Հրեշտակների, մարդկանց անծայրածիր զանգվածները
փողոցներում երգում են ու պարում,
և դեմքերին փայլում են հայտնված ժպիտները,
որոնք կորել էին հին օրերում:
Մի դեմք է ընդամենը այս բազմահազար ամբոխը,
որ Աստծո հայացքն ունի վրան,
մի սիրտ հսկայական, ուր չիք են բարկությունն ու ոխը,
լոկ սեր ու սեր, ու խինդ է հուրհրան:
Պայծառ մի օր` պոկված դրախտային օրացույցից,
երկինքներից հղված առհավատչյա,
ծաղկեփնջեր` հյուսված հավատից, սիրուց, հույսից,
չարիքն է այսուհետ հեծող խաչյալ:
Եվ հրաշքի կրող այս աղջիկներն ու տղաները,
որ, չգիտես ինչպես, թևեր ստացան,
չթռչելով թռչում են, նրանք ճեղքել են մեր օրերը,
նրանք արեցին դժոխքն այս ցիր ու ցան:
Պայծառ մի օր, ցնծուն մի օր, և անկարող է շուրթը
կերտել վիճակն այս լույս բառով հլու…
Ցնծա, ով հայ, փառավորվիր` հաղթել է ժողովուրդը,
և օրն այս ճանապարհ է դառնալու: