26.11.2025թ.
(խոհեմություն)
Ծակ գուլպան
հին կոշիկի օձիքին փլված
խորհում է.
«Մերկությունը ամոթ չէ.
ոչ ճիշտ տեղում
մերկանալն է ամոթ»:
25.11.2025թ.
(երկու անհայտով մեկ հավասարում)
Ես չեմ նեղանում արդեն
ոչ մեկից,
բայց ցավս դրանից
լոկ ավելանում է,
կոտրված ճյուղի
լռության նման:
21.11.2025թ.
(մենություն)
Ես լսեցի աշնան
ուշացած անձրևակաթիլի
ճայթելը, երբ
խփվեց ծառին չորացած
կենտ
պտուղ – արցունքին:
20.11.2025թ.
(բարձրագույնը)
Ընկել եմ, վեր կացել,
թռել եմ ու քայլել,
բայց ամենավերինը՝
(անգամ չորեքթաթ չարած)
ցատկս է եղել
մորս գրկի մեջ:
15.11.2025թ.
(աշնանային փողոցում)
Խելառ ձին
քացի տվեց
խաշամ թրջած արցունքիս.
ես տխրեցի,
ու ցավ գրկած
իմ սիրվելը հիշեցի:
13.11.2025թ.
(չհասկացա)
Ես՝ շեմիդ քունքին
Չարարգել փուշ-հմայիլ.
աչքիդ փուշը
այդ ոնց դարձա:
18.10.2025թ.
(հայրենիք)
Խնձորենին
արմատներով խրված է հողում,
ճյուղերին պտուղներ են որդոտ,
իսկ կարմրաթախիծ տերևների տակ
հատուկենտ առողջները սրտում
փայփայում են գենի հունդերը:
Ես ծառի տակ ընկած խնձոր եմ…
05.10.2025թ.
(դեմ առ դեմ)
Այլևս չեմ ուզում խաբել
ինքս ինձ,
իբր՝ ճերմակը հնարավոր է ճերմակ չէ,
և ճաք տված ուղեղից կաթող
համբերանքի փշուրն էլ
կարող է սիրտ չճեղքել:
06.09.2025թ.
(հանկարծ տեսա)
Քո աչքերը՝
գավառական դալլաքնոցի
պատուհաններ,
ուր բիբերդ են մթապեծիկ,
խաշամի վրա ճեմող
սև կատուներ..
19.02.2025թ.
(եղել է, որ…)
Ինձ մոտ եկող վազքդ գոլոտ
շոգեպատել է
պաղած պատուհանները հոգուս,
լուսե բուրվառով խնկարկել
լինելիության ծեսը
արշալույսից արշալույս,
ճամփաչափս՝ սպասումի հայացք,
քեզնով շաղել է,
հարություն տվել և…
և հոգեդարձածի երանությամբ
լցրել ապրեցնող օդը շնչովդ:
22.02.2025թ.
(ոչ մի կասկած)
Շնաբարո ժամից պոկված,
բռնահարված ու դեն նետված
լույս եմ հանգած, կենտ մնացած,
ով զղջումի մոմը վառած՝
կանէանա մի օր անդարձ,
և չի լինի ոչ մի վարկած,
թե այս մարդը որպես արկած
ինչո՞ւ եկավ ու զուսպ գնաց,
երբ երազ էր երկնից իջած:
23.02.2025թ.
(իսկ ես ասում եմ)
Արծիվն ու օձը
կարող են հասնել
ժայռի կատարին,
իբրև բարձր գահ,
մեկը՝ թռչելով,
մյուսը՝ սողալով,
բայց երկինքը, տես,
արծվին է օծել
իր լազուր թագին
տեր ազնվայր:
27.02.2025թ.
(լուրջ զավեշտ)
Անփողկապ սպասեցի,
երկա՜ր-երկա՜ր սպասեցի,
պարզվեց՝ կա լոկ
սուրբ մենություն…
Վզնոցս հանգուցելով
հանց տոն-փողկապ`
պինդ ձգեցի օձիքիցս,
անցա շարքը զարկվողների՝
որպես պարտված երազահար:
Բռնացումն այս
գուցե սիրուն ու վեհ լիներ
անձիս համար,
եթե հոգնած մի արձագանք
ներսս պատռող չքրքջար.
«Է՜, խև աշխարհ, կենտ
փամփուշտ ալ չունիս պահած»:
04.03.2025թ.
(մարտն է դրսում, ու մենք քայլում ենք)
Թոռս՝ ուսերիս,
քայլերիս տակ
հրազդանյան գարնան շլոփան,
մեջս՝ խուլ տրոփ,
հնանոր թախիծ
ներսս ճմլող բանաստեղծության.
«…Ու կորցնելու ցավ կա իմ մեջ,
Իսկ փողոցում այս շլոփա
հոգսն է ահա կարևորվում
մեր թրջված գուլպաների սառնությունից»:
– Հիշելուց հոգնել եմ, Շանթս,- բարձր ասացի,
իսկ նա վերևից խռով հեգնում է .
-Այսօր քայլում ենք,
քայլում ենք, քայլում
ու ո՞նց է, որ տեղ չենք հասնում, պապի՛կ:
19.03.2025թ.
(չնման նմանություն)
Մե՛ղքս, բոլորի պես չլինելու մեջ,
երբ տրտմած տեսա. հասկացա,
որ հասել եմ այնտեղ, որտեղից անդին
հնադարձ նորը հին չէ ու փոշոտ.
այլ՝ վայելչություն է,
ուր «Լինում է, չի լինում»
ձայն-գաղտնաբառով
բացվում է փականը օդե դռնակի,
որից ձգվում է մուժածուփ,
տարտամ իմ խումարությունը՝
լինել, թե չլինել…
Տե՛ր իմ, ե՞րբ այդքա՜ն, այդքա՜ն խմեցի.
չէ՞ որ ժուժկալ եմ և
«խմուկ մարդկանցից ես կպատըռեմ»:
26.03.2025թ.
(տրիոլետ գարնանային)
Եսս եսիս չի հասկանում,
Ինձ օտարը ո՞նց հասկանա:
Հմայլվելո՞վ արդյոք ընկա.
Եսս եսիս չի հասկանում:
Վերուվարս՝ երազամույն.
հույս – լծակս ո՞ւր է, չկա:
Եսս եսիս չի հասկանում,
ինձ օտարը ո՞նց հասկանա:
25.03.2025թ.
(մտարանի ոլորաններում)
Սրճում ենք խոհածխելով.
ես եմ ու Սլավի – Ավիկը Հարությունյան,
ում մտքի նուռը ճաքեց բարբառուն.
-Ամեն ճշմարտություն չէ,
որ հետաքրքիր է ու միֆ,
սակայն ամեն միֆ
զիլ հետաքրքիր ու ճշմարիտ է:
Ներսիցս դանդաղ վեր ելավ մի ձայն.
-Կաղնի եմ վաղուց հողին տապալված,
տևում եմ այսպես…
29.03.2025թ.
(հետահայաց բանաձև)
-Ոչ հանդիպումներս
գնահատեցի, ոչ բաժանումներս,-
ասաց բեմադրիչը:
-Ամաններ լվալը մնաց մեզ օգուտ,-
թաց ձեռքերը սրբելով՝
հեգնեց դերասանը:
Ես էլ իմ չափով, հանց «արդի ուսյալ»,
խոսքի մեջ ընկա.
-Ասում են՝ ժամանակի ոտքերը
պիտի լվաս,
որ բաժանարար ներկան
անցյալ – գալիքի միջև չլինի:
ՆԱՎԱՏՈՄԱՐ 30.03. 2025 թ.
(տրագիկոմեդիա)
Հայկական իշխանը
պահածոյացվել է ու դարձել
«տոմատի սոուսով կիլկի»:
Խնդունները ծիծաղում են,
այնինչ ծիծաղը նրանց լաց է,
ինչպես ողբացողների
լացը՝ ծիծաղ:
Մուրացկանի պարզած ափը
ծով երիզողը չէ,
ու թթվող ցավից է
քամվում աղաջուրը նրա:
Թևաթափող է փուչ մոլորությունը.
քափն ու սերը մեկ են դարձել,
ու ճահճի չարքը եղունգները
մշակած հրեշտակ է թվում
իրականի ու անիրականի արանքում:
…Եվ այդպես էլ անհավանական է
թունդ ճշմարտությունը:
02.04.2025թ.
(վարդ – բառ աղջկան)
Տողդ՝ երակ,
խոսքդ՝ արյուն,
բառերդ՝ լեռնաջրի
վարդ պուտերով
կարմրախայտեր,
որ լողում են
ակունք սիրտդ.
լեզվաբույրիդ հոգեշնչով
ողողում են
արտաշխարհդ զմայլանքով:
08.04.2025թ.
(անպարզություն)
Սրան-նրան մեղադրեցի,
որ չեն տարբերում
գլխավոր ու երկրորդական.
ավաղ, ուշացած ես գլխի ընկա,
որ այդ երկուսի հետ
հեչ էլ կապ չունեմ,
բայց և չգիտեմ՝ որերորդականն եմ:
15.04.2025թ.
(ծանր դեպք)
Մատների վրա
ինձ խաղացնելու համար,
մատներդ, անշուշտ,
սակավ են ու թույլ,
քանզի հոգով է լինում միշտ խաղս,
և թևում է այն երակների մեջ
ծափ տվող արյան ծփանքի շողով
մի սիրահայաց սրտատրոփում,
որտեղ թափվում է
աչքերից ցայտող կայծերի լույսը
արձագանքներով ցնորաժամի,
երբ բազկով զեղուն
գրկված է լինում խելառությունը:
