Մենք գրքապաշտ ժողովուրդ ենք

ՀԳՄ Տավուշի մասնաճյուղը (ղեկ.` Սամվել Բեգլարյան) հաճախակի կազմակերպում է գրական միջոցառումներ, որոնք սահմանային այս մարզի գրական հասարակության կողմից ընդունվում են մեծ ոգևորությամբ: Վերջերս նման մի միջոցառում էլ կայացավ Լճկաձորի դպրոցում (տնօրեն՝ Ռ. Մալինյան): Այդ օրը ոչ միայն Ռ. Մալինյանի «Ժամանակ, ժամանակ» խորագրով պատմվածքների ժողովածուի շնորհանդեսն էր, այլև, հիրավի, մշակութային մի երևույթ, այդ եզերքի համար շատ ցանկալի գրական-գեղարվեստական դրսևորում, հայրենի հող ու ջրին կապված, սահման պահող ու երկիր շենացնող, նաև անհանգիստ մեր ժամանակներում ստեղծագործող, արարող հայ մարդուն նվիրված ձոն:
Միջոցառումը բացվեց աշակերտների գեղարվեստական ելույթներով` հեղինակի մի պատմվածքի բեմականացում, երգեր, ասմունք ու պար` երաժշտական դպրոցի սաների նվագակցությամբ:
Գրքի սերն ու պաշտամունքը մեզ հաց ու ջրի պես անհրաժեշտ է: Այս համոզմունքը մեկ անգամ ևս շեշտվեց հայոց այս չքնաղ շենում, ուր ապրում և ստեղծագործում է աշխարհագետ, արձակագիր, մի քանի գրքի հեղինակ, գրքի ու գրականության նվիրյալ Ռուսլան Մալինյանը:
Գրողի իր խոսքն ու խոհերը ներկաների հետ կիսեց Սամվել Բեգլարյանը: Գրքի անուրանալի արժանիքների մասին խոսեցին տարբեր գյուղերից հրավիրված ուսուցչուհիներ Արևիկ Ասատրյանը, Արևիկ Աղաբաբյանը, Անժելա Ամիրաղյանը, Սիրուշ Ռամազյանը, Աշխեն Մարուքյանն ու Լարիսա Միկիչյանը, Նոյեմբերյանի «Հույսի կամուրջ» կազմակերպության տնօրեն Լուսինե Անտոնյանը, Տեր Հրայր քահանա Բեջանյանը, Նոյեմբերյան քաղաքի հիմնական դպրոցի տնօրեն Փարսադան Ալեքսանյանը: Գնահատանքի ու շնորհավորանքի խոսք ասացին բանաստեղծ, «Ժամանակ, ժամանակ» գրքի ձևավորող նկարիչ Զավեն Պետրոսյանը և լրագրող Ոսկան Սարգսյանը:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ Ռուսլան Մալինյանը:
Զավեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։