Մարինե ԹԱԹՈՅԱՆ

***

Եվ լռությունը վաղուց ջարդել է պատերը մռայլ,

չկա հայացքը մտքերը հալող,

ուր որ է վար կիջնի մթությունն այն լուսնածիր,

ուր սպասումն է դողում աղմուկից սառնախինդ։

Անմարմին,

անստույգ,

անըստգյուտ

թափանցիր իմ պատերից դուրս,

տամկությո՛ւն…

Գուցե թե վաղը ցիրուցան

դեռ գտնեմ վայրկյաններ ինձանից։

Եվ դողան ջերմության տաք ափեր՝

որ իբրև հարատև դյութանք են։

Եվ վաղը երակներ կգծվեն,

և կյանքը կթվա իրական,

իսկ այսօր այս անգո ավազին թող վազի վայրկյանը,

թող վազի…

 

***

Տրամաբանական, անբացատրելի

սիրո երկիր է Հայաստանս,

օրինաչափ պարզություններով են ողորկված քարե պտտվող անիվները,

տունդարձի և օտարման։

Հսկա սանդուղք են

վարից վեր ակնթարթվող

ներհուն ձևերը։

Ես ասում եմ՝ գնա,

դու ասում ես՝ արի.

կամավոր պտույտ է

երկինքը՝ որպես ամպերի անդորր։

Դյուրընկալ սեր է երկիրս,

չվերծանվող և չկրկնվող սիրտ։

Քարը ճչում է ցավից,

քարը ճեղք է տալիս կարոտից,

և քրտնում են ապագայի այտերը…

Եվ սաստկություն կա

տուն վազող ոտքերին,

Տրամաբանական քարե ամպրոպ է երկրիս ընդերքը։

Եվ ձեռքը

խաղաղ լուսաբաց է ճակատին,

ճեղքվածք են

անցքերը պատմության։

***

Դատարկ պատահականություն է

անձրևի տակ քայլելը և չթրջվելը,

չթրջվելը՝ սայթաքելու մտքից,

արևից ջերմանալը

և արևահալած,

հալված կաթիլներ վերագտնելը։

Երգս արևից,

խաղից

միշտ թրջվում,

ու թաց է լինում,

Իսկ ո՞վ կթրջվի երգիս մեջ հանկարծ,

թևածումներից,

պատսպարումից,

բառանվանվելուց։

Սառը պատահականություն են

անձրևի տակ փայլող երգի կաթիլները…

 

***

Առանց քեզ

Պաղած ստվեր եմ,

Անմիտ են օրերը,

Անբարբառ…

Անձրևը միալար ճահիճ է,

Երկինքը՝ ուղղակի ժամանակ։

Օ՜, բանաստեղծությո՜ւն,

Ի՜նչ ջերմ են բառերդ…

Երբ եկար, բառերս

Բառ դարձան,

Հայացքդ՝ անջինջ հիացում…

 

***

Քեզ գրկեի, աշխա՛րհ,

տաք վերքերդ լավանային,

չընկրկեի

քո քաղցրության խոխոջներից,

քեզ երգեի՝

ցավս թողած գրկիդ խորքում,

ու կարոտս

ալիքի պես

Երկինքներում բառ արարեր։

Զարմանայի,

որ քեզ գրկել,

բայց քո գրկում

կաթիլի պես

բաբախում եմ դեռ չպաղած։

Ալիքի պես ծփային քո երազները,

ասեմ՝ աշխարհ…

 

***

Անէանում են հաճախ խորքերը,

որ կերպ չստանան

հակաինքնության,

ինքնակոտրտման,

պարզունակության…

Ստվերաթափառ,

երբեմն՝ ձուլվում

ափի հպումով եթերի

անշարժ թևաբախմանը,

թևին երկնքի,

ամպի հալմանը,

հողի ինքնաթաթախ գոյաբանմանը։

Վերստին

ամպը կսահի ափիդ

երկնազանգվածի

տամկությանը խոլ,

և իրարամերժ հուժկու նժույգներ

ժույժ պարփանքներով վազքը կկլլեն…

Ինքնության ոգին

անէության մեջ

կտքնի կերպդ՝ փոքր-ինչ հողաձույլ,

երկնակերպ ափիդ գոլորշված հոգին

կապույտին անհուն կգոյաբանվի։

 

***

Մի օր կհալվի

և պահը երկար,

սպասումները կդառնան անհայտ

կամ կմոռացվեն, ասես չեն եղել…

Եվ լուռ ջանքերից,

Խոր տագնապներից,

Լռին խոսքերից

Գրասեղանին ոչինչ չի մնա…

Ու կբարբառի տենդը

Երակի արյան խութերում,

Մարմինը

Նորից կփնտրի հուշեր՝

Իր դողդողացող շարժումների մեջ։

Եվ մի ափսոսանք

Ամեն պահ նորից կճոճվի՝

Ձուլված արևագալին։

Իսկ տրոփյունի շշունջը

Զարկվող ծալված ափերին

Կգտնի անդորր

Ու կասի բառեր…

Սպասման դյութիչ

Տեսիլքն անմարմին

Կպարզի թևեր,

Գրկի՛ր քնի մեջ ստվերը անցավ…

Փակ դռների հետևում

Ինչ-որ մեկը կողպում է

Երկնքի կապույտին ասված

Մեղմածոր բառի

Հետքերն սպիտակ։

Մեկը դողում է երեկվա մասին,

Մեկը բռնել է

Թավ ապագայի ուսերից ցնցվող,

Մեկը ականջին

Պատմվում է լերկ՝

Ողորկ մեկնությամբ ժայռաբեկորի…

Փակված բառերի վանկերը

Նորից տողադարձվում են

Շուրթերին տոչոր։

Փակ հոգիների

Կրթության էջին բառագոյացման

Ջանքեր կան՝

Լրիվ, մասնատվող, կողանցիկ ու լուռ։

Կրթվող սրտեր են մատները թերթող

Էջերը անմար,

Անմարմին…

Որքան բառեր կան անմարմին,

Չասվող, ապրվող, լռության պապակ շուրթերին՝ որպես խոր լինելիություն…

Եվ բառեր դարձած

Օրեր կան, դեմքեր, դեմքեր, դեմքեր անմարմին…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։