ԾԱՐԱՎ ՋՈՒՐ

 

Սամվել ԿՈՍՅԱՆ – Ներկա աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված` թվում է` հրապարակագրության ժանրն ավելի պիտի կարևորվեր, սակայն մեզանում կարծես նահանջ է արձանագրում: Ինչո՞ւ…

Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ – Հրապարակագրությունը գրական լուրջ ժանր է: Վերհիշե՛ք Հայաստանի լրագրողների միության «Ոսկե գրչի» արժանացածների ցանկն ու կհամոզվեք. հանրապետության հրապարակագրական բարձրագույն մրցանակը, պատահական բացառություններով, միշտ էլ շնորհվել է ժամանակի լավագույն գրողներին:

Ձեզ հետ համաձայն եմ` վերջին տարիներին ինքս էլ եմ եղել մրցանակային հանձնաժողովի կազմում ու համոզվել եմ, որ հետզհետե թեկնածու առաջադրելը դժվարանում է: Այժմ, կարծում եմ, գրեթե անհնար է: Պատճառները երկուսն են, ու երկուսն էլ ավելի քան թափանցիկ են: Հիմա, բացի գրական մամուլից, մեր անկախ հանրապետությունում անկախ լրատվամիջոց, փաստորեն, գոյություն չունի: Բացե՛ք ցանկացած թերթ, աչքի անցկացրե՛ք ցանկացած հրապարակում ու որքան էլ ոլորտից հեռու լինեք, գլխի կընկնեք, թե լրագրողը ո՞ւմ պատվերն է կատարում, թերթի (երբեմն` բավական շռայլ) գոյությունն ո՞վ է ապահովում: Այս իրավիճակում անաչառ հրապարակագրության մասին խոսք կարո՞ղ է լինել:

Երկրորդ հանգամանքը նույնքան էական է` խորհրդային տարիներին, երբ հրապարակագրական հոդվածը գրաքննության, մյուս բոլոր տեսանելի ու անտեսանելի խութերը հաղթահարելով` ի վերջո, լույս էր տեսնում, հասարակական լայն արձագանք էր գտնում, կառավարական տարբեր մակարդակների ուշադրությանն արժանանում, երբեմն անգամ բարձրագույն` ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի քննարկման նյութ էր դառնում: Այժմ հրապարակագիրն ինչ կարևորագույն հիմնախնդիր ուզում է արծարծի` ո՞վ բանի տեղ կդնի: Մինչև այն պահը, երբ հիմնախնդիրը փակուղում հայտնվի, ու հանրությունը շրջվի, մտավորականներին մեղադրի` «Ո՞ւր էիք, ինչո՞ւ էիք լռում»:

Ս. Կ. – «Մահապարտները», «Եռաբլուր», «Հաղթազենները»… Արցախյան հակամարտության և ազատամարտիկների մասին Ձեր գրքերի ու հրապարակումների ցանկը կարելի է շարունակել: Արդյոք մեզ հաջողվե՞լ է գոյամարտի իրական պատկերն ամբողջացնել:

Գ. Ջ. – Շնորհակալություն հարցի ու պատասխանելու հնարավորության համար: Իմ ստեղծագործական կյանքում երկու հիրավի՛ համազգային հերոսամարտեր եմ վավերագրել` Արփա-Սևան փապուղու շինարարությունը` հոգեվարքվող Սևանի փրկությունը, և Արցախի ազատագրությունը: Հիշե՛ք` Սևանի հոգեդարձից հետո հայեր, այո՛, հայեր, հաճախ` առանց երբևէ թունելախորշում, որևէ հորանում եղած լինելու, սկսեցին փրկարարներին հրապարակայնորեն բամբասել, անգամ հերոսականությունը քրեականացնել: 700 մետր երկրի ընդերքում, 48 կիլոմետրից ավելի ձգվող գետնուղին չէր կարող թերություններ չունենալ և, հավանաբար, ուներ, բայց հանուն զգայացնցության, էժան ժողովրդականության` աննախադեպ անձնազոհությունն անտեսել, կարծում եմ, առնվազն բարոյական չէր: Փա՛ռք Տիրոջը, տարիներ են անցել, աղմկարարները մոռացվել են, իսկ Արփայի` կարմրախայտի պես ցոլցլուն ջրերը օր ու գիշեր շարունակում են Սևան հորդել: Մեր երկրին լույս, հույս պարգևել: Պատմությունը, ցավոք, կրկնվում է: Իմ մի քանի գրքերի կենդանի հերոսն ու արդեն մտերիմը, որ հիսունչորս տարեկանում է Վազգեն Սարգսյանի կազմավորած «Արծիվ-մահապարտների» գումարտակին զինվորագրվել, ութսուն տարեկանում է Ապրիլյան պատերազմին մասնակցել, վերադառնալուց հետո էլ Նախիջևանի ազատագրությանն է պատրաստվել, վերջերս ափսոսում էր, որ Եռաբլուրում չէ: «Երանի իմ զոհված զինընկերներին,- ասում էր,- հուսամ` նրանց շիրիմներից չեն հանի, չեն դատի, վարկաբեկի»: Բարեկամս, իհա՛րկե, գտնում է, որ նույնիսկ Արցախի ազատարարը, եթե հանցանք է գործել, պիտի պատժվի, բայց դա առիթ չպիտի լինի, որ նրա անցյալը անտեսվի, համազգային ազատամարտը նսեմացվի: Նա համոզված է, որ նոր առճակատման դեպքում ոչ թե խրամատում գոնե մի գիշեր չլուսացրած, դիակների նեխահոտ չառած ամբոխավարները, դարձյալ իրե՛նք, իրե՛նց զավակներն ու թոռներն են փութալու ռազմադաշտ: Իսկ որ մեր ազատագրական պատերազմը նույն ոգով շարունակվելու է, բնավ չի կասկածում: Ե՛ս էլ: Բոլորովին վերջերս լույս տեսած իմ «Անդենական» վեպն ավարտվում է նոր Եռաբլուրի նկարագրությամբ: Փառքի պանթեոնի միանման տապանաքարերը հետևյալ արձանագրություններն ունեն` «Զոհվել է Կարինի ազատագրության մարտերում», «Զոհվել է Վանի ազատագրության մարտերում», «Զոհվել է Ակնի ազատագրության մարտերում»:

Ս. Կ. – Ձեզ համար առաջնային է նաև Հայ դատի թեման: Սա այն խնդիրն է, որին առանց պատմական, իրավական, հոգեբանական կոնկրետ թիրախների` անհնար է անդրադառնալ: Դուք ի՞նչ նպատակ եք հետապնդում:

Գ. Ջ. – Արդեն ասացի, ես հավատարիմ եմ իմ հավատամքին` քայլել եմ, քայլում եմ ու քայլելու եմ դեպի Արարատ: Արարատն ինձ համար խորհրդանշան է, որի տեսլականով ամեն տարի գնում-հասնում եմ Վան, Մուշ, Սասուն, Տիգրանակերտ, Սիս, Արաբկիր և, իհարկե, իմ չքնաղ բնօրրանը` Ակն: Եթե ճիշտ է, որ աշխարհում տասը միլիոն հայ է ապրում, ապա ճիշտ է նաև այն, որ տասնհինգ միլիոնը բանաստեղծություն է գրում: Միայն թե նրանցից ոչ մեկը չգիտի, թե ինչ է բանաստեղծությունը: Որպեսզի իմանա, պիտի գոնե մի անգամ ինձ հետ Ակն գա, տեսնի, որ ոստան տանող կպրուղու երկու կողմերում ոչ թե ազդակոչեր, փայլաթիթեղների վրա թրքերենի թարգմանված, թրքացրած միջնադարյան մեր հայրեններն են փողփողում: Աշխարհի այդ միակ քաղաքում ջրվեժն ամպերի ծվեններից ծայր է առնում ու սանդղավանդներով, մարգարտահատիկներ սփռելով` Եփրատ է գահավիժում: Իսկ Եփրատը մթամպած խորաձորում հալչում է, մրմնջում. «Ո՞ւր եք, հայե՛ր, ի՞նչ եղաք, հայե՛ր, որքա՞ն ձեզ սպասեմ, հայե՛ր»: Հասկանո՞ւմ եք` Եփրատի պես հորդառատ գետը ծարավի է մեզ, ինչպես մենք ենք ծարավի Ակնի հազարակն աղբյուրներին:

Գաղտնիք չէ` աշխարհում լավ հայեր շատ կան: Չափազանց շատ կան: Վերջերս Փարիզում համաճարակի ժահրից ցավալիորեն մահացած Պատրիկ Դևեջյանը, սակայն, ոչ միայն լավ հայ էր, այլև մե՛ր հայն էր: Այնպիսին, ինչպիսին էր Հրանտ Դինքը: Այնպիսին, ինչպիսին է Կարո Փայլանը: Ընդ որում, Պատրիկն ամբողջ կյանքը պայքարեց ոչ միայն հանուն հայության, այլ նաև ու հատկապես` հանուն արդարության: Նա իրավաբան էր, անհերքելի փաստերով գիտեր ու մեզ էլ ավանդում էր, որ մեր դատն արդար է, ուստի և` պահանջատիրությունն` անժամկետանց:

Ս. Կ. – Ընթերցողը Ձեզ ճանաչում է նաև որպես Բեկկետի, Կամյուի և այլ ճանաչված հեղինակների գործերի թարգմանիչ: Ո՞րն է վերջին թարգմանված գիրքը, և ի՞նչ նոր թարգմանությունների սպասել:

Գ. Ջ. – Ես գիտեի, որ գրելը հիվանդություն է, բայց չգիտեի, որ թարգմանելը նույնպիսի հիվանդություն է, որից ձերբազատվելը եթե ոչ անհնար, համենայնդեպս շատ դժվար է: Ժամանակակից հայ գրողի մի խոստովանություն էլ անեմ: Ինքս հիմնականում թարգմանությամբ եմ տպարաններից վաստակում այն գումարը, որ հետո տալիս եմ նույն այդ տպարաններին` իմ հեղինակած գրքերը հրատարակելու համար: Ընթացիկ թարգմանություններին զուգընթաց` արդեն քանի տարի աշխատում եմ «Աբսուրդ թատրոնի գլուխգործոցները» ժողովածուի վրա, որի յոթ հեղինակներից երեքը (Անդրե Ժիդ, Սամուել Բեկկետ, Ալբեր Կամյու) Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են: Հավելեմ իսկույն, որ այս դեպքում Նոբելյան մրցանակն ինձ համար չափանիշ չէ, ու ինչպես իրավացիորեն նկատել է Մարկեսը, Նոբելյան մրցանակն անգամ երբեմն գրողի մեծության անկողմնակալ գնահատականը չէ: Եոժեն Իոնեսկոյի, մեր հայրենակից Արթուր Ադամովի ընտրածս թատերախաղերը, ըստ իս, իրենց տիտղոսավոր գրչակիցների երկերին բնավ չեն զիջում: Իհա՛րկե, պատահում է, որ հերթական աբսուրդ մենախոսությունը կամ երկխոսությունը թարգմանելիս հոգնում, համակարգիչը հրում եմ մի կողմ, ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ եմ տառապում, ո՞ւմ համար եմ տառապում: Բարեբախտաբար, դա երկար չի տևում, ինքս սաստում եմ ինձ: Ես խանդոտ հայ եմ, ուզում եմ, որ իմ հայրենակիցներն էլ հայերեն կարդան այն, ինչ վաղուց արդեն հիացմունքով կարդում է ամբողջ աշխարհը, ինչ արդեն կարդում են աֆրիկյան ամենաաննշմար երկրների ընթերցողները: Ընդ որում` իրենց մայրենի լեզվով:

Որպեսզի շատ չերկարացնեմ, վերջացնեմ այնտեղ, որտեղից սկսել եմ.

…Մենք բոլորս մեր ծնված օրից Արարատ ենք բարձրանում: Ու եթե մեռնում ենք, մեռնում ենք Արարատի ճանապարհին: Բայց շարունակում ենք բարձրանալ, որովհետև հավատում ենք` մի օր հասնելու ենք լուսապսակ գագաթին: Այնպես որ, եթե իմ թոռները, ծոռները տասը, քսան, նույնիսկ հարյուր տարի հետո Արարատ բարձրանան, ես այնտեղ կլինեմ, նրանց կսպասեմ: Կսպասեմ ձեզ բոլորիդ:

 

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։