Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ

Արդեն 25 տարի… շա՞տ է, թե՞ քիչ: Մեր բնավորության համաձայն՝ համեմատվենք, բաղդատվենք այլոց հետ ու ասենք՝ թե որ ճապոնացի լինեինք, թե որ հրեա կամ չինացի լինեինք, 25 տարում ինչե՜ր կանեինք: Բայց լինում է, չէ՞, որ երեխան շատ տարիներ, շա՜տ երկար տարիներ մի սիրուն, մի զիզի խաղալիք է երազում ու երբ ունենում է, երբ արդեն իրենն է, վերցնում ու քանդուքարափ է անում, տեսնի՝ մեջն ինչ կա, տեսնի՝ ոնց են սարքել, ինչից է շինված… քանդում ու կանգնում է կողքին: Կանգնում ու էլի երազում է, որ էլի ունենա ու էլի քանդի… Մենք հիմա ազգովի այդ երեխայի վիճակում ենք. կա՛մ քանդեցինք, կա՛մ էլ հրճվանքից, բերկրանքից վեր թռցրինք մեր այնքա՜ն ԵՐԱԶԱԾ խաղալիքն ու մոռացանք նորից բռնել, ու շըրը՜խկ, մենք էլ ջարդուփշուր եղանք խաղալիքի հետ:
Չնայած մեր երազանքի խաղալիքը ահավոր ջարդուփշուր է եղել, բայց ես հանուն մեր հայրենիքի, սրտի չափ պուճուր հայրենիքի, որի համար ուշքս գնում է, ուզում եմ լավատեսություն, հույս ու հավատ ժողովել իմ մեջ (թող լինի բոլորիս մեջ) ու հավատալ մի հրաշագործ վարպետի, որ պիտի, անպայմանորեն նորոգի մեր երազանքի ԷՐԳԻՐ-ԵՐԿԻՐԸ… որ դեռևս ռուբիկ-կուբիկ է:
Էդ հրաշք վարպետի կողքին պետք է բոլորս կանգնենք, խիտ կանգնենք, բռնցքված կանգնենք, գիտակցումով, որ էս ջարդուփշուր եղած երազանքը մեր երկիրն է, մեր հաշմված ծնողն է, հո սայլակին գամված չե՞նք թողնելու. դեղ ու դարման տանք, այստեղ լինենք, կողքին լինենք, ոչ թե գնանք փարիզներում ու ամերիկաներում ապրենք, մի դերասանի նման էլ գրենք. «Այս երկրում ոչ ոք իր տեղում չի, ու ես էլ գալու եմ 70-ամյակս հայրենիքում նշեմ»:
Ուրիշն իր լավ, պուպուշ հայրենիքը մեզ չի տալու, լավ է թե վատ է (մինչդեռ հայրենիքը երբեք վատը չի լինում), սա է մեր ԱԶԱՏ-ԱՆԿԱԽ ՀԱՅՐԵՆԻՔԸ:
…Ես սիրում եմ ինձնից փոքր, իմ 25-ամյա ծնող, իմ 25-ամյա եղբայր, իմ հարազատ Հայաստանը, ես սիրում եմ իմ հայրենիքը՝ իմանալով նրա դժվար երեկը, հասկանալով նրա ծանր այսօրն ու հավատալով նրա կենսական վաղվան: Ամեն երեկո, երբ «գլուխս բարձին եմ դնում քնելու», և ամեն արևագալի, երբ արթնանում եմ, մտածում եմ, թե ինչ եմ տվել ու ինչ եմ տալու իմ երկրին: Իսկ նա ինձ արդեն տվել է, շա՜տ է տվել, ապառիկ է տվել.
– ԻՐ ԶԱՎԱԿԸ ԼԻՆԵԼՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ Է ՏՎԵԼ… ԻՐ ՈՐԴԻՆ ԼԻՆԵԼՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է ՏՎԵԼ…
Ողջունում եմ տոնդ, ՀԱՅՐԵՆԻՔ սիրելի…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.