Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» Թիֆլիսի հանրային գրադարանի հիմքում / Բախտիար ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Բախտիար Հովակիմյան - 1Թիֆլիսի հասարակական-տնտեսական, գրական-թատերական-մշակութային կյանքի զարգացմանը նպաստել է Կովկասի առաջին փոխարքա Մ. Ս. Վորոնցովը (1844-1854): Ոչ միայն պաշտոնի բերումով, այլև անձնական նախաձեռնությամբ նա վիթխարի աշխատանք է կատարել տարածաշրջանի ազգաբնակչության մշակութային կյանքի վերելքի համար:
Առաջին միջոցառումը եղել է ռուսական թատրոնի կազմակերպումը 1845-ին: Թատերախումբը կարող դերասաններով ապահովելու նպատակով Վորոնցովը բեմական գործիչներ է հրավիրել Հյուսիսային Կովկասից, Ռուսաստանից: Նրա ուշադրության կենտրոնում է եղել նաև ռուս բեմի ռեալիստական ուղղության դպրոցի հիմնադիր, նախկին ճորտ, Մոսկվայի Փոքր թատրոնի դերասան Մ. Շչեպկինը: Այդ թատրոնի գոյությունը նպաստել է իտալական օպերային և բալետային ներկայացումների աշխուժացմանը Թիֆլիսում:
1846-ին, գրեթե միաժամանակ, Թիֆլիսում, Վորոնցովի նախաձեռնությամբ լույս են տեսել «Կավկազ» (ռուսերեն) և «Կովկաս» (հայերեն) պաշտոնական թերթերը, ինչպես նաև «Կովկասյան օրացույց» (ռուսերեն) տարեգիրքը:
Թիֆլիսի հասարակական-մշակութային կյանքում կարևոր իրադարձություն էր Հանրային գրադարանի ստեղծումը նույն թվականին: Գրադարանը նախապես կոչվել է Փոխարքայի գրասենյակին կից հանրային գրադարան:
Թիֆլիսի մշակութային կյանքում երկու խոշոր իրադարձություն էլ տեղի է ունեցել 1858-ին: Այդ տարի շահագործման է հանձնվել Անդրկովկասի առաջին քարաշեն` Քաղաքային թատրոնը, որը կառուցվել է տոհմական քաղաքացի Գաբրիել Թամամշյանի ծախքով: Թատրոնի դահլիճի արևելյան ոճով հարդարման աշխատանքը կատարել է նկարիչ Գագարինը: Թատրոնում ներկայացումներ են տվել ռուսական, իտալական, վրացական և հայկական թատերախմբերը: Թատրոնի շենքը հրդեհվել է 1874-ին «Նորմա» ներկայացումից առաջ:
Երկրորդ ուշագրավ իրադարձությունը Հանրային գրադարանի նոր շինությունն է, որի համար դեռևս 1848-ից պայմանագիր է կնքվել Վ. Օրբելիանիի հետ և կառուցվել համաձայն նրա նախագծի: Գրադարանը կառուցվել է Ալեքսանդրյան հրապարակում (հետագայում` Ալեքսանդրյան այգի): 1852-ի մայիսի 1-ին տեղի է ունեցել գրադարանի բացումը: Այդ օրվանից այն կոչվել է Թիֆլիսի հանրային գրադարան: Գրադարանը ղեկավարել է փոխարքայի գրասենյակի աստիճանավոր Գ. Ա. Տոկարևը (գրքերի ձեռքբերում, ցուցակա­գրություն և այլ աշխատանքներ): 1852-ին հաստատվել է գրադարանի Կանոնա­դրությունը:
1858-1868 թթ. գրադարանը ղեկավար է հնագետ, կովկասագետ Ադոլֆ Բերժեն (1828-1886), որը 1851-ին ավարտելով Պետերբուրգի համալսարանի արևելյան բաժինը` 1851-ից աշխատել է Մ. Ս. Վորոնցովի դիվանատանը:
Տարեցտարի գնումների և առավելապես նվիրատվությունների շնորհիվ գրադարանը հարստացել է տարբեր լեզուներով գրականությամբ և Պետերբուրգի ու Մոսկվայի պարբերական մամուլի հավաքածուներով:
Թիֆլիսի հանրային գրադարանի մաս պետք է կազմեր նաև քաղաքագլուխ, գրական-հասարակական գործիչ Գալուստ Շերմազանյանի անձնական գրադարանը: Այդ գրադարանի ճակատագրի մասին հետաքրքիր պատմություն է թողել Ա. Բերժեն: «Կավկազ» թերթի 1866 թ. ապրիլի 14/26 համարում տպա­գրած «Թիֆլիսի հանրային գրադարան» հոդվածում նա պատմել է, որ իրեն հանձնարարված է եղել կազմել Թիֆլիսի նախկին քաղաքա­գլուխ Գալուստ Շերմազան Վարդանովի ոչ մեծ, բայց շատ հետա­քրքիր մասնավոր գրադարանի մանրամասն ցուցակը, որը, սակայն չի իրագործվել:
1865-ի հունիսի 27-ին և 28-ին Թիֆլիսի աշխատավոր դասը քաղաքագլխի դեմ իր զայրույթն արտահայտել է նրա տուն ու տեղը ավերելով: Պատճառը այն էր, որ 1865-ին երկրորդ անգամ ընտրվելով քաղաքագլուխ՝ Շերմազանյանը որոշ խստություններ է մտցրել քաղաքում և գրգռել աշխատավոր ժողովրդի համբերությունը: Զայրացած համքարությունը կործանել է նրա պապենական երկհարկանի տունը, որը Շերմազանյանը հարմարեցրած է եղել 200 տեղանոց թատրոնի` «Շերմազանյան դարպաս» անունով, որտեղ 1836-1865 թթ. ներկայացումներ են տվել ռուսական և հայկական թատերա­խմբերը: Այդտեղ բեմադրվել են նաև Շերմազանյանի պիեսները: Համքարների դատաստանից Շերմազանյանը փրկվել է կանացի հագուստով ծպտված՝ դեպքի վայրից ճողոպրելով:
Բերժեի տվյալներով՝ Շերմազանյանի գրադարանում եղել է 204 հատոր գրականություն և պարսկերեն ֆարմանների ու հայ պատրիարքների կոնդակների բնա­գրեր, որոնք նա ձեռք էր բերել Իրանում գտնված տարիներին, Իսպահանի և Համադանի շրջակա հայկական գյուղերից: Բերժեի մոտ պահպանվել են Շերմազանյանի գրադարանի քարտարանից արտագրած երեք օրինակ, որոնք նա նվիրել է ֆրանսիացի հայագետ-կովկասագետներ Էդուարդ Բյուլորիեին 1857-ին, ակադեմիկոս Մարի Բրոսսեին և Վիկտոր Լանգլուային Փարիզում:
Թիֆլիսի հանրային գրադարանին «Կավկազ» թերթն անդրադարձել է նաև 1892 թ. մայիսի 5-ի համարում: «Թիֆլիսի հանրային գրադարանի վիճակը 1892 թվականին» հոդվածում Շամրայ ստորա­գրությամբ հեղինակը տալով գրադարանի անցած ճանապարհի պատմությունը, ինչպես նաև նվիրատուների ու տարեցտարի գրքերի ավելացման ցուցանիշները, համառոտակի ներկայացրել է նաև հիմնա­դրության որոշ մանրամասներ: Պարզվում է, 1851-ին ավարտված գրադարանի շինության հիմքում դրված առաջին անկյունաքարը եղել է փոխգնդապետ Պոտոցկու նվիրած գիրքը, այն է` Մովսես Խորենացու «Հայոց պատմության» և «Աշխարհացույցի» 1736 թվականի լոնդոնյան հրատարակությունը բնագրով և լատիներեն թարգմանությամբ:
«Կավկազում» տպագրված վերնագիրը հետևյալն է.
Mosis Chorenensis Historiae Armeniacae libretres. Ac. Armeniacae edidezunt Latine verterunt, Notisque illustrarunt Gulielmus et Gcozgius, Gul. Wistoni Tilli etc. Londini MDCCXXXVI.
Ըստ «Հայ գիրքը 1512-1800 թվականներին» գրքի (Երևան, 1988, էջ 338, կազմեցին Հ. Ոսկանյան, Ք. Կորկոտյան, Ա. Սավալյան), Խորենացու գրքի շարվածքը երկսյուն է, չափը` 18,6×13,6 սմ, էջախորագրերով ու ծանոթագրություններով, էջերի քանակը՝ 24+412=438: Տիտղոսաթերթից առաջ դրված է քարտեզ` Armenia motor: Գրքի լրիվ վերնագիրն ու բովանդակությունը, հրատարակության վայրը, տպարանը, տարեթիվը-մանրամասն նկարագրությունը մի էջ է:
Տարիների հետ ավելացող գրադարանի գրականությունը ստիպել է, որ 1871-ին Գոլովինսկու պողոտայում (այժմ` Ռուսթավելու պողոտա) նոր շենք կառուցվի: Իսկ արդեն 1970-ական թվականներին գրադարանը գտնվում էր ուրիշ շենքում:
Այսպիսով՝ Թբիլիսիի հանրային գրադարանի շենքերից մեկի` 1851-ին շահագործման ենթարկված գրադարանի ամբողջ «ծանրությունը» դրված է Մովսես Խորենացու ու նրա «Հայոց պատմության» վրա: Արժեքավոր գրքի բացառիկ խորհրդանիշ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.