Անուրանալի ներկայություն

Հոկտեմբերի 19-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ Սարգիս Կիրակոսյանի հիշատակի ցերեկույթը և նրա «Ականեալ ձայներ» ժողովածուի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ցավով նշեց. «Կան մարդիկ, որոնք այնքան լիքն են ստեղծագործական հզոր լիցքերով, բարությամբ, շատ-շատերին հույս, հավատ, ջերմություն տալու ալիքներով, որ անկարելի է դառնում նրա մահվանը հավատալը: Այդպիսի մարդկանցից էր Ս. Կիրակոսյանը, որ միշտ աշխույժ ռիթմ էր թելադրում: Մարդ, որ իր գրականությամբ չէր ծանրանում դիմացինի վրա, իրեն գնահատելու պահանջատիրություն չուներ: Տաղանդավոր մարդու կեցվածք կար կյանքի ու մահվան մեջ: Այս երկուսի պայծառ ոսպնյակի մեջ ցոլացող լույսը ուներ Սարգիսը: Նա ապրում էր հանուն գրականության, ծառայում էր հայ գրականությանը` կամուրջ դառնալով Հայաստանի և Բեյրութի միջև»:
Բանաստեղծ Հենրիկ Էդոյանը Ս. Կիրակոսյանին բնութագրեց իբրև բացառիկ հոգու, մտքի տեր անձնավորության, ծայրահեղության հասնող հայրենասերի, ով կապված էր Բեյրութի, լիբանանյան գրականության, արաբ բանաստեղծների հետ: 70-ական թվականներից արդեն լինելով գրականության մեջ որպես նոր սերնդի բանաստեղծ և նոր խոսք ասող՝ նա երբեք կապերը չկտրեց նախորդ սերնդի հետ` գրելով բանաստեղծություններ դասական և ժամանակակից պոեզիայի համադրությամբ, որոնք շատ մոտ էին հայաստանյան սերնդի գործերին: «Ս. Կիրակոսյանի պոեզիան համահայկական բնույթ ուներ»,- վստահեցրեց Հ. Էդոյանը:
Բանաստեղծ Հակոբ Մովսեսն արժևորեց այն հանգամանքը, որ ապրելով օտար միջավայրում, քաջ տիրապետելով արաբերենին, արաբական բանաստեղծությանը` Ս. Կիրակոսյանը կառչած էր իր մայրենի լեզվից: Անդրադառնալով արաբ բանաստեղծների թարգմանական ժողովածուին` բանախոսը այն համարեց մեր թարգմանական գրականության լավագույն գրքերից, որը լիուլի բավական է այդ բանաստեղծության միտումների, ուղղությունների, լեզվական շերտի, գեղանկարչության մասին ամփոփ գաղափար կազմելու համար:
ՀՀ Սփյուռքի փոխնախարար, գրականագետ, բան. գիտ. թեկնածու Սերժ Սրապիոնյանը բնորոշեց Ս. Կիրակոսյանին իբրև հայրենական գրականություն մուտք գործած շռնդալից սերնդի յուրօրինակ տեսակ լիբանանահայ սփյուռքյան գրականության մեջ. «Քրիստոնեական առաքելություն ուսերին վերցրած՝ նա ծառայում էր ոչ միայն սփյուռքյան գրականությանը: Ս.Կիրակոսյանի սերունդը կարողացավ լրջորեն միավորել երկու գրականությունների տարբերությունները կամ ցույց տալ այդ երկու գրականության ընդհանրությունները»,- ամփոփեց նա:
Բանաստեղծ Արևշատ Ավագյանը, բարձր գնահատելով մտավորականի նրա կերպարը, մտահոգությունները, սերը դեպի պոեզիան, ասաց. «Իր կյանքը բանաստեղծական զգացողություններին, տրամադրություններին և կյանքին բանաստեղծի տեսանկյունից նայելու հրաշալի օրինակ է եղել, և դրա փայլուն օրինակը նրա կազմած «Մայրիներու ծիածանը» գիրքն է, որտեղ ընդգրկված հեղինակներին թարգմանել է այնքան սիրով, վարպետությամբ, որ թվում է՝ գործ ունես հայերենով գրված բանաստեղծություների հետ»:
Գրականագետ, ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, անդրադառնալով 2014-ին «Բագին»-ում տպագրված «Կարծես երազ մը ըլլար» անտիպ քնարավեպից մի հատվածի, նշեց, որ այդտեղ երևում է Ս.Կիրակոսյանի խառնվածքը` և՛ էպիկական եռանդը, և՛ չափազանց քնարականությունը: «Ս. Կիրակոսյանի ամենամեծ գործերից մեկը արաբական և մեր պոեզիայի այդ առնչությունների դաշտը մեզ ներքաշելն է, որը նաև մեծ հնարավորություն է տալիս Սփյուռքի գրականությունը ճիշտ հասկանալ և ամբողջ հայ գրական միասնական դաշտում տեսնել»,- ընդգծեց նա:
Ըստ արձակագիր Նելլի Շահնազարյանի` Ս. Կիրակոսյանը ինչի մասին էլ գրեր, սկիզբ էր առնում կյանքի նկատմամբ ունեցած սիրուց: Նա խոսեց գրողի բացառիկ հռետոր լինելու մասին. «Հմայում էր իր խոսքով, իմացությամբ, իր ձայնի հնչերանգով լսելի էր դարձնում ասելիքը»:
Գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը, ով նաև վարում էր ցերեկույթը, տեղեկացրեց, որ Ս. Կիրակոսյանը երկար տարիներ վարում էր «Ազդակ» թերթի մշակութային էջը, գրում էր գրական տեսություններ օրվա նյութի վերաբերյալ: «Բացառիկ գրականագետ կլիներ, եթե զբաղվեր միայն դրանով: Իր տեսությունների, իր գրական դիմանկարների, իր գրական շարադրանքների մեջ կարծեք թե փորձում էր ամբողջ Սփյուռքի գրական կյանքը ի մի բերել, համապատկերի վերածել»,- ամփոփեց նա:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.