Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ

Կարինե ԱՇՈՒՂՅԱՆՄԵՐ ԱՐԾԻՎՆԵՐԻՆ
(Հին բանաստեղծություն՝ թարմացած, ինչպես այս պատերազմը և ցավը)
Առավոտը՝ սև, արնածոր,
Ծաղկաբույրին խառնված բոթ,
Մղկտում է հողի սիրտը՝
Ինչպե՞ս գրկի այսքան կարոտ,
Չվայելած սեր ու համբույր:
…………………………………………..
Խոնարհվել են երկինքները՝
Դեպի հավերժ, դեպի անդին
Արծիվների վերջին, վերջին,
Անվերադարձ վերջին չուն է
Երկինքներից բարձր ձգվում:
Ձյունաճերմակ փետուրները՝
Ընկած վերջին խիզախումին,
Վերջին սլացք, վերջին ճախրին,
Գամեր են սև, որ խրվում են
Պատերազմի խաչվող մարմնին:
…………………………………………….

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Խաղաղությունը բարձունք թնդացնող
Հայ զինվորների քոչարին է հաղթ՝
նրա առնական դոփյունն ու զարկը,
Խաղաղությունը փախչող ոսոխի
մեջքին խարանած սոսկումի հոտն է,
չռված աչքերի արցունքը պղտոր՝
ամենավերջին նրա նահանջին:
Խաղաղությունը Երկինք ու Երկիր
կամարող կանաչ սիրո նարոտն է:
Խաղաղությունը կփողփողա դեռ
Մոլորակի սիրտ մեր Արարատի՝
թշնամուն անհաս-անմերձ գագաթին՝
իբրև նշանակ Աստծո կարոտի.
մենք տեսնելու ենք՝ ինչ է դրախտը:

ԱՂԱՎՆԻՆԵՐԸ ՀՈԳՈՑ ՀԱՆԵՑԻՆ

Երբ տանդ ներսում
ագռավներն են արտոնյալ,
և քեզ դուր է գալիս քծնանքը՝
մատուցված կռկռոցով սև,
երբ միասին եք կիսում
նրանց բերած գողոնը՝
սովյալից խլված հացի փշուրը,
մանուկից խլված ծիծաղի ծվենը,
երբ չես տեսնում,
որ մշտաքաղց ագռավները
խնջույքի վերջում
քո աչքերն են կտցելու՝
որպես քաղցր պատառ,
ուրեմն՝ մի տեղ աղավնիները
հոգոց հանեցին,
և Խաղաղության կանաչ ոստն ընկավ
նրանց կտուցից:

ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼՈՎ

Քանի դեռ ջուր կա ջրհորում,
կարող ես ծարավից չմեռնել՝
կարող ես ծարավը քո խմել՝
հայացքդ վերջին կաթիլին:
,,,,,,,Տունդարձի ավետիս կլինի,
ջրհորը կծփա լիուլի,
քանի տուն՝ դուռը բաց ու անքուն,
կհարբի, կցնծա, կտոնի,,,,,,,
Եթե՝ ոչ, վերևում ինչ-որ տեղ,
հենց սրտից մայրակերպ մի աստղի
կարոտի աղբյուր կբխի,
որ ոչ ոք այլևս չի խմի:

ՀՐԱԴԱԴԱՐ
… որովհետև թռչուն էր.
նստեց իր կարծիքով ճյուղին՝
ծլվլալու կյանքը,
սերը և երկինքը խաղաղ:
Եվ հետո արդեն ուշ էր
գլխահակ ծաղիկների ճիչը՝
հեռու փշալարից,
եվ արդեն կարևոր չէր,
թե փշալարի որ կողմից
հնչեց կրակոցը կարմիր:
Փշալարը՝ փայլուն,
նոր լվացված
կյանքի, սիրո և երկնքի,
խաղաղության արյամբ:

ԱՐԱՐԱՏԻ ԺԱՄ
Արարատ լեռան վրա՝
ռազմական դրություն.
թուրքերն են հայտարարել,
նրանք չգիտեն,
որ արդեն մեկ դար
Լեռան վրա
ԴԱԻՇ-ից, այլևս նստակյաց
ու դեռ քոչվոր քոչվորներից
ավելի վտանգավոր՝
թուրքական դրություն է հայտարարված….
Դեռ կբարձրանան
ջրերն անփախուստ նոր ջրհեղեղի,
դեռ կսահմանի Տերը վերստին
Հավերժի ժամը մեր Արարատի:

ՏԵՐ, ԷԼ ԻՆՉ ՄԵՂԱ
Երբ ծվատվում է մեր հողն անխնա,
նոր երկինքներ են նվաճում նրանք՝
մեր մատաղացու- սրբանունները:
Տեր, մի՞թե մտքիդ մեզ Ծովից-ծովից
այսպես՝ դար առ դար ու տարեցտարի
Երկնքից-երկինք վեր-գաղթեցնելն է:
Տեր, խլանում է իմ մեղա-մեղան՝
Ողբից մայրերի ու հայոց հողի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.