Մարտիրոս Սարյանը Մատենադարանում / Սոֆյա ՍԱՐՅԱՆ

ՍարյանՄարտիրոս Սարյանի 134-ամյակը այս տարի կանցնի իր տուն-թանգարանից դուրս. շենքը հիմնանորոգվում է: Սակայն Երևանի արվեստասեր հասարակայնությունը հնարավորություն ունի դիտել Վարպետի տուն-թանգարանի նշանակալից և սիրված ստեղծագործությունները Մատենադարանում բացված «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» խորագրով ցուցահանդեսում: Ի լրումն այս խորագրի ընտրված են Գրիգոր Նարեկացու իմաստալից տողերը «Մատեան ողբերգութեան»-ից`
Ի զգայականս Եդեմայ բխեալ պատրաստեաց Տնկողն,
Զի ոռոգեալ ծաղկեսցի նովաւ,
Որ ի յիս բարեգործութեան կենսատունկ դրախտ: (ԼԷ, Բ)
Այս տողերը համահունչ են Մ. Սարյանի արվեստում արտահայտված ձգտմանը. տեսնել կյանքն իր առանձնահատուկ գեղեցկության, արևի լույսով ողողված գունագեղության մեջ և զգալ այդ կյանքի դրախտային ներդաշնակությունը, հավատալով դրա հավերժականությանը: Մի զգայական Եդեմական այգի է ներկայանում աշխարհը Վարպետի հայտնի «Ջրհորի մոտ: Տոթ օր» կտավում, որն ընտրված է որպես ներկա ցուցադրության բովանդակային կենտրոն: Ամեն մեկն իր հոգում բարեգործությամբ ոռոգելով և ծաղկեցնելով Աստծո կողմից սերմանած կյանքն ու հավատը կնպաստի աշխարհը նորից դրախտի վերածելուն: Իր հոգում աճեցրած հզոր Կենաց ծառը Մ. Սարյանը պատկերեց նշված նկարում, դա իր կապն է բնության, արևի, հողի և տիեզերքի հետ, իր հավատամքն է ու ստեղծագործական ոգեշնչման աղբյուրը:
Մ. Սարյանի արվեստի ցուցադրումը Մատենադարանում լի է ներքին մեծ խորհրդով: Դեռևս 1901 թ.` երիտասարդ տարիքում, լինելով Մոսկվայի նկարչության քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի սան, նկարիչը եկավ հայրենիք, այցելեց այն ժամանակ Էջմիածնում գտնվող Մատենադարան, տեսավ մեր հին ձեռագիր գրքերը, հիացավ Թորոս Ռոսլինի և այլ միջնադարյան ծաղկողների արվեստով: Նա ստացավ այն հզոր ստեղծագործական լիցքը, որը կրեց իր ողջ կյանքի ընթացքում, զարգացնելով այն ժամանակակից ոգով, նոր որակով: Մ. Սարյանը իրագործեց իր առջև դրված գերագույն նպատակը` հասավ այն «դժվար թեթևությանը, որը բնորոշ է բոլոր ժամանակների խոշոր վարպետներին»: Նրա արվեստի ոճային թեթևությունը, որը քննադատները հաճախ որոշարկում են որպես մանկական հայացք, պրիմիտիվիզմ կամ դեկորատիվիզմ, հիրավի ելնում է միջնադարյան հայ արվեստին բնորոշ մտածողությունից: Դա խորհրդանիշների յուրահատուկ լեզու է: Դրանցից ամեն մեկն ամփոփում է իր մեջ համամարդկային հավերժական գաղափարներ: Այդ թվում են նաև Կենաց ծառը, լուսերգությունը, անմահությունը:
Մարդկության կեցության անանց արժեքների արտահայտումը Մ.Սարյանը գտավ նաև այն մշակույթներում, որոնք հնուց առնչվել են հայկականի հետ, օրինակ` եգիպտականում: Եգիպտոսից բերված (Մեմֆիս, 1911) փայտե դիմակները (մեկն ընդգրկված է ներկա ցուցադրության մեջ) նա համադրեց իր արվեստում միշտ հնչող հոգևորի հավերժ գոյության գաղափարի հետ: Պատահական չէ, որ 1915 թվականի Եղեռնի ողբերգական լուրն ստանալով, Մ. Սարյանն արտահայտեց իր հոգու ճիչը եգիպտական այդ դիմակները պատկերող նատյուրմորտում: Թեև դիմակները եգիպտական են, բայց նրանց աչքերը` հայկական, իսկ աչքերում արտահայտված վիշտն ու դատապարտումը` համամարդկային: Կանոնավոր դասավորված երեք դիմակները նկարի վերին մասում կարծես հանդարտեցնում և զսպում են խոր կսկիծից ցիրուցան եղած արևելյան տարբեր իրերի ու պտուղների քաոսը: Եվ որպես դիմակայում դրանց մեջ առանձնանում են հայ միջնադարյան արվեստում` խաչքարերում, գրքարվեստում հանդիպող երկու մոտիվ: Դա ձախ վերին անկյունում պատկերված խաղողի կիսատերև որթն է, որը հաճախ ծաղկեցնում է քրիստոնեական սուրբ խաչը, և նկարի կենտրոնում սպիտակ ծաղկամանի վրա տեղադրված կապույտ շրջանը, որի նախշը հանդիսանում է անընդհատ պտույտի, հավերժության գաղափարի խորհրդանիշ: Խորն էր Մ. Սարյանի միտքը: Բայց Սովետական երկրում նրան չհասկացան: Նկարիչը վշտացած` կտրտեց իր «Եգիպտական դիմակներ» (1915) կտավը: Այն պահպանվեց նկարիչ Հ. Զարդարյանի շնորհիվ: Երկար ժամանակ կտրտված մասերը պահպանվեցին ստվարաթղթի վրա փակցված: 2012-ին նկարը վերականգնվեց հրաշալի վերականգնող Ա. Գավրիլինի ջանքերով: Նրա խոսքերով ասած, նկարը կտրտվելով, կարծես, կրկնեց հայ ժողովրդի ճակատագիրը: Բայց, կարող ենք ասել, վերականգնվելով և երկրորդ կյանք ստանալով այն հաստատեց Մ. Սարյանի հավատը, թե՝ «մահ չկա»…
Ողբերգական պահին միակ փրկությունը հավատն է: Նկարչի հոգում աճող հզոր Կենաց ծառը նոր ծիլեր տվեց, կոչելով դիմակայել, շարունակել կյանքը` կործանմանը հակադրելով արևը, լույսը, գույնը, արվեստը:

Սոֆյա ՍԱՐՅԱՆ
Մ. Սարյանի տուն-թանգարանի
գլխավոր ֆոնդապահ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.