Առաջին տպարան. ոչնչացված պատմության շուրջ / Դիանա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կրկին… Մենք չենք կարողանում լսել քաղաքի ձայնը: Քաղաքն ամենուր է. մեր մեջ, մեզանից դուրս… Լսում ենք աղմուկը, ձայնը՝ ոչ: Թվում է՝ մի օր կանգ ենք առնելու: Վաղուց արդեն ժամանակն է: Մենք քաղաքի ձայնը չենք սիրում, սիրում ենք աղմուկը՝ ձևացնելով, թե հոգնել ենք: Ժամանակ առ ժամանակ փախչում ենք քաղաքից: Փախչում ենք դեպի ձայնը բնության, դեպի լուռ ձայն: Այլ քաղաքներ ու, չգիտես ինչպես, կարողանում ենք լսել ձայնը մեգապոլիսների: Աղմուկը՝ ոչ: Վերադառնում ենք: Ամեն ինչ գուցե ավելի վատ է. աղմուկը խլացնում է:
Մենք սիրում ենք ոչնչացնել: Մենք սիրում ենք կեղծել: Կարող ենք քանդել Երևանի հին շենքերը և վերակառուցել հին Երևան: Ծիծաղելի է: Եթե ինքներս մեզ վրա չծիծաղենք, աշխարհը չի ծիծաղի: Մի օր էլ որևէ մեկի մտքով կանցնի քանդել Գյումրու հին շենքերն ու վերստեղծել հին Գյումրի: Հուսով եմ՝ որևէ մեկին միտք չտվեցի:
Շարունակում ենք նույն կերպ: Ամբիոններից խոսում ենք համագործակցությունների մասին, խոսում ենք հասարակության գիտակցության բարձրացման, իրազեկման մասին: Խոսում ենք, շարունակում ենք թույլ տալ անթույլատրելին:
Այս անգամ էլ՝ Առաջին տպարանի շենքը: Մի ակնթարթ, և պատմությունը չկա: Պատմությունը ոչնչացված է մեր ձեռքերով:
Ամեն անգամ որևէ հուշարձանի, անգամ ոչ հուշարձանի քանդման կամ ոչնչացման շուրջ հասարակության բարձրացրած դժգոհության ձայնը թվում է՝ լսելի կլինի նույն այդ ամբիոններին, բայց ամբիոնները շարունակում են խոսել իրազեկումից, համագործակցության ծրագրերից: Հասարակությունն իրազեկված է, հասարակությունը գիտակցում է, որ չի կարելի կեղծել պատմությունը:
Աշխարհի տարբեր ժողովուրդներ գալիս են Հայաստան՝ տեսնելու Արարատը: Շատ քաղաքների համար մեծագույն պարգև կլիներ տեսնել Արարատ լեռն իրենց քաղաքի պատշգամբներից, փողոցներից, անգամ՝ կանգառներից: Վստահ եմ՝ քաղաքաշինական իրենց ծրագրերում գերակա խնդիր կլիներ տեսանելի պահել Լեռը:
Մեզ տրված է այդ Պարգևը: Մենք հեռացնում ենք այն մեզանից: Ոչնչացնում ենք, ստեղծում բազմահարկեր, կառուցում նյարդային քաղաք, տգեղ ու անհամաչափ միջավայր:
Քաղաքն աղմկում է, ուզում ենք լսել ձայնը քաղաքի: Ընդունակ չենք լսելու պարզ մի ձայն՝ մի՛ ոչնչացրեք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։