Ճամփորդությունները թռիչքների առիթ են: Երբ թռիչքները գրական աշխարհում են, նրանց թևին երկար է ճախրում հոգիդ՝ անգամ վայրէջքներից հետո, նույնիսկ եթե երկրագնդի վրա աղետաբեր փոթորիկներ են: Թռիչքիս առիթը եվրոպական ԿՕԳԳԵ գրողների միության համաժողովին ու պոեզիայի ընթերցումներին և Սաքսոնիա–Անհալթի գրողների Ֆրիդրիխ–Բյոդեքեր–Կրայս միության միջազգային գրական ընթերցումներին մասնակցելն էր: Երբ հայրենիքդ աղետի մեջ է, ու ինքնաթիռը քեզ երկինք է բարձրացնում, անմիջապես ես տիեզերական լայնալույս անսահմանության առջև երկրագնդի մոլոր պտույտները զգում… Իսկ երբ վայրէջքդ երկնքից երկրին Եվրոպայում է, ուր երկար պատերազմներից հետո մարդիկ որոշել են փշալարերով չսահմանազատել երկրների սահմանները և ազգայինը մշակույթով զարգացնել, միտքդ իրական անհուսությունից դեպի ապագա է ճախրում ՝ գուցե մի օր էլ մեր բարբարոս հարևաննե՞րը մարդանան և իրենց անհայրենիք դեգերումների ճամփին մեր հայրենյաց սահմաններին չփշակալեն կամ դարավոր մեր ճանապարհները իրենց համար միջանցքներ կարծելով՝ երկիրը մեր չփորձեն գրավել…
Ավստրիայից Գերմանիա անցումը գնացքով միայն նոր կապի մասին հաղորդագրությունից զգացվեց: Արդյոք բռնակալները կարդո՞ւմ են խաղաղության հաղորդագրություններ, թե՞ նրանք պատերազմներ են միայն հրահրում աշխարհում, լույսը թողնո՞ւմ են, որ թափանցի իրենց պատերից ներս, թե՞ նրանց չարիքի պատերն անթափանց են մշտապես: Վիեննայից Նյուրնբերգ հարթ, բայց խրթին էր մտորումների ճամփան: Երբևէ մարդկային արդարություն կհաստատվի՞ երկրագնդի վրա՝ շահած կամ տանուլ տված դատավարություններից անդին…
Շթայնը խաղաղ, ոչ մեծ քաղաք է՝ գերմանական ուղիղ փողոցներով, գեղեցիկ ծաղկազարդ պատշգամբներով, ծառաշատ պուրակներով, դանդաղահոս գետով, քաղաքի կենտրոնում վեր խոյացող գոթական ոճի եկեղեցով ու հանրահայտ Ֆաբեր-Քասթլ ակադեմիայով, որտեղ և ԿՕԳԳԵ-ի մեր համաժողովն էր: Եվրոպական լայնախոհությունն ու ստեղծագործական քննարկումները փոթորկահույզ հայի իմ հոգին երանավետ անդորրով էին լցնում: Բայց իմ խոսքը իննամսյա շրջափակումից հետո ռմբակոծվող Արցախի, մեր հայրենիքի վրա հյուսիսի ու հարավի բարբարոսների դարավոր հարձակումների շարունակման ու եվրոպացի գրողների՝ արդարության ձայն բարձրացնելու մասին էր: Շատերի համար ըմբռնելի էր արցախյան խնդիրը, երբ լսում էին, որ այն սովետական ժամանակներից է առաջացել՝ նման բեռլինյան պատին: Շատերը գիտեին ճիշտ պատմությունը: Բայց աշխարհում իշխողը քաղաքականությունն է, և մարդիկ բանաստեղծներին չէ, հռետորներին են լսում, որ նրանց դեպի հողերն են չգրավված առաջնորդում: ԿՕԳԳԵ-ի համաժողովների ընթացքում, ստեղծագործական քննարկումներից բացի, կարևորվում են նաև գրական ընթերցումները, որտեղ անդամները ծանոթանում են միմյանց նոր ստեղծագործություններին: Այս տարի «Թռչուն թռչունի ետևից» էր ընթերցման խորագիրը: Այն տեղի ունեցավ Շթայնի Հին եկեղեցում, որտեղ հիմա առավելապես մշակութային միջոցառումներ են անցկացվում: Մասնակցում էին բանաստեղծներ Ավստրիայից, Գերմանիայից, Ճապոնիայից, Ֆինլանդիայից և Ռումինիայից: Թավջութակի նվագակցությամբ մարդկային հոգու բանաստեղծական բազմալեզու ելևէջները երկնահաս ճախրանքներ էին դառնում:
Ճամփորդությանս հաջորդ քաղաքը Հալլեն էր: Գերմանիայի քաղաքների մեջ այն առանձնանում է իր հայկական «Սուրբ Հարություն» եկեղեցով և Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնով: Գողտրիկ առանձնության մեջ եկեղեցին իր շուրջն է հավաքում Հալլեում և շրջակա քաղաքներում ապրող հայերին՝ ինչպես Սփյուռքում ամենուր: Այնտեղ հնչող երկնահաս աղոթքը, Հայր Եղիշեի հոգեշունչ աշխատանքը ոչ միայն Բեռլինում ու Հալլեում, այլև մյուս քաղաքներում պահպանում են Գերմանիայում ապրողների հայկականությունը և Հայոց եկեղեցու լուսավորչական ներկայությունը քրիստոնեական աշխարհում: Մեզ համար այն հարազատ քաղաք է դարձել Հայաստանի գրողների միության և Ֆրիդրիխ–Բյոդեքեր–Կրայս (ՖԲԿ) միության համագործակցության շնորհիվ, որտեղ կյանքի են կոչվել համատեղ շատ նախագծեր: ՖԲԿ-ի գործադիր տնօրեն Սանդրա Հոյխելի հետ քննարկեցինք միջազգային գրական ընթերցումներին հայ գրողների մասնակցության շարունակման և ՀԳՄ-ի հետ նոր նախագծերի իրականացման հարցեր:
Գրական ընթերցումս Գրականության տանն էր: Առաջին մասը պոեզիայի ընթերցում էր՝ «ՕԴԱ» ամսագրի խմբագիր Անդրե Շինքելի զուգահեռ գերմաներեն ներկայացմամբ: Գերմանիայում մեծ ավանդույթ են գրական ընթերցումները, դա է այնտեղ մշակութային զարգացման բարձր մակարդակի գրավականը: Ու հաճախ ապշեցնող է, թե ինչպես են նրանք ունկնդրում օտար լեզվով հնչող բանաստեղծությունը: Իսկ եթե թարգմանությունը բանաստեղծությանդ համահունչն է այլ լեզվի տարածությունում, հոգեթով գնահատանքներ կտեղան: Ձեռնարկի երկրորդ մասը նվիրված էր հայկական մշակույթին, որին մասնակից էր նաև հայագիտության պրոֆեսոր Արմենուհի Դրոստ-Աբգարյանը: Նրա ղեկավարության ընթացքում Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնը ընդլայնել էր իր գործունեության սահմանները՝ նպաստելով հայագիտության զարգացմանը Գերմանիայում: Վկան՝ ներկաներն էին տարբեր վայրերից: Հանկարծահաս արցախյան բռնի տեղահանությունը ցավն է ամեն հայի՝ աշխարհի որ ծայրում էլ նա լինի: Ունկնդիր գերմանացիները, որ քաջատեղյակ էին հայոց պատմությանն ու մշակույթին, ծրագրվածից երկար ժամանակ անց շարունակում էին հարցեր ուղղել մեզ, Արցախին օգնելու իրենց զորակցությունն ու պատրաստակամությունն էին հայտնում: Այդ ժամանակ թեև սփոփանք է բարեկամական փոխըմբռնումը, թեև հասկանում ես, որ մարդասիրությունն է մարդկային աշխարհը լուսավորողը, բայց անբառավորելի մի ցանկություն ես ունենում, որ զորավոր լիներ երկիրդ, մշակույթով ու հաղթություններով ճանաչվեր, ցեղասպանություն կոչված բառը հայոց հետ այլևս երբեք չհորջորջվեր աշխարհում, ինչպես հիմա է… Ու կրկին անգամ դառնորեն հասկանում ես, որ մատյանները մեր Մատենադարանում մեզ համար են ընթեռնելի միայն, գիրը մեր չկարդացված է աշխարհում, մշակույթը մեր՝ պարբերաբար աղճատումների ենթարկված, որմնանկարները մեր՝ եկեղեցիների պատերից բարբարոսաբար ջնջված, պատմության մեր էջերը առավելապես ողբասացութուն են, իսկ լուսավորը այն, որ պիտի լուսավորեր երկիրը մինչև հայրենյաց ներկա ու դարավոր եզերքներ, ապա այլոց իբրև ազգային ինքնություն ներկայանար, լուսարձակի փոխարեն՝ մոմի լույսի հույսին է երկրագնդում… դարեր ի վեր…
Հալլեում էր Ֆրիդրիխ–Բյոդեքեր–Կրայսի ամենամյա միջազգային գրական ընթերցումների՝ Interlese-ի եզրափակիչ ընթերցումը, որին մասնակցեցի: Այն անցկացվում էր քաղաքային թատրոնում: Մասնակցում էին գրողներ Ավստրիայից, Գերմանիայից, Դանիայից, Լեհաստանից, Լիտվայից, Նիդեռլանդիայից, Նորվեգիայից Շվեյցարիայից, Ռումինիայից և Ռուսաստանից: Անկախ ազգությունից՝ թռչունների երամի պես են բանաստեղծները: Իսկ երբ հաղորդակից են միմյանց աշխարհներին, հետաքրքիր են պոեզիայի աստվածային ու մարդկային ակունքների բացահայտումները: Հալլեում ապրող երաժիշտ Դավիթ Դրամփյանը հանդես եկավ երաժշտական դասական ու ժողովրդական ստեղծագործությունների կատարմամբ: Ունկնդիրների բուռն ծափահարությունները վկան էին հայկական պոեզիայի ու երաժշտության մեր բարձրակարգ ներկայացման: Դավիթը ոչ միայն կիթառ է նվագում, այլև Հալլեի Կարմիր աշտարակի երգեհոնն է հնչեցնում: Գերմանական դասական ու հոգևոր երաժշտությունից բացի, այնտեղ հաճախ Կոմիտաս է հնչում:
Թռիչքներից հետո որքան էլ դժվար լինեն վայրէջքները հողին, որքան էլ աղետալի փոթորիկները երկրային, որքան էլ կռիվներով ու պատերազմներով լեցուն փոքր ու մեծ աշխարհները մարդկային, անցնում են մի օր, ու մնում է լուսավոր հետագիծը միայն՝ հաստատելով, որ մնայունը գիրն է, լեզուն ու նրանով ստեղծված ազգային ու միջազգային մշակույթը, որ երկրեերկիր անսահման լույս ու խաղաղություն է սփռում: Կարևորը ապագա թռիչքների տեսլականն է երկնքում: