«Այդպես է, մարդ կոչվող խզբզանքը սկսվում, ընթանում և ավարտվում է հոգեկործան միօրինակությամբ ու մեկ էլ իր արտաբերած ես-ից, ես-ով, և ես-ում»,- մտածելով շարժվում էի առաջ ու թե ո՞ւր՝ չգիտեի: Էդպես է: Ինչ ճիշտ, ճիշտ է: Նա պիտի ապահովի իր եսի ձեռնաշարժումը: Մարդուն ինչ ուզում ես արա, մայր հայհոյիր, խփիր, ծեծիր՝ կտանի, գուցեև օֆ էլ չքաշի: Միայն երկո՛ւ բան կա, որոնց եթե դիպար, կընդվզի, կկաղկանձի, կայլանդակվի և ծառս կլինի: Առաջինը դա նրա ինքնագործունեությունն է: Դա էն է, որ ինքն էլ է կարող արտահայտվել, գրել, երգել, խոսել ընդհանրապես: Ու դրանով զզվեցնել, փչացնել ամեն բան, արժեցող-չարժեցող հավասարեցնել իրար, այսինքն՝ հավասարվել տաղանդավորին: Իսկ երկրորդը նրա բնածին պաշտպանամիջոց հանդիսացող խեղճությունն է, որով կարեկցանք և կենսամիջոցներ է պլոկում շրջապատից: Չի էլ պլոկում՝ քլնգում է. հիվանդ եմ, անապահով եմ, խեղճ եմ:
Եթե ասես՝
– Դու խեղճ չես, դու հիվանդ չես, դու առողջ ես…
Կասի՝
– Ի՞, առողջը դու ես, հեսա մի հատ սենց չրփեմ-սատկես:
Ու էդպես, անասնաբար ապրում են, կարեկցելով, կարեկցվելով, պայքարելով, ասֆալտներին պառկելով ու պառկեցնելով… աջ ու ձախ վազողները… վերև ներքև… ձեռնաշարժները… տղամարդ-կին-գեյ-տրանսվեստիտ… Մեկը հարցնի՝ ո՞ւր եք լողում էդպես վտառով… Ասե՛մ… Դուք վտառով գալիս եք, վտառով լողում եք կյանքի կողքին ու վտառով էլ վտառվում եք էս կյանքից… Կյանքը ծախսեք ու մեռեք… Անսեր, կեղտոտ, գորշ, դատարկ ու ձեր թույնով վարակված կյանքը… Մի կյանքը… Էս մի կյանքը… Թող կյանքն ապրեն էն մարդիկ, ովքեր գիտեն ապրել էդ մի կյանքը… Մի ակնթարթը… որը պետք է ապրել, որովհետև դա էլ է շնորհք…
Ապրել մի կյանք, մի ակնթարթ
քի՞չ է, միթե,
ու չլինել գազան ու մարդ,
լինել թիթեռ…
Չշռայլել առանձնապես
խոստում, երդում
ու չկանգնել շատերի պես
կյանքի հերթում…
Կրել հոգում մի բուռ շնորհք,
մի փոքրիկ գանձ,
հղկել նրան, սարքել ողորկ
ու տալ մարդկանց…
Տալ ու տրվել, ու վճարել
մեռնել թեկուզ,
հետո հարբել, ինչպես Չարենց,
մինչև էգուց…
Սիրուն ապրել արագ, սահուն
հոգով անվախ,
սիրել սերը, չապրել ահում
ոնց ալիգարխ…
Սիրել մի կին ու դառնալ կես,
շոյել գոնե,
օդն ու ջուրը զննել ինչպես
Կլոդ Մոնե:
Ապրել որպես հնչող տավիղ
օդում, ջրում,
տերյանական մթնշաղի
անուրջներում:
***
…Ու հանկարծ մի սովորական միտք անցավ գլխումս՝ էս հսկա աշխարհում՝ ո՞ւմ են պետք անճաշակ մարդիկ: Ասենք ռաբիսության մեջ խորացած, թաթուլարմենչիկ լսողները: Ինչի՞ են ծառայում էդ թափոնները, ո՞վ է դրանց կարոտ, ինչի՞ կան: Այ, եթե մոտենաս հենց իր մեքենայի մեջ մուղամը քոքած նման մի ուռո գլուխ տականքի… Ահա, փորը գցած մեքենայից դուրս՝ նստած է կրետինը: Միացրել է իր քեֆի ռիթմերով մուղամը… «Վախ, թոռնիկս, տեր աստված, պահպանիր նրան էս կյանքում, իմ ախպերս, ջան, ջան, ջան»… Մոտենաս ու դա կամաց անջատելով՝ շշնջաս.
Եթերային, թիթեռային թևերով
դու հպվեցիր, հմայեցիր, հարբեցրիր,
փոքրիկ, կոկիկ, թռար հոգուս վերևով
դեմքիս, երգիս, սիրով կիրքդ
պարպեցիր…
Թեև ցավով, բայց ցավագին
դու չանցար,
գրավեցիր ու դրեցիր քո դիմաց
և կրակոտ քո կրքերով կարեցար
տարին դարձնել անդառնալի
անդրադարձ…
Բղավեցիր, նվաղեցիր աննվագ,
համբուրեցիր ու բուրեցիր անհամբեր,
շվարեցի, պաշարվեցի անշվաք
ու թողեցիր թղթին թաղված
լուռ տողեր…
Նա ի՞նչ, մի բան կզգա՞… Ու եթե զգա՝ ի՞նչ պիտի զգա էդ ոչխարը: Ի՞նչ, ասեք, ի՞նչ: Ասեք, ռաբիսների ադվակատներ, խեղճերի ու ճեղճերի կարեկցալզողներ, շատվորների ստրուկներ, պրոլետար-պռոլիկների անագորույն իրավապահներ…
Նա ձեր կարեկցանքի կարիքը զգո՞ւմ է անգամ… Նա ձեզ ճանաչո՞ւմ է… Նա իր փողն է լցոնում տակը, ինքն էլ, էդ կապիկի թուլա տականք երգիչներն էլ…
«Վախ, թոռնիկս, պապիկ դառնամ, տեր աստված, պահպանիր նրան էս կյանքում, իմ ախպերս, ջան, ջան, ջան»…
Զզվանքից դող տվեց մարմինս: Ահավոր դող:
Ուֆֆֆֆ… Եթե մարդը մտածող է, բայց ճաշակ չունի, ուրեմն պիտի հասկանա, որ ավելի լավ է մի տեղ, անկյունի վրա աննկատ գոյատևել ու հենց նույն անկյունի վրա էլ հրաժեշտի երեկո կազմակերպել կյանքի հետ: Որովհետև եթե մտածող է, ուրեմն, անշուշտ, պիտի հասկանա, որ ինքը դժբախտ է, քանի որ բնությունը զլացել է նրան տալ ճաշակ: Ու եթե հիմա նա իր անճաշակությանը չթաքցրեց, ավելին, իր կյանքն ու ապրելակերպը հանեց ի ցույց աշխարհի՝ վերջինիս համար դա ուղղակի կլինի տգեղ: Ու նաև վարակիչ: Որովհետև եթե մարդը չունի ճաշակ, ուրեմն դրա տեղը մի բան պիտի ունենա՞, էդ տեղը հո էդպես բաց չի՞ մնա: Կնշանակի, որ եթե նա չունի ճաշակ, ուրեմն դրա տեղն ունի անճաշակություն, որն էլ վարակիչ հիվանդություն է, դա տարածվում է շրջապատում: Ամեն մի … միայն ռաբիսությա՞մբ չի տառապում: Նրանք կա՛մ վարակված են անճաշակությամբ, կա՛մ էլ բնածին անճաշակներ են:
Ճաշակի դիֆիցիտ… Դարի հիվանդություն… Իսկ էդ ճաշակը նաև մտածողի միտքն է, խելքը… Չի կարող մարդը ունենալ ճաշակ ու սոցցանցում նման «աֆորիզմ» տեղադրի՝ «Ժպտա ու աշխարհը կժպտա քեզ»… ի՞նչ ասես ժպտացող դեբիլին, իրեն անգամ գժանոց տանել չարժի, գժանոցի համար դեռ չի հասունացել, իսկ կյանքում ապրելու համար ժամանակն անցել է դեռ ծնվելուց առաջ: Ու ինքը սիրում է դա, որովհետև դա իրենն է, ինքն անվնաս միջատ է, ժպտում է, իսկ մարդիկ էլ իրեն հանդուրժողականությունից են ժպտում, հո չե՞ն տալու-սատկացնեն:
***
… Մուսաները չեն շրջում ցեխոտ տարածքում… Գեղեցիկ ապրել, գեղեցիկ խոսել, գեղեցիկ ուտել, գեղեցիկ խմել, ու նրանք կգան: Կգան ու կբերեն այն շունչը, որն էլ հետո կսավառնի աշխարհի եզրին ու շունչ կտա նրանց, ովքեր սիրում են դա շնչել… Նրանք կբերեն, նրանք միշտ բերում են…
Սերերը բերում են, բերում են,
բերում ու թողնում են նոր հույս,
քանի որ սերեր են՝ հեռու են,
անխոնջ են, անձայն են ու սուս…
Սերերը տիրում ու գերում են,
սերերը և՛ ամպ են, և՛ շող,
սերեր կան՝ կյանքի ձեռքբերում են,
ոմանք էլ դաժան ու ճնշող:
Սերերը հորդում են, անվերջ են,
ոտքեր են, շուրթեր են, ուսեր,
բացում են մեզնում իրենց էջը
բացում ու գրում են «նոր սեր»…
Ու հետո ընդունել նրան, որ նա էլ մի բանով սնվի: Չթողնել, որ իր կյանքի ճամփին նա էլ հանդիպի ճեղճ հոգավորներին: Որ հանկարծ չշփվի դրանց հետ: Հեռու պահի իր մաքուր հոգին ստորների կեղտից: Չփչացնի հոգին իր… Ու մարմինը նաև… Քանզի դրանց անճոռնի մարմինները շատ տեսնելուց մարդու մարմինն էլ է խեղվում… Մի տեսակ սկսում է ընդօրինակել զզվանքների կերպը… Ու այլայլվել… Այն տգեղությունը, որ շատ ես տեսնում, աչքդ սովորում է դրան… Հետո՝ մեկ, երկու, երեք… Ու վերջ, դրանց մեջ ես… Հետո չորս, հինգ, վեց՝ դառնում ես դրանց հավասար… Կամ սկսում ես հայհոյել, նյարդայնանալ… Եվ ի վերջո կորցնում ես էությունդ ու վերածվում փլուզված կամուրջի, որն արդեն ոչ մի ափ չի կապում իրար հետ… Ու եթե դու հիմա կաս… Ինչ-որ տեղ, հեռվում, բայց այնուամենայնիվ կաս… Կաս ու գեղեցիկ ես… Կաս և ուզում ես տեսնել միայն գեղեցիկը… Ուզում ես շրջել մաքուր աշխարհում… ուրեմն արի, արի…
Դեգերում էիր ամպերում օտար,
հանկարծ փայլեցիր երկնքի շողին,
Երբ հանդիպեցինք՝ գույներդ գտար,
երբ համբուրվեցինք՝
ձուլվեցիր տողին…
Բեմին հնչեցրի ձայնդ նուրբ ու թավ,
վրձնահարեցի՝ կքվեցիր հովից,
նվագեցի քեզ որպես մի ջութակ,
ապրեցրի ջազով որպես իմպրովիզ:
Ձայնիդ հետ մտա ասես ունիսոն,
հպվեցինք,
դարձանք դու՝ ես ու ես՝ դու,
ջերմացանք պահի հպանցիկ հույսով,
Մնացի քո մեջ, իսկ դու արվեստում:
Այդպես կմնաս, իրական, միստիկ,
կդառնաս հյուլե՝ թեթև, երերուն,
շոյվեցիր սահուն ձեռքով արտիստի,
մի գիշեր ինձ մոտ, հետո՝ դարերում:
Դեգերում էիր ամպերում օտար,
վրձինն իմ հանկարծ հոգին քո գտավ,
հնչեցիր թեթև, ինչպես մի նոտա,
ապրեցիր բեմին, մնացիր կտավ:
Ու մեր արածը կմնա կտավ… Իսկ դուք… Ձեզնից միայն մի՛ բան է պահանջվում՝ մեր աչքին չերևալ, այսքան բան: Հանգիստ ապրեք ու շնչեք: Շնչեք, բայց աշխատեք մեզնից հեռու արտաշնչել, ձեր բույրը հաճելի չէ:
Իսկ մենք… Մենք կապրենք մեր երազած և վաղուց արդեն իրականացրած կյանքը: Մեր կյանքը, որը գեղեցիկ է: Մենք գիտենք, թե ինչպես է նա ապրվում: Դա կյանքն է սիրո գրկում, դա ապրելն է անթարթ սիրելով… Ու գեղեցկությամբ, առանց որի մենք գուցե կսնվենք, կխմենք, կբազմանանք, բայց չենք ապրի, կմեռնենք չմեծացած: Քանի որ ուշ է, ուշ է… Թե՞ ոչ…