ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ, հրապարակախոս, դրամատուրգ
ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՅԱՄԱՐՏԻ ԲՈԼՈՐ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐՈՒՄ
Մեր նորագույն պատմությունն ու արցախյան համազգային շարժումը դժվար է պատկերացնել առանց Վարդան Հակոբյանի: Դժվար է պատկերացնել և մեր պոեզիան առանց մարտնչող պոետ Վարդան Հակոբյանի: Այնպես են դասավորվել իմ ճակատագիրն ու կյանքը, որ մշտապես եղել եմ կա՛մ մասնակիցը, կա՛մ ականատեսը մեր ազգային գոյամարտի բոլոր կարևորագույն ու ճակատագրական անցուդարձերի: Եվ կարող եմ վստահորեն ասել, որ ամենածանր ու դժվարին ճանապարհների գրեթե բոլոր խաչմերուկներում հանդիպել եմ Վարդանին՝ լինի դա մեր ողբերգաշունչ նկուղներում (այդ մասին Վարդանը պիես է գրել՝ «Արցախյան բալլադ»), լինի դա հոսպիտալներում, որտեղ բուժվում էին մեր հերոսները, լինի մարտի դաշտում, որտեղ ինքն ու Հրաչյա Բեգլարյանն, այսօր արդեն լեգենդար դարձած Գուրգեն Գաբրիելյանի հետ միասին, մեր ռազմիկներին ոգևորում էին իրենց պոետական ոգով ու շնչով: Այնպես որ, դժվար է պատկերացնել մեր պայքարի ու փրկության իրական ժամանակն առանց Վարդան Հակոբյանի:
Շնորհավորում եմ հոբելյանդ, Վարդան: Մեր ուղին անվախճան է: Համբուրում եմ:
Զորի ԲԱԼԱՅԱՆ
ԻՄԱՍՏՆԵՐԻ ՏՐՈՓՅՈՒՆԸ` ՍՈՎՈՐԱԿԱՆ ԲԱՌԵՐՈՒՄ
Ո՞վ է բանաստեղծը… Նա է, ով օրնիբուն պեղում է բառերի ու նրանցով արտաբերվող մտքերի դաշտը, բացահայտում է նրանց անակնկալ իմաստները, հայտնաբերում, որ նրանք գույն ու համ ունեն և ունեն մարդուն վեհացնելու, սփոփելու, գեղեցկացնելու ներուժ: Բանաստեղծը նա է, ում տողերում մենք մեզ հայտնաբերում, տեսնում ենք մեզ անծանոթ մեր ԵՍ-ը և զարմանում, որ բանաստեղծը մեր մասին ավելի շատ բան գիտի, քան մենք, ով մեր ականջին մեր մասին ասում է բաներ, որ մենք խնամքով թաքցնում ենք մեզնից: Բանաստեղծը նա է, ում գրչի տակ իրերը փոխում են իրենց իմաստը, ով բոլորից լավ է լսում սովորական բառերի մեջ ծվարած իմաստների տրոփը և մեզ համար լսելի է դարձնում այն… Եվ այդ բոլորը անում է անվճար, առանց հատուցման ակնկալիքի, քանի որ չի կարող դա չանել վերուստ տրված և կամավոր հանձնառված առաքելությամբ: Բանաստեղծը նա է, ով քեզ համար հայտնագործում է, որ ճշմարտությունը կարող է բացահայտվել չասվածի տեսքով, քանի որ «Կան բաներ, որ չեն ասվում, բայց դրանք ճշմարիտ են ավելի, քան ասվածները», որ «Բանաստեղծությունը համբույր է սիրած աղջկա շուրթերին, և յուրաքանչյուր անգամ այն նոր է», որ ստվերներն ապաստանում են բառերի ավերակներում, և որ ամեն բանաստեղծություն ինքնաբացահայտում է, քանի որ իր բնորդը, անկախ նրանից, թե ով է իր դիմաց, ինքն է: Բանաստեղծը նա է, ում նման կարող ես գլուխդ դնել մորդ ծնկանը, խրատներ լսել սիրո հարցերում կանանց գաղտնիքների մասին ու հասկանալ, որ ծաղիկներն աճում են սպասման մեջ, ուր չի գնում ոչ մի ճանապարհ…
Վարդան Հակոբյանը իսկական բանաստեղծ է: Եվ մեզանից հետո նրա մասին ավելին կասեն, քան գիտենք մենք ու նաև… ինքը:
Ալեքսանդր ՄԱՆԱՍՅԱՆ
ԳՐՉԻ ՈՒ ԶԵՆՔԻ ԽԱՉՄԵՐՈՒԿԻՆ ԿԱՆԳՆԱԾ
Վաղուց եմ ճանաչել Վարդան Հակոբյանին, երբ նա՝ երիտասարդ բանաստեղծ, գալիս էր Հայաստան, և մենք մի տեսակ շեշտված գորովանքով էինք շրջապատում նրան: Ղարաբաղցի ամեն գրող Ադրբեջանի կազմ խցկած մեր հայրենիքի այդ վեհ ու պատմական երկրամասի դեսպան էր ու անզեն զինվոր, հայերենի քուրմ ու հայ ոգու խնկով լի բուրվառ: Նրա երգերում դասականների ու այդ ժամանակի հայտնիների հաստատագրված թեմաներն էին՝ սեր, հայրենիք, պատմություն և այլն: Այդ ամենը՝ որոշակի վերացական ու ռոմանտիկ կամ կորստի ցավի հիշատակումով: Իրականությունը, իրական մարդն ու իրական ժամանակը դժվարությամբ էր հայտնվում գրվածքի տարածքում, պիտի հաշվի առնենք այն պարագան, որ գլավլիտը, ինչպես ԽՍՀՄ-ում ամենուրեք, այդպես էլ Ղարաբաղում հատկապես, կրկնակի խստությամբ էր հետևում ամեն բառ ու տողի:
Վարդանի անուրանալի տաղանդը բացահայտվեց, երբ Արցախի հարցը, պատերազմը, ԼՂՀ պետական կառույցի ու ազատ ընթացքի կենսագրությունը ծավալվեց դժվար, զոհերի ու հերոսականության հիմքի վրա, սոցիալական նոր շերտավորումների, շարունակվող կես-խաղաղություն և կես-պատերազմ ռիթմով:
Հայտնի է՝ բանաստեղծին ճանաչելու համար պիտի տեսնել նրա հայրենիքը, հայրենիքը ճանաչելու համար պիտի կարդալ նրա բանաստեղծությունը: Ես գործի բերումով մասնակցել եմ Վարդանի՝ Հայաստանում հրատարակված գրքերի լույս ընծայման աշխատանքներին, և ինձ ուրախություն համակեց, երբ կարդացի նրա «Թևերի հեռուն» (2003 թ.) բանաստեղծությունների գիրքը, ինչո՞ւ. լիովին փոխվել էր Վարդանի գեղարվեստական հայացքի ուղղությունը. բաց տեքստի բազմաձայնություն ու լեզվամտածողության անկաղապար շողարձակումներ, թեմատիկայի ռեալ ու ճշգրիտ հասցեականություն, անսպասելի հնարքներ ու գոյության հրճվանք, պետականության, սահմանների համար մշտական պայքարի անհանգիստ սրտատրոփ: Ահա աշխարհի մի անկյունում ապրող բանաստեղծի և՛ բանաստեղծական, և՛ դժբանաստեղծական վիճակ: Կյանքը հախուռն, ամեն վայրկյան փոփոխվող բնույթով դառնում է գրողի կենսափորձ ու գրին ձուլված անբաժանելի արյան հոսք: Աշխարհի սևեռուն հսկման տակ հայտնված Արցախի բանաստեղծը խոսում է Արցախի, Հայաստանի և հենց այդ նույն աշխարհի անունից ու հանուն այդ աշխարհի: Նրա «Քրիստոսի ծաղիկները» ասքը այդ ոգով է տոգորված: Ժանրերի խաչաձևումից ծնված շատ կարևոր ստեղծագործություն հայ ժամանակակից գրականության դաշտում: Այսպիսի գրական երկերը դիվանագիտական սեղաններին ու ընդհանրապես ոչ պակաս դեր կխաղան արցախյան հարցի արծարծման ու հանրահռչակման ուղղությամբ:
Այո՛, Վարդանի ասած՝
Չէ՛, մնում է նա, ով մնում է, անկախ նրանից, գնացած է թե մնացած:
Եվ կմնա այս տողի լուռ մխանքը.
Թաղում: Թաքուն: Անլաց: Անծպտուն: Անթափոր:
Եվ այս տողերի դաջվածքը կմնա՝
Դար ու դարեր գնում ենք և միշտ չենք հասնում,
Բայց կանգ չենք առնում ոչ մի անգամ,
Քանզի հավատում ենք, որ հասնելու ենք:
Այսպես շարունակ կարող եմ մեջ բերել տպագրված և դեռևս անտիպ գրվածքներից, որոնք, բարեբախտաբար, կան և կձգվեն պոետական սահմաններից դուրս, բայց ոչ բուն պոեզիայից:
Վարդան ջան, դու նաև շատ լավ գրական կազմակերպիչ ես, Արցախի գրողների միությունը բազմաթիվ հիշատակելի գործեր է արել, տաղանդավոր անուններ են տքնում՝ գրիչը զենք արած, զենքը՝ գրիչ: Հայ գրի ներկան և ապագա պատմությունը սիրով ընդգծելու է այս ջղուտ, այս հրաշք, այս պայքարող և արարող լեռնաշխարհի բան-ա-ստեղծությունը, որպես Վարդանի ու նրա գրչընկերների օրագիր, վկայագիր ու վերջնագիր:
Շնորհավոր 70-ամյակդ, եղբա՛յր, բայց սա արցախցու համար մանկական տարիք է: Դու և թոթի ծառերը ինձնից լավ գիտեք դա:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՀԻՆ ԸՆԿԵՐՈՋՍ
Տարիներ առաջ, երբ դեռ Արցախը Ադրբեջանի կազմում էր, ինձ հրավիրեցին Ստեփանակերտ՝ որպես այն ժամանակվա մանկավարժական ինստիտուտի պետական քննական հանձնաժողովի նախագահ: Երիտասարդ էի, վտանգների մասին չէի մտածում (ծագումով ղարաբաղցի գիտնականները այն տարիներին խուսափում էին Ստեփանակերտ պաշտոնական ուղևորություններից): Շնորհակալ եմ և՛ հրավիրողներին, և՛ ուղարկողներին: Իմ աչքով տեսա Արցախը, նրա շքեղ բնությունը: Եվ ամենակարևորը՝ ծանոթացա ղարաբաղցիների հետ: Առաջին ծանոթներիս մեջ էր Վարդան Հակոբյանը՝ թիկնեղ, ոչ բանաստեղծական, խրոխտ արտաքինով մի երիտասարդ: Արցախում տաղանդավոր մարդիկ շատ կային, բայց Վարդանը առանձնանում էր: Այդ տարիներին դեռ որոնումների մեջ էր: Բայց հետո ազատագրվեց կապանքներից, ձեռք բերեց համահայկական համբավ: Ասում եմ համահայկական, նկատի առնելով նաև Սփյուռքը: 1991-ին նրան սպասում էին Նյու Յորքում, հասկանալի պատճառներով չկարողացավ գալ, ինձ խնդրեցին նրա փոխարեն ելույթ ունենալ: Ստացավ ՀՀ Նախագահի գրական մրցանակը: Մենք անխուսափելիորեն պետք է մտերմանայինք՝ ես Ղարաբաղի հանդեպ իմ խոր հետաքրքրությամբ, Վարդանը՝ ժամանակակից գրականության միտումները ճանաչելու իր ուժեղ ձգտումով:
Գրեց և պաշտպանեց թեկնածուական ատենախոսություն: Հետո, երբ ես գրականության ինստիտուտի տնօրենն էի, իմ խրախուսանքով պաշտպանեց նաև դոկտորական թեզը: Արցախի ազատագրումից հետո հիմնադրեց համալսարան, որը գլխավորում է մինչև այժմ: Երկա՜ր տարիներ Արցախի գրական կազմակերպության (որն այսօր ՀԳՄ բաժանմունքն է) նախագահն է:
Այս բոլոր փաստերը, անշուշտ, Վարդանի կենսագրության մեջ շատ կարևոր են: Բայց ինձ համար ամենակարևորը, թերևս, այն է, որ պատերազմի ժամանակ Վարդանը և ընտանիքը չլքեցին Ստեփանակերտը: Զուրկ տարրական հարմարություններից, ադրբեջանական արկերի տարափի տակ օրեր և շաբաթներ էին անցկացնում իրենց տների ներքնահարկերում: Այդպե՛ս հաղթեցին:
Շնորհավորում եմ Վարդան Հակոբյանին 70-ամյակի առթիվ: Ես այդ սահմանն արդեն անցել եմ և ինձ իրավունք եմ վերապահում Վարդանին ասելու՝ չվախենաս, յոթանասունից հետո գրելու, կյանքը վայելելու դեռ շատ ժամանակ ունես. ցանկանում եմ քեզ նոր գրքեր՝ թող ոչ այնքան ծավալուն, ինչքան վերջին գիրքդ է, բայց միշտ թարմ, ինչպես միշտ:
Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ. «ԻՄ ՎԱՅՐԿՅԱՆԸ,
ԻՄ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ»
Վարդան Հակոբյանի ֆենոմենը անտրոհելի է իր հմայքից: Ավելին է, քան բանաստեղծության գենետիկայի ըմբռնումը, որ նույնն է, թե ասես՝ ամբողջությունը: Որովհետև բանաստեղծության ընկալման նախահիմքից է սկսվում բանաստեղծի ինքնաճանաչման ուղին, որն այնպիսի ճանապարհ է, ինչը տանում է դեպի «ներս», որովհետև «ամբողջական աշխարհի տրոհված մասնիկներն ենք բոլորս և բոլորիս սկիզբը…»: Սակայն բանաստեղծին աշխարհից և տիեզերքից, ինչպես ինքն է ասում է, բաժանում է մի սահման՝ սերը և չսերը, ուստի՝ նա ապավինում է բառերին, որոնք չի ասում նրա համար, որ «նրանք ինչ-որ բան ասեն», այլ «բառերն իրար մոտ է բերում, որ նրանց արանքում գտնվող ճերմակ տարածությունը խոսի», ուստի՝ բանաստեղծն ուզում է, որ «բառն ապրի իր… գրվելը,// ինչպես ծառն է ապրում իր ծաղկումը»: Հետևաբար, մի մետաֆիզիկական նախասկիզբ կա, բանաստեղծի ներաշխարհում ապրող անհայտ մի սկիզբ, հենման մի կետ, որ արձագանքում է աշխարհի ձայներին, այլաբանում աշխարհը, գոյության ակնթարթները նրա, որ անլուռ է՝ ինչպես բանաստեղծը, և ինքն իրեն խոսուն՝ ինչպես բանաստեղծին շրջապատող աշխարհը՝ «լինի քար, ծաղիկ, ձի, աշխարհ, թե լեռ», և «ամեն ինչ կարդում է» բանաստեղծը, «ապրում շշուկ ու տառ»: Վ. Հակոբյանն, ուստի, իրեն անվանում է «ոգևորության խելագար», որի համար «գոյություն չունեն անձնականն ու անանձնականը առանձին-առանձին»: Եվ մի ճանապարհ ունի նա՝ վերապրել աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կա՝ հաղթահարելով բառը ինքնին, որ գծագրում է աշխարհի տարերքը: Ուստի և բառի մենիմաստ քնարականությունից, կրքոտ խոհականությունից անցնելով կրկին՝ հասնում է նրա մետաֆիզիկական այլաբանությանը, բառի մետաֆորային պատկերավորությանը, նախասկզբին: Իսկ սա հնարավոր է ոչ թե բառերի միջոցով, այլ նրանց միջև թաքնված լռությամբ, կամ, ինչպես Վարդանն է ընկալում՝ դադարներով, որ բանաստեղծությունը հղանալու անավարտ մոդելներ է ստեղծում, միմյանց «չճանաչող» վայրկյանների ընդհատումներ, ինչպես շնչառության պահերի միջև՝ լռության պահեր, որ նրա աշխարհը, որքան իրական, նույնքան պատկերային և անվերջավոր է դարձնում: Սա է Վ. Հակոբյանի բանաստեղծության չափաբերման ընթացքը, որ երկար ուղի ունի, գրչանցումների հակադրումներ, որ ամբողջության է ձգտում և, միաժամանակ, մնում… անավարտ, ինչպես այն սահմանի նշագրումը, որն ասում է՝ «սահմանը գեղեցիկ է, երբ խախտում ես»:
Ահա ինչու Հակոբյանը, երբ սահմանում է երազը, սերը, բառը, հայտնվում է այն սահմանագծի վրա, երբ վայրկյանը՝ իր միակ հասցեն, փոխակերպվում է հավերժության, տողը՝ հայտնություն, իսկ ճամփան՝ որոնումի, որովհետև հեռուն «թեև շատ հեռու է», բայց «եկել է արդեն», իսկ «մենք ընդամենը մեր հիշողությունն ենք», որովհետև ժամանակը չափվում է տարածության այնպիսի ընկալմամբ, որ «հերարձակ հորիզոնը պահ(ում) է թևերի(ս) վրա», իսկ «տիեզերքի ամենաբարձր կետում միայնակ լեռան ողբերգությունն է» արձագանքում, ինչպես իր(իմ) ներսում, որ հայրենիքի այլաբանական անունն ունի՝ Արցախ, Սասուն, Վան… Իսկ պոեզիայի (հայրենիքի) «սահմանները ճշտելու համար՝//որպես չափման միավոր» բանաստեղծը ընտրում է սերը, ուստի, իր բնութագրմամբ, չկա ավելի մեծ երկիր, քան Արցախը, պոեզիան և հայրենիքը, որն ունի Վարդան Հակոբյանը…
…Թերևս սա է նախապատճառը, որն ինձ դրդում է մեր հիշողությունների առանձին դրվագներ ես չպատմեմ, որովհետև այդ ամենը բանաստեղծը վերապրում է իր բանաստեղծություններում: Ինչպես ասվում է՝ «բանաստեղծորեն է ապրում մարդը երկրի վրա», մեզ հաղորդակից դարձնում իր ապրումներին, իր աշխարհին, բանաստեղծության ընկալման իր հորիզոնին… Վարդան Հակոբյանի հետ մեր լուռ զրույցը ահա ինչու, ընդհատված ընդմիջումներով, շարունակվում է երկար, երբեմն խզվում հեռվից եկող հեռախոսազանգերով, որոնք ինչ-որ բանի արձագանքն են և ունեն խորհրդատու, խորհող, մտահոգ ու առինքնող հեղինակություն, որի վճիռը կարևոր նշանակություն ունի ինձ համար: Զարմանալի է սակայն մի բան. երբ ետ ես նայում ու տեսնում, որ ակնթարթներն այդքան հոսել են, և բանաստեղծի անցած ճանապարհը, որքան էլ բեղուն, ակնթարթի պես թռել է: Բայց պատկառում ես, երբ այդ դժվար ակնթարթները քննում ես ժառանգության բեռով, որ կշիռ ունի, ինչպես կշիռ ունի ժամանակն ինքնին, որ բանաստեղծի անվամբ է մեզ հետ զրուցում:
Սուրեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԲԱՆԱՍՏԵՂԾԸ, ՄԱՐԴԸ, ՔԱՂԱՔԱՑԻՆ…
Բանաստեղծի ու մարդու իր ներկայությունն անգնահատելի է, մանավանդ՝ չճանաչված երկրի բանաստեղծի՝ իրեն բաժին ընկած առաքելության գիտակցությամբ, որ քաղաքացու առանձնահատուկ տեսակ է ենթադրում:
Ու այդ բանաստեղծը՝ Վարդան Հակոբյանը, տասնամյակներ ձգվող իր ստեղծագործական ճանապարհով, իր բազմաթիվ ժողովածուներով, պոեմներով, որ մեր արդի պոեզիայում հանգրվանային հետքեր են թողել, Արցախի ճանաչելիությունն ընդարձակել է, Արցախի բանաստեղծական ընկալումն է ընդարձակել ու Արցախն է հաստատուն դրոշմել աշխարհի բանաստեղծական քարտեզի վրա…
Ու այդ մարդը՝ Վարդան Հակոբյանը, իր անուրանալի անձնական հմայքով, հիրավի, արցախցու համուհոտով, հյուրընկալությամբ, բայցև՝ տիրոջ խրոխտությամբ, հպարտությամբ ու կեցվածքով, առինքնել է Արցախ եկած յուրաքանչյուրին, պատկերացում փոխել, պատկերացում թելադրել, իր մարդկային որակները դրոշմել դիմացինի սրտում՝ իբրև այլոց գնահատելու չափանիշ…
Ու այդ քաղաքացին՝ Վարդան Հակոբյանը, որ իր երկրի զինվորն է՝ բառի բոլոր իմաստներով, իր գործունեությամբ չափանշել է նաև այդ հասկացությունը՝ անընդհատ աշխատանքի, անընդհատ ներգրավումի, անընդհատ նվիրումի, անընդհատ զարգացումի զարմանալի նպատակասլացությամբ…
Ու, հիրավի, վայելք է ու հպարտություն Վարդան Հակոբյան բանաստեղծի, մարդու, քաղաքացու, նաև գիտնականի, մշակութային ու հասարակական գործչի ներկայությունը մեր կյանքում: Նրա՝ բանաստեղծության սահմաններից անդին ձգտող ինքնատիպ պոեզիան այդ բազմաբնույթ գործունեության յուրովի ամփոփում-խտացումն է նաև և նրա ապրած 70 տարիների լավագույն հաշվետվությունը, որ մղում է ոչ միայն շնորհավորանքի, այլև խոնարհումի՝ այն վաստակաշատ ու փառահեղ ճանապարհի առջև, որ անցել է Վարդան Հակոբյանը:
Արքմենիկ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
ՀՈԳՈՒ ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ԼՈՒՅՍՈՎ…
Թերևս ես չեմ ճանաչում այնպիսի մեկին, ով այնքան անշահախնդիր ու անձնուրաց նվիրված լինի իր գործին, գրականությանը, հայրենիքին, ինչպիսին Վարդան Հակոբյան անհատականությունն է: Նա ինչ անում է, անում է հոգով, տարերքով, ամբողջ էությամբ, մարտիկ-դպիրի ջերմեռանդությամբ ու կատարելության հասնող վարպետությամբ: Վարդան Հակոբյանը մեր ժամանակի ու պատմության խիզախ տարեգիրն է. գաղափարակիր մարտնչող, սիրված բանաստեղծ-գիտնական ու արցախյան շարժման նվիրյալ առաջնորդներից մեկը: Հիրավի, այսպես է բնորոշել Սերո Խանզադյանը Վարդան Հակոբյանին. «Ֆիդայի է նա էությամբ, իր պոեզիան էլ՝ ֆիդայական»: Անսահման է Վարդան Հակոբյանի հայրենապաշտությունը.
Խաղաղությունս ես կկիսեմ՝ ում հետ կուզեք,
բայց կռիվս չեմ տա երբեք ես ոչ ոքի…
Հին հայոց Արևելից աշխարհ Արցախը բանաստեղծի էության առանցքն է, նրա արարումների, ձեռնարկումների ու մտահոգությունների կիզակետը: Անուրանալի է Վ. Հակոբյանի ներդրումը նաև Արցախի երիտասարդ գրողների ու գիտնականների առաջընթացի ապահովման գործում: Շնորհավորելով հոբելյարին՝ նրան մաղթում եմ առողջություն, տոկունություն, եռանդ ու նորանոր ոգեշնչումներ: Թող մեր աշխարհից անպակաս լինեն Վարդան Հակոբյանի ոգեղենությունը, ինքնատիպությունն ու հոգու աստվածատուր լույսը, կամ, ինչպես Արցախում են ասում՝ շուքը…
Ամալյա ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԿԵՆԱՐԱՐ ՈՒԺԸ
Տարիների հեռվից նայելով կյանքի ճանապարհին՝ համոզվում եմ, որ Վարդան Հակոբյանի հետ իմ հանդիպումն ի վերուստ տրված պարգև էր, որը վերածվեց տևող ընկերության և շարունակվող հարազատության: Խոսքի ծարավն է քլթքլթում ակունքում այն ճանապարհի, որ բացվեց մի օր Վ. Հակոբյանի բարեմաղթանքի խոսքով և իմ տպագրած բանաստեղծական առաջին շարքով: Դա բանաստեղծության և կյանքի ճանաչողության լուսայգի սկիզբն էր…
Դրանից հետո… Որոնումների ճանապարհին կրկին ու կրկին համոզվում ու զարմանում եմ մեծ արվեստագետի ու մարդու հոգու վեհությամբ, բանաստեղծության կենարար ուժով, մտքի ապրեցնող լույսով…
Այո՛, Վարդան Հակոբյան բանաստեղծը, գրականագետը, մարդն ու առաջամարտիկը մեր ժողովրդի համար աստվածային պարգև է…
Շնորհավորենք հոբելյանն անկրկնելի բանաստեղծի ու որոնողի… Նա իր բանաստեղծություններով ու պոեմներով ընդարձակում է հայ պոեզիայի հնարավորությունները՝ մոտենալով մի կետի, որ Հոգու և Երազի սահմանն է…
Կարող ենք ասել, որ Վարդան Հակոբյանը ստեղծել է բանաստեղծության իր դպրոցը: «Ամեն // ինչ աշխարհում լեզու ունի, ոճ ու բույր, // ծաղիկների այբուբենը// սկսվում է քեզանով»: Պոետի ստեղծած հոգեվիճակները վարակում են ոչ միայն նորությամբ ու թարմությամբ, այլև՝ ներքին դրամատիզմով: Նա իր էությամբ նրբազգաց բանաստեղծ է, որ հոգեաշխարհ է արարում անգամ ծաղկի թերթերից, լույսի փշրանքներից, ցավից… Ահա անհասանելին. «Թռչուններն իրենց կտուցին մի կտոր հեռու բերեցին, ես նրանով նորոգեցի իմ երազը»:
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ
***
Պետք է ծանոթանալ նրա պոեզիային, զգալ, թե ինչպիսի ներքին հարուստ բովանդակություն ունի այն, պոեզիա, որը հագեցած է ոչ միայն բնության, սիրո, կարոտի և այլնի մոտիվներով, այլև պատմության փիլիսոփայությամբ, առասպելաբանությամբ: Եվ դա որոշակիորեն իմաստավորել է նրա բանաստեղծական շարքերը, նրա պոեմները, որոնք կարող եմ ասել, որ, իրոք, մնայուն արժեքներ են մեր գրականության պատմության մեջ: Վարդան Հակոբյանը ստեղծել է մի պոեզիա, որը, կարծում եմ, զուգահեռի վրա է անգլիական և առհասարակ համաշխարհային արդի բանաստեղծության հետ:
Սերգեյ ՍԱՐԻՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
***
Իմ համոզմամբ՝ ավանդույթներից ամենագլխավորն ազգային ոգու պահպանման գեղագիտական սկզբունքն է, որը Վարդան Հակոբյանի պոեզիային տալիս է առանձնակի փայլ ու հմայք: Այս առումով, նա իր սերնդակիցների մեջ չունի հավասարը, իսկ դա այն չափանիշն է, որով բանաստեղծը երկարակեցություն է ապահովում իր համար մայրենի գրականության անդաստանում:
Սևակ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
***
Վարդան Հակոբյանի դրամատիզմն իմաստուն է և լուսեղ, մաքրագործող. այդ դրամատիզմը չի ներշնչում անհուսություն ու հուսալքում, այլ հակառակը, ատելության դեմ մարտնչելով՝ ծնվում է սերը, խավարի դեմ մարտնչելով՝ ծնվում է լույսը, մահվան դեմ մարտնչելով՝ ծնվում է կյանքը… Նրա պոեզիան հենց այս փոխակերպման վկայությունն է, փոխակերպում, ի հետևանս որի, Բանի կամ Խոսքի «տիեզերական արարչության» միջոցով, Սև այգին (մահվան այգին) վերածվում է Կենաց այգու, որտեղ «քարի շնչառության մեջ//կենդանանում է հյուրընկալ ծաղիկը»: Ցավից ու կյանքի ծարավից ծնունդ առած այս հրաշալի պոեզիան տեսնում է անտեսանելին:
Ռոման ԿԻՍՅՈՎ
Բանաստեղծ, նկարիչ (Բուլղարիա)