«Գ.Թ.» – Որպես ՀԳՄ նախագահ՝ ի՞նչ դիրքորոշում ունեք երկրում կատարվող բախտորոշ իրադարձությունների նկատմամբ:
Էդ. ՄԻԼԻՏՈՆՅԱՆ – Բնականաբար, որևէ ստեղծագործող և որևէ ստեղծագործական միություն չի կարող ընթացիկ խնդիրներից հեռու մնալ: Ինքս կողմնակից եմ, որ ամեն գրող իր ձայնը բարձրացնի և արտահայտի իրեն հուզող հարցերը խղճի մտոք: Յուրաքանչյուր գրող ունի իր անձնական կարծիքը, ես դա եմ պաշտպանում, և ազատորեն խոսելու, իր կարծիքը հայտնելու հնարավորությունը այսօր բոլորն ունեն: Ամսի 18-ին ես իմ մտահոգությունները հայտնել էի, «Արմենպրեսը» տարածել էր իմ խոսքը: Ես առաջարկում էի երկխոսել, հորդորում էի երկխոսության միջոցով լուծել բոլոր հարցերը՝ ժողովրդի առաջ կանգնած բոլոր կնճիռները՝ սոցիալական (աշխատավարձ, թոշակ), աշխատանքային, արդարամտության, մշակութային: Հատկապես շեշտել էի ինձ համար կարևոր այս խնդիրները: Երկխոսության կարիքը կարծես շոշափվում էր օդում, պահանջը կար: Ամսի 23-ին «Panorama.am»-ում արդեն ամեն օր փոփոխվող իրավիճակներին համապատասխան՝ ձերբակալված պատգամավորներին ազատ արձակելու պահանջն եմ ներկայացրել, և նաև դիմակավոր և անդիմակ այդ փողոցային խուժանի մասնակցությունը ոստիկանության ուժերի կողքին համարել եմ դատապարտելի և հորդորել եմ վերջ տալ այդ քայլերին: Նորից իրար հասկանալու, իրար ըմբռնելու, քաղաքական ուժերին առճակատման չգնալու հորդոր ենք ուղղել: Կարծում եմ, Սերժ Սարգսյանի քայլը ինչ-որ չափով հանգուցալուծման առաջին քայլն էր: Սակայն երկրի առջև կանգնած խնդիրներն այնքան շատ են, որ համակարգային լուծումներ են պահանջում (կառավարության կազմ, ընտրություններ և այլն): Ամսի 24-ին «Հայելի.am»-ի լրագրողը (այդպես ներկայացավ) Ցեղասպանության հուշակոթողի մոտ դիմեց ինձ, ես ասացի, որ լուրջ համակարգային փոփոխությունների կարիք կա: Մեկ-երկու անձի փոփոխությամբ հնարավոր չէ դա ակնկալել: Իսկապես լայն, խորագույն փոփոխությունների պահանջ ունենք: Բնականաբար, ամեն օր բերում է իր նոր վիճակը, և մենք՝ գրողներս, չպետք է ապացուցենք՝ գրողը ժողովրդի հե՞տ է, թե՞ ոչ: Գրողը միշտ ժողովրդի հետ է եղել, և կարծում եմ, լուրջ, լավ գրողը այդպես էլ մշտապես եղել է, կա և կլինի: Նաև մեր ստեղծագործական միությունը, ոչ քիչ թվով գրողներ՝ ՀԳՄ անդամ և ոչ անդամ, մասնակցում են ժողովրդի ցույցերին և, բնականաբար, ամեն մարդ արտահայտում է իր կարծիքը: Կլինեն նաև մարդիկ, որ այլ մտածողություն կունենան: Եվ մենք պիտի բոլորին հասկանանք, անհատի կարծիքը վերևից կամ կողքից կառավարելու իրավունք չունենք: Յուրաքանչյուր գրող ազատ է, մանավանդ հնարավորությունը կա՝ սոցիալական կայքերում, ցույցերում, թերթերում, արտահայտելու անձնական դիրքորոշումը: Սա էլ հենց բուն ժողովրդավարությունն է: Որևէ մեկից պահանջել այսպես մտածել թե այնպես, հավատացած եմ, հին մոտեցում է: Ամեն մարդ ունի իր կարծիքը և իր ազատությունը արտահայտելու իրավունք:
Ապավինենք մեր հին և հզոր ժողովրդի (Հայաստան, Արցախ, Սփյուռք) բոլոր խելամիտ ուժերի իմաստնությանը՝ երկրի դեմ ծառացած հարցերը լուծելու, անվտանգությունն ապահովելու բարդ, բայց անհետաձգելի գործում: