Գարնանաշունչ ցերեկույթ

ՀԳՄ պոեզիայի բաժանմունքի նախաձեռնությամբ Մեծ դահլիճում տեղի ունեցավ պոեզիայի ցերեկույթ` «Գարնան և զարթոնքի երգեր» ընդգրկումով:
ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը կարևորեց գրողների այսպիսի` անմիջական, հրապարակային շփումները` ընթերցում-քննարկում մակարդակով, միմյանց ի մոտո ճանաչելու առաքելությամբ, և բարեմաղթեց արդյունավետ գործունեություն:
Պոեզիայի բաժանմունքի նախագահ, բանաստեղծ, գեղանկարիչ Արևշատ Ավագյանը, վերահաստատելով օրվա խորհուրդը, առաջինը բեմ հրավիրեց անվանի բանաստեղծ Արտեմ Հարությունյանին, ով ներկայացրեց ԱՄՆ իր վերջին ուղևորության մանրամասներն ու կարդաց նոր գործերից:
Ներկաները ջերմորեն ընդունեցին ավագ սերնդի ճանաչված ներկայացուցիչներ Գագիկ Դավթյանի, Վառլեն Ալեքսանյանի, Երվանդ Պետրոսյանի, Միքայել Ախտյանի, երգիչ-երգահաններ Աիդա Մնացականյանի, Արսեն Համբարյանի, ամենաերիտասարդ մասնակիցներ Հարություն Հովակիմյանի, Լուսինե Համբարյանի, ասմունքող Աննա Կոստանյանի կատարումները:
Գրական ցերեկույթին իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին Երևանի Սարգիս Ասլամազյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի ասմունքողներն ու գեղանկարիչները (ղեկավար` Լիլիթ Մարգարյան): Ուրախալի է, որ երեք ժամից ավելի տևած գեղեցիկ, բովանդակալից, գարնանաշունչ ցերեկույթն անցավ լեփ-լեցուն դահլիճում և մեծ բավականություն պատճառեց բոլորին:

Նիկոլայ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.