Մեր կյանքի ճանապարհը կանխորոշված է ներսից
և որքան էլ ոլորապտույտ, մեր կամքին անհեթեթորեն
չենթարկվող թվա, միևնույնն է, այն մեզ միշտ տանում է մեր անտեսանելի նպատակին:
Ստեֆան Ցվայգ
Վերջին տարիներին Հայաստանում կրկին վերելք է ապրում թարգմանական գործը, որն անշուշտ լուրջ ուսումնասիրության և կանոնարկման կարիք ունի, քանզի սերտորեն առնչվում է պատմական բարդ գործընթացների հողմապտույտում հայտնված մեր ժողովրդի համար ցավալիորեն սրված ազգապահպանության խնդրի հետ։ Գրքաշխարհը լեցուն է տարաբնույթ թարգմանություններով, և տպավորությունն այնպիսին է, թե հրատարակչությունների ու թարգմանիչների մոտեցումները ուղղորդվում են շատ հաճախ ոչ գրական և ամենևին էլ ոչ հասարակական հետաքրքրություններով։ Սույն խորհրդածությունների շարժառիթը, սակայն, միանգամայն հակառակ երևույթի ակնառու մի օրինակ է՝ Ստեֆան Ցվայգի վերջերս հայերեն թարգմանված «Երեկվա աշխարհը։ Եվրոպացու հուշեր» գիրքը (Երևան, Զանգակ, 2022, 472 էջ։ Թարգմանիչ՝ Ամալյա Ալեքսանյան), խիստ այժմեական ու արժեքավոր գիրք՝ ժամանակի փորձություններով անցած երևույթների ճշմարտախորհուրդ մեկնություններով, որոնք զուգահեռվում են մեր իրականության հասարակական, սոցիալ-հոգեբանական և քաղաքական բազմապիսի զարգացումներին՝ վկայելով, որ պատմությունը քաղաքակրթություն է, և այն վերլուծաբար ներկայացնելու անհրաժեշտությունը՝ հրամայական: Այս իմաստով թարգմանչի կատարած նպատակային ընտրությունը անվրեպ է՝ քանզի գիրքն ասես արձագանքում է մեր ժամանակաշրջանի և հենց մեր իրականության մեջ ծավալվող իրադարձություններին, և անցյալի զարմանալիորեն նման դրվագները՝ ականատես գրողի փիլիսոփայական մեկնություններով, նաև ուղեցուցային նշանակություն են ձեռք բերում։
Գրքի վերնագիրն ինքնին խոսուն է՝ «Երեկվա աշխարհը»։ Առաջին համաշխարհային պատերազմին նախորդող ժամանակաշրջանն է դա՝ գրողի բնորոշմամբ՝ կայունության ոսկեդար, որտեղ և որի իդեալներով ձևավորվել է գրողի գեղարվեստական մտածողությունը և անհատականությունը։ «Ամեն ինչ գրեթե հազարամյա Ավստրիական Միապետության մեջ թվում էր՝ հաշվարկված էր հավիտենության համար… և հավատը մշտահոլով առաջադիմության նկատմամբ կրոնի ուժ ուներ. հավատում էին այդ «առաջադիմությանը» ավելի, քան Աստվածաշնչին, և նրա Ավետարանն անհերքելիորեն ապացուցված էր թվում գիտության և տեխնիկայի օրեցօր ավելացող հրաշքներով»։ Եվ այդ աշխարհը անվերադարձ կերպով դառնում է «Երեկվա»՝ հայտնվելով նոր հազարամյակի սկզբի աշխարհաքաղաքական փոթորիկներում, և նա՝ վիպողը, «այդ զարհուրելի հեղաբեկումների վկան»՝ իր սերնդին բնորոշ ճակատագրով, կենսագրության դրվագներով, դարաշրջանի կյանքի, հասարակական հոգեբանության համապարփակ պատկերի խորքի վրա, խորապես հասկանալի ընկերոջ նման ասես ուղեկցում է մեզ «պատմության քառուղիներում»։
Ամալյա Ալեքսանյանը Ստեֆան Ցվայգի «Երեկվա աշխարհը: Եվրոպացու հուշեր» գրքի թարգմանությունն ինձ ուղարկելիս գրել էր. «Հաճելի է իմանալ, որ կարդալու եք մի գիրք, որի վրա աշխատելիս այնպիսի զգացողություն ունեի, թե ամբողջ Հայաստանը այդ գրքին է սպասում»։ Նրա միտքը մի փոքր վերամբարձ թվաց և թվաց նաև պարզապես հումոր, բայց գիրքը կարդալիս, արդեն նախաբանից սկսած, երկվությունս կամաց-կամաց անցավ և թարգմանությունը համարեցի տեղին, մեզ համար՝ ասես ժամանակի թելադրանք: Գրքի նախաբանում կարդում ենք. «Հակառակ իմ կամքի՝ ես ականատեսը դարձա բանականության սոսկալի պարտության, դաժանության՝ ողջ պատմության համար ամենակատաղի հաղթարշավի։ Դեռ երբեք ոչ մի սերունդ չի ապրել այնպիսի բարոյական անկում այնպիսի հոգևոր բարձունքից, ինչպես մեր սերունդը։ Կարճ ժամանակամիջոցում,… կատարվեցին ավելի շատ արմատական տեղաշարժեր և փոփոխություններ, քան սովորաբար տեղի է ունենում մարդկային տասը կյանքի ընթացքում. իսկ դա աներևակայելիորեն շատ է. մեզանից յուրաքանչյուրը զգում է այն իր մաշկի վրա»։ Խոսո՞ւմ է մեր սրտի հետ, եթե ոչ նույնությամբ պարզում մեր ապրածի օրինակը փաստերի տեսքով, ապա զուգորդումներ հուշում, առաջ բերում զգացմունքներ, տրամադրություններ, իսկ մեր մտքին դառը հետևություններ թելադրում, սթափության, խոհեմության, պատասխանատվության կոչում։ Մեր գրական հետաքրքրություններին, ավելին՝ մեր գրական մտածողությանը, ճաշակին վաղուց հարազատ, ասես մերը դարձած ավստրիացի գրողը իր կենսագրությամբ, իր անձնական ճակատագրի, հարազատ միջավայրի նկարագրություններով հարյուրամյա հեռավորությունից ընկերակից է դառնում մեր արյունաքամվող վերքերով անհայտին մեկնված հոգուն։
Ահա Առաջին աշխարհամարտի սկզբին տիրող խանդավառության նկարագրությունը, որը կարծես նախատիպն է Արցախյան 44-օրյա պատերազմում մեր ապրածի. «Եվ առաջին օրերի մաքուր, գեղեցիկ, զոհաբերության պատրաստ ոգևորությունը աստիճանաբար վերածվեց ամենացածր ու անհեթեթ զգացմունքային շվայտության»: Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, կամ, թերևս ավելի ճիշտ է ասել՝ իր կայուն օրենքներն ու մշակված մեթոդները, որոնց սոսկ արդյունքին ու հետևանքին ենք մենք հասու լինում, և չենք կարողանում սերտել նրա առաջադրած դասը, ինչը հասկանալն առավել քան կարևոր է հայերիս համար, մինչդեռ ուրիշի պատմությունից սովորելը մեզ կարծես թե բնորոշ չէ, տարօրինակ կերպով սեփականն էլ համարում ենք անցած-գնացած, որի ներթաքուն մեխանիզմներն այդպես էլ չենք կարողանում տեսնել, չենք կարողանում հասկանալ։ Այս առումով գիրքը, քանզի հեղինակն իր անձով և իր կենսագրությամբ պայմանավորված է զարգացնում խոհագրությունը, ժամանակի և տարածության սահմանափակում չընդունող ընդհանրական բանաձևումի արժեք է ստանում՝ դառնալով աշխարհաքաղաքական գործընթացների պարուրաձև զարգացման ընթացքը մեկնաբանող և կանխատեսող մոդուլ՝ ի ցույց դնելով ժողովուրդների ողբերգությունը համաշխարհային իրադարձությունների զուգահեռականներում։ Ցվայգի հուշերի գիրքը ոչ միայն ժամանակաշրջանի իրադարձությունների, այլև ժամանակի ոգու, հոգեբանության, բարոյականության յուրատեսակ վավերագրություն է՝ նաև մարդկության նախապատմական բնույթի տարերային, վտանգավոր վերհառնումն արձանագրող զարհուրելի օրինակներով, որ կասկածի տակ է դնում մարդկության բարոյական կատարելագործման վերաբերյալ հայրերից ժառանգած հավատը։ «Չկա ավելի սարսափելի բան, քան այն, ինչը համարել ես վաղուց եղած–անցած, և հանկարծ երես առ երես հառնում է քո դիմաց նույն տեսքով: …Բարբարոսական հետզարգացում, ինչպես, օրինակ, պատերազմ Եվրոպայի ժողովուրդների միջև, պատկերացնում էինք այնքան, որքան վհուկների և ուրվականների գոյությունը. մեր հայրերը վստահությունից հետևողականորեն անցել էին հանդուրժողականության և քաղաքավարության անսխալ կրթիչ ուժին։ Նրանք ազնվորեն հավատում էին, թե ազգերի և կրոնական հանրությունների միջև տարաձայնությունները և սահմանները աստիճանաբար միահյուսվելու են համընդհանուր հումանիզմի մեջ, և խաղաղությունն ու ապահովությունը… տարածվելու են ողջ մարդկության վրա»։ Գիրքն, իրոք, իր ուրույն կյանքն է ապրում մեր իրականության խորքի վրա՝ ոչ միայն կարոտախտի, այլև դառը սթափության մտորումներ արթնացնելով։ Մի քանի դիտարկում փորձեմ կատարել, չնայած նման գիրքը ճանաչողական մեծ նշանակություն ունի և պատմաքաղաքական և գեղարվեստական տեսանկյունից արժանի է գրախոսականի չափաձևից մեծ, հանգամանալի ուսումնասիրության։
Ժամանակապատկերման անկեղծությունն ու անկողմնակալությունը: Գրքի առաջին տողերից սկսած՝ ճշմարտությանը հավատարմագրված գրողի գիրը իրականության պատկերումն է. «Ոչինչ ավելի բնութագրական չէ մեր ուսուցիչների և մեր միջև որևէ հոգևոր և ճշմարիտ կապի բացակայության համար, որքան այն, որ մոռացել եմ բոլորի անուններն ու դեմքերը: Լուսանկարչական ճշգրտությամբ հիշողությունս մինչև հիմա պահպանել է ամբիոնի և դասամատյանի պատկերը, որը մենք ջանում էինք նայել, որովհետև այնտեղ մեր գնահատականներն էին։ Ես տեսնում եմ գրառումների կարմիր գրքույկը, որի մեջ անց էին կացվում նախնական նկատողությունները, փոքրիկ, սև մատիտը, որով մեր գնահատականներն էին նշանակում, տեսնում եմ իմ տետրերը և ուսուցիչների ուղղումները նրանց մեջ՝ արված կարմիր թանաքով, բայց չեմ տեսնում ոչ մի դեմք. գուցե այն պատճառով, որ մենք կանգնում էինք նրանց առջև խոնարհված կամ էլ անտարբեր աչքերով»: Խիստ, մերկ ու անպաճույճ է գրված, որն առաջին հերթին հանդգնություն է սեփական եսի դեմ, ասել է թե՝ անկեղծ է և անկողմնակալ, հաստատակամ ու անաչառ: Հեղինակը դպրոցական տարիները թիապարտություն է անվանում։ Քննադատում է ուսումնական հաստատված կարգը, իսկ այդ կարգը արդեն հուշում էր, որ պետությունը դպրոցն օգտագործում էր որպես միջոց՝ իր հեղինակությունը պահպանելու համար, որ հարգեին գոյություն ունեցող կարգը՝ որպես կատարյալ, ուսուցչի կարծիքը՝ անսխալ. ուսուցիչը չէր կարող իրեն թույլ տալ աշակերտին վերաբերվել որպես անհատականության, նրա հետ մտերիմ զրույց վարել, ցանկացած ոչ պաշտոնական զրույց վտանագում էր ուսուցչի հեղինակությունը։ Իսկ իրենք արդեն տարված էին մշակութային կյանքով, թատրոնով, գրականությամբ, երաժշտությամբ, իրենց լատիներենի քերականության դասագրքի կազմի տակ Ռիլկեի բանաստեղծություններն էին… Նստարանի տակ գաղտնի պահած՝ Նիցշե և Ստրինդբերգ էին կարդում։
«Մենք՝ զոհ և խոնարհ ծառա ինչ-որ անիմանալի միստիկական ուժերի ձեռքում, մենք, ում համար փափուկ կյանքը լեգենդ էր դարձել, իսկ ապահովությունը՝ մանկական երազ, բևեռից բևեռ ձգվող այդ լարվածությունը, մշտական նորության թպրտոցը ապրեցինք մեր մարմնի յուրաքանչյուր բջիջով: Մեր տարիների ամեն մի ժամը կապված է աշխարհի բախտին»: Ուստի շատ քիչ է՝ ինքդ քեզ խոստովանես քո՝ աշխարհի քաղաքացի լինելը, անհրաժեշտ է ազնվորեն, մարդասիրությամբ ու արդարամիտ ապրել այնպես, ինչպես գրողներից ամենամարդկայինը՝ Ռոմեն Ռոլանը, որը միշտ հիշում էր «արվեստագետի պարտականության մասին՝ արտահայտել իր համոզմունքները, թող որ դրանք նույնիսկ հակադրվում էին իր երկրում իշխող տրամադրություններին, և ընդհանրապես, ի հեճուկս ողջ պատերազմող աշխարհի»։ Ցվայգը հանդես է գալիս ժողովուրդների միջև հոգևոր թշնամանքի դեմ և գրքում իսկապես շատ շիտակ է, երբ գրում է. «Այնպիսի զգացում ունեմ, որ ես խոսում եմ միևնույն ժամանակ և՛ իմ կողմից, և՛ իմ ժամանակի կողմից: Փորձելով օգնել ուրիշներին՝ ես միևնույն ժամանակ օգնել եմ ինձ»: «Երեկվա աշխարհը: Եվրոպացու հուշեր» գրքում Ցվայգը ժամանակապատկերման մեջ միշտ մնում է պարզ ու իրատես արվեստագետի պարտաճանաչությամբ, որը իր կենսակերպի կանոնակարգն է եղել. «Մենք պարտավոր չէինք մասնակից լինելու աբսուրդին միայն նրա համար, որ աշխարհն ինքն էր իրեն աբսուրդի վիճակում պահում»: Հումանիստ, պացիֆիստ գրող Ստեֆան Ցվայգը գրում է բնական անմիջականությամբ իր ապրած ժամանակների պատերազմների ու հասարակական զարգացումների մասին ու կարծես վերարտադրում է մեր ներկա օրերը. «Մարդիկ նայում էին պատերազմի դեմքին ավելի սառը, ավելի սթափ աչքերով, քան ոգևորության առաջին ամիսներին: Նախկին համերաշխությունը չկար, որովհետև ոչ ոք արդեն չնչին չափով իսկ չէր հավատում փիլիսոփաների ու բանաստեղծների կողմից հիացմունքով գովերգված մեծ «բարոյական մաքրմանը»: Ժողովրդական միասնությունը խոր ճաք էր տվել, երկիրն ասես մասնատվել էր երկու առանձին մասի՝ առջևում զինվորականների երկիր, որ կռվում էր, սարսափելի զրկանքներ կրում, հետևում՝ թիկունքում մնացածների երկիր, նրանցը, ովքեր շարունակում էին ապրել անհոգ, ովքեր լցնում էին թատրոննները և դեռ վաստակում ուրիշների դժբախտությունների շնորհիվ: Ճակատն ու թիկունքը տարբերվում էին իրարից ավելի ու ավելի կտրուկ: Հիմնարկների դռներից հարյուրավոր դիմակներով ներս էր մտնում անպատկառ պրոտեկցիոնիզմը. գիտեին, որ ինչ-որ մեկը փողի օգնությամբ կամ պատկառելի կապերով ստանում է եկամտաբեր մատակարարում այն դեպքում, երբ պատերազմից մազապուրծ գյուղացիներին ու բանվորներին նորից ու նորից քշում էին խրամատներ: Ամեն մեկը, առանց խղճի խայթի, մտածում էր միմիայն իր մասին»։ Ցվայգի գիրքը հստակ արտացոլում է «պատմության անվիճելի օրենքի հաստատումը, որ անկասելի հեղաբեկումների շրջանում, մասնավորապես՝ պատերազմի կամ հեղափոխության ժամանակ տոկունությունն ու համարձակությունը հաճախ ավելի կարևոր դեր են խաղում, քան ինտելեկտուալ արժանիքները, իսկ քաղաքացիական կրակոտ արիությունը կարող է ավելի վճռորոշ լինել, քան բնավորությունն ու հաստատակամությունը: Միշտ, երբ ժամանակն առաջ է թռչում և վազանցում է ինքն իրեն, այն բնավորությունները, որոնք կարողանում են առանց վարանելու ալիքի վրա նետվել, հաղթում են»: Այստեղ հարկ է անդրադառնալ հայերիս համար Առաջին աշխարհամարտի ժամանակաշրջանում կարևոր քաղաքական և պետական գործիչի՝ ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Թոմաս Վուդրո Վիլսոնին առնչվող հատվածներին. «Մենք հավատում էինք Վիլսոնի հրաշալի ծրագրին, որն ամբողջապես համընկնում էր մեր իդեալներին, մենք տեսնում էինք արևելքում աղոտ լույսն այն օրերին, երբ ռուսական հեղափոխությունը, խուսափելով բռնություն գործադրելուց, լցված ցնծագին հույսերով, տոնում էր իր հաղթանակը: Մենք միամիտ էինք, գիտեմ: Բայց միայն մենք չէինք այդպիսին: Ով ապրել է այդ ժամանակը, հիշում է, որ բոլոր քաղաքների փողոցները զնգում էին Վիլսոնի՝ որպես երկրագունդը դարմանողի մեծարման ցնծությունից, որ ոչ բարեկամ բանակների զինվորները գրկախառնվում, համբուրվում էին։ Երբեք Եվրոպայում չէր եղել այդպիսի վստահություն, որպիսին խաղաղության առաջին օրերին էր»: Ահա մեկ փաստ ևս, որ Առաջին աշխարհամարտի ավարտին աշխարհը հայերի հետ էր, որ ընձեռված հնարավորությունը մենք՝ հայերս, ապաշնորհ կերպով մսխեցինք, սակայն ավելի լավ է դիմենք ամենաանկողմնակալ միջոցին՝ ևս մեկ մեջբերման. «Այսօր բոլորը գիտեն, իսկ մենք՝ քչերս, այն ժամանակ էլ գիտեինք, որ այս խաղաղությունը պատմության թերևս ոչ մեծագույն բարոյական հնարավորությունն է եղել: Վիլսոնը դա գիտեր: Նա համաշխարհային իրական և տևական փոխհամաձայնության պլան էր նախագծել: Սակայն հին գեներալները, հին քաղաքական գործիչները, հին շահերը քաղաքական այդ կոնցեպտը բզկտեցին, ծվեն-ծվեն արեցին», և «նույն մարդիկ՝ ծերունիները, այսպես կոչված, փորձառուների նույն հանցախումբը իր ձախավեր խաղաղությամբ գերազանցեց պատերազմի հիմարությանը»։ Եվ մի օր աշխարհը, աչքերը բացելով, տեսնում է, որ խաբված է: Ստեֆան Ցվայգը ցավով նշում է գրքի «Խաղաղության հոգեվարքը» գլխում. «Եթե հետադարձ հայացքով փորձում ես վերլուծել քաղաքականության սխալները Համաշխարհային պատերազմից հետո, ապա մեծագույնը պետք է ընդունել այն, որ ինչպես եվրոպական, այնպես էլ ամերիկյան քաղաքական գործիչները ոչ թե իրագործեցին Վիլսոնի պարզ, հասարակ ծրագիրը, այլ խեղաթյուրեցին այն: Նրա գաղափարը փոքր ազգերին ազատություն և ինքնուրույնություն ընձեռելն էր, դրանով հադերձ՝ նա փոքր ազգերի ազատությունն ու ինքնուրույնությունը տեսնում էր միայն խոշոր ու մանր պետությունները միավորող կայուն և միասնական գերմիության ներսում»: Իրոք, Ստեֆան Ցվայգի «Երեկվա աշխարհը: Եվրոպացու հուշեր» գիրքը հանրագիտարանային ընդգրկում և դասագրքային բովանդակություն ունի:
Մարդկության սատանայական և աստվածակերպ բնույթը:
Ցվայգը հասարակական միջավայրն ու հարաբերությունները ոչ թե քննադատաբար է գնահատել, այլ դիտարկել ու նկարագրել է, ինչը առաջին հայացքից գուցե միամիտ թվա ու ինչ-որ պարագայում արդեն լսված, սակայն էականն այն է, որ բազմավաստակ գրողը իր մեջ առել ու տանում է մի վիպական ժամանակաշրջան, որ կոչվում է կյանքի ճանապարհ, որով գրքում ընդհանրացվում է մի ողջ պատմաշրջանի սոցիալ-հասարակական, քաղաքական, մշակութային, բարոյական-գաղափարական պատկերը բյուրգերական իրականության մեջ, երբ «արդեն վաղուց սատանային չհավատացող ու Աստծուն էլ հազիվ հավատացող» դարաշրջան էր, ուր «կյանքը հավիտենական էքսպրոմտ էր և անվերջ փլուզում»՝ այն համոզմունքով, որ «վտանգավոր է մարդ արարածը, և որքա՜ն ուժեր կան նրանում թաքնված», առավել ակնհայտ է դա քաղաքներում, որտեղ մարդկությունը բազմաքանակ է, հետևաբար մարդկային հարաբերությունների էներգիան էլ՝ հզոր։ Քաղաքներն են աշխարհի կենտրոնակետը, քաղաքներում ձևավորվում է մի երիտասարդություն, որին «…հատուկ է յուրօրինակ վստահություն, նա ոչ մեկին պատասխանատու չէ իր գործերի և վարքի համար՝ բացի իրենից, իր ցանկություններից, սեփական պատասխանատվության զգացումից։ Այսօրվա երիտասարդությունը դուրս է եկել մայրերի, հայրերի, մորաքույրների և ուսուցիչների հսկողությունից, վաղուց զերծ բոլոր վախերից, խոչընդոտներից ու խութերից, որոնցով դժվարանում էր մեր զարգացումը։ Սերունդ, որը պատկերացում չունի մեր հնարքների, կեսսուտ-կեսշիտակ խոսքերի մասին, չի կարող պատկերացնել, թե ինչ ճանապարհով էինք նվաճում այն, ինչ ինքը միանգամայն արդարացիորեն ընդունում է որպես անկապտելի իրավունք»: Մարդասիրական գաղափարներով տոգորված պացիֆիստ գրողի համար կյանքում ուղենշային են պատերազմն ու խաղաղությունը, անկրթությունն ու կրթությունը, որոնք նրա համար խորհրդանշում են սատանայականն ու աստվածայինը: Ստեֆան Ցվայգը, ապրելով իրավունքի մասին իր պատկերացումներով, հավատացած էր, որ միշտ կլինի գերմանական, եվրոպական, համաշխարհային խղճի գոյությունը, այնինչ նրան ճակատագրորեն վերապահված էր լինել մեկ մարդու (Հիտլեր) դիվային իշխանամոլության զոհը ու քայլել սատանայականի ու աստվածայինի միջև, ասել է թե՝ բարու և չարի, արարման և ավերման, գտնելու և կորցնելու միջով, որտեղ բազմաչարչար սերնդին մերժվեց «մեզանից հետո»-ի մասին մտածելու իրավունքը, սակայն «ով ճանաչել է լուսավորն ու մթինը, պատերազմն ու խաղաղությունը, վերելքն ու անկումը, միայն նա է իսկապես ապրել»:
Հիշողությունը թորված ոգի է, ընդհանուրի արժեք։ Բազմիցս եմ գրել, որ պատմությունը ոգու հայտնությունն է: Ոգին է մարդկության հարահոսությունը ապահովող էներգիայի սնուցող։ Պատմությունը հիշողություն է, իսկ հիշողությունը կենսագրությունն է՝ մարդկային կյանքի վավերագրումը ժամանակի և տարածության անվերջության մեջ: Ստեֆան Ցվայգի «Երեկվա աշխարհը: Եվրոպացու հուշերը» գիրքը արժեքավոր է և կարևորվում է նաև Եվրոպայի մշակութային դեմքը բնութագրող անհատականությունների առատությամբ, որոնք ներկայացնում են աշխարհը տեսնելու իրենց կերպը, նոր հայացքով են նայում ամեն ինչին ու իրենց հայացքի կենսականությամբ աշխարհի լինելությունը իմաստավորում են նոր չափորոշիչներով, որոնք վերակերտում են աշխարհի միտքն ու կերպարը: Ստեֆան Ցվայգը գրում է մի սերնդի մասին, «…որի ականջներում նուրբ երաժշտության փոխարեն տարիներով կանգնած է քարոզչության ջրաղացի անիվի դղրդոցը, և որին երկրորդ անգամ խլացնում է թնդանոթների որոտը: Ես միայն գիտեմ և պարտքս եմ համարում երախտագիտությամբ ասելու այդ մասին. որքա՜ն շատ բան է սովորեցրել և որքա՜ն է մեզ բարձրացրել գոյությունն այդ մարդկանց, որոնք սրբորեն ծառայում էին կատարելության իդեալին արդեն մեխանիզացված աշխարհում: Եվ նայելով իմ կյանքին՝ չեմ գտնում այնտեղ ավելի արժեքավոր ունեցվածք, քան մտերմությունը նրանցից մի քանիսի հետ, որն ինձ հնարավորություն է տալիս նրանց առջև խոնարհումիս միահյուսելու հարատև բարեկամությունը»: Ստեֆան Ցվայգի հանդեպ ճակատագիրը բարեհաճ է գտնվել, նրան հանդիպեցրել ու մտերմացրել է այնպիսի անհատականությունների հետ, որոնք «մոգական ազդեցություն» ունեցող, «ապշեցուցիչ խոր, բազմակողմանի գիտելիքների» տեր առաքյալներ էին, որոնց վրա «ճակատագիրը դրել էր միլիոնավորների կյանքի ուղեցույցը լինելու» պատասխանատվությունը, նրանք աշխարհից վեր էին իրենց գաղափարներին բացարձակ անշահախնդիր ու անկեղծ նվիրվածությամբ: Ցվայգի հուշերում նրանք շատ են. հիշատակեմ մի քանիսին՝ Ռուդոլֆ Շտայներ, Պետեր Հիլլե, Էմիլ Վերհարն, Ռայներ Մարիա Ռիլկե, Հուգո ֆոն Հոֆմանստալ, Ռոդեն, Ուիլյամ Բատլեր Յիտս, Ջեյմս Ջոյս, Մաքսիմիլիան Հարդեն, Վալտեր Ռաթենաու, Ռոմեն Ռոլան, Զիգմունդ Ֆրոյդ (ցուցակը կարելի է երկար շարունակել), որոնք թեև «միակ ու միայնակ» մարդիկ էին, սակայն որքա՜ն շատ կրքեր ու հույսեր են շաղ տվել աշխարհի երեսին իրենց դատողությունների հիմնավորվածությամբ, բարձր, միաժամանակ խորը զգացողությամբ, բազմափորձությամբ ու ձևի կատարելությամբ: Ահա այս մեծերի ճաշակ կերտող ոգեղեն ներկայությունն է զգացվում նրանց մտերմությունը վայելած գրողի խոհագրությունում, որտեղ նա կարևորություն է տալիս մտավոր միջավայրի առկայությանը, որպես մշակույթի զարգացման անհրաժեշտ պայման, որը պարզապես անհամալսարան համալսարանական կյանքն է, ինչն էլ նրան բերեց այն համոզմանը, որ Եվրոպան չէ տիեզերքի հավերժական առանցքը, ինչպես որ երբեմն թվացել է:
Վերջաբան: «Ինձ համար Էմերսոնի արտահայտությունը, թե լավ գրքերը փոխարինում են ցանկացած համալսարանի, մնում է անառարկելի»,- այսօր էլ ավստրիացի գրողի այս միտքը հարազատ է լավագույն ընթերցողին, որը, համոզված եմ, նույն գնահատանքով է մոտենում իր իսկ՝ հեղինակի այս գրքին և ողջ ստեղծագործությանը։ Գրքի հարուստ բովանդակությանը լրացուցիչ տարողություն է հաղորդում ծանոթագրությունների բաժինը (498 ծանոթագրություն)։
Ցվայգի հարուստ ժառանգության մեջ, հիրավի, առանձնակի հետաքրքրություն ներկայացնող այս գործը թարգմանված և հրատարակված է պատշաճ մակարդակով, որի համար շնորհակալություն թարգմանիչ Ամալյա Ալեքսանյանին, գրքի խմբագիր Հակոբ Մովսեսին և «Զանգակ» հրատարակչությանը: