ՀԱՐԿԱՎՈՐ Է ԹԱՐՄԱՑՆԵԼ ՄԵՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԳՐԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Արսեն ԳԼՋՅԱՆ

 

Սամվել ԿՈՍՅԱՆ – Երգիծաբան Հակոբ Պարոնյանը մեզանում հետևորդներ ունի՞:

Արսեն ԳԼՋՅԱՆ – Նախ ճշտենք, թե ո՞վ է Հակոբ Պարոնյանը: Պարոնյանը «թանձր խավարում փայլող հանճար է» և հայ գրականության մեջ այնպիսի դեր է ստանձնել, ինչպիսին ժամանակին իրենց գրականության մեջ ունեցել են Եզոպոսը, Արիստոփանեսը և Ալֆոնս Քարը` «ֆրանսացի նոր Արիստոփանեսը», դեռ 1883թ. գրել է Եղիա Տեմիրճիպաշյանը: Ի՞նչ է դա նշանակում: Աստվածների հայր Զևսը ժամանակին լույսի, արևի, բնության պայծառ սկզբնավորության աստված և հին Մուսաների առաջնորդ Ապոլոնի հովանավորյալներին շնորհել է ստեղծագործելու` մարդկանց երևակայության և զգացական աշխարհի վրա ազդեցություն ունենալու ձիրք: Ապոլոնի պարգևած ներշնչանքով պոետները` Հոմերոսը և Հեսիոդոսը, մեծ փառքի են արժանացել: Հետագայում, սակայն, Ապոլոնին ապավինած բանաստեղծները կտրվել են կենդանի կյանքից և, փոխանակ մարդկության առաջադիմությանը ծառայելու` անձնապաստան են դարձել և բոլորին բարձրից նայել: Ապոլոնի հովանավորյալների սխալը զայրացրել է Զևսին, քանի որ գիտակցել է, որ նման ուղիով ընթացողները մարդկանց վրա այլևս մեծ ազդեցություն ունենալ չեն կարող: Ապոլոնյան բանաստեղծներն էլ շուտով զգացել են, որ իրենց ստեղծագործություններն առաջվա նման մարդկանց չեն գրավում: Նրանք Ապոլոնի միջոցով Զևսին խնդրել են ներել իրենց և այնպես անել, որ իրենց արվեստի նկատմամբ հավատն ամբողջությամբ չվերանա: Զևսը համաձայնել է և ստեղծել է «խաբուսիկ երազները», որպեսզի «մահկանացուները» վերադառնան իրենց առաջին «նախագուշակի» մոտ, բայց հետևողների միայն «առաջին երազը կատարվի», իսկ հաջորդներին «պատիր տեսիլների խաբկանքի մեջ գցեն»: Զևսը, միաժամանակ, մտածելով նոր մարդկանց առաջադիմության պահանջմունքները բավարարող արվեստի ուղղություն ստեղծելու անհրաժեշտության մասին, բանաստեղծներին, այդ թվում, Եզոպոսին, հանձնարարել է «մարգարեական երազներ», այսինքն` «գիշերով մարդկանց առջև ապագան բացելու» արվեստի ուղին: Եզոպոսը, գիտակցելով գրական գործընթացում նոր գրողի խնդիրը, ոչ թե Ապոլոնին, այլ` նոր Մուսաներին է զոհեր մատուցել, տաճար նվիրել: Ապոլոնի զայրույթից չերկնչելով` տաճարի կենտրոնում էլ կանգնեցրել է ոչ թե նրա, այլ` Մնեմոսինեի արձանը: Եզոպոսի, Արիստոփանեսի գրական մեթոդը, որին անդամագրվել է նաև Պարոնյանը, հետո ամրանալով` կոչվել է ռեալական, ժողովրդական, ունեցել է իր օրենքները և սկզբունքները` լիովին տարբեր իդեալականից` դասականից: Եթե դասական արվեստագետները, Պլատոնի ցուցումներին հետևելով, «բանական մարդու» կերպար կերտելիս կողմնորոշվել են դեպի իդեալը, այսինքն` ֆիզիկական և հոգեկան գեղեցկության բարձրագույն կատարելության մարմնավորման այն հեռանկարը, դեպի որը պետք է ձգտեր մարդկությունն իր ընթացքով, ապա ռեալական ուղղությունը կողմնորոշվում էր դեպի իրական` ժողովրդական աշխարհը, որը զերծ է պաշտոնական գաղափարախոսության կաշկանդումներից և սարսափից: Մարդը և նրա մարմինն ունեն տիեզերական և, միաժամանակ, համաժողովրդական բնույթ: Ռեալական մարդը և նրա մարմինը ողջ մարմնավորն է, որը մնացած աշխարհից մինչև վերջ սահմանազատված չէ: Մարդը, այդ հայեցակարգի համաձայն, մարմնի և հոգու փոխկապակցությունից կազմված երկմիասնական էություն է: Նա, կարելի է ասել, իր մարմնի մասերի գումարն է: Մարդու մարմնի մեջ բնակվում է նրա հոգին: Բուն մարդը գլուխն է, որը գտնվում է մարմնի վերնամասում: Գլխին ծառայում են մարմնի ներքնամասում գտնվող անդամները: Ռեալական մարդու իրադարձությունները պտտվում են նրա մարմնի մեջ հակադրամիասնություն կազմող երկու բևեռների` ծերացողի և նորացողի շուրջ. մեկը նրա մահն է ներկայացնում, մյուսը` կյանքը:

Պարոնյանը նոր մեթոդի հետ գիտակցել է մարդկության կյանքում երգիծաբանության վեհ կոչումը:

Բնությունը մարդկությանը տվել է երեք մեծագույն բարիք` Բանականություն, Հոգի և Ծիծաղ, Արիստոտելի հետևությամբ կրկնել է Պարոնյանը, որոնց միջոցով ձեռք է բերում աշխարհը խորությամբ ընկալելու և իրեն ենթարկելու կարողություն: Նա մի մարդ էր, որը ծնված էր «բարուց ուղղության և օրինաց անթերի գործադրությանց վրա բարձրեն հսկելու համար», սուրբ զայրույթով կամ սուր ծիծաղով նշավակելու համար զեղծումներն ու զանցառությունները: Նա վառվում էր «հանրային բարօրության ու փրկության տենդով», իր շուրջը տեսնում էր «մտավոր ազատագրության ու բարոյական վերա­ծնության նկատմամբ բանին և գիրին ազդեցությունն ընդհանուր պատմության մեջ»,- արդեն 1883 թ. բացատրում էր Եղ. Տեմիրճիպաշյանը: Այս գնահատականներին Հ. Օշականը հետագայում ավելացնում է. «Հակոբ Պարոնյան միայն տիպարներու ստեղծիչ, բարքերու դպիր մը չէ, այլ ավելին, այսինքն` մտքի կերպի մը, զգայնության տեսակի մը ընդհանուր հայտարարը»: Պարոնյանը «կյանքի մեջ – և թերևս կյանքեն անդին – արգոսի աչքերով կը նայեր և յուր հզոր իմացականությամբ կը թափանցեր «իրերու հոգվույն»: «Մարդն է անիկա, որուն գործին մեջ, իբր անթառամ fresqueներու վրա խտացած կը մնա ոչ միայն ժողովրդի մը ամենեն կորնչական մասը, այլև շրջանի մը իմացական մայր մտահոգություններուն հանդեսը»: «Հանճարները միայն նորության ասպետներ չեն, այլև ծավալի իշխաններ… Մարդն է անիկա, որուն ամեն մեկ տողին ետին մեր հավաքական նկարագրեն փշրանք մը գոնե կը մնա թրթռուն, դեռ իր ջերմությունը անվթար պահող»: «Մարդն է անիկա, որուն էջերը մոգական հայելիներ են մեր թերությունները, կիրքերը, հիմարությունները ընդմիշտ շրջանակող»: «Մարդն է անիկա, որուն գիրքերը մեկ-մեկ անխորտակելի քանդակներ են ոչ միայն մեր բարքերն, այլև թերևս մեր հոգեկան բոլոր կարելիությանց պարունակեն»: Ու, վերջապես, «Մարդն է անիկա, որուն ողբերգական մեծությունը, խորունկ պարկեշտությունը, արի ու անկաշառ համարձակախոսությունը, այդքան նախնական պայմաններու մեջ իբր անկարելի գեղեցկություն, կը տպավորե մեզ…»: «Հանճա՞ր: Բացառիկ տաղա՞նդ: Մեծ գրագե՞տ,- գործածեցեք որը որ կուզեք սա պիտակներեն իր անունին հետ: Սխալ մը պիտի չընեիք»:

Ահա, քննադատները այսպես են գնահատել Հ. Պարոնյանի մեծությունը: Հարց է հնչում. «Հետևորդ ունի՞ Պարոնյանը»: Մենք բոլորս փորձում ենք «բարուց ուղղության և օրինաց անթերի գործադրությանց մղումով» նրան շարունակել… Բայց դա հեշտ գործ չէ: Շարունակել նշանակում է, նախ և առաջ, մեծի ավանդույթները գիտակցել և պահպանել:

Ս. Կ. – Ըստ Հովհ. Թումանյանի` «Քննադատը ո՛չ բանաստեղծ կարող է ստեղծել և ո՛չ էլ` բանաստեղծ սպանել»: Ուրեմն` «նա ի՞նչ  առաքելություն ունի»:

Ա. Գ. – Հայերենում ունենք երեք բառ` գրականագետ, գրաքննադատ և արվեստաբան: Գրականագետը (և արվեստաբանը) գրականության (և արվեստի) գիտակն է, տեսություն իմացողը, գրաքննադատը` գրականությունը քննողն ու դատողն է: Եթե ազգի գրականության մեջ երևում է նրա «հոգին», «հայացքը», «ընկերական կյանքը», գրել է Մ.  Նալբանդյանը, ապա «կրիտիկայի մեջ երևում է այս բոլորի չափը և աստիճանը, սորա գործն է սահմանել և գնահատել նորանց»: Ունենալ բուն իմաստով քննադատություն` «ուսումնական դատավոր», նշանակում է գրականության մեջ խառնաշփոթը վերացնել: Այդ անելու համար «ոչ ոքից այնքան չի պահանջվում սեր դեպի ճշմարիտը, դեպի արդարը, որպես կրիտիկոսից»,- իր հերթին ընդգծել է Րաֆֆին: Ընդ որում, «Կրիտիկոսը» «տաղանդի հետ» միացնում է «այնպիսի ձիրքեր, այնպիսի պայմաններ, որոնք ամեն մարդու տրված չեն»:

«Քննադատը եթե ոչ բանաստեղծ կարող է ստեղծել և ոչ էլ` սպանել», հարց է տրվում, ուրեմն` ի՞նչ առաքելություն ունի»: Որևէ գրող ունի երկու հատկանիշ` տաղանդ, որ բնությունն է տալիս, և խելք` տեսություն, որ ձեռք է բերում իր ուսուցիչների հետ շփվելով: Եթե մեկը գրող է համարվում, բայց չունի տաղանդ, ավելորդ է նրա մասին խոսելը: Նրան պետք է սպանել, և դա գրականագիտության խնդիրը չէ: Իսկ եթե ունի տաղանդ, բայց ոչ բավարար տեսություն, այստեղ է քննադատի դերը: Նա ամեն բան պետք է անի գրողին ճիշտ ճանապարհի վրա կանգնեցնելու համար: Գրողին սուր քննադատելը «մեռցնել» չէ, այլ` բարեկամական արարք: Այդ անելով` քննադատը գրողին «կյանք» էլ, այսինքն` տաղանդ էլ չի տալիս, այլ միայն մատնա­նշում է զարգացման ճիշտ ճանապարհը: Այսինքն` քննադատության բուն գործառույթը գրողի և գրականության բարեկամը լինելն է, գրողի և գրականության նկատմամբ հատուկ տեսակի բարձր վերաբերմունք դրսևորելը, որպեսզի տաղանդավոր անհատին հեռու պահի սխալ տեսություններից:

Միշտ ցանկալի է, որ քննադատը գրողից մտքով բարձր կամ, գոնե, հավասար լինի, ինչը հաճախ չի պատահում: Այդ պատճառով, քննադատությամբ հաճախ հանդես են գալիս իրենք` գրողները` դրսևորելով իրենց բազմաշնորհ էությունը: Նրանք տեսական բնույթի հոդվածներ են գրում, գրական գործընթացի խնդիրների մեջ խորանում, նշում զարգացման ճիշտ ուղին: Այդպես է եղել, օրինակ, նույն Հ. Պարոնյանը: Նա գրել է Ս. Տյուսաբի վեպի մասին` նրա «Մայտան» վերածելով «Այտամի», գրել է խիստ, բայց բարեկամաբար, որովհետև Ս. Տյուսաբը տաղանդ ուներ…

Ս. Կ. – Հնարավո՞ր է, որ համավարակով պայմանավորված` աշխարհաքաղաքական ակնկալվող վերափոխումները նաև մշակութային նոր չափանիշներ և խնդիրներ առաջադրեն:

Ա. Գ. – Գրականությունը միշտ մարդկության առջևից է ընթանում և փրկության ճանապարհները մատնանշում: «Նոր չափանիշների և խնդիրների» կարիք չկա, պարզապես հարկավոր է թարմացնել մեր վերաբերմունքը գրական ավանդույթների նկատմամբ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։