Համո Սահյանի ծննդյան օրը Լոր գյուղում

Ապրիլի 14-ին՝ Համո Սահյանի ծննդյան օրը, ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Դավիթ Գասպարյանը, Հովհաննես Պապիկյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցներ այցելեցին նրա ծննդավայր Լոր գյուղը, որտեղ գտնվում է բանաստեղծի տուն-թանգարանը: Միջոցառմանը մասնակցել են բանաստեղծի համագյուղացիները: Հյուրերին ողջունեց համայնքի ղեկավարը, բացման խոսք ասաց Էդ. Միլիտոնյանը, Լորի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու «Միրհավ» գրական ակումբի սաներն ընթերցեցին Հ. Սահյանի բանաստեղծությունները:
2014 թ. ՀՀ նախագահի հանձնարարությամբ՝ սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով վերանորոգվել է տուն-թանգարանը, ցուցանմուշների հավաքագրման, ցուցադրության ձևավորման գիտական հայեցակարգի կազմման և ցուցադրության կազմակերպման աշխատանքներն իրականացրել՝ Մշակույթի նախարարությունը: Ցուցադրվող թանգարանային առարկաներն ընտրվել են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերից, իսկ ցուցադրությունն համալրվել է բանաստեղծի անձնական իրերով և փաստաթղթերով, որոնք թանգարանին է նվիրաբերել բանաստեղծի որդին՝ Նաիրի Սահյանը: Պատրաստ է նաև պոետի կիսանդրին, որի հեղինակն է Գետիկ Բաղդասարյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։