ՈՐՔԱՆ ԶՆՆՈՒՄ ԵՍ ՕՏԱՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ, ԱՅՆՔԱՆ  ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ  ԵՍ  ՔՈՆԸ / ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

ԳԹ-ի հյուրասենյակում է արձակագիր, բանաստեղծուհի
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆԸ

ԳԹ – Վերջերս եք վերադարձել Վիեննայից, ուր գտնվում էիք գրողական այցով: Հայաստանի՞ց էր կազմակերպված այցը, եթե այո, ապա ինչպե՞ս է այն իրականացվել:
Արմենուհի Սիսյան – Ոչ մի առնչություն չի եղել հայկական որևէ կառույցի հետ: Սա եվրոպական գրական միջազգային ծրագիր էր` կազմակերպված Kulturkontakt Austria-ի կողմից: Նախքան մեկնելս՝ կազմակերպության կողմից ստացված շնորհավորական նամակից միայն տեղյակ էի, որ հաղթել եմ մրցույթում և 2 ամսով հրավիրվում եմ Վիեննա՝ ապրելու և ստեղծագործելու: Միայն այնտեղ ինձ մանրամասնեցին, որ ժյուրին մի քանի փուլերով հանգամանալից քննարկումներ է ունեցել մասնակիցների առիթով: Ինձ անհամեստություն թույլ տամ կրկնելու նրանց հաղորդածը, որ թե՜ արձակի, թե՜ պոեզիայի ժանրերում (երկուսում էլ ներկայացել էի) հավաքել էի բարձր միավորներ:

Գ.Թ. – Հայաստանից ուրիշ գրողներ կայի՞ն:
Ա. Ս. – Հայաստանից ես մենակ էի: Ոչ հեռավոր անցյալում ունեցել ենք Վիեննա մեկնած գրողներ, բայց ինձ տեղեկացրին, որ գոյություն ունեն տարբեր ծրագրեր. սա բացառապես մրցութային ծրագիր է, իսկ մյուս ծրագիրը հրավիրում է տվյալ գրողին՝ որևէ մշակութային կամ հասարակական գործչի միջնորդությամբ-երաշխավորությամբ: Ավստրիան մշակութային երկիր է և բազմաթիվ ծրագրեր ունի առհասարակ արվեստների, տվյալ դեպքում՝ գրականության ոլորտի ներկայացուցիչների համար, ովքեր ապրում են Ավստրիայի սահմաններից դուրս:

Գ. Թ. – Ինչպիսի՞ն էր Ձեր «աշխատանքային ժամանակացույցը» և պարզապես առօրյան:
Ա. Ս. – Առաջին անգամ չէի Եվրոպայում, բայց լինել Եվրոպայում ոչ որպես զբոսաշրջիկ, այլ ապրել այնտեղ 2 ամիս՝ ունենալով անհրաժեշտ պայմաններ ստեղծագործելու համար, բոլորովին այլ բան է: Կազմակերպության կողմից հաճախ էին կազմակերպվում պաշտոնական հանդիպումներ՝ քննարկումների, ընթերցումների, միմյանց երկրները ներկայացնելու ձևով: Պետք է խոստովանեմ, որ շատ պատասխանատու առաքելություն էի դրել ինքս իմ առջև. ինձ հետ էին թուրք, ալբանացի, կոսովացի գրողներ, որոնք մահմեդականներ էին (բացի ռուսից և բուլղարացուց), և աշխատում էի՝ առանց խոցելու նրանց կրոնական հավատալիքները, ներկայանալ որպես հինավուրց մշակույթ կրող, աշխարհում քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած երկրի պատգամախոս: Ակամա փոխադարձ ձեռնոց էր նետված իմ և թուրք բանաստեղծ-թարգմանչի միջև: Ի դեպ, 30-ամյա թուրք բանաստեղծն ուներ հարվարդյան կրթություն, անգլերենի վարժ իմացություն և համաշխարհային գրականությունը ամենայն ջանասիրությամբ փոխադրում էր թուրքերենի՝ շարունակ շեշտադրելով «թուրքական մշակույթ» արտահայտությունը: Դե, մի՞թե կարող էի ձեռքերս ծալած նստել… Մշակութային մարտահրավերը ինքնակամ ընդունում էի և անցնում հակագրոհի՝ ինչ խոսք, պահպանելով քաղաքակիրթ վարվելաոճ և էթիկա: Հերթական անգամ, երբ նա ազգային հպարտությամբ շողշողացրեց Նոբելյան մրցանակակիր Օրհամ Փամուկի անունը, ես ամենայն հանգստությամբ հավելեցի, որ Փամուկը քաղաքական լուրջ բռնադատումների է ենթարկվել թուրքական կառավարության կողմից հայերի ցեղասպանության մասին գրելու և այդ հարցի շուրջ իր հայապաշտպան տեսակետները բարձրաձայնելու համար: Սա բուռն հետաքրքրություն առաջացրեց բոլորի մոտ և ակնհայտ դարձավ, որ թուրք բանաստեղծը, ինչպես և ես, առանձնազրույցներ ունեցել էր մյուս գրողների հետ հայ-թուրքական կոնֆլիկտի մասին և երիտասարդ թուրքի կողմից Փամուկին վկայաբերելը հաստատ նրա շահերից չբխեց… Անկեղծ ասած, յուրաքանչյուր երկրի մասին ամեն մեկս, բնականաբար, տպավորություն ստանում էինք նախ մեկս մյուսից և կարծում եմ, որ հնարավորինս աշխատել եմ մեր «սուրը փառքով դնել պատյան»: Հայկական գենը ո՛նց է աշխատում, երբ դրսում ենք և դրա անհրաժեշտությունը զգացվում է…

Գ.Թ. – Վիեննան համարվում է աշխարհի շքեղ քաղաքներից մեկը, որքանո՞վ էր այն նպաստավոր ստեղծագործական մուսայի համար:
Ա. Ս. – Յուրաքանչյուր ճամփորդությամբ՝ նախ ինքներս մեզ ենք հայտնաբերում, հետո նոր միայն` վայրը: Ես ամբողջությամբ ինձ հայտնաբերելու, ձերբազատվելու, վերստեղծելու ճանապարհին էի, այնպես որ՝ Վիեննան հրաշալի քաղաք է… Իսկ քաղաքի ամենասիրած վայրերն ինձ համար զբոսայգիներն էին. ծառերի հետ հրաշալի ընկերություն էի անում և հենց նրանց միջավայրում էլ գրում էի. ավելի վստահելի և տրամադրող միջավայր չեմ ունեցել երբևէ, հատկապես, որ մարդ ասածը ոչ մի վայրկյան չխանգարեց իմ ու ծառերի ընկերությանը և չգիտեմ՝ մարդկա՞նց առավել շնորհակալ լինել դրա համար, թե՞ ծառերին…
Ի դեպ, բանաստեղծությունս, իմ միջնորդավորությամբ, իր շնորհակալությունը հայտնել է Վիեննային…
Շնորհակալ եմ քեզ, Վիեննա,
քո փողոցներից մաշված
կոշիկներիս համար,
այգիներիդ սոսափյունի,
որ սոսափեցին բոլոր մեղեդիները
երկնքիդ տակ ստեղծված քո երգերի,
տաճարներիդ ղողանջների համար,
որ հիշեցնում էին շարունակ,
թե ժամանակի մեջ եմ ես,
ու ժամանակն այդ քայլում է
ինձնից արագ,
շտապել է պետք,
արվեստներիդ համար,
որ խնամված ու պաշտպանված
տեսա քո ձեռքերում,
Դանուբիդ հոսքի համար,
որի հետ հոսեցի հոգուս
ալիքներով բոլոր
և հայացքիդ համար, որ տվեցիր՝
տեսնելու աշխարհը քո դրսից
ու քեզնով վերադառնալու
դեպի ինձ նորից…
Շնորհակալ եմ, Վիեննա…

Գ. Թ.- Հաջողվե՞ց ժամանակը արդյունավետ օգտագործել՝ ստեղծագործելու համար:
Ա. Ս. – Ստեղծագործելու համար ավելի շատ մտածելու ժամանակ է անհրաժեշտ, քան գրելու: Իսկ մտածելու համար միայն մի բանի ներկայություն է պետք՝ մենության: Ես կարող էի ինձ թույլ տալ այդ շռայլությունը: Այնպես որ՝ գրել եմ միշտ: Բայց ամեն լավ բան քիչ է լինում, և ժամանակը ամենևին էլ չհերիքեց ծրագրած գործերս ավարտին հասցնելու համար. որոշ բաներ ավարտեցի, որոշ բաներ միայն սկսեցի, իսկ վիեննական ուղեգրությունը դեռևս ուղեկցում է ինձ ու չգիտեմ, թե ճանապարհը որքան ժամանակ է դեռ շարունակական լինելու…

Գ. Թ. – Հնարավորություն եղա՞վ նկատելու հասարակության վերաբերմունքը գրականության հանդեպ:
Ա. Ս. – Ես նախանձ չեմ, կարծում եմ՝ նախանձ չեմ, բայց որպես եկվոր ինձ համար այնքան ակնհայտ էր տեղացիների վերաբերմունքը գրականության հանդեպ, որ դարձա նախանձ մեկը. կարդում էին այգիներում, սրճարաններում, նստարաններին, խոտերի մեջ պառկած, ծալապատիկ, մետրոյում… Հուսահատությունի՞ց, թե՞ հիացմունքից, խորասուզված կարդացողների բազմաթիվ լուսանկարներ եմ արել: Ի դեպ, մտավորական վիեննացիները համատարած բողոքում էին, թե հիմա շատ քիչ են կարդում…

Գ. Թ.- Իսկ որքանո՞վ է ընթերցող հասարակությունը ծանոթ հայ գրականությանը կամ կա՞ն հայ-ավստրիական գրական առնչություններ՝ որպես այդպիսիք:
Ա. Ս. – Լայն հասարակու­թյան կարծիքը, բնականաբար, չեմ կարող արտահայտել, բայց գրականության հետ քիչ թե շատ առնչվող մարդկանց կամ պարզապես մտավորականների հետ զրուցել եմ այդ մասին: Ֆրանց Վերֆելին գիտեն, բայց միշտ չէ, որ տեղյակ են «Մուսա լեռան 40 օրվա» մասին, ինչը, բնականաբար, տեղում լրացնում էի: Երկու երկրների մեծ ու փոքր գրական ճանապարհների խաչաձևման գործում իրենց գործուն ավանդն ունեն վիեննաբնակներ Հերբերտ Մաուրերը և Աշոտ Ալեքսանյանը: Ի հաճելի զարմանս ինձ, ավստրիացի Հերբերտ Մաուրերը՝ գրաբարի և միջին հայերենի իմացությամբ, այնպես էր խոսում հայերեն, որ նրա հետ խոսելիս ակամա ուզում էի օգտագործել միայն խիստ գրական բառեր: Թարգմանել է Նարեկացի, Հր. Մաթևոսյան, ժամանակակից մի քանի գրողների և տպագրել նրանց գործերը: Իսկ վիեննաբնակ գրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ Աշոտ Ալեքսանյանի թարգմանական վաստակն այնչափ պատկառելի է, որ կարելի է մոլորվել դրա մեջ. Ռոբերտ Մուզիլի պատմվածքները, վեպերը, նովելներն ու էսսեները, Հեսսեից՝ վեպեր և պատմվածքներ, Ռիլկեի բանաստեղծությունները, Շտեֆն Գեորգեի ստեղծագործությունների ընտրանին, Բորիս Վիան, Նոստրադամուս, գերմանալեզու և ֆրանսալեզու պոեզիա և այլն… Ուրախալի է, որ դա գնահատանքի է արժանանում Ավստրիայում, ինչը օրինաչափ է նորմալ երկրի դեպքում:

Գ. Թ. – Տպավորությունները, բնականաբար, շատ կլինեն: Դրանք անդրադառնու՞մ են գրողական աշխարհայացքի վրա, թե՞ սոսկ զարդարում են կյանքի այս կամ այն հատվածը՝ որպես ժամանցային տպավորություններ:
Ա. Ս. – Նախ, եթե զննողի աչքը ամենուրեք հետդ է, ուրեմն չի կարող չավելանալ ներքին հայացքի խորքային պաշարը: Եղել է՝ հենց այնպես նստել եմ հասարակական տրանսպորտ, որպեսզի հասկանամ մարդկանց առօրյան, նրանց «վազքը», կենցաղը, հետաքրքրությունները: Խոստովանեմ, որ այդ նույն հայացքը մի օր, ոչ ավել, ոչ պակաս, տարավ ինձ ծերանոց, ու զարմանում եմ, թե ինչպես համարձակվեցի ոտք դնել այնտեղ ես՝ բնույթով անհամարձակս… Առհասարակ, տպավորությունը հենց կյանքն է, մարդ ապրում է կյանքը՝ ըստ աշխարհից ստացած իր տպավորության: Իսկ «երբ կյանքդ դառնում է տեքստ՝ համարիր, որ կրկնապատկվել է» (Դավիթ Մուրադյան): Ընդհանրապես, որքան զննում ես օտար մարդկանց ու նրանց մշակույթը, այնքան հայտնաբերում ես յուրայիններին: Որպեսզի ճանաչես արմատներդ, պետք է հեռանաս նրանցից: Այնպես որ, իրականում նաև յուրայիններիս էի հայտնաբերում, քան սոսկ զմայլվում օտար բարքերի և մշակույթի առավելություններով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։