Մեծություններին՝ դյուցազուն, հերոս, սուրբ, երբ տեսնում ենք պատմության հեռվից, նրանք հսկայանում են ժամանակի և տարածության անհարթությունները ջնջող մշուշում: Իրականի և անիրականի կախարդական խաղ: Այդպես է «Սասունցի Դավիթը». գերիրականություն, որին հանձնվողը զգում է ու տեսնում, կամ Վիկտոր Հյուգոյի «Դարերի առասպելը»1, որ «վերծանում է» պատմությունը՝ ընթացիկի մեջ թաքնված «ծածկագրերը» կարդալով:
Հավանորեն, առանց Վիկտոր Հյուգոյի բանաստեղծական պատումի՝ «Ռոլանդը» կամ «Էմերիյոն» պիտի հիշվեին որպես միջադեպի հերոսներ: Մեծն Շարլըմանեի (Կարլոս Մեծ) կռիվների մասին վկայում է պատմությունը, բայց հիշողության մեջ նրանք ապրում են Վիկտոր Հյուգոյի ստեղծած «առասպելով», որում իրերը անուն ունեն, ինչպես Ռոլանդի սուրը՝ Դրյուրանդալը, ինչպես Սասունցի Դավթի Թուր Կեծակին:
Մեր գրեթե անմիջական պատմությունը, որում սխրագործությունները բազմաթիվ են, թերթերի և զանգվածային լրատվության միջոցների բացակայության պայմաններում, դրանք շրջել և աճել են ժողովրդի երևակայության մեջ: Ռուբեն Տեր-Մինասյանի «Հայ յեղափոխականի մը յիշատակները» գրքի «Յովան ֆէտայիի» պատմությունը՝ մի դեպք է, որ կայծ է հայ հեղափոխության դյուցազնապատում «Ֆէտայիները» գլխում, Կոստան Զարյանի բանաստեղծական թափի մեջ ֆիդայիների կռիվը վերածվում է մեծ պաստառի: Այսօր ո՞վ պետք է հիշեր «Յովան ֆէտայիի»-ն կամ «Ֆէտայիները» կամ այնտեղ աշտանակվող Մակար ծերունին, եթե թռչող խոսքը նրանց քանդակած չլիներ: Լեռան լանջին վիրավոր ընկած և մեռնող ֆիդայի Մակարը մեծանում է, հսկայանում, դառնում նոր ժամանակների դյուցազուն՝ Կոստան Զարյանի ահագնաշունչ տողերով.
…ահա անցնում են լեգենդները,//ու հայ պատմության//թափորը հսկա, դուրս եկած մթին//դարերի խորքից,//անցնում է լռիկ ու նորից մտնում//մեծ խորհուրդների աշխարհը պայծառ:// Ցուրտ մի գիշեր է: Հեռագրաթելերի//ծռված սյուները//խուլ հառաչում են: Արջը իր թաթը//ուժով խփում է//հրավառ աստղերի շարժվող փեթակին//և ցավից ոռնում://Ձորը կրկնում է//այդ ահեղ ձայնը, և երեք անգամ//քամին զարնում է//երկնքի դռանը:// Մակար ծերունին տրեխները մաքրում,// մտնում է երկինք:
Մակար ֆիդայու անհունացումով հյուսվում է դյուցազներգությունը, որ բանաստեղծի (կամ անցյալի տաղասացի) շնչով և բառով խոսում է հոգիների հետ: Պետք է լսել ասվածից անդին եղած խորհուրդը:
Ժամանակակից, լայնալիճ զգացողություն և տեսիլք ունեցող, ընթացիկ ճամփաներից դուրս վազող Արտեմ Հարությունյանը ինձ հանձնեց իր անտիպ բանաստեղծությունների հատորը: Հափշտակությամբ կարդացի էջերը: «Հայոց հողի ծածկագիր տեսիլքներ» է անվանել իր գիրքը, այդ է նաև վերնագիրը առաջին բանաստեղծության, և ասում է՝ «նվիրում եմ Արամ Մանուկյանին»:
Պատմական մեծ դեմք է Արամ Մանուկյանը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրը, Վանի հերոսամարտի առաջնորդը: Բանաստեղծը դյուցազներգություն է հյուսում՝ սավառնելով հարյուրամյակի վրա, դեմք ու դեպքեր հեռարձակելով տիեզերքում: Պատմության տեսանկյունից դարը անմիջականություն է, և ինքը վեճ, պառակտում և մրցակցություն չի վերապատմում: Մանրուքով չի տարվում: Դիտում է անցյալի, ներկայի և գալիքի հեռուն: Համաստեղությունը:
Հաճախ անգիտանում ենք, որ հողը կյանքի արգանդ է, նաև՝ ազգի կյանքի արգանդ:
Արտեմ Հարությունյանի մտածումները կհածեն «մեծերի» խոսքի, դեմքի, ճակատագրի և գործի ծիրերի վրա, ներկայի ցավերը բացվում են դեպի անցյալը, փոխլրացման զրույց, ունկնդիրը արձագանքն է բանաստեղծի: Ժամանակի խորքից եկող ներհուն Նիկոլ Աղբալյանի խոսքը մեկնակետ է, բացում է վարագույրը, ներկայացնում է Արամին.
«Երբ գիշերը գա, մտեք ձեր հոգու սենյակը, խոսեք ձեր խղճի հետ և ասեք՝ արդյոք աշխատե՞լ եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը»:
Ինչպես մի «պատմական» իրադարձությունից մեկնելով Վիկտոր Հյուգոն փոքրիկ իշխան Էմըրիյոյի հերոսապատումն է հյուսում, Արամ Մանուկյանի մասին անդրանիկ հանրապետության լուսավորության նախարար Նիկոլ Աղբալյանի բարոյահիացական խոսքը Արտեմ Հարությունյանի բանաստեղծական թռիչքին թև է տալիս:
Այսպես է սկսում Արամի դիցաթատերական պատկերը.
Երբ առաջին հանրապետության//թագադրված նախագահ//Արամ Մանուկյանը ծանր օրվա մղձավանջից հետո//տուն եկավ, չճաշեց//(չափից շատ արյուն կար դրսում հիմա,//չափից շատ կոտրված ոսկոր և մարմին),//և հանկարծ ասես միանգամից դրսում միացան//բոլոր երկնային լուսատուների ազդանշանային համակարգերը,//ահազանգեցին, ասես գուժում էին սոսկալի ինչ-որ բան,//ասես զգացին բարբարոս թուրքերի ցեղասպան մտադրությունը:
Հետևել բառերի խորհրդին: Արամը սոսկ նախագահ չէ, ի վերուստ ստացված իրավունքով՝ «թագադրված նախագահ» է, առանձնանում է մահկանացուների խմբից: Եվ «ցեղասպան մտադրությունը», արարքից առաջ, «բարբարոսության» դեմ տիեզերական «ահազանգ» է ծնում: Մտնում ենք ընթացիկից հեռացած դյուցազներգության աշխարհը: Կատարվում է ոստումը դարի վրայով: Երեկը ազդանշանն է շարունակվող ներկայի.
թունավոր մշուշը սպառնում է մեզ հերթական ջարդով,// նրանք մինչև հիմա մարդկային լեզուն չսովորեցին:
Բանաստեղծը թիվ-թվանշանից անդին, կոտորածից անդին, ազգի լինելության խորազգաց, ներիմացված ըմբռնումն ունի՝ քաղաքական ճապկումները գերանցելով: Հայը և իրենք իրենց իրավարարության կոչածները հասկանո՞ւմ են մյուս պատմությունը, որ՝
ցեղասպանությունն ու ահաբեկչությունը//դեռ շարունակվում են Հայաստան աշխարհի//ժայռոտ, բայց ներսից փխրուն ու սրբազան հողի դեմ…
Ցեղասպանություն էր գործված հողի համար և «ցեղասպան մտադրությունը վառ է մնում հողի համար: Բանաստեղծը, հայտնատեսությամբ նվաճում է քաղաքական միտքը, որ անձնավորում է Արամը: Բանաստեղծը Արամի՞ն է հրավիրում տեսնելու, թե՞ ինքն է կարդում նրա միտքը, կարծեք նա մեր ժամանակակիցը լիներ և իր վրա վերցներ թշնամու սադրանքները:
թուրքալեզու հորդաները չեն կշտանում//հայոց հողի տիրոջ մարմնով//և կարծում են,//թե հայ մարդը սոսկ հյուլե է փշրված ցեղի,//և չնայած այդ ամենին խաբվում ենք//թուրքի սարքած բորբոսագույն «պրոտոկոլով»,//վավերացնում հենց մեր ձեռքով//թույնից ծնված զեռուն օձին…
Բանաստեղծը տեսանող է, զգում է աշխարհի ոչ մասնակի խառնակությունը:
Ահաբեկչությունը դեռ շարունակվում է//Հայաստանի լեռնոտ, բայց ներսից փխրուն հողի դեմ://Լսե՜ք, լսե՜ք շաչյունը, աղմուկը քոչվոր ցեղերի,//որ գալիս է Ասիայից հանց շառաչ…
Ապրիլի արցախյան քառօրյա պատերազմը և ներխուժողները: Եվ կրկին վերադարձ դեպի անցյալը: Ժամանակը սեղմված է:
Արամի կենսագրություն, որի մեջ խտանում է ազգը:
Եվ դու անցնում ես//Արցախի, Նախիջևանի, Վանի, Խնուսի ու Կարինի,//Արամ, անթարթ քեզ նայող հույսի տարածքներով,//որտեղ համարյա հայություն չմնաց,//միայն Արցախն է մնում հրաշքով փրկված…
Պատմության հաշվեկշիռը և գիծը, որից անդին անէություն է: Բանաստեղծը իր հոգով է լսում պատմության պատգամը և գոչում է իր ցավը՝ ընդդեմ թեթևամիտների, «փարիսեցի»-ների.
Օ՛, ասա, նորից ու նորից, օ՛, վաղամեռ աստղ// Հայոց երկնակամարի,//որին չի հասնի և ոչ մի բարձրություն,//ասա, ի՞նչ անեմ հիմա փարիսեցի այս դարում…
Բանաստեղծը գիտի: Գիտի ստեղծագործողը: Ծանր հարվածից վերականգնվելու կարիք ունի ազգը: Ներիմացական զգայնությունների հասարակաց մթնոլորտ:
Այվազովսկու ծովերը// մարդու չվերջացող տառապանքի մասին են,//որտեղ ազգը անվերջ փոթորկվող ջրերում,//փորձում է ուշքի գալ Ցեղասպանությունից…
Պատումն ընդարձակվում է ճակատագրի, հույսի և անհույսի, պատմություն կերտած հսկայացած դեմքերի տողանցով, քաղաքներ… Դաջված հիշողություն, գիտություն չէ, հոգիների առհավական շնչառություն, որից հեռանալով՝ դառնում ենք փարիսեցի, գնչու:
Եվ ինսուլինի պես փրկիչ քո այցերը//Էջմիածնի պատերի տակ պառկած հիվանդ գաղթականներին,//և պետք է տարբերակեմ//Քո բացարձակ գոյությունը Հայոց հողի վրա,//ահա թե ինչ է նշանակում քո ապրելը//քո ապրելը Հայոց լեզվում,//քո ապրելը դաշնակցության գիշերային գաղտնի ժողովներում,//քո ապրելը պարենի, լուսավորության,//թիկունքի ապահովության//և ներքին գործերի նախարարի պաշտոններում,//Քո ընկերությունը Ռոստոմի, Իշխանի,//Կոստի Համբարձումյանի, Դալի Ղազարի, Դումանի,//Ահարոնյանի, Շահպազի և մյուսների հետ,//Քո ապրելը Երզնկայում, Կարինում, Ալաշկերտում,//Բայազետում, Սարիղամիշում, Իգդիրում,//այնտեղ ամենուրեք,//ուր Հայոց հինավուրց հողը հրդեհված էր ծայրե ի ծայր…
Եվ վերադարձ դեպի առասպելատիպ նվիրյալի օրը.
իսկ դրսում ամենուրեք թուրքերը տարածել են շրջաբերական.//Փնտրվում է Արամ անունով մեկը,//թուրք լրտեսներ, որ ամենուր փնտրում են քեզ՝//ավերված՝ Հայոց հողի բոլոր ծալքերում,//թուրքական կառափնարանների երախը բաց է քո առաջ…//ոնց ես տեղափոխվում մի գավառից մյուսը,//ծածուկ և զինված,//երեք աժդահա հայդուկներով շրջապատված…
Արամը խորհրդանիշն է նրանց, որոնք անգոսնեցին կառափնարանի սպառնալիքը և օրինակի ուժով դիմադրելու կամք կռեցին: Արտեմ Հարությունյանը նրանց վեպով է տանում մեզ: Շարժապատկերի հետ-առաջ նկարահանումներով պատմում է Արամի հաղթարշավը, saga-ն. ծնունդ, դպրոց, Շուշի: Հզոր պատում՝ պաշտպանված հողի: Բանաստեղծը աստղագետի պես դիտում է հայկական միգամածը, ներկան՝ անցյալի լույսով:
Մի քանի տող, և պարզվում է օրհասի պատկերը: Բանաստեղծը դառնում է գեղանկարիչ, և խոսքը՝ ստեղծագործություն: Կարդացվում է քաղաքականության «ծածկագիրը»՝ այնքա՛ն կարևոր նաև այսօր.
Հիշո՞ւմ ես, երբեմն երեկոյան,//թափառում էիր շրջափակված Հայաստանի սահմանով,//մեր անկայուն, փշրված, անվստահ խաղաղության սահմանով,//տեսնում Սարդարի պատի մոտ վխտացող թուրքերին//և անհավատալի է, որ Հայաստանը դեռ պաշտպանում է ինքն իրեն:
Պատմությունը հար և նման շարունակվում է: Դա կհասկանաք, եթե կանգնեք Արցախի մերկ սահմանների վրա և դիտեք ձեր դիմաց գտնվող թաքնված վտանգը: Երբ շրջափակված աշխարհը դեռ պաշտպանվում է հերոսանալով, մտածում ենք «անհավատալիի» մասին: Բանաստեղծը պարզ բառերով լսում է հրի ու սրի մեջ ապագա կերտող ժողովրդի կյանքը:
Հիշո՞ւմ ես՝ այդ օրերին գրում էիր օրագիրդ՝//հազիվ շարժելով վնասված թևդ.//ցաք ու ցրիվ մտքեր,//ջարդված Հայաստանի սովալլուկ ամիսներ.//ահա մի հատված քո կարծեցյալ օրագրից.// Դատարկ խանութներ, պահեստներ,// առնետը դառնում է դրամական միավոր,// խցկվում աղքատության ծակուծուկերը,//չհավաքված դիակներ փողոցներում…
Բանաստեղծը պատմագիր չէ, անսքող տեսնում է՝ հինը, որ ներկան է, ցնցում է իրավությամբ: Արամի Հայաստանը հարկ է հիշել տիրոջ պես: Մի քանի տող, և պատկերվում է մի ժամանակաշրջան: Ապագայի մասին մտածել՝ լսելով ասվածը.
Դու, որ 100 000 գաղթական բերեցիր Հայաստան,//Վանի անկումից հետո,//300 000 սովյալ կերակրեցիր,//անգամ թուրքից խլած հացամթերքով…
Արտեմ Հարությունյանը քայլում է հաճախ մոռացվող, բայց միշտ ներկա պատմության ալիքների վրա: Համայն ազգի գլխին կախված հին սպառնալիքը նոր է, հրավեր՝ գիտակից հանձնառության:
Բայց թուրքերը մի բանում միասնական են միշտ եղել՝//բնաջնջել Հայաստանն ու հայությունը…//և հավերժական պաշարումը Հայաստանի//տևում է առ այսօր՝ 2012թ. Ապրիլ…// քեզ հետ եմ նավթոտ, գիշատիչ Բաքվում,//քեզ հետ՝ մահմեդականացած Գանձակում…// քեզ հետ՝ սևազգեստ Ալեքսանդրապոլում,//քեզ հետ՝ երբ Կարսից զենք էիր բերում՝//քեզ հետ՝ երբ երազում էիր//Արցախն ազատագրել ադրբեջանցի թուրքից…
Արամի պատկերը հասնում է սրբության, որ կարողացել է հրաժարվել եսից ու երկրային բարիքներից: Մի քանի տող, և մեծության կենդանագիր: Լուռ հրավեր կա բաղդատելու և բաղդատվելու պատմության խորքից ճառագայթող «մեծին»: Ի՜նչ պատգամ. «Պահել Երկիրը ամեն գնով», երբ հայրենալքում կա և չկա հայրենադարձություն.
և մաքառելով հանձնվեցիր քեզնով սրբացող հայ հողին՝//ապրողների դարակում թողնելով քո հանճարեղ կտակը՝//պահել Երկիրը ամեն գնով…//և նույն դարակում՝ քո ողջ հարստությունը՝//տասը դրամը վաղուց մոռացված, կորսված…
Թուրքի սպառնալիքը այսօր լրացվում է ներքին ցեցով: Դառն երգիծանք: «Հեռուստացույց»-ը ժողովրդի իրատեսական աչքն է: Պատկերը փողոցների մեջ է, հորդող սեղաններով ճաշարանների: Եվ հավկուրությունը մեղանչում է, երբ Երկրի նոր պատմությունն է գրվում.
և մոմլաթե ռադիոները//էլ չեն ողբում սպանդանոց դարձած անապատի սահմռկեցուցիչ դեպքերը,// և հեռուստացույցը հիմա աչքով է անում միայն// շատ արագ գիրացած երեսփոխաններին:
Եվ հնչող պատգամը, որ պետք է լինի առաջնորդող գաղափարը քաղաքական գործչի: Բանաստեղծը կարոտով է հիշում, քանի որ իրականությունը Արամի շարունակություն չէ: Այդ կարոտը ներկայի դեմ արձակված վճիռ է: Վճիռ, որ բխում է ժողովրդի հոգին կարդացող բանաստեղծի հայտնատեսությունից.
Արամ Մանուկյան,//դու հիմնադիրն ես երկրի ազատության,//սոսկ ազատության,//ոչ թե քեզ համար, այլ ուրիշների…// Դիմակ,//որ հերոսաբար տարավ իր ծանր ռիթմը՝//Հայոց հողի ծածկագիր տեսիլքը,//որ մի օր վերածնվելու է որպես//համայն հայության հաղթանակ՝//Արամ Մանուկյան:
—————————-
* Victor Hugo, La legende des sie` cles