Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների 6-րդ համաժողով Ժամանակակից հայ գրողն ու գրականությունը 21-րդ դարի մարտահրավերների առջև

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ս.թ. հոկտեմբերի 8-12-ը Ծաղկաձորում Սփյուռքի հայագիր
և օտարագիր գրողների 6-րդ համաժողովի
Համաժողովն ամրագրում է, որ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ազգային միասնական գրական դաշտի ձևավորումը թևակոխել է իր գործնական փուլը:
Այդ գործընթացի հետագա խորացման համար համաժողովը կարևորում է մի շարք անհետաձգելի միջոցառումների իրականացում, այդ թվում`
ա) կոչ Հայաստանի և Սփյուռքի աշխարհիկ և հոգևոր կարող ուժերին (անհատներին ու կառույցներին)` գրահրատարակչական ոլորտի հովանավորության ազգանվեր գործին իրենց հնարավոր նպաստը բերելու, գրականության, մշակույթի միջոցով սերունդներին ազգային արժեքների ոգով դաստիարակելու նպատակին աջակցելու առաջարկով,
բ) հայ դասական և ժամանակակից գրականությունը թարգմանաբար աշխարհում ներկայացնելու ծրագրերի մշակում,
գ) Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայ գրողների միջև համացանցային տեղեկատվական հարթակի ստեղծում,
դ) հայոց գրական լեզվի երկու հավասարազոր ճյուղերի` արևմտահայերենի և արևելահայերենի անաղարտության պաշտպանություն, նաև գրականության միջոցով հետագա հարստացման ու զարգացման հիմքերի ապահովում,
ե) Հայաստանում, Արցախում և Սփյուռքում հայագիր և օտարագիր հայ գրողների հանդիպումների, քննարկումների, փոխադարձ գրական ընթերցումների կազմակերպում` միմյանց և ընթերցող լսարանների միջև կապերի, կենդանի շփումների աշխուժացման նպատակով:
Համաժողովի մասնակիցները վստահ են, որ նշված միջոցառումների իրագործումը կմիավորի հայ գրականության և մշակույթի բոլոր նվիրյալների ջանքերը` «Մի ժողովուրդ` մի գրականություն է» իսահակյանական հանճարեղ պատգամի ներքո` ի շահ Հայրենիք-Սփյուռք գրական-մշակութային կապերի հետագա զարգացման, ազգային նվիրական նպատակների իրականացման:
12 հոկտեմբերի, 2017 թ.
ք. Ծաղկաձոր

Օր առաջին
Հոկտեմբերի 8-ին Ծաղկաձորի գրող-ների ստեղծագործական տանը մեկնարկեց Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների 6-րդ համաժողովը` «Ժամանակակից հայ գրողն ու գրականությունը 21-րդ դարի մարտահրավերների առջև» խորագրով:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով համաժողովի մասնակիցներին, հարկ համարեց հիշել նախորդ համաժողովից հետո 4 տարվա ընթացքում կյանքից հեռացած ՀԳՄ անդամ սփյուռքահայ գրողներին ու մտավորականներին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:
Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ, հոգեշնորհ հայր Գարեգին վարդապետ Համբարձումյանը համաժողովի կայացման առթիվ փոխանցեց Վեհափառ Հայրապետ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքները: «Ժամանակակից իրականության մեջ, երբ գնալով ավելի ու ավելի անկանխատեսելի են դառնում թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական մարտահրավերները, որոնք մեծ չափով կապված են աշխարհում տեղի ունեցող գործընթացների հետ, բնականաբար, մեծանում է մտավորականի, գրողի, մասնավորաբար հայ գրողի դերն ու նշանակությունը հայոց հասարակական կյանքում»,- ասաց նա և հավելեց, որ գրողի, արվեստագետի պարագայում մեծագույն մարտահրավեր է պրագմատիկ ժամանակի և գրականության բախումը, այսինքն` նյութականի և հոգևորի բախումը: Գնահատելով ՀԳՄ-ի կողմից Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների առաջին համատեղ համաժողովի կազմակերպումը մայր հողի վրա` նա վստահեցրեց, որ այն մի քայլ է դեպի նահանջի կասեցում, դեպի հայաստանյան և սփյուռքյան յուրահատուկ գրականության բաղձալի կամրջում:
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը ներկայացրեց ՀՀ Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը: Ուղերձում մասնավորապես նշված էր. «Օտար մշակույթների, քաղաքակրթությունների ազդեցությունների ներքո հայ ժողովրդի մի զգալի հատված ապրում է ազգային «ես»-ը չկորցնելու, այն պահպանելու ամենօրյա խնդրով: Հայ ընտանիքը, լեզուն, մշակույթն ու հավատքն անփոխարինելի դերակատարություն ունեն այս հարցում, բայց անհատներն են, որոնք իրենց գործունեությամբ դրանց պաշտպանն են ու լինելիության երաշխավորը: Այս առումով, բարձր գնահատանքի են արժանի հայ գրողները: Բոլոր ժամանակներում նրանք մեծ ազդեցություն են ունեցել հասարակական-քաղաքական կյանքի վրա, եղել են և են հայի ինքնության պահպանման համար ճամփա բռնած-պահած առաջամարտիկները: Հայ գրողն, ընդհանրապես, իսկ վերջին հարյուրամյակում սփյուռքահայ գրողն իր բարձր գիտակցականությամբ, նվիրումով ու բացառիկ պատասխանատվությամբ կատարեց ազգապահպան իր առաքելությունը: …Դուք աշխարհին հրամցնում և ճանաչելի եք դարձնում Հայաստանն ու հային, նրա հոգեբանությունը, արժեհամակարգը, ներկայացնում եք նրա տագնապներն ազգին ու ողջ մարդկությանը հուզող խնդիրների համադրության մեջ: …Կրկին ողջունում եմ բոլորիդ համաժողովի անցկացման առիթով և մաղթում արդյունավետ աշխատանքային քննարկումներ»:
Ըստ ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանի` այս համաժողովի բուն էությունն է` նոր գնահատականներ տալով նպաստել գոյություն ունեցող գրականությունների միջև համագործակցության զարգացմանը: «Հայոց ցեղասպանությունից հետո մեր գրականությունը նոր ճյուղավորումներ ստացավ` նահանջի, կարոտի գրականություն, և այդ ճյուղերը գոյություն ունեցող ծառի բունն ավելի հաստացրին: Այս համաժողովի առիթով մենք հնարավորություն ունենք տեսնելու այդ գրականության բազմատեսակ լինելը և հնարավորություն ենք ունենում նաև խոսելու այն հարստության մասին, որ ունենք և՛ լեզվի, և գրականության իմաստով»,- ասաց նա` ընդգծելով, որ խոսքը տարբեր ուղղագրությունների մասին է, որոնք առաջին հայացքից թվում է, թե իրար հակադրվում են: «Մենք պիտի կարողանանք այդ հակադրումը վերածել համադրության, որովհետև դրանք մեր ազգային արժեքն են, մեր մշակույթի արժեքավոր բաղադրիչները: Այս համաժողովները պետք է նպաստեն այդ հակադրությունները միասնաբար հաղթահարելուն»: Շեշտելով, որ մեր պետական քաղաքականության մեջ սփյուռքահայ գրականությանը առանձնահատուկ ուշադրություն է դարձվում, նա հույս հայտնեց, որ այս համաժողովը նոր գաղափարների, հրատարակչական նոր նախաձեռնությունների առիթ պիտի դառնա:
Վլադիմիր Աղայանը, փոխանցելով Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի ողջույնի խոսքը, նկատեց, որ ներկա հարյուրամյակը անընդհատ նոր ու դաժան մարտահրավերներ է նետում աշխարհի բնակչությանը, որոնք վաղուց արդեն շոշափում են նաև համայն հայության շահերը: «Կարծում եմ` մենք բոլորս ենք գիտակցում, որ այդ դաժան մարտահրավերներին կարող ենք դիմակայել միայն համազգային միասնությամբ»,- ասաց նա և հավելեց, որ այսօր Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության համատեքսում հանուն համազգային միասնության ապահովման դրոշ բարձրացնող առաջիններից մեկը եղել է ՀԳՄ-ն: Նշելով, որ վաղուց արդեն ստեղծագործական, կառուցողական սերտ համագործակցություն է հաստատվել Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և Հայաստանի գրողների միջև, նա անդրադարձավ լավագույն գիտական և ստեղծագործական աշխատանքների համահայկական մրցանակաբաշխությանը, որի նպատակն է նպաստել Հայաստանի գիտական և ստեղծագործական մտավորականության գործունեության ակտիվացմանը, երկրի մտավոր կյանքի աշխուժացմանը: Ամփոփելով խոսքը` Վլ. Աղայանը նշեց. «Ճշմարիտ գրականությունը հզոր միջոց է՝ աշխարհին ասելու ճշմարտությունը մեր ժողովրդի, նրա անցյալի, այսօրվա, ինչու չէ, նաև ապագայի մասին: Ուստի՝ կարևոր է, որ մեր Սփյուռ-քի հայագիր և օտարագիր հայ գրողներն այսուհետ իրենց բնակության երկրներում ավելի հաճախ անդրադառնան մեր ազգային առաջնահերթությունների` Հայաաստանի սոցիալ-տնտեսական զարգացման, Սփյուռքի և Հայաստանի միջև բազմաբնույթ կապերի ամրապնդման, Արցախի հարցի արդարացի կարգավորման, Ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորագույն թեմաներին»:
Ռումինիայի գրողների միության առաջին փոխնախագահ, Ռումինիայի Հայոց միության նախագահ, Ռումինիայի խորհրդարանի անդամ Վարուժան Ոսկանյանի ողջույնի խոսքն ընթերցեց ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը: «Մշակույթն ու հավատը միշտ էլ եղել են մեր շարունակականության հիմնաքարերը: Մեր գրականությունը Եվրոպայում ամենահեղինակավորներից է` ավելի հին ավանդույթներով, քան այսօրվա բազմաթիվ ազգային մշակույթներ: …Մենք` հայ գրողներս, այս ավանդույթների կրողն ենք այսօր և պարտավոր ենք մեր ստեղծագործություններով այն ավելի առաջ տանել»,- մասնավորապես ասված էր ուղերձում:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բացման խոսքում նկատելով, որ անցած 4 տարիները առանձնահատուկ էին ՀԳՄ-ի կյանքում, քանզի Սփյուռքի գրողներն արդեն ՀԳՄ լիիրավ անդամներն էին և գրական կյանքի մասնակիցները, նշեց, որ գլխավոր հովանավոր Արա Աբրահամյանի հետ քննարկելուց հետո որոշվեց հոկտեմբեր ամսին անպայման կազմակերպել համաժողովը: Համաժողովին մասնակցում է 17 երկրից 46 գրող, նրանց է միացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից 6 գրող: Անդրադառնալով այս տարիների ընթացքում Հայաստանում տպագրված Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների գրքերին` Էդ. Միլիտոնյանն առանձնացրեց ՀՀ մշակույթի նախարարության աջակցության ծրագիրը, որտեղ կա Սփյուքի գրողներին տպագրելու ենթաբաժին, և տասնյակից ավելի գրողների գրքեր են հրատարակվել: Նա ներկայացրեց նաև ՀԳՄ-ի հրատարակած գրքերը, մասնավորապես չորս լեզվով` անգլերեն, ռուսերեն, գերմաներեն և ֆրանսերեն, եղեռնազոհ գրողների անթոլոգիաները: Անդրադառնալով համաժողովին` Էդ. Միլիտոնյանը վստահեցրեց, որ համաժողովին ներկա բոլոր մտավորականներն ու գրողներն իրենց գործով հարստացրել են ոչ միայն հայ, այլև այն երկրների գրականությունը, որտեղ ապրում են և արարում: «Կարծում եմ` բարձր մշակույթն ու գրականությունն էլ, դիվանագիտությունից ոչ պակաս, ի զորու են այս դժվար աշխարհում հարթել ոչ միայն հայության կնճիռները, այլև մարդկության, թող ամպագոռգոռ չհնչի, փրկության տապանն այս անգամ կառուցեն գրի տեսքով և ի ցույց դնեն Արարատի գագաթին»,- ասաց նա և հավելեց, որ ամրացնելով, շենացնելով Հայաստանը, թրծելով, ընդլայնելով նրա մշակույթն ու գրականությունը, ոգեշնչում ենք նաև Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողներին` աշխարհում ավելի ներկայանալի լինելու: Ամփոփելով խոսքը` ՀԳՄ նախագահը այս հավաքի կազմակեպման համար շնորհակալություն հայտնեց գլխավոր հովանավոր Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Ա. Աբրահամյանին, ՀԳՄ-ին աջակցած ՀՀ Սփյուռքի և մշակույթի նախարարություններին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Թեքեյան մշակութային միության Ամերիկայի և Կանադայի վարչությանը, բոլոր նրանց, ովքեր գործով և բարեկամեցությամբ աջակից են եղել:
Այնուհետև զեկուցումներով ելույթ ունեցան Պետրոս Դեմիրճյանը, Սուրեն Դանիելյանը, Վարդան Դևրիկյանը, Գրիգոր Ջանիկյանը:
ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը «Հայոց միասնական գրականության պատմական և արդիական հիմքերը» զեկույցում նկատեց, որ միասնական բառը ամենևին էլ նոր չէ, պատմական խոր հիմքեր ունի, որոնց արմատները սնվում են մեր ժողովրդի յուրահատուկ ճակատագրից: Արևելյան Հայաստանը Ռուսաստանի հետ միավորվելուց հետո մինչև մեր օրերը բազմաթիվ փորձեր են եղել՝ արծարծելու ճակատագրի բերումով բաժան-բաժան եղած մեր ազգի տարբեր հատվածների, դրանցում ստեղծված գրականության ու մշակույթի միասնականացման գաղափարը: Ազգային միասնական գրականության գաղափարի իրագործման ուղղությամբ որոշակի քայլեր արվում էին թե՛ Հայրենիքում և թե՛ Սփյուռքում: «Սփյուռքում հետզհետե սկսեց տիրապետող դառնալ Հայրենիքի շուրջը համախմբվելու անհրաժեշտության գիտակցումը: Ավելի ուշ այս գաղափարներն ու միտումները իրենց շարունակական զարգացումը գտան Սփյուռքի հաջորդ սերունդների գրողների ու գրականագետների (Վահե Օշական, Հակոբ Կարապենց, Սարգիս Վահագն, Հակոբ Պալյան, Թորոս Թորանյան, Ժիրայր Դանիելյան, Արամ Սեփեթճյան, Մարկ Նշանյան, Գրիգոր Պըլտյան…) տեսական ու ստեղծագործական ելույթներում, ինչպես նաև 60-ական թվականների, այսպես կոչված, «հալոցքի» շրջանում և հետո խորհրդահայ իրականության մեջ մղվող գրական բանավեճերում, մերձեցման գործնական քայլերում, որոնց տոն էին տալիս Պարույր Սևակը, Վահագն Դավթյանը, Սիլվա Կապուտիկյանը, Վարդգես Պետրոսյանը և ուրիշներ»,- նշեց Պ. Դեմիրճյանը և հավելեց, որ այդ տրամադրություններն ավելի ուժգնացան Արցախի ազատագրության և Հայաստանի անկախացման շարժումների շրջանում: Նրա հավաստմամբ` ազգային միասնության գաղափարը, ինչպես մեր կյանքի այլ բնագավառներում, այնպես էլ մշակույթի, կրթության և գրականության ոլորտներում, թևակոխել է իր զարգացման գործնական փուլը: Անդրադառնալով համաժողովին` բանախոսը վստահեցրեց, որ ի տարբերություն նախորդ համաժողովների` հայագիր և օտարագիր գրողների համատեղ հանդիպման որոշումը պատահական չէր: Հիմքում դարձյալ դրված է եղել այդ գրականությունների ներքին միասնության գաղափարը: «Իհարկե, ոչ ոք չի կարող ժխտել հայոց լեզվի, հայեցի մտածողության բացառիկ կարևորությունը ազգային գրականության ստեղծման և զարգացման գործում: Սակայն, նկատի ունենալով մեր ժողովրդի յուրահատուկ ճակատագիրը, մենք պետք է ավելի խորքային և ճկուն մոտեցում հանդես բերենք օտարագիր գրողների և գրականության հանդեպ»,- ասաց նա: Պ. Դեմիրճյանը, մեջբերելով Լ. Անանյանի հետևյալ տողերը` «Այս ընթացքում բազմաթիվ բացահայտումներ արվեցին, որոնցից մեկն այն իրողությունն է, որ օտարագիր հայ գրողները, գրեթե անխտիր, անկախ բնակության վայրից և լեզվից, իրենց գրականության առանցքում պահում են Հայոց ցեղասպանությունը, մայր հայրենիքը և հայ մարդուն», նշեց, որ փորձը ցույց է տալիս՝ գրական այսպիսի հանդիպումները խոր հետք են թողնում մասնակից գրողների ստեղծագործության վրա: Նրանք պարբերաբար թարգմանվում են հայերեն, տպագրվում Հայաստանում և հոգեբանորեն իրենց զգում են արդի հայ գրականության բաղկացուցիչը: Նաև մշտական կապ են հաստատում ՀԳՄ-ի հետ, լավագույնները ներգրավվում են վերջինիս կազմում` որպես լիիրավ անդամներ: «Հպարտ հայի ոգին ու սեփական ժողովրդի երեքհազարամյա պատմությունը կրողները շարունակում են հային ու հայությունը աշխարհին ներկայացնելու նվիրական առաքելությունը և չեն կարող մաս չկազմել հայոց ազգային միասնական գրականության»,- զեկույցն ամփոփեց նա:
Արձակագիր Նորայր Ադալյանն իր ելույթում կարևորեց անցած սեպտեմբերին «Գրական թերթում» լույս տեսած Պ. Դեմիրճյանի` հայ ժողովրդի միաբանության, այս դեպքում անմիաբանության հարցի շուրջ «Համահայկականության պերճանքն ու թշվառությունը» տպավորիչ վերնագրով հոդվածը ոչ այնքան իբրև պաշտոնական անձի ելույթ, որքան հայ քաղաքացու, որը մտահոգված է մեր ներկայիս հակամարտություններով` ի մասնավորի գրական դաշտում: «Մի՞թե անմիաբանությունը հայ ազգային հատկանիշ է, որ արտահայտվում է կյանքի շատ ասպարեզներում, նաև գրականության հարցում»,- հարցնում է Ն. Ադալյանը, պատասխանելով. «Այո՛, ազգային հատկանիշ է, ազգային հիվանդություն, որ չի բուժվում դարեր շարունակ: Հայ տոհմական իշխանությունների հակամարտությունները` հանուն գահաթոռի և միանձնյա իշխանության, մեծապես թուլացրին Հայաստան երկրի պետականությունը՝ նրան հաճախ վերածելով խաղալիքի այլոց ձեռքին: Նույնիսկ ցեղասպանության տարիներին մենք բացարձակապես միաբան չեղանք»: Ըստ Ադալյանի` այսօր էլ ազգովի միաբան չենք, քանի որ հենց Հայրենիքում կան բազմաթիվ կուսակցություններ, կազմակերպություններ, միություններ` բոլորն ինքնիշխան, բոլորն անհանդուրժող մյուսների նկատմամբ: Այս առումով, բանախոսը կարևորեց ՀԳՄ-ի դերը, որը հայերի մեջ համախոհության կազմակերպման կարևոր ասպարեզ է: «Հայաստանի գրողների միությունը Ավետիք Իսահակյանի միությունն է, որտեղ նա նախագահ եղավ, Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Վահան Թոթովենցի, Գուրգեն Մահարու, Լեռ Կամսարի, Խաչիկ Դաշտենցի, Հովհաննես Շիրազի, Վիգեն Խեչումյանի, Համո Սահյանի, Պարույր Սևակի, ուրիշ մեծերի միությունը, սուր ճոճել այս միության դեմ` նշանակում է սուրն ուղղել գրականության կրծքին, որը շուրջ մեկ դար դժվարին ժամանակներում հայ ժողովուրդ և հայոց լեզու է պահում, հատկապես վերջին տարիներին, մեր ազգային զարթոնքի պայմաններում համախմբում տեղիս և Սփյուռքի գրական-հոգևոր կյանքը»,- շեշտեց նա: Անդրադառնալով դեռևս անցյալ դարի սկզբին Հովհ. Թումանյանի և Վ. Տերյանի կողմից մտահղացված հոգևոր Հայաստանի գաղափարին, որը նախ սպանվեց ծայր առած ցեղասպանության, ապա ստալինիզմի կողմից, Ն. Ադալյանը վստահեցրեց, որ այսօր հոգևոր Հայաստանը արթնանում է, և ներկայումս մեր խնդիրը պետք է լինի նրան կանգնեցնել ամուր ոտքերի վրա և ուղղորդել դեպի գալիք օրերը: Իսկ այս նպատակը իրականացնելու համար անհրաժեշտ է միաբանվել, հավաքական ուժ դառնալ, նայել նույն ուղղությամբ, սիրել միմյանց` գրող, ճարտարապետ, երաժիշտ, գիտնական թե ուսուցիչ: «Ապրենք հոգևոր հայ ժողովրդի շահախնդրությամբ, որը, գուցե, այս թշնամական աշխարհում փրկության միակ միջոցը չէ, սակայն չափազանց կարևոր ու վճռական ուժ է, զգացմունք, միտք ու բարոյականություն: Ուրեմն` հոգևոր Հայաստան, հոգևոր հայ ժողովուրդ, բոլորս միասնական գործողություններով հարթենք այս դժվարին և ազգօգուտ ճանապարհը: Հայաստան-Սփյուռք անպարագիծ աշխարհագրության միասնություն և հոգեղենացում` մայրենի լեզվով, գիտությամբ, արվեստներով ու գրականությամբ, որոնք մեր հզոր զենքերն են»,- ամփոփեց Ն. Ադալյանը:
«Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, գրականագետ Սուրեն Դանիելյանը «Երկվության առարկայացումն իբրև ազգային գրական միասնական զարգացման խոչընդոտ» զեկույցում նկատեց, որ երկվության խորհուրդը մշտական ներկայություն է եղել հայ գրական զարգացումներում` երկու զուգակշիռներ, որոնցից «մէկը միշտ միւսի դէմ ենթակայական անհանդուրժող կեցուածքներ է որդեգրել ամենատարբեր մակարդակներում, հակադրուել ազգային մտածողութեան ծայրակէտերում: Նախ ունեցել ենք եւ ունենք լեզուական երկու` արեւելահայ եւ արեւմտահայ ճիւղաւորումներ. դա ըստ էութեան` մեր հարստութեան անառարկելի նշանն է: Երկրորդ, երկու դար է` գրականութիւնը նոյնպէս տրոհուած է երկու հատուածների, որտեղ արժեւորումների տեսանկիւնից արեւելահայ մօտեցումը եղել է տասնամեակներ շարունակ, ինչպէս ասում են` «հայեացք վերէն»: Ընդգծելով երկվության դեմ արևմտահայ գրական մշակույթի սուր հակազդեցությունը, որը խորքում ավելի շատ դավանում է հենց միասնության պահանջը, Ս. Դանիելյանը վստահեցրեց, որ մենք միշտ երազել ենք գրական միասնություն: Իսկ դրա համար ընդունելի ճանաչում էր անհրաժեշտ: «Ամենատարբեր ամբիոններից շեփորում ենք ազգային գրականութեան միասնական, հաւասար զարգացման անհրաժեշտութիւնը, սակայն գերիվեր է մնում տխուր աւանդոյթը. մենք աւելի ենք խրւում մեր իսկ ստեղծած երկուութեան խորքերը, այսինքն` հաստատում երկուութիւնը` դիտելով այն առարկայացուած` իբրեւ կատարուած փաստ, իբրեւ հաստատուած իրողութիւն»,- ասաց նա` նկատելով, որ արևելահայ և արևմտահայ գրական դաշտերում երկվությունը առճակատումների հող է դառնում` առերևույթ թվալով, թե առճակատումները քաղաքակրթության արժեքների սահմանագծում են: Սակայն, բանախոսի հավաստմամբ, օտարագրությունն այսօր քանակություն է և որակ միաժամանակ: «Այսօր այն իրողութիւն է, որ սփիւռքեան թեւից փրթած լինելով, դիտում են սփիւռքահայ գրականութեան մաս, թէեւ` գրուած օտար լեզուական ածուներում: Փաստօրէն օտարագրութիւնը երկուութեան դիմագիծ է ստացել` Եանուսի նման. մի կողմում` սփիւռքահայ գրականութիւնը, միւսում` օտարագիր: Նրանք ներկայացնում են մեր հատուածական դիմագիծը, մեր վերաբերմունքի դիմաց նրանց` պատմութեան ու նրա գեղարուեստական ընկալումների հանդէպ հայելանման ծառացումը»,- ասաց Ս. Դանիելյանը և ցավալի համարեց այդ երկվության տարբեր արտահայտություններին, նկրտումներին, դրանց ներխուժմանը հաշտվելը, կեցության ու գիտակցության սահմանագծերում հաշտվելը այն ամենին, ինչը մեզ հեռացնում է գրականության միասնական հունից: Նրա կարծիքով` երկվության առարկայացման դեմ առաջին քայլերից մեկը սփյուռքահայ և օտարագիր գրականությունների վերջնական տարանջատումն է, գրականության տարբեր պատմություններում նրանց դասդասման գիտակցումը: Անդրադառնալով օտարագիր գրականությանը, որը ամենատարբեր մղումներով դիտվում է որպես հայ գրականության բաղկացուցիչ, Ս. Դանիելյանն այն առաջին հերթին համարեց օտա՛ր գրականություն: «Օտարագիրներն անընդմէջ հեռանում են ազգային նկարագրի այն սահմաններից, որոնց վարժուած է մեր քիմքը: Նրանց ընտրած տիպերը օտարներ են` բարքով ու հոգեբանութեամբ, մտահոգութիւններով ու աշխարհի կառուցուածքի հանդէպ փիլիսոփայական հայեցողութեամբ: Մերը, հոգեհարազատը, պորտալարը բացակայում է նրանց ե՛ւ վարքագծում, ե՛ւ երազներում»,- միաժամանակ փաստելով, որ այսօրվա օտարագիր նորագույն հայ հեղինակների դրդիչ, շարժիչ ուժը ցեղասպանության և մեր ժողովրդի ճակատագրի հանդեպ շահագրգիռ վերաբերմունքն է, բայց` օտար լեզվով: «Մենք այն կարծիքին ենք, որ ի վերջոյ գեղարուեստական գրական հարցադրումներում նիւթը չէ, որ պէտք է որոշի գրողի մեծութիւնը, եւ որքան շուտ օտարագիր գրականութիւնը ձերբազատուի իրեն կաշկանդող նիւթի շրջանակից, այնքան աւելի լաւ, աւելի շահեկան կեանքի լիարժէքութեան ընդգրկման տեսանկիւնից»,- ամփոփեց նա:
Ըստ Սարգիս Վահագնի (ԱՄՆ)` թեև այս համաժողովի նպատակն է քննարկել և նոր լուծումներ փնտրել մեր գրականության զույգ թևերի առաջընթացի համար, սակայն դա չի նշանակում, թե պետք է դրժել «մեկ ժողովուրդ, մեկ մշակույթ» լոզունգը, որն անժխտելի իրողություն է: Լեզվա-ուղղագրական, մտածելակերպի, աշխարհայացքի տարբերությունները թեև էապես կարևոր չեն, բայց երկվություն են ստեղծում: «Օտար հողի վրայ կարելի չէ տոհմիկ գրականութիւն արմատաւորել»,- ասաց նա` նկատելով, որ Սփյուռքի կացությունը ևս փոփոխություններ է կրել: «Բառին բուն իմաստով գոյութենէ դադրած են գրեթէ մեր բոլոր սփիւռքեան գրական դասական օճախները: Մերձաւոր Արեւելքը դիմագիծ փոխելով դարձած է անապահով եւ աննպաստ գրականութեան մշակման եւ նոյնիսկ կեցութեան համար: Հոգեվարքի շրջան մըն է, ուր բարեացակամ մեկենասներու օժանդակութեամբ առատօրէն կը տպուին գրքեր, մեծամասամբ անորակ, ընթերցողներու զգալի չգոյութեան իսկ պայմաններուն տակ»,- ասաց նա: Ապա իր մտահոգությունը հայտնեց այն փաստի առումով, որ բացարձակորեն նորեր, այսինքն` ամերիկածին ու հայագիր գրողներ չեկան հետզհետե նոսրացող ութսունամյաների շարքերը խտացնելու: Իր ելույթը Սարգիս Վահագնը ավարտեց հոռետեսական տրամադրությամբ` նշելով, որ հայերենը չյուրացրած աշակերտներից հայ գրող չի կարող ծնվել:
Վարանդը (Իրան) փոքրիկ ակնարկով ներկայացրեց իրանահայ համայնքի կեցության և լեզվի հարցը` նշելով, որ բոլոր տեղատվություններն ու տեղաշարժերը, որ կատարվեցին վերջին քառորդ դարում, այլափոխեցին Սփյուռքի կերպարը: Ընդգծելով, որ իրանահայ համայնքը լեզվական և մշակութային առումով համարվում էր Հայաստանի շարունակությունը, նա միաժամանակ նկատեց, որ իրանական լեզուն իրանահայ գրողներին և հեղինակներին ծաղկուն, բուրումնավետ, գեղեցիկ երանգ ունեցող մեկ լեզվով ստեղծագործելու հնարավորություն է տվել, որը բացակայում է մյուս համայնքներում: Քանի որ դա հարստացնում է մեր մշակույթը, Վարանդն առաջարկեց ստեղծագործել, կանգ չառնել և քննադատներին թողնել մեր գործի առավելությունները և, այսպես ասած, պայմանական արատները: Անդրադառնալով գրականության մեջ ցեղասպանության թեմայի շուրջ արծարծված կարծիքներին` նա ամփոփեց խոսքը հետևյալ տողերով. «Ինձ համար ցեղասպանության թեման եղել է ոչ թե ավարտ լինելիության, այլ` ապրելու, արարելու և ասելու աշխարհին, որ այս լեզվով կարելի է արարել, արգասավորել»:
«Հայաստան-Սփյուռք գրական կապերի ուսումնասիրության ուղղությամբ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում իրականացվող ծրագրերը» զեկույցում Վարդան Դևրիկյանը տեղեկացրեց, որ սփյուռքահայ գրականության պատմության ուսումնասիրումը գրականության ինստիտուտի գիտական առաջնահերթություններից է եղել դեռևս խորհրդային շրջանից: Տարբեր աշխատանքներ են կատարվել՝ նվիրված թե՛ սփյուռքահայ գրականության պատմության և պարբերացման հարցերին, թե՛ սփյուռքահայ առանձին գրողներին: Ընդ որում այդ բոլոր գործերում սփյուռքահայ գրականությունը դիտվել է որպես մասը միասնական հայ գրականության ընթացքի: Նշելով, որ սփյուռքահայ գրականության ուսումնասիրումը ինստիտուտում ավելի մեծ ծավալներ ընդունեց 2008 թ. Սփյուռքի նախարարության ստեղծումից հետո, նախարար Հրանուշ Հակոբյանի անմիջական աջակցության և ջանքերի շնորհիվ, նա անդրադարձավ ինստիտուտում կատարվող մի շարք աշխատանքներին, ինչպիսիք են՝ սփյուռքահայ տարբեր գրողների ստեղծագործություններին նվիրված աշխատանքները, սփյուռքահայ գրականության ուղղությունների, ժանրային և ենթաժանրային տարբեր յուրահատկությունների քննումը, ինստիտուտի կողմից «Գրական Սփյուռք» հանրագիտարանի հրատարակության պատրաստման աշխատանքները: «Այստեղ ընդգրկված են Եղեռնը վերապրած արևմտահայ և սփյուռքյան շրջանի գրողների կենսագրությունները, տեղեկություններ Սփյուռքի գրական մամուլի և կազմակերպությունների մասին: Նրանում, ըստ առկա գրականության և համացանցային տվյալների, քարտագրվել են Սփյուռքի բոլոր գրողներին վերաբերող տեղեկությունները՝ նրանց կենսագրական տվյալներով, ստեղծագործությունների ընդհանուր բնութագրմամբ, նրանց տպա-գրած և իրենց վերաբերող գրքերով ու հոդվածներով: Մոտ երկու հազար բառահոդված ընդգրկող այս հանրագիտարանը լույս կտեսնի մինչև 2018 թ. մայիս»,- ասաց նա: Վ. Դևրիկյանն անդրադարձավ նաև 2010 թ.-ից Սփյուռքի նախարարության հետ համատեղ և նախարարության տրամադրված միջոցներով հրատարակվող «Գրական Սփյուռք» տարեգրքին, ուր տեղ գտած սփյուռքահայ գրողների արձակ, չափածո և դրամատուրգիական ստեղծագործությունները տպագրվում են այն ուղղագրությամբ, որով գրում են հեղինակները: Ամփոփելով խոսքը՝ բանախոսը հույս հայտնեց, որ այս համաժողովը կարևոր քայլ կդառնա Հայրենիք-Սփյուռք գրական կապերի առավել ամրապնդման, գրական հիմնախնդիրների փոխադարձ ճանաչման, հայապահպանման, հայաստանյան շունչը սփյուռքահայ այսօրվա գրականությանը առավել միախառնելու ճանապարհին՝ որպես արտահայտությունը «Մի ժողովուրդ, մի գրականության և մի Հայրենիք» կարգախոսի:
Արմեն Ավանեսյանը ներկայացրեց «Գրական Սփյուռք» տարեգիրքը, որը լույս է տեսնում 2010 թ.-ից: Նրա հավաստմամբ` այն բավականին լայն արձագանք ու լավ ընդունելություն է գտնում: Տարեգիրքը նկարազարդվում է սփյուռքահայ նկարիչների կողմից: Տեղեկացնելով, որ տարեգրքի բաժինները բազմազան են, աշխարհագրությունը` հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, ընդգրկված են տարբեր ժանրեր, գրականագիտություն, Ա. Ավանեսյանը կոչ արեց կապ ստեղծել միմյանց հետ` հանդեսն առավել համապարփակ ներկայացնելու համար: Նա ընդգծեց տարեգրքի սկզբունքներից մեկը, ըստ որի, հեղինակը տպագրվում է այնպես, ինչպիսի ուղղագրությամբ ստեղծագործում է: Այլապես դա կլինի ոտնձգություն գրապատմական փաստի նկատմամբ:
«Այս խորհրդանշական խորհրդաժողովին, այս խորհրդանշական ամբիոնից ուզում եմ հարցնել Հայրենիքի և ի սփյուռս աշխարհի տարագրված իմ հարգո գրչակիցներին` 101 տարի արծարծվելուց ու վերարծարծվելուց հետո արդյո՞ք ցեղա-սպանության թեման մեր գրականությունում սպառված է»,- ներկաներին դիմեց Գրիգոր Ջանիկյանը «Օտարագիր հայ գրականությունը և մեր անժամանցելի դատը» զեկույցում ու շարունակեց. «Հարցնում ու ինքս էլ ինձ պատասխանում, ավելի ճիշտ հանդիմանում եմ` ինչպե՞ս կարող է ցեղասպանության թեման սպառվել, երբ 101 տարի անց էլ մեր անմեղ նահատակներն անթաղ են մնացել ու որ կարևորն է` շարունակում են գերի մնալ, հույսով, հավատով լի հայացքները մեզ են ուղղել Արարատն ու Վանա լիճը, Մուշն ու Սասունը»: Նրա համոզմամբ՝ 101-րդ տարվա առաջին օրվանից մեր գրական անդրադարձը հայոց հազարամյակների պատմության մեծագույն ողբերգության նկատմամբ վերանայվելու, ցեղասպանության իրողությունը վերաիմաստավորվելու էր այն պատճառով, որ հայ ժողովուրդը ազգային արժանապատվությամբ, հետևողականությամբ կույր ու խուլ աշխարհին լսել, տեսնել տվեց, որ անցյալ դարասկզբին Արևմտյան Հայաստանում իրագործվել է աննախադեպ ոճրագործություն: Փաստելով, որ թեև հայ գրողները և ոչ միայն հայ գրողները, իրենց վեպերով, բանաստեղծություններով, վավերական վկայություններով առաջին հարյուրամյակի մեր առաքելության առաջին փուլն հաջողությամբ ավարտել են և նոր հարյուրամյակում նոր փուլի պիտի անցնեն, նոր հիմնախնդիրներ արծարծեն, այնուամենայնիվ, շարունակում են ասպարեզ ելնել լալահառաչ երկեր, որոնք եղեռնի աղեխարշ նկարագրություններով ասես ձգտում են մարդկության գութը շարժել, խղճահարություն հարուցել: Խոսելով դարավերջին հայաստանահայության միակուռ ու միահամուռ ոտքի ելնելու, ազգային անկախ պետականությունը վերականգնելու, հզոր բանակ ստեղծելու, առաջին անգամ պատմական տարածքներ ազատագրելու մասին` Գր. Ջանիկյանն ասաց. «Թեև հապաղումով, ժամանակն է, որ մենք` գրողներս էլ ոգեշնչվենք մեր ժողովրդի հիրավի` պատմական հաղթանակներով ու լալահառաչ վկայություններից, վկայությունների հետ մեկտեղ մեր արդարացի, անժամկետանց պահանջատիրությունը ներկայացնենք: Ներկայացնենք հաղթողի, իրավատիրոջ ինքնավստահությամբ ու արժանապատվությամբ: Ընդ որում, այս սրբազան ավանդը մեզ պատգամել են հենց իրենք` մեր նահատակ գրչակիցները»:
Ժիրայր Դանիելյանը (Լիբանան) Կիլիկիո կաթողիկոսության աթոռի Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ առաջին Վեհափառի ողջույնները փոխանցեց համաժողովի մասնակիցներին ու կազմակերպիչներին: Նրա հավաստմամբ` այս համաժողովը գալիս է հաստատելու, որ օղակը շարունակվում է ԳՄ նախագահությամբ, և անընդմեջ պիտի լինի այս ընթացքը: Նրա կարծիքով, այս համաժողովների օգտակարությունը նաև այն է, որ ՀԳՄ-ն իր գիրկն ընդունեց Սփյուռքի գրողներին: Մասնավորապես` լիբանանահայ համախմբումից 15 հոգի դարձավ Հայաստանի ԳՄ լիարժեք ու լիիրավ անդամ: Այսպիսով ոչ միայն Հայաստան-Սփյուռք կապերը կամրապնդվեն, այլև գործնականորեն կմղեն միավորման: Նա ցանկություն հայտնեց օրակարգում ունենալ մեկ ուղղագրության հարցը և վերջնականորեն լուծում տալ այդ հարցին: Այնուհետև հակիրճ ներկայացրեց լիբանանահայ գրականության այսօրվա իրավիճակը և լիբանանահայ գրական մամուլը:
Թորոս Թորանյանը խոսեց իր` Հայաստանում հաստատվելուց հետո կարդացած գրքերի շուրջ, որով հաստատվում է մեր գրական կյանքի բազմազանությունը: Ապա անդրադառնալով համահայկական այս համաժողովին` նկատեց, որ այն իր լրջախոհությամբ նոր առիթ դարձավ գրողների բարեկամանալու, նոր խոհերով լիցքավորվելու, Հայրենիքի շուրջ համախմբվելու իրողությանը:
Հակոբ Պալյանը (Ֆրանսիա) հորդորեց մշտապես կրկնել, որ ազգային գրականության անցագիրը ազգային լեզուն է, որ փողոցի լեզվով գրականությունը գրականություն չէ, ինչպիսին էլ լինեն արդարացումները: Եվ կոչ արեց գրաքննադատությանը նախ և առաջ բծախնդիր լինել լեզվի հանդեպ: «Գրականութիւնը կեանք է, մտերմութեան հրաւէր` գրողի միտքին, ապրումներուն եւ տեսիլքին հետ, ոչ թէ հաղորդակցութիւն, այլ` հաղորդութիւն: Գրական երկը տպուած թուղթ չէ: Տպուած թուղթի դիզուած ծաւալը գրականութիւն չէ անպայման»,- ասաց նա և հավելեց, որ իսկապես գրականություն ունենալու և միջազգային հրապարակ գալու ցանկությունը իրականացնելու համար մասնակի չափանիշները հարկ է գերանցել արվեստի ըմբռնումով հագեցած արժևորմամբ և քննադատությամբ:
Մադլեն Գարագաշյանը (Ռումինիա) տեղեկացրեց, որ թեև Ռումինիայի հայ գաղութը Եվրոպայի հնագույններից մեկն է, սակայն, ցավոք, հայ գրականությունը արդի Ռումինիա մուտք է գործել հազիվ մեկ դար առաջ: Ապա հանգամանորեն ներկայացրեց ռումիներեն թարգմանված հայ գրականությունը` հպարտությամբ նշելով, որ հատկապես վերջին երկու տասնամյակների ընթացքում Պուքրեշի «Արարատ» հրատարակչատան ու մի քանի խանդավառ գրող-թարգմանիչների ջանքերով հնարավոր եղավ ռումինացի ընթերցողներին ներկայացնել հայ դասական և ժամանակակից գրականության մի քանի նմուշներ:
Ագապի Մկրտչյանը (Գերմանիա), կարևորելով թարգմանչական աշխատանքը, նշեց, որ ապրելով Գերմանիայում, վերջին տարիների ընթացքում իր հիմնական նպատակն ու ամենամեծ պարտավորությունն է եղել թարգմանել հայ գրողների գրքերը, հայկական մշակույթը ծանոթացնել գերմանացիներին:
Ժորա Սնխչյանը (Վրաստան) ուրախությամբ փաստելով, որ հայ-վրացական գրական գործունեությունը շարունակվում է, ինչի վկայությունն են նաև հայ մեծանուն գրողների հետ կապված օրերը Վրաստանում, կարևորեց նոր գրական սերնդին, պատանի ստեղծագործողներին գրականությանը մերձեցնելը: Նրա հավաստմամբ` թե՛ Վրաստանում, թե՛ Հայաստանում ստեղծվել է մի տարածք, որտեղ առկա է իսկական բարեկամության հրաշալի միջավայր, որին մեծապես նպաստել է ՀԳՄ նախկին նախագահ Լևոն Անանյանը:
Ըստ Սոկրատ Խանյանի (Արցախ)` ազգային գրականությունը պետք է կարողանալ ընդհանրության մեջ ներկայացնել որպես ամբողջական մշակութային խոսք: «Միասնական ազգային ճակատագիրը պետք է դառնա մեր գրականության հիմնական առանցքը»,- ասաց նա և հակադրվելով գրականագիտության մեջ առկա այն սկզբունքին` եթե հայ մարդը գրում է օտար լեզվով, նա հայ գրող չէ, նշեց, որ եթե հայ գրողը ստեղծագործում է տարբեր լեզուներով` իր գործերում խոսելով հայ ազգի ճակատագրի մասին, ուրեմն պետք է թարգմանել հայերեն և նրան համարել հայ գրող ու հայ գրականություն: Ամփոփելով խոսքը` Ս. Խանյանը կոչ արեց, որ յուրաքանչյուրն իր բնագավառում նպաստի ընդհանուր հայ գրականության տարածմանը:
Ալեքսանդր Թոփչյանը, հակադրվելով այն թյուր կարծիքին, թե արևմտահայերենը դատապարտված է մահվան, վստահեցրեց, որ լեզուն ինքն է գտնում իր ճանապարհը, հարմարվում քաղաքական-մշակութային, կրոնական և այլևայլ հանգամանքների: «Լեզուն կենսունակ երևույթ է, և հանուն ապրելու նա երբեմն այնքան ճկուն է, որ իր մեջ ներառում է շատ ու շատ բաներ, որոնք զարմացնում են: Դա խոսում է արևմտահայերենի զարմանալի կենսունակության մասին: Այսօր ձևավորվում է արևմտահայերենի մի նոր վիճակ` բավական ճկուն, կենդանի, սրամիտ, տեղ-տեղ ներառելով արևելահայերենի օրգանապես յուրացված դարձվածքներ»,- ասաց Ալ. Թոփչյանը` շեշտելով, որ արևմտահայերենն իր զարգացումը, իր ճանապարհն ունի այսօր: Նա մտահոգիչ համարեց այն, որ դադարել են հայերեն գրել այնպիսի կենտրոններում, որ ավանդականորեն Սփյուռքի գրականության զարկերակներն էին, ապա ամփոփելով խոսքը` տագնապ հնչեցրեց արևելահայերենի` Հայաստանի լեզվի համար:
Ելույթ ունեցան նաև Պերճուհի Ավետյանը, Տիգրան Գաբոյանը:
Լիագումար նիստը վարեցին նախ Էդ. Միլիտոնյանը և Սարգիս Վահագնը, այնուհետև՝ Պ. Դեմիրճյանն ու Ժ. Դանիելյանը:
Էդվարդ Միլիտոնյանը, շնորհավորելով Սարգիս Վահագնին ծննդյան 90-ամյակի առթիվ, ՀԳՄ վարչության կողմից յուղաներկ բնանկար նվիրեց: Ապա Արամ Արսենյանին հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը` թարգմանական գրականության մեջ լուրջ վաստակի համար:

Օր երկրորդ
Համաժողովի երկրորդ օրը Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողները հյուր-ընկալվեցին ՀԳՄ-ում: Այստեղ նրանք հանդիպեցին հայաստանյան գրական մամուլի աշխատակիցների և գրողների հետ:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով «Գրական թերթի», «Նարցիսի», «Անդինի», «Աղբյուրի», «Գրեթերթի» և այլ պարբերականների խմբագիրներին ու աշխատակիցներին, վստահեցրեց, որ Սփյուռքի գրողներն անպայմանորեն տպագրվում են հայաստանյան մամուլում` առանց ուղղագրությունը փոխելու:
«Նարցիսի» խմբագիր, ՀԳՄ հրատարակչության տնօրեն Շանթ Մկրտչյանը, անդրադառնալով համաժողովին, նշեց, որ նման համաժողովների շարունակականությունը հուսադրում է, որ հայոց ոգին ամբողջական ու նվիրական պահելու միտքը միշտ շողշողալու է մեր ամենօրյա աշխատանքում: Նրա կարծիքով` համաժողովի արդեն իսկ խորագիրը խիստ արդիական է` «նամանավանդ, երբ այն դիտարկում ենք պատմական հետահայացով, երբ այլևս չկորցնելու հրամայականը մեզ պիտի կողմնորոշի աշխարհում այս բարդ փոփոխությունների ժամանակաշրջանում»: Այս առումով, նա կարևորեց պետականության կայացման գործում մշակույթը հայ մարդուն, նրա ճանաչողությանն ու ոգեշնչմանը ծառայեցնելու գործընթացը: Անդրադառնալով ՀՀ պետական աջակցությամբ և հովանավորությամբ տպագրված արևմտահայ դասականների և ժամանակակիցների ստեղծագործություններին, ինչպես նաև օտարագիր հայ գրողների թարգմանություններին` Շ. Մկրտչյանը նկատեց, որ գրահրատարակչական գործում ի վերջո նկատվում է կառուցողական մի միտում` հայ գրական արժեքները աշխարհի ժողովուրդներին ներկայացնել այլ լեզուներով: Նա առավել գործուն մասնակցություն ակնկալեց Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողներից, քանի որ նրանք ավելի լավ են ճանաչում այն մշակութային-գրական միջավայրը, որտեղ բնակվում են:
«Գրական թերթի» աշխատակից Սամվել Կոսյանը, անդրադառնալով թերթի գործունեությանը` կապված Սփյուռքի հետ, նշեց, որ այն պարբերաբար ներկայացրել է տարբեր հեղինակների, գրախոսություններ տպագրել Սփյուռքի հեղինակների, ինչպես նաև հաղորդագրություններ միջոցառումների մասին, որոնք տեղի են ունենում Սփյուռքում: «Սակայն այս ամենը դիտարկել որպես մի ամբողջականություն, որը արևելահայերին կծանոթացնի սփյուռքահայ գրականությանն ամբողջապես, չի կարելի, դրա համար կան մի շարք պահանջներ: Թե՛ ֆիզիկապես, թե՛ տեխնիկապես անհնար է մասնակցել Սփյուռքի գրական կյանքին»,- նկատեց նա և հավելեց, որ սփյուռքահայ գրականությամբ զբաղվող մի քանի տեսաբանները չեն կարող ապահովել ամբողջ սփյուռքահայ գրականության պատկերը: Ամփոփելով խոսքը` Ս. Կոսյանը վստահեցրեց, որ «Գրական թերթը» մշտապես պատրաստ է հայաստանյան ընթերցողին ներկայացնել Սփյուռքը, ուստի՝ հորդորեց նյութեր ուղարկել, որոնք կտպագրվեն առանց ուղղագրությանը միջամտելու, որովհետև դա հեղինակի իրավունքն է:
«Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիր Ալբերտ Նալբանդյանը խոսեց հանդեսի առջև ծառացած խնդիրների մասին` տպաքանակ, առաքում և այլն: Գրեթե 60 տարի ամսագիրն ընթերցողներին ներկայացնում է և՛ ժամանակակից ու դասական գրականությունը, և՛ օտարագիր հայ գրողների, և՛ ոչ հայ գրողների գործերը, եթե դրանք առնչվում են հայ ազգային հարցերին, հայ իրականությանը:
«Նարցիս» (Անի Տեր-Գուլանյան), «Գրեթերթ» (Նառա Վարդանյան), «Ցոլքեր» (Հռիփսիմէ), «Աղբյուր» (Թադևոս Տոնոյան), «Ծիծեռնակ» (Անուշ Վարդանյան) ամսագրերի ու հանդեսների խմբագիրներն ու աշխատակիցները, ներկայացնելով իրենց գործունեությունը, կարևորեցին Սփյուռքի հետ համագործակցությունը և վստահեցրին, որ իրենց հանդեսների դռները միշտ բաց են Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների առջև, և պատրաստ են էջեր տրամադրել նրանց ստեղծագործությունների համար: Այնուհետև տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, որին մասնակցեցին Ֆիրա Ակյանը (ԱՄՆ), Արտեմ Կիրակոզովը (Վրաստան) և ուրիշներ:
Վազգեն Գաբրիելյանը հանդես եկավ միասնական գրականություն ստեղծելու խնդրանքով, այսինքն` Սփյուռքում ապրողը իմանա, որ այստեղ Հայրենիք ունի, այստեղի գրողը, և ոչ միայն գրողը, իմանա, որ իր կեսն այնտեղ է: Գրել այն մասին, ինչը հավասարապես երկուսին է վերաբերում: Նրա կարծիքով` լեզվի խնդիր գոյություն չունի, քանի որ փոխադարձաբար հասկանում են միմյանց:

***
Նույն օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունեց Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների համաժողովի մասնակիցներին` ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ: Վերջինս Նորին Սրբությանը ներկայացրեց համաժողովի մասնակիցներին և քննարկվող նյութերի շրջագիծը: Անդրադառնալով նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և միության միջև առկա համագործակցությանը, Էդ. Միլիտոնյանն ընդգծեց, որ հոկտեմբերի 14-ին Օշականի դպրատանը կանցկացվի ամենամյա «Կանթեղ» մրցնակաբաշխությունը:
Այնուհետև ներկա սփյուռքահայ գրողներին իր գնահատանքը հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետը` ուրախություն հայտնելով Հայրենիքում պարբերաբար գումարվող հայ գրողների համաժողովի առիթով: Նորին Սրբությունը օգտակար համարեց նման ձեռնարկները, որոնք առավել արդյունավոր են դարձնում հայ գրողի առաքելությունն ազգային կյանքում: Գարեգին Բ Հայրապետը կարևորեց նաև սփյուռքահայ գրականության տարածման խթանումը Հայաստանում, որպեսզի Հայրենիքում հասարակությունը ևս հաղորդ դառնա հայագիր և օտարագիր գրողների ստեղծած արժեքավոր գրական ժառանգությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, մտահոգություն հայտնելով ազգային կյանքում նկատվող ազգային-բարոյական արժեքների նահանջի առիթով, այդ իրավիճակի շտկման գործում կարևորեց հայ գրողների, մտավորականների առաքելությունը` շեշտելով, որ հայ գրողների ստեղծագործությունները պետք է նպաստեն երիտասարդության մեջ հայրենասիրական ոգու, ազգային գիտակցության ու նկարագրի ձևավորմանը: Այս գործում Հայոց Հովվապետը շահեկան նկատեց գործակցությունը Հայոց Եկեղեցու և հոգևոր դասի հետ:
Նորին Սրբությունը, իր հայրապետական օրհնությունը փոխանցելով համաժողովի մասնակիցներին, պատրաստակամություն հայտնեց զորակցելու հայագիր և օտարագիր հայ գրողներին, ինչպես նաև Մայր Աթոռի հնարավորությունները ծառայեցնելու ազգօգուտ նման ձեռնարկների կազմակերպման համար: Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ հայ գրողները շարունակեն իրենց ստեղծագործական կյանքով իրենց ծառայությունը բերել հայ ժողովրդին:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը պատասխանեց նաև գրողների հարցերին, որոնք վերաբերում էին Սփյուռքում հայոց լեզվի ուսուցման ու պահպանման խնդիրներին, հոգևորականների պատրաստությանը, Հայրենիքում առկա դժվարություններին:
Համաժողովի մասնակիցները եղան նաև Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդում և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ նահատակների հիշատակին:

Օր երրորդ
Համաժողովի երրորդ օրը նույնպես հագեցած էր բուռն քննարկումներով: Զեկուցումներով ելույթ ունեցան Վարդան Հակոբյանը, Սաթենիկ Ավետիսյանը, Քնարիկ Աբրահամյանը և ուրիշներ: Նիստը վարում էին Ս. Դանիելյանն ու Վ. Հակոբյանը, ապա՝ Վարանդը և Ժ. Սնխչյանը:
Վարդան Հակոբյանը «Արցախ-Սփյուռք գրական կապերի արդի վիճակը» զեկույցում անդրադարձավ մի շարք հուզող խնդիրների: Մասնավորապես` Արցախում և ընդհանրապես` Հայաստան-Սփյուռք միջավայրում գրական գործունեության ծավալման և որոշակի արդյունքների ու արդյունավետության հասնելու համար կարևորելով գրական շփումները, նա ընդգծեց, որ արցախյան հիմնախնդրի մասին գրելը աշխարհի հետ խոսելու լավագույն ձևն է` առանց որոշակի միջնորդության: «Հատկապես Արցախում ապրող գրողները մեծ առաքելություն ունեն կատարելու, իսկ արտերկրում ապրողները պետք է հաճախակի լինեն Արցախում, քանզի նրանց ներկայությունը, քաջալերանքը ուժ է հաղորդում Արցախին: Պետք է մշտապես լինել զինվորի կողքին, քանի որ երբ զինվորն զգում է հայ գրողի, մտավորականի, հայ մարդու շնչառությունը իր թիկունքում, իսկապես դառնում է անպարտելի, զորավոր»,- ասաց նա:
Անդրադառնալով Արցախում կազմակերպված պոեզիայի միջազգային փառատոներին` Վ. Հակոբյանը նշեց, որ այդ ճանապարհով կապերը Սփյուռքի հետ առավել ամրապնդվեցին: Նրա համոզմամբ` ժամանակն է, որ ժողովրդի արժեհամակարգում տեղ ունենա գրողը, գրական գործը, գրականությունը, որովհետև «…այս մարտահրավերների առջև մեծ անելիք ունի մեր գրականությունը: Մեր լեզուն, ոգին պահողը մեր գրականությունն է»,- ամփոփեց Վ. Հակոբյանը:
Սաթենիկ Ավետիսյանը «Հայրենիքի և ծննդավայրի ընկալումը սփյուռքահայ գրողների տարբեր սերունդների ստեղծագործություններում» զեկույցում խնդիրը հնարավորինս ամբողջական ներկայացնելու համար այն համակարգել էր՝ ստանալով հետևյալ պատկերը:
1. Հայրենիքը բնօրրան էր, բայց այլևս բնակավայր չէ: Այս սահմանումը վերաբերում է Մեծ եղեռնից փրկված այն հեղինակներին, որոնք իրենց ստեղծագործությամբ վերստեղծեցին հայրենիք-բնօրրանի գեղարվեստական պատկերը: Այսինքն` նյութական հայրենիք-ծննդավայրը կորցնելուց հետո այս գրողներն իրենք դարձան հայրենիք, բացառապես հոգևոր հայրենիք, որը պահպանել կարող էին միայն գրով:
2. Հայաստանն է համայն հայության հայրենիքը: Այս սահմանումը վերաբերում է այն հեղինակների ստեղծագործություններին, ովքեր Եղեռնից հետո հաստատվեցին օտար երկրներում, այդ երկիրը նրանց բնակության վայրն էր, բայց ոչ հայրենիքն ու ծննդավայրը: Սկսվեց ուծացման ցավագին ընթացքը` հիմնավորապես հաստատելով հետևյալ բանաձևը` ինքնության պահպանման միակ տարածքը բնօրրան–հայրենիքն է:
3. Հայաստանը միակ հայրենիք-բնակավայրն է: Այս սահմանումը իրական և գեղարվեստական ամրագրում ունի հայրենիքը կորցրած և Հայաստանում հաստատված բոլոր հեղինակների գործերում:
4. Պապիս կամ տատիս հայրենիքն իմ բնօրրանը չէ: Այս սահմանումը ընդգրկում է Սփյուռքի օտարագիր հեղինակներին` Սարոյանից սկզբնավորվելով այս թեմատիկ գիծը ձգվում է մինչև մեր օրերը: Վերջին տարիներին տարբեր լեզուներից թարգմանված բազմաթիվ ստեղծագործություններ մի զարմանալի երևույթ բացահայտեցին, օտար լեզվական տիրույթում ապրող ու մտածող երրորդ սերնդի հայը, թոթափելով նախորդ սերունդների վախերն ու բարդույթները, ստեղծում է պապի կամ տատի պատմությունը կամ խլված հայրենիքին պատուհասած աղետի գեղարվեստական պատումը: Ցավոք, հոգեբարոյական կապանքներից ազատվելուն զուգընթաց նրանք օտարվեցին մայրենի լեզվական դաշտից, և տատուպապերի պատմությունները գրվեցին ուրիշ լեզուներով:
5. ՀՀ-ն հայրենիք-ծննդավայր է, բայց ոչ բնակավայր: Ցավալիորեն կա նաև այսպիսի սահմանում, որն ընդգրկում է այն հեղինակներին, ովքեր ծնվել են Խորհրդային Հայաստանում կամ Հայաստանի Հանրապետությունում, բայց ապրում են արտերկրում, գրում են հայերեն: Ստեղծագործությունների թեման հիմնականում հայաստանյան իրականությունն է. հայրենիքը շարունակում է մնալ ստեղծագործական ջիղը սնուցող երակ:
6. Հայրենիքը բնօրրան չէ: Այս սահմանումն ընդգրկում է բոլոր այն հեղինակներին, ովքեր ծնվել են տարբեր երկրներում, բայց ոչ Հայաստաններից որևէ մեկում: Այս սահմանումն ունի տարընկալումներ ու բովանդակային բազմաշերտություն: Դրանցից հենակետային են Հայաստանը հայրենիք համարելու կամ չհամարելու իրողությունը, հայրենիքը որպես բեռ կրելու պարտադրանքը կամ որպես պարգև ստանալու բերկրանքը:
7. Հայաստանը ծննդավայր չէ, բայց հայրենիք-բնակավայր է: Գրողներ, որոնք վերջին տարիներին բնակվում են ՀՀ-ում, և նրանց մտածումներն ու խոհերը հիմնովին կապված են նորօրյա Հայաստանի հետ:
Լյուսան Պչաքչը (Թուրքիա), անդրադառնալով թարգմանությանը, վստահեցրեց, որ այն ոչ թե նախընտրանքի հարց է, այլ անհրաժեշտություն` պտղաբեր արդյունքով: Միաժամանակ դժվարին գործ, քանի որ նշանակում է կրկին արտահայտվել երկրորդ լեզվով: «Ի վերջոյ ուրիշ հասարակութեան մշակոյթներու հետ յարաբերութիւն ձեռք բերելու միակ ճամբան թարգմանութիւնն է»,- ասաց նա: Խոսելով հայոց լեզվի մասին, որն, ըստ նրա, եզակի գեղեցկություններ է պարունակում իր մէջ` նա ցավով փաստեց, որ թեև ինքը հայ է, բայց իր մայրենի լեզուն հայերենը չէ: Այս առումով նշեց, որ պետք չէ վիրավորել նրանց, որոնք ավելի քիչ են ծանոթ այդ լեզվին, քանի որ, դժբախտաբար, այս երևույթը շատ անգամ է հանդիպում Պոլսի հայկական համայնքում: Ամփոփելով խոսքը` Լյուսան Պչաքչը տեղեկացրեց, որ Թուրքիայում դարձյալ հայերեն գրքեր են տպագրվում: Մասնավորապես` «Արաս» հրատարակչությունը անձնվիրաբար շարունակում է իր նպատակը` տպագրվում են հայերենից թուրքերեն բազմաթիվ թարգմանություններ: Մյուս կողմից էլ ցավով փաստեց, որ «դժբախտաբար հայախօսութիւնը կը տկարանայ օրէ օր: Բայց նորէն ալ լաւատես եմ»:
Սամվել Բեգլարյանի ելույթը ըստ էության զինվորի խոսք էր: Նախ` առաջարկեց չօգտագործել ֆրանսահայ, ամերիկահայ և այլն արտահայտությունները, քանի որ բոլորն էլ հայ են. պարզապես ապրում են տարբեր երկրներում: Եվ հատկապես Արցախը չպետք է զատել մեզնից: Ապրիլյան դեպքերին ես չեմ գնացել արցախյան սահմանը պաշտպանելու, այլ իմ երկրի, հայրենիքի սահմանը պաշտպանելու: Մեր միջնաբերդը Արցախն է: Եթե կորցնենք այս գիտակցումը, կկորցնենք և՛ Արցախը, և՛ մեզ: Դիմելով արտերկրում ապրողներին՝ Բեգլարյանը նշեց, որ աղվոր հայրենիք մեզ ոչ ոք չի տալու, դա մենք ենք ստեղծելու: Հայրենիքը սահմանն է, այնտեղ նահատակվող զինվորը: Մեր մայրերը, քույրերը մեր ամենահզոր զենքն են: Խնդրանքս է հայրենիքի հետ առևտուր չանել, չասել` ի՞նչ է տվել ինձ այս երկիրը: Հայրենիքը մեզ տվել է ամենաթանկը, ամենաանփոխարինելին` իր զավակը լինելու հպարտությունը: Սրբազանը պաշտպանելու համար պետք է իսկապես արժանավոր զավակ լինել: Արևելահայերենը պետք է հարստանա արևմտահայերենով և հակառակը: Սփյուռքում ապրողների հետ շփվելիս մենք լեզվական ոչ մի դժվարություն չենք զգում: Առօրյա խոսակցությունը թարմանում է նոր ձայներով, բառապաշարն է թարմանում: Հայրենիքը միայն մի սիրեք, պաշտեք մեր հայրենիքը, մեր երկիրը:
Բուռն քննարկումների տեղիք տվեց Քնարիկ Աբրահամյանի «Հայ-թուրքական գրական-մշակութային թնջուկներ. Հակոբ Խաչիկյան և Էլիֆ Շաֆաք» զեկույցը, որտեղ բանախոսն ընդգծեց, որ օտարագիր գրականությունը երկու հիմնարար ուղղություն ունի` ազգային և ոչ ազգային կամ համամարդկային: Զեկույցում փորձ էր արված ցեղասպանության, հայ-թուրք հարաբերությունների նյութի գեղարվեստականացման երևույթի ամբողջական քննությունը տանել Հակոբ Խաչիկյանի «Ամառ առանց այգաբացի» և թուրք գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպերի ստեղծագործական քննության ճանապարհով` վեր հանելով ինչպես ընդհանրությունները, այնպես էլ տարբերակիչ գծերը: Ընդգծելով, որ եթե հայ գրողի համար տեղահանության մասին խոսելը պարտք, պատասխանատվություն ու ազգային պարտականություն է, ապա օտարի, հատկապես ազգությամբ թուրք արվեստագետի պարագայում ընկալվում է որպես մեղքի պես մի բան: Ք. Աբրահամյանը նշեց, որ հայ և թուրք հեղինակների ընտրությունն առավել առարկայական է դարձնում գրամշակութային երկխոսության փորձը: Երկուսն էլ պատումը տանում են երկու ժողովուրդների բարքի ու հոգեբանության քննության ճանապարհով: «Երկու հեղինակների մօտ էլ քննութեան առանցքում հայոց ցեղասպանութեան նիւթն է: Կատարուածի տրամաբանութիւնը բացայայտելու ճիգի մէջ նրանք դիմում են մտաւորական կերպարների, ինչը աւելի հաւաստի է դարձնում պատումը»,- ասաց նա և հավելեց. ««Ամառ առանց այգաբացի» վէպում գործողութիւնների բացարձակ մեծամասնութիւնը կատարւում է ցեղասպանութեան ու յաջորդող մի քանի տարիներին եւ չնայած հերոսների եւ գործողութիւնների առատութեանը, հիմնական պատումը ծաւալւում է մէկ ընտանիքի շրջանակում, այսինքն` գործ ունենք ցեղասպանութեան քարտէսագրութեան հետ, ապա Էլիֆ Շաֆաքը ցեղասպանութեան բուն գործողութեան մասին միայն շտրիխներ է բերում, մնացածը հետեւանքի ու բարոյաբանութեան քննութիւն է»: Մեջբերելով թուրք գրողի այն միտքը, որ «երկու կողմն էլ պետք է փոխվեն: Երկու կողմն էլ ունեն կաղապարված դոգմաներ, որոնցից անհապաղ պետք է հրաժարվել»` բանա-խոսը «Ստամբուլի բիճը» վեպն ամբողջությամբ համարեց մշակութային երկխոսություն, մշակութային վեպ, որտեղ մի կողմում թուրք գրողն ինքն է ու իր ժողովուրդը, մյուս կողմում` հայկական մշակույթը: «Էլիֆ Շաֆաք երիտասարդ արձակագիրը, ազատագրուած լինելով իր իսկ նշած դոգմաներից ու անհասկացողութեան պատնէշից, երկխօսութեան շարունակականութիւնը վերապահում է երիտասարդներին»,- ամփոփեց Ք. Աբրահամյանը:
«Գիրը նման է գրողին, գրականությունը` երկրին: Ինչպիսին երկիրն է, այնպես էլ` նրա գրականությունը: Երկատված է երկիրը` Հայաստան-Սփյուռք, լեզվի ուղղագրությունը` դասական-նոր, նույնպես և գրականությունը` արևելահայ-արև-մտահայ»,- ասաց Հերմինե Նավասարդյանը և շեշտեց, որ Եղեռնի հետևանքով առաջացած Սփյուռքում Հայ Դատի հետ միասին անհրաժեշտ է գիտակցել նաև լեզվի, մշակույթի առաջնայնությունը, քանի որ լեզուն ազգի ինքնությունն է: Նրա հավաստմամբ` հայ գրականությունը թարգմանաբար աշխարհին ներկայացնելը կազմակերպման խնդիր է, քանզի տարբեր երկրներում ապրող հայերը երբեմն հայերենից առավել տվյալ երկրի լեզվին են տիրապետում: Ամփոփելով խոսքը` Հ. Նավասարդյանն առաջարկեց սփյուռքահայ գրողների հեղինակային ընթերցումներ կազմակերպել Հայաստանում և փոխադարձաբար` Սփյուռքում: Դա կնպաստի ոչ միայն մեր գրականության արևելահայ և արևմտահայ ճյուղերի ու գրողների փոխճանաչողությանը, այլև հայոց լեզվի զարգացմանը: «Եթե մենք մեր լեզվի արմատներին ամուր կանգուն լինենք, ոչ մի այլ լեզվի իմացություն գերիշխանության չի հասնի, լինի ռուսերեն թե անգլերեն: Եվ մեր խոսքը, գիրը, նրանով գրվող երկիրը մեր երազած հայրենիքը կլինեն»,- վստահեցրեց նա:
Ըստ Ալիս Հովհաննիսյանի` այս համաժողովները կարևոր են ոչ միայն այն առումով, որ ամեն մեկը նշում է, թե ինչ է արվել տվյալ համայնքում, այլև նպաստում է համախմբվելուն: Ամեն մի համայնք իր գրականության մեջ ներառում է իր համայնքի բնույթը, երևույթները և դրանով հարստացնում է տվյալ համայնքի գրականությունը, նաև հայ գրականությունն ամբողջությամբ, այսինքն` այս բազմազանությունը ոչ թե մեր կորուստն է, այլ ձեռքբերումը:
Սալբի Քյուրքչյան-Թաշչյանն (Լիբանան) իր դժգոհությունը հայտնեց համաժողովին երիտասարդ հեղինակների բացակայության առումով: «Երիտասարդութիւն, երիտասարդ, մենք ենք, մենք կոկորդ չունինք, բայց ձայն ունինք. մեր գրիչը հաստատուն է, ինչպէս մեր բազուկը, մեր աշխատանքը ծրագրաւորուած է, ինչպէս մարդու բնութիւնը»,- նշեց նա:
Անուշ Վարդանյանը նշեց, որ արևելահայերենը և արևմտահայերենը իրենց կատարյալ ձևակերպումը ստանում են գեղարվեստական գրականության մեջ: Նա մտահոգություն հայտնեց, որ հայ ժամանակակից գրողի գիրքը վտանգված է, որովհետև դուրս է մնացել պետական հոգածությունից: Հայ գրքի տպագրության հարցը շատ սուր է դրված այսօր: Հայկական թեմայով գրված օտարները մրցանակներ են ստանում:
Ելույթ ունեցան նաև Ալեքսանդր Թոփչյանը, Խաչիկ Տետեյանը (Լիբանան), Միհրան Մինասյանը (Սիրիա), Թորոս Թորանյանը, Մանվել Միկոյանը, Արտեմ Կիրակոզովը, Սուրեն Դանիելյանը, Անահիտ Թոփչյանը, Վարանդը:
Համաժողովի շրջանակում տեղի ունեցավ նոր գրքերի ցուցահանդես, այցելություն Կեչառիս վանական համալիր, եղան գրական ընթերցումներ, որը վարում էր Արտեմ Հարությունյանը:

Օր չորրորդ
Չորրորդ օրը տեղի ունեցավ համաժողովի հանդիսավոր փակումը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ համաժողովը կընդունի կոչ, որում կընդգրկվեն համաժողովի հիմնական դրույթները: Դրանք պետք է կատարելի լինեն ԳՄ-ի կողմից և նաև ուղղորդված պետական մարմիններին, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր ի զորու են նպաստել գրականությանը, գրքերի տպագրությանը: Ամփոփելով խոսքը` նա կարևորեց համաժողովի ընթացքում բարձրացված երեք հարցերը, որոնք վերաբերում են համացանցին, լեզվին և գրահրատարակչության խնդիրներին:
Միլիտոնյանը տեղեկացրեց, որ հա-մաժողովի նյութերը կտպագրվեն առանձին գրքով£

Օր հինգերորդ
Հոկտեմբերի 12-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակից սփյուռքահայ հայագիր և օտարագիր գրողներին` ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ:
Էդ. Միլիտոնյանը Սփյուռքի նախարարին ներկայացրեց հոկտեմբերի 8-12-ը Ծաղկաձորում կայացած համաժողովի արդյունքները` նշելով, որ անդրադարձ է կատարվել հայ գրականության արդի խնդիրներին:
Ողջունելով հյուրերին` Սփյուռքի նախարարը նշեց, որ հայկական մամուլն ակտիվորեն լուսաբանեց համաժողովի աշխատանքները, ինչն էլ հայ հասարակությանը հնարավորություն ընձեռեց ծանոթանալու սփյուռքահայ գրողներին և նրանց ստեղծագործությանը: Նախարարը կարևորեց նաև օտար լեզվով հայ գրականությունն ու միտքը աշխարհին ներկայացնելու հանգամանքը: «Ժամանակակից հայ գրականությունը մեծ հարստություն է ստեղծել, որին պիտի հասու լինի ոչ միայն հայ, այլև օտարազգի ընթերցողը: Այս իմաստով շատ կարևոր է մեր օտարագիր գրողների դերը: Սփյուռքահայ գրողներից շատերը մասնակցեցին նաև Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, և այս երկու համաժողովները լավագույն հնարավորություն էին ինչպես գրող-ընթերցող, այնպես էլ հայաստանցի և սփյուռքահայ գրողների միջև նոր կապերի ստեղծման համար»,- նշեց նախարարը: Սփյուռքի նախարարը հավելեց, որ հայ գրողներն են մտավորականության զարդը, քանի որ նրանք ոչ միայն ստեղծում են նոր գործեր, այլև մայրենի լեզվի կրողներն ու պահապաններն են օտար երկրներում:
Բարձր գնահատելով ամերիկահայ գրող, թարգմանիչ և խմբագիր Սարգիս Վահագնի` Սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեությունը և ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը բերած ավանդը` նախարար Հրանուշ Հակոբյանը նրան պարգևատրեց Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով:
Վրաստանում հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ, վրաց խորհրդարանի նախկին պատգամավոր Ժորա Սնխչյանն ընդգծեց, որ Սփյուռքի նախարարության հետ ակտիվ համագործակցության արդյունքում Միությունը կարողանում է արագ լուծել իր խնդիրները:
Իրանահայ գրող Վարանդը, իր ստեղծագործությունների վերջին ժողովածուն նվիրելով Սփյուռքի նախարարին, նկատեց, որ համաժողովի ձևաչափով հանդիպումները գրողներին լավագույն հնարավորություն են ընձեռում միասին աշխատելու, համատեղ գրական-մշակութային ծրագրեր մշակելու և իրագործելու:
Ռումինահայ գրող Մադլեն Գարագաշյանը շեշտեց, որ «Արի տուն»-ը լավագույն հայադարձության ծրագիրն է, և տեղեկացրեց, որ այս տարի իրենց համայնքից ծրագրին մասնակցած երկու աղջնակ վերադարձել են Ռումինիա ու ակտիվորեն ներգրավվել համայնքում իրականացվող հայապահպանական ծրագրերին` հանդես գալով հետաքրքիր նախաձեռնություններով:
Լիբանանահայ գրող, հրապարակախոս Խաչիկ Տետեյանն իր հերթին շնորհավորեց Սփյուռքի նախարարին` վերջերս տպագրած «Հայկական Սփյուռքը հարափոփոխ աշխարհում» հանրագիտարանային նշանակություն ունեցող աշխատության համար` նշելով, որ Սփյուռքի բոլոր համայնքներին վերաբերող այդ գիրքն այսուհետև պիտի օգնի բազում հարցերի լուծումները գտնելու ճանապարհին:
Քննարկվեցին առաջիկայում իրանահայ, վիրահայ, պոլսահայ գրողների օրերը Հայաստանում անցկացնելուն, ինչպես նաև երիտասարդ գրողների ընդլայնված խորհրդակցության կազմակերպմանը վերաբերող հարցեր: Հանդիպման ավարտին Սփյուռքի նախարարը գրողներին նվիրեց «Գրական Սփյուռք 2016» տարեգիրքը:
Համարի նյութերը պատրաստեց
Շաքե ԵՐԻՑՅԱՆԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.