Նախերգ
Մայր լյառն Արարատ
Ամպ ու շանթի մեջ,
Մայր լյառն Արարատ
Կապանքների մեջ…
Արարատ որդին
Իր շղթան փշրեց,
Արարատ որդին
Իջավ ճամփամեջ…
…Արարատ որդուց
Մինչ լյառն Արարատ
Ճամփան ձգվո՜ւմ էր,
Ճկվում, երկարո՜ւմ,
Ու… ճամփին այդ սուրբ
Օտար հողմեր են
Պտտվում անվերջ,
Օտար քամիներն
Իրենց խաղն անում…
Զինվոր ու բանակ
Լա՜վ գիտեն արդեն
Չարի ստվերը
Ինչպես են վանում,
Լա՜վ գիտեն արդեն
Այն միակ ճամփան,
Որը սրբազան
Մայր լյառն է հանում£
* * *
Ազատագրված
Բարձունքին կանաչ
Ասես մեկ դար էր,
Ոչ թե մեկ օր անց…
Թշնամու անտեր
Հրանոթները`
Լիրբ կանանց նման
Պիրկ ազդրերը բաց,
Սատանայական
Մերկությունն իրենց
Ի ցույց դնելով,
Իրենց անկարող
Տերերից փրկված,
Լուռ սպասում են,
Որ կրակ կուլ տան
Ու մա՜հ անձրևեն…
* * *
Ասես մեկ դար էր,
Ոչ թե մեկ օր անց…
Տանկ, ինքնագնաց
Անշունչ փռվել են,
Ինչպես մրրկածուփ
Հողմերը մարած…
Զարկված զենքեր…
Թեժ մարտի հետքեր…
* * *
Արարատ որդին
Իր պիրկ ձեռքի մեջ
Տեսավ հայկյան սուր
Եռաթև նետը,
Ցնցվեց նա մի պահ…
Իր իսկ աչքերով
Իր շուրջն էր դիտում
Հայկ նահապետը…
Ցասումն աչքերում
Ու խորազնին,
Ձևում, չափում էր
Իր տեղն ու դիրքը,
Իր գլխի վերև
Հսկա մի արծիվ՝
Թևերին պահած
Խորունկ երկինքը…
* * *
Լողացող արծվի
Խորհուրդը վերին
Արարատն ի վե՜ր,
Երկինք է տանում,
Հայոց մեծ վշտի
Վկա երկինքը
Չփակվող վերքի
Դռներն է բանում…
* * *
Ծաղկածուփ լանջի
Բուրմունքը անտես
Փռվել էր խաղաղ
Ծփանքով թովիչ,
Հովիկը մեղմիվ
Գգվում էր ծաղկանց,
Լուռ ցնցուղում էր
Արբեցո՜ւմ ու նի՜նջ…
* * *
– Ծաղկանց մեջ այնպես
Փառահեղ փռվել,
Ասես մեր վերջին
Կռիվն ենք տվել,
Հաղթանակն ասես
Ձեռաց է տրվել…
Նոր հաղթանակի
Լուրն իսկույն առած,
Գիտե՞ս, գինու հետ
Մեզ ի՜նչ լուր հասավ,-
Ասաց մարտական
Ընկերը` Արան,
Որ ջերմացել էր
Գինուց քաղցրահամ,-
Տղա է ծնվել
Արծիվ Տարոնին,
Գնա, տղերքը
Խմում են գինի,
Ոտքը բարի էր
Մեր նորածինի…
…
Երբ Արարատը
Խմբին մոտեցավ,
Մեկն առաջ ընկավ.
– Հրամանատար,
Գիտե՞ս խորհուրդն այս
Հրաշեկ գինու:
– Գիտեմ, թասն ինձ տուր,-
Խոսքը կարճ կտրեց,
Գինու համն առած`
Բութ մատը տնկեց,
Գինին մի շնչով
Մինչև վերջ ըմպեց:
– Հրամանատար,
Իսկ Տարոնն ու՞ր է:
– Տղերքն հետախույզ
Կգան ուր որ է…
* * *
Արարատն ահա
Մտքի մեջ ընկած՝
Լուռ գնդացիրն էր
Ջերմորեն շոյում.
– Պատվովս եմ երդվում,–
Մտածում էր լուռ,–
Աշխարհում ոչ մի
Զինվոր ու բանակ
Այսքան անբարո
Թշնամի չունի`
(Մեր նենգ թշնամու
Ոճիրն` անպատիժ…
Չդադրող մռունչ`
Երկինքն անհունի)…