Ինչպե՞ս դիմանալ ամեն ինչի բանաստեղծություն լինելուն / Մարիամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Եվ ինչո՞ւ է ծագում այս հարցը: Բանաստեղծության համար նվիրական ու անձեռնմխելի տարածք ազատագրելու ցանկությունից: Այստեղ սուբյեկտիվություն կա, զուտ անձնական կարոտ, որ, սակայն, հիմնվում է նաև տևական կողմնակի փորձառության, Բորխեսը կասեր՝ «ժամանակի քննությունն անցած տարակուսանքների» վրա: Զգում եմ, որ հակաճառում եմ դասականության հարմոնիայով, որ թեպետ կարող է դիսոնանսներով, տարբեր տոնայնություններով խախտվել, բայց և այնպես, աստիճանակարգային է մնում: Սիրում եմ ներդաշնակության կառուցվածքը: Իմ մեջ ազատության որոշ ձևերից մի գիտակցված հրաժարում, չարտոնվածություն կա, որ գրեթե ցավեցնող չէ. միշտ պարգևատրում է ամբողջականության մի համապարփակ զգացողությամբ: Սա մի «կրոնականություն» է, որ շարունակում է արդիականություն արտադրել վերևների գեղագիտության համար: Շարունակ զգում եմ այս գեղագիտության կենսականությունը մտավոր և զգայական իմ ողջ տարողությամբ: Մի ուղղափառություն, որ խաղաղեցնում է կասկածս, դրա մինչև վերջ չտևելը հավասարակշռում է ինքնակա ելքերի վստահությամբ: Ես գիտեմ, որ սա ճշգրիտ է: Միշտ կապված կմնամ այս հին գեղագիտությանը, որ նոր շարահյուսություններում կարդիականանա:
Եվ ուրեմն, ստորև՝ իմ աջ որոնումները:
Ամեն ինչի բանաստեղծականությունն ինչո՞ւ է շատ պոետների տարակույսին հանդիպում: Հ. Էդոյանն իր «Գնալով ավելի դժվար է դառնում» բանաստեղծության մեջ ասում է. «Գնալով ավելի դժվար է դառնում/ տողերն իրար կապել,/ միացնել նրանց/ զգացմունքների, մտքի և կամ աբսուրդի/ անտես շաղախով,/ իրերը դառնում են ավելի քմահաճ,/ պահանջում ավելի ինքնուրույնություն,/ ազատ խոսք, շնչառություն,/ իսկ քար-բետոնե/ հսկա քաղաքի/ քիմքը պահանջում է նկարագրություն,/ կամ նմանություն,/ անմիտ խոսք, անշարժ քայլ, հենց այնպես/ կատարվող զգայախաբկանք,/ ճակատին սրբիչը/ հոգնած ամոքումի»: Պոետն այսպես է ուրեմն կապում տողերը. զգացմունքներով, մտքով և կամ աբսուրդով: Իսկ ուրի՞շ…
Շատ ուշագրավ է նկարիչ, թարգմանիչ Է. Պողոսյանի փորձը, որ այս ամենի մասին մտածելու լավ առիթ տվեց ինձ: Էական տարբերություններ կա՞ն նրա կազմած «Փնտրագրերի», թերթային բանաստեղծությունների (երբ ջնջում է լրագրի որևէ սյունակի բոլոր բառերը՝ բացառությամբ որոշ բառերի կամ բառերի հատվածների, որոնցից բանաստեղծություն է ստացվում) և ժամանակակից պոեզիայի նմուշների միջև: Բայց ի՞նչ ասել է էական տարբերություն: Այսօր ամեն ինչ կարող է հավակնել բանաստեղծություն լինելուն: Կարող է հավակնել, բայց կարո՞ղ է լինել: Բոլոր դեպքերում հավակնությունն արդեն իսկ բավական է հարց ունենալու համար. ի՞նչ է նշանակում բանաստեղծություն այսօր, ինչպե՞ս է գոյանում բանաստեղծությունն այսօր: Բոբ Դիլանը կմտածեր՝ գրականությո՞ւն է սա, թե՞ ոչ: Այս հարցադրումն, ուրեմն, համաշխարհային է:
«Սա/ սա երևանն է/ սա հայաստանն է/ սա երևանն է/ սա չափազանցություն չէ (տեսանյութ)», «տուր ինձ/ տուր ինձի տեր/ քո ձեռքը տուր ինձ», «ուղեղ/ միջին ուղեղ/ միջանկյալ ուղեղ/ մարդու ուղեղ/ տավարի ուղեղ», «ծովը/ ծովը կապույտ/ սիրո ծովը/ ամենամեծ ծովը/ ամենախոր ծովը», «կարմիր/ կարմիր գիրք/ կարմիր խաչ/ կարմիր քամի/ կարմիր ծաղիկ մը գարունի», «ես ու/ ես ուզում եմ/ ես ու դու/ ես ուզում եմ փոխել իմ կյանքը/ ես ունեմ երազանք», «կա մի/ կա մի թուլություն/ մի աղջիկ կա մեր բակում/ կա հինավուրց մի զրույց», «մարմին/ մարմին տԷրունական/ երկրաչափական մարմին/ հարկային մարմին/ պետական մարմին»: Ի՞նչ վատ բանաստեղծություններ են գուգլյան այս առաջարկությունները: Եթե կուզեք, սա տեխնիկական դարի տեխնիկական բանաստեղծության օրինակ է` աստիճանավորման ու այլ ավանդական արտահայտչամիջոցների կիրառմամբ: Նախկինում միայն մարդիկ կարող էին միացնել բառերը՝ տարբեր նպատակներով, հիմա նաև մեքենաները՝ տարբեր ալգորիթմերով: Հանգերով գրող բանաստեղծները հանգաբառարաններ էին բացում հաճախ, հիմա Գուգլն է բառերի հնարավոր հարևանություններ հուշում: Այսինքն՝ պոեզիայում միշտ էլ եղել է պատահականության, «կողմնակի նպատակահարմարության» (օրինակ՝ կիրառել որևէ բառ զուտ հանգավորման նպատակով, որ, սակայն, տեղադրվելով տողում, նախապես չերևակայված իմաստ է ծնում) տարրը: Եթե հանգը նման կազմավորիչ նշանակություն կարող էր ունենալ, ապա ինչո՞ւ չի կարող ունենալ բառերի հարևանությունն ինքնին, նույնարմատ լինելը կամ այլ մի հատկանիշ, որի հիման վրա մեքենան առաջարկում է բառերի ու արտահայտությունների շարքեր: Բայց ինչո՞ւ են դրանք բանաստեղծություն հիշեցնում: Որովհետև այնտեղ սպրդում է բառերի պատահական, ոչ այնքան կռահելի կապի բանաստեղծականությունը՝ մի բան, որ բնորոշ է ամեն ինչ պարառող տարածություններից (ասենք՝ համացանց) սերած բովանդակություններին, քանի որ այնտեղ որոշ խորհրդավորություն կա, «լինում է-չի լինում» անվանելի ինչ – որ կապ, որ պոեզիային վերադարձնում է առեղծվածի հմայքը:
«Վիկիպեդիան» պատմում է, որ թվային գրականությունը զարգանում է անցյալ դարի 50-60-ականներից՝ բացելով փորձարարության նոր բնագավառներ ձևի և լեզվի համար՝ ավելի ու ավելի ընդգծելով դրանց առավելությունը բովանդակության նկատմամբ: Ամեն պահի հարաբերական դարձող մի մեծամասնություն ետևում է մնում: Եվ սակայն, ամեն ինչի հարաբերականացման ընթացքը, ինչպես նշում է գերմանացի գրականագետ Ռ. Սիմանովսկին, կարող է հանգեցնել «տեխնոլոգիական կիտչի», որ թույլ չի տալիս որսալ ստեղծագործության գլխավոր միտքը: Սակայն մեծ պատումների ավարտը համահարաբերաբար նշանակում է նաև գլխավոր մտքերի ավարտ. դրանք այլևս հարգի չեն: Բայց զարգացման շրջափուլային ընթացքի արդյունքում ետկառուցվածքից հետո վերադարձող կամ վերադառնալիք կառուցվածքը պոեզիայի համար չի՞ կարող նշանակել սեփական մակարդակում կառուցել ըմբռնումների այս եղանակը՝ կարծես չակերտելով և անվանելով այն մոտավորապես այս մոտեցմամբ. տեսել եմ, անվանել եմ, և/ուրեմն շրջանցել եմ: Երբ տիրում է «տեսնել նշանակում է հասկանալ» մտայնությունը, ինչպե՞ս պետք է մեզ հայտնվի դրանից տարբեր հասկացումը կամ հուզական ապրումը: Այդ ինչպե՞ս պիտի հասկանանք, որ հասկացել ենք: Եվ ինչպե՞ս է «գրանցվում» հասկանալը բանաստեղծության մեջ:
Այս տեսակետից քննեմ հենց ինձ՝ իմ բանաստեղծություններից մեկը՝ հասկանալու համար՝ ինչպես եմ ի՛նքս հարաբերվում իմ ժամանակաշրջանի այս միտումների հետ, որոնց տարակուսանքով եմ վերաբերվում: Այս բանաստեղծությունս մինչ այս մտավոր անդրադարձով այսչափ չեմ դիտել, այլ միայն կռահել եմ դրա հետ կապված բաներ, որ այստեղ մտածելու եմ որպես մտքեր:
Դեռ չեղածը սիրելիս
հյուսիսն ու հարավը

գիշեր-ցերեկ
տեղերը փոխում էին…

Նույն ձայնի մուտքն էր
երկու տարահայաց դռներից:

Երգերի մասին՝
հերթով վերծանելի զրույցներ…

Էլ ի՞նչ ենք լինելու
այս սիրուց հետո…

Այս բանաստեղծությունն իմ սիրածներից է, որովհետև տողերը, դրանց միջև ընկած կռահումները և դրանց դասավորությունը լավ են վկայում իրենք իրենց ու հղվում են ուրիշ իմաստների, որ չեն ասվում, բայց վերագրվում են բանաստեղծության ամբողջին դրա կառույցի ու առանձին բովանդակությունների շնորհիվ: Իմ այս բանաստեղծությունից ստացածս առաջին տպավորությունս եմ հիշում. այդ հիմա եմ հասկանում այն, իսկ այն ժամանակ գրեթե միայն զգում էի և ինտուիտիվ կերպով կռահում: Ագրեսիվ գործիքների բացակայությունը (և՛ տեքստը ստեղծելիս, և՛ այն սպառելիս) բարդացնում է ընկալման ընթացը, հայտնի բան է: Սա գրվել է այն երջանիկ պահերից մեկի ժամանակ, երբ զգում ես՝ ժամանակային հաջորդականությունն ակնհայտորեն բավարար ժամանակ չէ, բավարար հարաբերություն չէ անմիջականությունը: Վայելք, սրտի թրթիռը և գեղեցկությունը որի ընդամենը մի մասը կարող են լինել և ոչ երբեք ամբողջը: Բնական ստեղծական վիճակ, երբ զարմանալի է դառնում, որ մշտապես այդպես չէ:
Փորձենք փնտրել վերագրումների բազմությունն ու համառոտությունն այստեղ, հատկանիշներ, որոնք նաև գուգլյան պոեզիայում կարելի է փնտրել: Ինչպե՞ս են բանաստեղծության մեջ հայտնվում մի կողմից՝ այլուրեքությունը, բազմաչափությունը և մյուս կողմից՝ հավաքությունը՝ որպես բովանդակություն և որպես ձև: Որտե՞ղ է տեղի ունենում հավաքումը: Բանաստեղծությունների եզրափակիչ տողերի՝ իբրև եզրակացություն տրոհվող հնչերանգը, որով հաճախ բանաստեղծություններին (նաև իմ բանաստեղծություններից շատերին) բանաստեղծական եզրակացություն և ամփոփում է վերագրվում, գուցե բավարար չէ՞: Այստեղ ես վճռական չեմ…
Քննենք նախ ժամանակը. այս բանաստեղծության մեջ այն առանցքային հատկանիշ է: Բանաստեղծության ժամանակը ժամանակային հաջորդականությունը չէ: «Դեռ»-ով սկսվող պարբերությունը և դրա իմաստային շարահյուսական շարունակությունը՝ հաջորդ պարբերությունը, ժամանակային տարբերություններից են կազմված: «Դեռ չեղածը սիրելիս»-ում սիրելու գործողությունը ներկա ժամանակում է, իսկ դրա խնդիր լրացումը միաժամանակ ապագայում է և ներկայում. «դեռ»-ը ապագայում է, «չեղած»-ը բառիմաստով ապագայում է, ժամանակով՝ ներկայում: Ժամանակի այս բևեռների մեկությունն ապա շփվում է տարածության հետ՝ հյուսիսի ու հարավի, բայց «ժամանակի բևեռներ» ասելով՝ նպատակային մեկնաբանությամբ չենք կապում ժամանակը տարածության՝ բևեռների հետ: Ընդհակառակը, բանաստեղծության ներկայացրած ժամանակի բևեռայնությունը որպես բևեռայնություն է ընկալվում հենց տարածական բևեռների հետ զուգադրման մեջ: Ինքն իրենով այն ժամանակի ամբողջությունն է, բայց տարածության բևեռների, ավելին՝ դրանց շարժման (տեղերը փոխում էին) հետ շարահյուսական – իմաստաբանական կապի մեջ տարբերությունների ընդգծման՝ բևեռացման իմաստ է ստանում: Փոխպայմանավորվածության միջոցով կոնկրետ իմաստների վերագրությունները բանաստեղծական ստորոգման կարևոր հատկանիշներից են: Սա կապի հարաբերություն է, որ պարառում է նաև բազմազանության, հարաբերությունների արդյունքում եզրերի ու իմաստների բազմակիացման էական հատկանիշը:
Հետաքրքիր հարաբերություն է «նույն ձայն»-ի ստեղծած վերագրությունը, և այն, թե ինչպես է դա տեղի ունենում: Նույն ձայնը որոշակիանում է բանաստեղծության իմաստային միավորների ձևաբանական – շարահյուսական – իմաստաբանական հատկանիշների քննությամբ: Այդ միավորները ներկայանում են հիմնականում որպես հակադրության-հականիշության կամ հոգնակիության հիման վրա կառուցվող բլոկներ՝ անցյալ – ներկա – ապագա, հյուսիս – հարավ, երկու տարահայաց դռներ, փոփոխվող տեղեր, երգեր, զրույցներ: Բանաստեղծության եզակի մնացող եզրերը սրանք են՝ դեռ չեղածը, նույն ձայնը, սերը: Դրանց միակությունը դրանք առնչում է իրար հետ, քանի որ բևեռայնությամբ և հոգնակիությամբ ընդհանրացնող եզրերի կողքին եզակիությունը ընդհանրացնող հատկանիշ է դառնում դրանց համար: Այսինքն՝ բևեռայնությունն այստեղ այնքան ուժեղ է, որ ընդհանրություն կազմելու հատկանիշով է օժտում նաև եզակիությունը՝ եզակի եզրերը, որոնք այդ տարբերությունների համատեքստից դուրս չեն ընդհանրանում: Եզակի մնացող եզրերի ձևաբանական ընդհանրությունը վերածվում է իմաստային կապի. դեռ չեղածը, նույն ձայնը, սերը սկսում են իրար իմաստ հաղորդել: Իմաստի հայտնությունն, այսպիսով, տեղի է ունենում նաև ձևաբանական զուգորդման, այն է՝ իմաստի կողմնակի գոյացման արդյունքում: Եվ այս իմաստը ևս բանաստեղծության կարևոր ստորոգումներից է: Կա՞ արդյոք անհրաժեշտ և անտարակուսելի կապ զուգորդվող հասկացությունների միջև. բառերի անսովոր հարևանությամբ ստեղծված, ոչ պատումային բանաստեղծությունները մղում են ավելի խորությամբ ուսումնասիրելու վերացական կապերի կամ կապերի վերացարկման ստորոգումները: Այս անտարակուսելիությունը հատուկ տեսակի անտարակուսելիություն է, առկա, բայց աննկատ պատճառականության ու տրամաբանականության նրբագույն հարաբերություն, որ բնորոշում է ոչ թե կամ ոչ այնքան այդ կապն ինքնին, որքան այդ կապի ստորոգման անտարակուսելիությունը: Մի բան, որ հանգավոր բանաստեղծության մեջ ներմուծում էր հանգը. ձևի ընդհանրությունը կուռ էր դարձնում կառուցվածքը:
Հետաքրքիր է ուսումնասիրել նաև ոչ բացահայտ ստորոգումների քանակը բանաստեղծության տողերում: Օրինակ՝ «Դեռ չեղածը սիրելիս»-ը չեղածը սիրելուց բացի նաև եղածը սիրելու հնարավորության, դրա անսովորության, ավելի սովորականից՝ եղածը սիրելուց շեղման և գուցե նաև այլ հատկանիշներ է վերագրում բանաստեղծության իրավիճակին: Վերլուծության այս ճանապարհն, իհարկե, պարզեցնում է, բայց նաև ցույց է տալիս վերագրումների դերը բանաստեղծության համար, մի բան, որ նորից արդիական է դառնում:
Այսպիսով՝ ստորոգման նրբությունն ու անտարակուսելիությունը. հանգամանքներ, որոնք տարբերում են մարդու գրած բանաստեղծությունը, մարդու գրածներից էլ՝ լավ բանաստեղծությունը: Ես մտածում եմ, որ կարևոր բան մտածեցի: Եվ մտածում եմ նաև, որ հենց այս ուղղությամբ պիտի զարգանա մերօրյա պոեզիան, եթե ցանկանում է տարբեր լինել վարկանիշային էջերի պատառիկներ թվարկող գուգլյան պոեզիայից: Ուրեմն՝ հետազոտել բառանջատ դադարները: Ցիտատների ժամանակաշրջանի ցիտատային ընկալումները վերծանել որպես ավարտուն տրամաբանություններ: Բայց դեռ գայթակղիչ է մնում արձանը՝ քարի ավելորդ մասերը հեռացնելով, ուստի դեռ պիտանի կարող է լինել ցիտատների և ավելորդություններից մաքրված քարի հարաբերությունների ուսումնասիրումը՝ գուցե որպես ետարդիության (գուցե ետետարդիության) հնարավորություններ… Մեզ, ավելի, քան երբևէ, անհրաժեշտ է քննել բանաստեղծելու տեխնիկաները՝ ամենանուրբ բաղադրիչներով՝ կենտրոնանալով բանաստեղծականության և իմաստների ստեղծման մեխանիզմների վրա: Աշխարհում ավելի ու ավելի մեծ ուշադրություն են դարձնում պոետիկայի համալիր գործառութային վերլուծությանը:
Բայց մեզանում նման մոտեցումները պակասում են:
Ինչո՞ւ է ժամանակակից իրանական պոեզիան շատերին ավելի ըմբռնելի և սրտամոտ թվում, քան հայկականը: Գուցե սրան գրականության ինքնագրությա՞մբ (Բլանշոյի մեկնաբանած սյուրռեալիզմի տեսանկյունից) հակաճառել: Ինչո՞ւ հակաճառել՝ որովհետև իրանական պոեզիայում դյուրինության մի ճանաչելի տարր է նկատելի դառնում: Հույզի հարուցած մերձության քաղցրությունն է դյուրամարս: Ինքն իրենով այդ դյուրինությունն ավելի քիչ է, անշուշտ, քան երևան է գալիս նրա տարածմամբ և բազմապատկմամբ: Կիտչեր ձգող տեղերի առատությունն է կասկածի տեղիք տալիս: Իմաստունական գրականության վերաձևված մի դեպք, որտեղից ևս փափուկ բարձի հոտ է գալիս, անհանգիստ, գրգռված մտքին ու հույզին հանգիստ տալու մղման հոտ: Որպես համատեքստ՝ այստեղ նաև արևելք-արևմուտք տարբերությունների հարցը կա: Սա մտածելու առիթ է տալիս մեզանում արևմտյան ավանդույթի դրության մասին: Որոշ վախով համարձակվում եմ մտածել, որ պոեզիան Արևելքում հեշտանում է: Հեշտանում է մտածողական-հուզական հակաճառությունների նվազմամբ: Իսկ Պ. Վալերին հանճար լինելու դյուրինության մասին էր խոսում. նրա պարոն Տեստի համար ավելի հեշտ կլիներ հանճարի վերածվել, քան շարունակել բանականության տենդագին ընթացքը…
Մյուս կողմից՝ Թումանյանի հոգու հայրենիք Արևելքը: Բայց Թումանյանի պարզությունը հերմենևտիկական վերադարձի պարզություն է…
Վերադառնանք, սակայն, ամեն ինչի պոեզիա լինելու հանգամանքներին. թերևս այդ հանգամանքների խառնակության և չիմաստավորվածության պատճառով է նաև, որ մարդկանց սերն առ պոեզիա խաղաղություն է գտնում պարզության մեջ: Եվ այսպես, ինչպե՞ս է, որ ավելի ու ավելի շատ տեքստերի է բանաստեղծականություն վերագրվում: Ինչպես նկատում է Թ. Իգլթոնը, ցանկության դեպքում երկաթուղային չվացուցակն էլ կարող ենք իբրև բանաստեղծություն կարդալ: Իսկ լեզվաբանությունը բացատրում է դրա ճանապարհը: Ըստ լեզվաբանության՝ հեղինակի միտումն (ինտենցիա) արտահայտվում է տեքստում՝ տեքստային եղանակավորության (մոդալության) մեջ: Համարվում է, որ եղանակավորությունը ստորոգելիության չափանիշներից է և ժամանակի կատեգորիայի հետ մեկտեղ բնորոշում է նախադասության քերականական նշանակությունը: Կարող ենք ասել, ուրեմն, որ որևէ շեղում, ընդհանրացում, խորհրդավորություն հոդավորվում – առոգանվում (արտիկուլացվում) է բանաստեղծության եղանակավորությամբ: Տողատումն էլ բանաստեղծական հոդավորման գործողություն է: Հանգն անհետացավ, և կարծես միայն տողատումը մնաց իբրև բանաստեղծականության հատկանիշի արտաքին վերագրում տեքստին: Ինչ-որ բան առոգանվում է իբրև բանաստեղծություն, և ուրեմն, առոգանումը՝ որպես ստորոգում: Այս առոգանումը հավելյալ վերջնական պայմանն է, անպայման պայմանը, որով բանաստեղծության հատկանիշներից այս կամ այն մեկը կամ մի քանիսը համատեղ ստեղծում են բանաստեղծություն: Տեքստի առոգանումը որպես բանաստեղծություն հենց բանաստեղծականության (թվարկված հատկանիշների) վերագրումն է տեքստին: Իսկ այս եղանակավորությունն արդեն գործառական նպատակի հարց է: Նույնպիսի մի վերագրություն չէ՞ր նաև ներշնչանքը: Բանաստեղծականությունը, փաստորեն, ժամանակի քիմքի հարց է. այդուհանդերձ, ուրեմն, բանաստեղծությունն ազատ չէ արժեքներից, ավելին՝ հենց դրանցով էլ կատարվում է այս ստորոգումը՝ բանաստեղծականության վերագրումը: Սխալված չենք լինի, թերևս, եթե արժեքային միջավայրին նաև նպատակայնության հանգամանքը կցենք. ամեն ինչ բանաստեղծականացնելը գուցե հանուն իրերի՞ էլ է արվում, աշխարհն անիմաստությունից փրկելու համա՞ր… Բանաստեղծությունը՝ անցողիկ իրերը տևականացնելու միջո՞ց… Երբ հերմենևտիկանան շրջան գծելով՝ կրկին հասնում ենք այս պարզ կետին, այն է՝ բանաստեղծությունը որոշակի արժեքային միջավայրի ծնունդ է և բազմաթիվ առումներով պայմանավորված է դրանով, մի՞թե ավելի հասկանալի չի դառնում ժամանակի եղանակներն ավելի մոտիկից հասկանալու անհրաժեշտությունը: Անթիվ պատմություններ կան, ու դեռ անթիվ նորերը կարելի է պատմել: Դրանցով արդեն չես պահպանի իրերը: Իրերը կարելի է պահպանել՝ պահպանելով դրանց համատեղ գոյության եղանակները: Սա նաև Գուգլի աշխատանքի հիմքում է ընկած: Մի բան, որից ազդվում ենք, և որից պետք է միաժամանակ տարբերվենք…
Ամեն մի բանաստեղծական հավակնություն բանաստեղծություն համարելուն դժվար է մշտապես հակաճառել՝ որոշ չափանիշներ անդրադարձի տարածություն բերելու դժվարությամբ պայմանավորված, բայց դրանց կռահումը որոշ հաջողված բանաստեղծությունների հատկանիշ է, իսկ այդ բանաստեղծությունների առկայությունն օբյեկտիվության հույս է ներշնչում… Ինչպե՞ս դիմանալ ամեն ինչ պոեզիա անվանելու դյուրինությանը. երևի այլընտրանքային վարկածներ մտածելով…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.