իր առաջին ժողովածուն վերնագրեց այսպես. «Տալ միայն»…

***
Անցյալ դարի 60-ական թվականներին Մոսկվայի «Պրոգրես» հրատարակչությունը լույս ընծայեց թուրք արձակագրուհի Սուատ Դերվիշի «Ֆոսֆորլու Ջեվրիե» («Ֆոսֆորափայլ Ջեվրիե») վեպը, որը պատմում էր Պոլսի պոռնիկների կյանքը և հայերին ներկայացնում բավական ան­նպաստ լույսի ներքո, վիրավորական արտահայտություններով:
Մի խումբ հայ մտավորականներ բողոք ուղարկեցին Մոսկվա` ՍՄԿԿ Կենտկոմ, պահանջելով արգելել այդ վեպը և հրապարակավ դատապարտել: Ըստ ընդունված կարգի, բողոքը Մոսկվայից ուղարկվեց Հայաստանի կուսկենտկոմ: Մեր Կենտկոմի գաղափարական բաժինն էլ, դարձյալ ըստ ընդունված կարգի, բողոքը ստորագրողներին հրավիրեց զրույցի` ջանալով համոզել նրանց չսրել խնդիրը և հրաժարվել իրենց պահանջներից: Գաղափարական բաժնի վարիչն իր ասածը համոզիչ դարձնելու համար բերում է այն փաստը, որ վեպում հանրատան տիրուհուն, որը հայ է, բոլոր պոռնիկները դիմում են «մայրիկ» ձևով:
Նշանավոր դերասան և թարգմանիչ Արման Կոթիկյանը, որն ստորագրողներից մեկն էր, ի պատասխան հարց է տալիս բաժնի վարիչին.
Ընկեր …յան, դուք բոզանոց գացա՞ծ եք:
– Չէ՛, ի՞նչ եք ասում, ինչպե՛ս կարելի է, – սարսափահար արդարանում է կուսակցական բարձրաստիճան պաշտոնյան:
– Իսկ ես գացած եմ, և՛ շատ անգամներ, և՛ տարբեր երկիրներում, և պիտի ըսեմ ձեզի, որ ամեն տեղ քերխանաճիներուն՝ «մայրիկ» կ’ըսեն:

***
1977 թ. հոկտեմբերի 6-ին և 7-ին «Հայֆիլմ» կինոստուդիան Տերյան 2-ից տեղափոխվում էր Աշտարակյան խճուղի: Այդ օրերին ես աշխատում էի ի տեղի կինոստուդիայի տնօրենի: Տեղափոխության դժվարին և պատասխանատու գործը հաջողությամբ գլուխ բերելուց հետո, աշխատանքային օրվա վերջում, երկրորդ հարկում գտնվող տնօրենի ընդարձակ աշխատասենյակում, հապճեպ պատրաստված սեղանի շուրջ նշում էինք նորամուտը:
Հանկարծ առաջին հարկից, որտեղ մուլտիպլիկացիոն ցեխն էր, կանացի աղեկտուր ճիչեր լսվեցին: Բոլորս շտապեցինք ներքև: Միջանցքում մի քանի աղջիկներ տեսանք` սոսկումից քարացած: Նրանցից մեկն, անխոս, մատով փակ դուռը ցույց տվեց: Դուռը բացեցի և ամենայն ուշադրությամբ զննեցի սենյակը. այնտեղ ոչ ոք և ոչինչ չկար: Հարցական նայեցի աղջկան: Այս անգամ նա մատն ուղղեց դեպի արևով ողողված բաց պատուհանի գոգը, որտեղ մի հսկայական դեղին մորմ էր տաքանում: Ամենայն հավանականությամբ, եկել էր կողքի խաղողի այգիներից:
– Խե՛ղճ հայվան,- ասացի ես` հանգստացած, որ ոչ մի վատ բան չի պատահել: – Նա չգիտի, թե ուր է եկել… Հանգիստ եղեք, աղջիկներ, սա նրա առաջին և վերջին այցելությունն է:
Այդպես էլ եղավ: Այդ դեպքից հետո ես ավելի քան չորս տարի աշխատեցի այդ շենքում և այլևս ոչ մի կարիճ ու մորմ չտեսա: Այդպես որակվող որոշ երկոտանիներին նկատի չունեմ:

***
1957 թ. արձակագիր Ռաֆայել Արամյանը «Գրական թերթ»-ում մի մեծ ակնարկ տպագրեց Զանգեզուրի մասին, որտեղ մասնավորապես գրում էր, թե ծերերն ինչպիսի սոսկումով էին հիշում կովկասյան թաթար, իսկ այդ ժամանակ արդեն Ադրբեջանի ազգային հերոս Ղաչաղ Նաբիի սահմռկեցուցիչ ոճրագործությունները:
Այդ մի քանի տողը լուրջ խնդիրների պատճառ դարձավ: Բաքուն անմիջապես բողոք ուղարկեց Մոսկվա, իսկ այնտեղից հրահանգներ իջան պատժել՝ եղբայր ժողովուրդներին թշնամացնող հեղինակին, խմբագրին և ՀԳՄ-ի ղեկավարությանը: Դա նշանակում էր, որ այդ հրապարակումին ուղղակի և նույնիսկ անուղղակի առնչվող անձինք պիտի հեռացվեին աշխատանքից և կուսակցական նկատողություն ստանային: ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի առաջիկա նիստն ամբողջովին պիտի նվիրվեր այդ հարցի քննարկմանը:
Սակայն հրաշք տեղի ունեցավ. բյուրոյի նիստից երկու օր առաջ էր: Հայրս՝ Էդվարդ Թոփչյանը, երեկոյան տուն վերադարձավ՝ հետը բերելով գրախանութից գնված մի շարք նոր գրքեր, որոնց թվում և Մաքսիմ Գորկու քսանհատորյակի հերթական հատորներից մեկը: Սովորույթի համաձայն, ճաշից հետո փակվեց իր աշխատասենյակում և հետը բերած գրքերն սկսեց թերթել:
…Ժամը տասը կլիներ, երբ նա ժպիտը դեմքին դուրս եկավ սենյակից և ինչ-որ համար հավաքեց: «Խնդրում եմ Սուրեն Հակոբիչին միացնեք, ասեք, որ շատ կարևոր բան ունեմ հայտնելու»:
Հայրս զանգում էր Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանին:
«Բարի երեկո, Սուրեն Հակոբիչ, կներեք, որ այս ժամին անհանգստացնում եմ ձեզ, բայց ուրախ լուր ունեմ բյուրոյի առաջիկա նիստի հետ կապված, շատ կուզեի հնարավորին չափ շուտ և անձամբ հայտնել ձեզ»:
Հայրս, Գորկու հատորը ձեռքին, դուրս եկավ: Կեսգիշերն անց էր, երբ վերադարձավ՝ բարձր տրամադրությամբ:
…Կենտկոմի բյուրոյի նիստն անցավ «հայկական կողմի» ջախջախիչ առավելությամբ: Պարզվեց, որ Մ. Գորկու այդ հատորում ներկայացված էին հեղինակի կովկասյան ուղեգրությունները, գրված 1892թ. և տպագրված «Кавказский листок» թերթում, որտեղ պրոլետարական գրականության հիմնադիրը նկարագրում էր, թե ինչպես այդ արյունարբու ավազակը ահուսարսափի մեջ էր պահում ամբողջ Ելիզավետոպոլյան նահանգը, որ հավասարապես թալանում, բռնաբարում և մորթում էր ոչ միայն քրիստոնյա, այլև մահմեդական բնակչությանը:
Մ. Գորկին անբեկանելի հեղինակություն էր ՍՄԿԿ Կենտկոմի համար, և նրա նկարագրությունները զորավոր հիմք դարձան, որպեսզի ոչ մեկը չտուժի: Նկատողություններ, իհարկե, եղան, բայց բանավոր, առանց գործին կցելու: Ս. Թովմասյանը, ով բնիկ գորիսեցի էր և Ղաչաղ Նաբիի խժդժությունների մասին հրաշալի գիտեր, նիստի վերջում, առերես խստությամբ դիմել էր Ռաֆայել Արամյանին.
– Ես կուզեի, որ դու, որպես գրող, ինքդ անաչառությամբ բնորոշես քո արարքը:
«Դա վայել չէ սովետական գրողին, ես սեպ եմ խրում եղբայր ժողովուրդների դարավոր բարեկամության միջև և այլն, և այլն…»:
– Ոչ, շատ մեղմ ես ասում,- դժգոհել էր Ս. Թովմասյանը: -Քո արածը օղռաշություն ա:

***
1965 թ. աշունն էր: Հայրս, Անդրանիկ Ծառուկյանի խնդրանքով, հրավերք էր կազմակերպել մեր սուրմալվեցի ազգականների մոտ՝ Բամբակաշատ գյուղում: Սփյուռքահայ գրողը մենակ չէր. նրա հետ էր նաև ամերիկահայ մի մեծահարուստ, ով բուռն ցանկություն էր հայտնել՝ հյուր լինել հայկական գյուղի տոհմական ընտանիքում և զուտ ազգային կերակուրներ ճաշակել:
Սեղանն առատ էր, բազմազան և համեղ. ուլի խորովու, թոնրի հաճար, Էջմիածնի քյուֆթա, գառան խաշլամա… ուղեկցված տնական ընտիր գինիով և օղիով: Ամերիկացի հյուրը պարզապես ցնցված էր:
Սակայն նրա զարմանքը կրկնապատկվեց, երբ խրախճանքի ավարտին, տանտերերն արևելյան զորավոր սուրճի հետ մի նրբահամ «Նապոլեոն» մատուցեցին:
– Ձեր քեպապը, քեոֆթեն, փիլավը շա՛տ աղվոր էին,- արտահայտվեց ամերիկահայը: -Սա­- կայն շիտակն ըսեմ, ամենեն շատ ձեր քեյքը հավնեցա, ատանկ քեյք ոչ մեկ տեղ կերած եմ:
Հյուրասեր տանտերը «քեյք» բառը լսելով՝ շփոթված մեկ հորս էր նայում, մեկ Ծառուկյանին: Ի վերջո, կարծես արդարանալով, ասաց.
– Ախպեր ջան, ինչ ունենք՝ էն էլ տալիս ենք:
Նա անգլերեն չգիտեր և չէր կարող իմանալ, որ «քեյքն» ընդամենը իր մատուցած հոյակապ տորթն էր, և ոչ թե այն, ինչ բնականորեն լսեց իր հայկական ականջով:
1. Քերխանաճի (թուրք.) – Հանրատան տեր կամ տիրուհի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։