Հոկտեմբերի 26-ին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ընդունեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին: Վերջինս, գրական-թարգմանական ոլորտում ունեցած մեծ վաստակի և ծննդյան 65-ամյակի կապակցությամբ, թարգմանիչ, արձակագիր Արամ Արսենյանին պարգևատրեց Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Երևանի քաղաքապետարանի և Գրողների միության համատեղ աշխատանքի որոշակի հարցեր: Հատկապես կապված գալիք տարվա Երևանի հոբելյանի հետ՝ որոշվեց տարվա լավագույն գրական մրցանակները, անվանակարգերը նպատակաուղղել հենց այդ հոբելյանին, ինչպես նաև Երևանին նվիրված դրամատիկական գործերի, թատերգությունների մրցույթ հայտարարել: Ընթացիկ աշխատանքների վերաբերյալ քննարկվեցին համատեղ միջոցառումներ կազմակերպելու հարցեր: Թեև, պետք է նշել, որ Մանկական գրքի շաբաթին, Գիրք նվիրելու օրվան, Պոեզիայի օրվան, ինչպես նաև Երևանում գրողների հոբելյաններին նվիրված միջոցառումները կազմակերպելիս ՀԳՄ-ն մշտապես համագործակցում է քաղաքապետարանի կրթության և մշակույթի վարչության հետ: Քննարկվեց նաև դպրոցներում մանկական պարբերականների բաժանորդագրության խնդիրը, քանի որ հատկապես տարրական դասարանների աշակերտները տեղյակ չեն, թե Հայաստանում ինչ մամուլ է հրապարակվում իրենց համար: Անդրադարձ եղավ նաև քաղաքում մեր գովազդային վահանակների վրա պարբերաբար հայտնվող գրողների դիմանկարների հարցին: Որպեսզի դա պարբերական բնույթ կրի, քաղաքապետարանն ինքն էլ պետք է ճշգրտի այդ հարցերը: Քննարկվեց նաև գրողներին գնահատելու խնդիրը, գրողների մասնակցությունը քաղաքային կյանքին, քանի որ նրանց հիմնական մասը բնակվում է մայրաքաղաքում, բնականաբար, քաղաքի հասարակական-մշակութային կյանքի անբաժանելի մասն են:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը հույս հայտնեց, որ այս քննարկումից հետո հետագա համատեղ ծրագրերում նոր եզրեր կավելանան, մասնավորապես՝ սայաթնովյան Վարդատոնի անցկացումը Երևանում և Թբիլիսիում, հանդիպումների կազմակերպում տարբեր դպրոցներում և այլն: