ՋԻԴԻ ՄԱՋԻԱ

Միջազգային լայն ճանաչման արժանացած չին բանաստեղծ, արձակագիր, գեղանկարիչ Ջիդի Մաջիան ծնվել է 1961 թ. Սիչուան գավառում, Ի ազգությանը պատկանող ընտանիքում: Չինաստանում և արտասահմանում հրատարակվել են նրա ստեղծագործությունների շուրջ 30 ժողովածուներ:
Հայրենական և միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր է: Եղել է Չինաստանի ԳՄ քարտուղարը, Ցինհայի
փոխնահանգապետը, ներկայումս Չինաստանի ազգային
փոքրամասնությունների ԳՄ նախագահն է:

ՍՏՎԵՐՆԵՐԸ
Հարցրի նրան,
ինչո՞ւ ենք մենք –
ամեն մեկս –
աշխարհ գալիս
մեկ ու միակ ճանապարհով –
մեր մոր փորից,
բայց հեռանում այս աշխարհից
ամենքս մեր ճանապարհով:

Եվ ինչո՞ւ են
մահվան ձևերն
այսքան տարբեր,
տարօրինակ,
ու անհեթեթ:

Իսկ միգուցե
ճակատագիրն իր ձախ ձեռքով,
երբ ծննդյան դուռն է բացում,
աջ ձեռքով էլ
մեր ափի մեջ
բանալի՞ն է դնում մահվան:

Շամանն ասաց ի պատասխան.
«Ստվերները զանազանվում են իրարից», –
Եվ շիկացած ձողը տարավ դեպի բերան:

ԱՌՕՐՅԱ
Թե լեռներում
երբ է կկուն բույնն իր հյուսում,
Ես հիշում եմ մանկությունից:
Հարցըրեք ինձ,
թե որ ժայռի որ ճեղքում են
մեղուները բզզում
ու ես
ձեզ ցույց կտամ տեղնուտեղը:
Հարցըրեք ինձ, թե դաշտերում երբ են տզզում
ճպուռները կնճիթավոր, ու ես կասեմ.
հնդկացորեն պիտի ցանեն այդ օրերին,
իսկ շողերը արեգակի պիտի երգեն:

Մեզ ամենքիս հուշն է պահում
և պատրաստ եմ գրազ գալու –
երբ ես լինեմ հայրենիքում,
մինչև անգամ փակ աչքերով, հեռվից հեռու
ես կարող եմ զանազանել ամեն հնչյուն:

Լսո՞ւմ եք դուք.
Դա շրշյուն է աղջկական շրջազգեստի,
ոչ թե ցուլը խոտ է ծամում:

ԱՆԵՐԵՎՈՒՅԹԸ
Այնտեղից, չգիտեմ՝ որտեղից,
ինչ-որ մեկն ինձ կանչեց անունով,
բայց թե ով՝ չգիտեմ:
Անծանոթ էր ձայնը,
համոզված եմ սակայն –
ես մոտիկ մարդ չունեմ,
որ կանչեր ինձ այդպես:

Իսկ այնտեղ, չգիտեմ՝ թե որտեղ,
ինչ-որ մեկն իմ անունն է գրել,
բայց թե ով՝ չգիտեմ:
Անծանոթ է ձեռքը:
Երազում ջանում եմ
գրառումն այդ գտնել,
բայց քնից ելնում եմ ամեն ինչ մոռացած,
համոզված եմ սակայն –
ես մոտիկ մարդ չունեմ,
որ անունն իմ գրի և պահի:

Այնտեղ էլ, չգիտեմ՝ թե որտեղ,
ինձ մեկը սպասում է վաղուց,
բայց թե ով՝ չգիտեմ:
Օ, գոնե մեկ անգամ ես նրան
տեսնել եմ ցանկանում,
բայց աչքերս ոչինչ չեն գտնում մշուշում,
համոզված եմ սակայն –
ես ծանոթ մարդ չունեմ,
որը ինձ հետևեր ամենուր:

ՀԱՐՑ
Սրի, դաշույնի դարաշրջանից,
անդուլ – անդադար ու ներշնչանքով,
զենք ու զրահի
և սպանության ձևեր ենք փնտրում –
նորանոր ձևեր:
Մարդկային հոգու արա՞տ է, թե՞ կեղծ
բարեպաշտություն:

Պառկել եմ դաշտում հնդկացորենի և նայում եմ լուռ,
թե մեղմիկ քամու պոռթկումից թեթև
ոնց են խոնարհվում ցողունները և շորորում նազով,
ինչպես է փայլում հասկի շրջոնքին կաթիլը ցողի,
և հասկանում եմ, որ արցունք է դա:

ՄԱՐԴԻԿ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ
Պատահում է, որ հարցընում են ինձ,
ո՞վ է հաշվառում
վայրի այծերին սավաննաներում աֆրիկաների:
Կամ հարցընում են,
ինչո՞ւ զեբրերը կամ սապատավոր եզները այդպես
արագ բազմանում, բայց դժբախտության
աղբյուր չեն դառնում աշխարհի համար:
Ասում են առյուծն ու ամեն տեսակ գիշատիչները
էկոլոգիական հաշվեկշիռն են պահում աշխարհի:
Եվ հիմա դարձել՝ ի՜նձ եմ հարցընում,
Ի՞նչն է, ի վերջո,
կործանման պատճառ դառնալու մեր այս
աշխարհի համար:
Ջո՞ւրը, թե՞ հուրը:
Ինչ – որ ժամանակ
Ռոբերտ Ֆրոստն էլ է խորհել այդ մասին:
Մինչ պատասխանը վաղուց է հայտնի.
Ո՛չ ջուրը, ո՛չ էլ հուրը չեն կարող
սպառնալ կյանքին:
Կյանքի կործանման գլխավոր աղբյուրն աշխարհում
մարդն է:

ՆԻՍ
Նիս-ը դա մարդու անո՞ւն է արդյոք,
Թե՞ զուգորդություն երեք տառերի, որ իմաստ չունի:
Թե՞ դա իրական գոյի նշան է, որ պատկանում է
Գուցե յոթ միլիարդ բնակիչներից մեկի՞ն աշխարհի:
Հայտնի չէ դա ինձ, սակայն կարող է, որ ավելի վաղ
Դուք զբոսնել եք անշտապորեն փոքրիկ քաղաքում,
Կամ ընթացել եք շղարշի միջով տրոպիկական
Տեղատարափի… Իսկ գուցե հիմա, հենց մեր օրերում
Պահպանվե՞լ են դեռ ձեր հուշերն աղոտ,
Եվ դուք կարո՞ղ եք վերհիշել մի կերպ
Հավերժության մեջ ամենուր ցրված հետքերը նրա:
Բայց հավանաբար, սա ընդամենը ենթադրություն է,
Եվ վիճակված է, որ Նիս-ը լինի իմ կողքին միայն,
Անցնի իմ մոտով, քսվելով ուսիս,
Ինչպես գնացքը, կառամատույցից դանդաղ հեռացող,
Որ ուղեկցում ես աչքերով տխուր,
Քանի հայացքդ դեռ չի մշուշել կաթիլն արցունքի:
Նա մեկնեց անդարձ: Եվ շոգեքարշի շչակի ձայնը
Չի լսվում արդեն: Ամեն ինչ դանդաղ
Սուզվում է խորքը մի ավելի մեծ իռեալության:
Ըստ երևույթին, դա պատրանքն էր իմ:
Նիս, այս աշխարհում գուցեև երբեք դու չես էլ եղել,
Ու թե այդպես է, ի՞նչ տարբերություն՝ դու մա՞րդ ես եղել,
Թե՞ ընդամենը մի բառ, որ չունի և ոչ մի լեզու:
Դու ընդամենը պատրանքի թողած հիշողությունն ես,
Մարդ չի հասկանա, թե ինչ և որքան ճշմարտություն կա
Քո մեջ ամփոփված, քանի որ ընդդեմ
Ժամանակի և անսահմանության կարող ես լսել
Լոկ անլսելի, բայց հավերժորեն չընդհատվող ձայնը:
Ես չգիտեմ, թե գոյություն ունի՞ այն իրականում,.
Բայց սկսում եմ իմ անհուսալի որոնումները:
Ճակատագիրը եթե այլևս քեզ համար ոչ մի
Հնար չի թողնում, ապա կարող ես
Հաստատել, որ քո թակոցի առաջ բաց է ամեն դուռ,
Որ անցարան է ցուցանում դեպի
Պատրանաշղարշ հավիտենություն:
Այնտեղ ստվերներ գոյություն ունեն միայն ու միայն,
Որ թաքնվում են ծակուծուկերում ժամանակների,
Չես գտնի այնտեղ ոչ մի առարկա, որ պետք լինի քեզ:
Նիս-ը իրական գոյությո՞ւն է, թե՞ ցնորքի պտուղ:
Ես կարծում եմ, թե զուր են այլևս
Որոնումները ապացույցների,
Քանի որ խորունկ ու խորհրդավոր աչքերում մարդու
Դու անապատի լուսայգն ես տեսել, այգանվագի
Մեղեդին մեղմիկ, և պեծին տվող փայլերը ցողի:
Քո պատկերն արդեն ուրիշ գոյերի
Տեսքն ու բույրերն են շղարշել ընդմիշտ,
Եվ լայն փեշերով շրջազգեստներ է ծածանում քամին,
Որ ասես լինեն երազից պոկված գաղտնանշաններ:
Գուցե հիշո՞ւմ ես թե ինչպես էիր գալարվում այնտեղ՝
Մարմինդ այրող ավազների մեջ,
Ոնց էիր խմում ամենաքաղցր աղբյուրի ջուրը –
Այդ ամենն արդեն բավ էր քեզ համար:
Նիս, կարևոր չէ բացարձակապես,
Դու իրականում կա՞ս արդյոք, թե՞ ոչ…

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԱՂԱՎՆԻՆ
Ես լուսաբացին լսեցի հանկարծ
Ղունղունոցները ինչ-որ աղավնու,
Պատուհանի մոտ Երուսաղեմի իմ հյուրանոցի…

Ինձ համար ձայներն այդ օտարոտի
Բառեր թվացին անծանոթ լեզվի,
Մեկ մոտենում էր ու մեկ հեռանում ձայնը թռչունի,
Դժվար էր ասել, թե որտեղ էր նա:
Ձայնն այդ, ասես թե,
Լիներ դժոխքից դուրս նետվածի ձայն,
Միաժամանակ նա հասնում էր ինձ
Անդրամպային ինչ-որ բարձունքից:

Թռչնի թափանցող ձայնը տխուր էր,
Վաղնջական էր, ասես ելնում էր
Այն հեռուներից,
Որտեղ ակունքն է խոխոջում մահվան:
Քիչ հեռու մուտքն է
Դեպ Լացի Պատ ու Օմարի մզկիթ:
Նրանց մարմարե սալերի վրա
Տարադավանանք հետևորդների
Արյան հետքերն են և արցունքների:
Դրանք միշտ կային, ոչ ոք չի մաքրել:

Եթե հեղվել են հանուն հավատի,
Ես կասկածում եմ,
Որ մեզ իսկապես սիրել են Ալլահն ու Քրիստոսը:

Շարունակում եմ լսել աղավնու ղունղունոցները,
Եվ բարձրանում է ձայնը գնալով:
Լաց եղեք, մարդիկ:
Սկսեք լացել:
Ու թող որ ների ինձ մարդկությունը,
Միակ բանը, որ ի զորու եմ ես անել այս պահին,
Դա վշտատրտում այս լռությունը հավիտենական
Պահպանելն է լոկ…

ՌԱՄՑՈՒ ԼՃԻ ՋՐԵՐԻ ԱՐՏԱՑՈԼԱՆՔԸ
Եթե բարձրանաս ու վերից նայես,
Կարող է թվալ, թե ջուրը որպես հսկա քարասալ
Արտացոլում է երկնքի փայլը:
Օրը մարում է աստիճանաբար,
Անթիվ-անհաշիվ աստղերը վերում
Լցվում են կաթի փայլող ծովի մեջ:
Անլսելի են հիմա երկնային արարածների
Ոտնաձայները:
Աստվածներն իրենց բարձունքից անհաս
Անվախ զննում են աշխարհը, մարդկանց:
Եթե դառնաս ու ջրի խորության մասին հարցնես,
Հարցիդ մեջ ուրիշ,
Առավել խորը ուրիշ մի պատճառ չի՞ լինի արդյոք:
Ուր էլ հայացքդ շրջես, ամենուր
Տիեզերական արծաթի փշրանք կտեսնես հիմա:
Մի ակնթարթում Ռամցուն դառնում է
Իսկը Տիեզերք – չուսումնասիրված, անչափագրելի,
Որ բծերով է պատվում պահ առ պահ,
Հովազի մորթու նմանողությամբ:
Եվ կամ, ո՜վ գիտի,
Գուցե քրմե՞րն են իրենց սրբազան ճյուղերը խրել
Այս խորհրդավոր տարածության մեջ,
Եվ սա անփոփոխ ու հավերժական
Կաթն Ծի՞րն է հենց նախշերով ծանոթ:

Բայց շաման չեմ ես և ինձ չի տրված հաշվելով պարզել,
Թե որքան երկար
Կարող են ջղերն ու մկանները բառերի ապրել:
Այստեղ, ուր քամին ժամանակների մեջ է թափանցում,
Սահմաններ չկան՝ կյանքը և մահը միմյանցից զատող:
Անվիճելի է, իրոք որ չկան:
Սակայն տեսնում ես այս հսկայական
դարպասները դու,
Եվ հասկանում ես,
Որ բաց են նրանք հավիտենապես…
_________________
Ռամցու – հայտնի սուրբ լիճ Ցինհայ-Տիբեթյան սարահարթում

Ռուսերենից թարգմանությունը՝ Գագիկ Դավթյանի: Տողացիները՝ չին ռուսագետ Գու Յուի և
ռուս չինագետ Սերգեյ Տորոպցևի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.