Հարգարժա՛ն ցուցարարներ, իմ երիտասա՛րդ եղբայրներ, քույրեր, հարազատներ: Ես արդեն 88 տարեկան եմ: Իմ հրատարակած հարյուրավոր գրքերով, հոդվածներով, բանաստեղծություններով երկար տարիներ խոստովանել եմ իմ նվիրվածությունը Հայաստանին, Արցախին, հայ ժողովրդին:
Դուք ձեր երիտասարդական ընդվզումով, հզոր ուժով ապացուցեցիք կուռ միասնություն, վճռականություն, անընկճելի կամք: Մեր բոլորի երազանքն է, որ Հայաստանը, հայությունը Հայրենիքում և Սփյուռքում, ամենուրեք հասնի իր նվիրական երազանքին: Մի ներքին անտեսանելի ձայնով, Աստծո կամոք, ես լսում եմ իմ երկար տարիների մեծ բարեկամներ Ավ. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի, Ստ. Զորյանի, Մ. Սարյանի, Հովհ. Բաղրամյանի, Վ. Սարոյանի, Խ. Դաշտենցի, Հ. Սահյանի, Հովհ. Շիրազի, Պ. Սևակի, Ս. Կապուտիկյանի, Գ. Էմինի կոչը. «Թո՛ղ մեր դարավոր Հայաստանը ծաղկի, դառնա հզոր, անխոցելի, որ ամեն մի հայ երջանիկ ապրի, ամեն հայ ընտանիք լեցուն լինի լուսավոր պահերով, պայծառ երազանքների իրականացմամբ»:
Մեր գերագույն խորհուրդն է՝ վերջնական նպատակին հասեք կշռադատված, խորապես մտածված, ծրագրված, իմաստությամբ, համախմբված, խաղաղ ճանապարհով, առանց զոհ տալու: Սրտանց՝ հաջողություն, համերաշխություն, հաղթանակ:
Բազում բարեմաղթանքներով, միշտ ձեզնով հպարտ,
Հայաստանի նվիրյալ, բանաստեղծ՝
Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ
Ապրիլ 2018 թ., Երևան