Սուրեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

– Ընթերցողն ինչպե՞ս է ընկալում, երբ գրողը ճշմարտությունից ավելի ներկայացնում է ճշմարտանմանը:

 

Սուրեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Հարցը նոր չէ: Գրական պրոցեսում միշտ էլ եղել է ստեղծագործության նախահիմքի քննության հարցը, այն է` գրողը նախընտրում է «իրականությա՞ն բնագիրը», թե՞ այլ  ելակետ է ընտրում` աշխարհի մետաֆիզիկական նախապատկերը, որը երևակայության, ինտուիցիայի կամ ներշնչանքի աղբյուրն է:

Գրավոր խոսքի սկզբից այն ուղեկցում է գրականությանը և աշխարհայացքային հիմնավորում ունի, որ պոետիկայի միասնությամբ է արտահայտվում: Դեռ հինգերորդ դարում Ղ. Փարպեցին, հետևելով Խորենացու զուսպ, ողջախոհ պատումի պահանջին, իր պատմության սկզբունքն էլ սահմանում էր` ասելով` «չյաւելուլ զանեղեալսն» կամ «չնուազեցուցանել զեղեալսն», լինել ստուգապատում: Բայց պատմության «ստուգագիր» մեկնաբանությունը տեքստի ոլորտում փոխակերպվում է գրողի աշխարհայացքի ազդեցությամբ, ընդլայնում պատումի գաղափարը «ժամանակի ստրուկտուրայի» առանցքում, որ թե՛ Խորենացու և թե՛ Փարպեցու պատմության հիմքն է: Ուստի Խորենացին մերժում է առասպելի ընկալումը, երբ այն չափազանցված է կամ «ստերի սուտ», իսկ Փարպեցին բանավիճում է իր նախորդի` Բուզանդի հետ, նրա պատումի լեզուն անվանելով շաղփաղփություն:

Ինչ խոսք, բանավեճի տարողությունը, այսպիսով, պատմական հիմք ունենալուց բացի, ունի աշխարհի գեղարվեստական պատկերի ընկալում, որ մեր դարում արտահայտվում է նույն ուղղություններով, ինչը նախորդ դարում Պ. Սևակին տարավ «հանուն և ընդդեմ ռեալիզմի նախահիմքերի» քննության, բանաստեղծության թելադրական բնույթի, բայց, միաժամանակ, ոգեղենացած ասքի ըմբռնման, որ աշխարհընկալման պոլիֆոնիկ բնույթի մեջ է արտահայտվում: Հետսևակյան շրջանը արդի պոեզիայում, հակադրվելով և հավելելով Սևակի հարցադրմանը, պոեզիայի արդի ուղղությունները սահմանեց հովհաննեսգրիգորյանական բանաստեղծության «անհետացման», էդոյանական մետաֆորիզմի, դավոյանական երգի և մեղեդու միասնության, հակոբմովսեսյան լեզվի շնորհի և առոգանության աշխարհընկալումներով, որոնք այդպիսով սահմանում են ոչ միայն արդի պոեզիայի ձևավորման ուղիները, այլև, ժխտելով միմյանց, սահմանում են գրականության ըմբռնման ուղիները:

Նախահիմքը թերևս, ինչպես տեսնում ենք, նույն շրջապտույտի` իրականության գեղարվեստական ճշմարտության և ճշմարտանմանի առանցքում է, որ փոխակերպվում է գրողի աշխարհայեցության պարագայում: Իրականության ստուգապատում նախահիմքը գեղարվեստական պատկերի է վերաճում, եթե գրողը կարողանում է այն նկարագրել ժամանակի ստրուկտուրայի, ուրեմն և` պատմության կենսափորձի ոլորտում, ուր ներկա է գրողը իր հայացքով, իսկ ճշմարտանմանի գեղարվեստական պատկերման դեպքում առաջնայինը գրողի գեղագիտական պատասխանատվության հարցն է, ուր գրողը պատսպարվում է լեզվի մեջ և լեզուն է խոսում ինձնով, ինքնիրենով: Իսկ ընթերցողը, որ ներկա է այս պրոցեսում (արարում), յուրացնում է գեղարվեստական փորձը, ճանաչում ինքն իրեն ու աշխարհը, եթե ընթերցումը նրա մշակութային հիմք ունի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։