ՀՄԱՅԻԼ/Դարիկո ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ո՞վ է քեզ դրել աչքերիս վրա,
Որ փակ աչքով էլ ամեն ինչ տեսնեմ,
Հեգնությամբ դատված թշնամիներիս՝
Առանց տեսնելու ես զանազանեմ
Ու բռնեմ նրանց ձեռքը զազրագործ։
Ահա՜, տատրակի կտուցը պայթեց
Հորս տան գլխին, Օդապարուկներն
ու լուսախորհուրդ բառերը իջան,
Դիրք ընդունեցին
Ու նկարվեցին տանիքի վրա…

Հպվեցին սարսուռ ջրերին զուլալ
Ծիծեռնակների կրծքերը ճերմակ՝
Որպես փրփուր հաց հալածվածների,
Ու կերակրեցին քաղցերը մահի,
Կերտեցին ծարավն անհագուրդ կրքի,
Որը, տե՜ս, գտավ ջրերի խորքում ապրող քարերի Բառածածկույթը՝
թաքնված խեցի…

Ո՞վ է քեզ կապել շուրթերիս մեղքին,
Որ աղոթքներս մեղրի պես ծորան
Բոլորի ճամփին առանց լռության,
Բացառիկ մի սեր մատաղը դառնա
զոհասեղանի,
Խորհրդավորի ծեսերում բացվի
Մեղանչմամբ սաստիկ,
Մարդեղացումով փայլեցնի միտքը,
Ու նորեն հանձնի առ բնությունը՝ առանց մեղքերի։

Ինչո՞ւ ես կանգնել հոգուս տան շեմին,
Հստակ թարգմանում իմ զննումները՝
Իբրև հայտնություն…
Ո՞վ է քեզ տվել արյանս ծովի խաղաղ սահքերին,
Որ սսկվել են խոսող ձկները, ու ես եմ խոսում…

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Թե ճակատիս պանդխտության սևն է դաջված,
Լավ է դառնամ մեր նեղ ձորում՝ փշատենի,
Գլուխս կախ, հողի հետ մունջ,
Որպես ուխտյալ միանձնուհի՝
Շարականներ ջրին փռեմ զմայլանքի…

Ջրերն ինձ հեքիաթ պատմեն՝ Հարսանիքի ալրամաղի,
Նայեն բեհեզ աչքերիս մեջ ու հիշեցնեն՝
Ինչպես էինք թաղի սիրուն աղջիկներով
Յոթ մաղ ալյուր մաղում ճիչով, զրնգալեն,
Որ տարոսը գտնենք հաջորդ հարսնացուի…

Ու վայելում մեր հետճամփին
Կոնֆետ, փշատ՝ գոգնոցներից նախշունազարդ,
Հետն էլ հայացքներով խեթում
Տարոս գտած բախտավորին…

ԲԱԽՏԴ Է ԾՈՒՌ
Դրախտային շամանդաղից դուրս հորդացող՝
Շնորհդ շատ, թասդ լեցուն,
Բաշխող, տվող ամենեցուն,
Ինչին էլ որ մատդ դիպչում՝
Լույս տաճար է սաղմոսերգում,
Բայց արի՜ տես՝ իմ բախտի պես,
Բախտդ ծուռ է, երկի՛ր հրկեզ…

Քո սիրո պես ո՞վ կսիրի և կհոգա՝
Պտուկներից մեղրաջրի ոսկին հորդա,
Մրգերն ամեն եռան իրենց սրտերի մեջ
Ու խենթացնեն մագաղաթի բերան ու էջ,
Բայց արի՜ տես, սիրուս հանգույն՝
Սերդ դավեց, երկի՜ր հորդուն…

Բախտիս նշան բախտդ է ծուռ՝
Ուրացան քեզ մինչ Աստծո դուռ…

***
Լռության մեջ խորախորհուրդ
Լռեց աղջիկն, ու խորհուրդը
Որսաց պահը աստվածային…

Ամպերի մեջ լաց էր լինում
Մի որբ հոգի, և արցունքը
Կաթկթում էր առանձնակի
Մի ջերմությամբ շենշող լույսի …
Արահետը մոռացել էր դաղձի
Ճամփան սիրակարոտ
Եվ ասպետին ուղեկցում էր
Դեպի ժայռի ծերպը աստղոտ։

Ա՜խ, գուցե դու ինձ փնտրել ես
Ամենուրեք ու չես գտել
Իմ ուսերի ջերմությունը
Կաքավահոտ…

Ու գուցե դու իմ ասպետն ես,
Ու այսպես է եղել գիրը քո ափերի,
Որ կարդացել, գողացել է
Մի գնչուհի՝ կեսգիշերի
Շշունջներում տրվելով քեզ…
Ու ես հաստատ շատ եմ բարի՝
Սիրո անվերջ կախարդանքի
Թռչունների թևին նստած,
Որ թռցնում ու բերում են
Ինձ քո դուռը խնկարկումի։

Եվ գուցե դու նա՛ ես եղել,
Ում փնտրել եմ ու չեմ գտել
Քայլամոլոր իմ ճամփեքի
Անցուդարձում,
Ու խորհել եմ խորախորհուրդ,
Որ կմնամ մենակության
Դղյակներում՝ որպես մի կույս,
Ում աչքերը տենչալու են
Միայն նրա մարմինը լույս…

ՏՈՆ
Ճողփացող ջրից ձուկն ինձ բիբեց՝
Ոգեհմայքով ջրօրհնեքային,
Արծաթածնծղա իր թեփուկներին
Լուռ նկարելով աստղազարդերը
Հին աստվածների, հետո այն մեկին,
Ով ջուրը գինի դարձրեց սեղանին…

Երբ աչքերի տեղ պոչը շրմփաց,
Ու ջուրը լվաց սերն ու երգը իմ,
Կարծես շուրջբոլոր հօդս ցնդեցին
Որսացանցերը ավազափերի…

Կտակ էր ձեռքիս, քար էր ջրածեծ,
Եվ ընդամենը գրված էր մեկ բառ,
Որը կարդալով՝ բարձրաձայնեցի
Շարականներն իմ ամպածրար…

ԱՆՎՐԵՊ ԾԱՂԿԱԾ
Ջուրն ինձ արթնացրեց,
Երկա՜ր մնացի ջրերի կողքին,
Երբ վարդը բացվեց հոգուս պարտեզի՝
Արտացոլանքը ջրերը տեսան,
Եվ վտառները զգացին գունեղ
Համաչափության թերթիկներն ինչպես՝
Թեփուկներն իրենց ոսկեկար մատյան,
Ու լողացին դեպ առտվան տաղի իշխանությունը՝
Բոլո՜ր վարդերի հայելիները երգասացության։
Մտահղացման պարմանիները
Մելոսի գրկից՝ հավերժ մեղրահաց,
Իրենց կոկորդով վեցը ձայնավոր
Որսացին փութով և շտապեցին
Տոնահանդեսի շրջադարձերը
Կատարելության երգերով օծել
անդրերկնային՝
Բացահայտելով ջրերի տարած
Անվրեպ ծաղկած զգոնությունը՝
Անավարտելի և արևաձայն
Արարման ոգին վարդը երգողի…

ՀԱՆԴԳՆՈՒԹՅՈՒՆՍ
Այն գիշերն ինձ ծնեց
Եվ դրեց արշալույսի թարթիչների վրա։
Արևածագը թարթեց աչքերը,
Սահեցի, ընկա սավանին
մեղվաստեղծման…

Միջօրեն արագ ինչ-որ բան շշնջաց՝
Մայր մեղվի պահին խոր երանության,
Ու թևեր առած՝ դաշտերը թռա
Բառակազմության…

Նեկտարի հեղեղ, բայց շուրջս բոռեր,
Որոնք նեկտարդ կարող են խլել,
Կարող են կուլ տալ մեղրախոսքերդ…

Խոյի կաթնահունց գիշերն էր ծնել՝
Հանդգնությունս,
Որն ի՜նչ հրաշքով դատապարտված էր
Մեղրահացերիս հսկողը լինել
Ու փշաքաղված՝ սարսռադողալ,
Հիանալ, խարկվել, նրանցից թռչող
Բառապարսերում,
Բայց չլիանալ, մնալ կիսաքաղց,
Անընդհատ տենչալ շարունակության
Եվ շոշափելի ու հանդիսավոր
ոգեշնչությամբ
Խորքը ասմունքել իր իմաստնության՝
Հաղորդվելով բյուր ծաղկաճառերին,
Ու նրանց ներսի մեղրածովերի
Լուռ ծփանքներին…

ԽՈՐՈՒՆԿ ՀՐՃՎԱՆՔ
Գիտե՜մ հաստատ, քո աշխարհից չեմ բնավ,
Սակայն ընծա-ավետիս եմ վերևից,
Եղեգներն են վկաները այն ջրի,
Որն իր ծոցում կարմրախայտեր է բերում՝
Զնգուն ձայն ու ձայնարկումով պատրանքի,
Կապում սրտիդ երգեցիկին՝ երանի՜,
Հիշողության ճամփին այն մենակյացի,
Ում շնորհը մեղրածոր ու գեղանի
Խատուտիկներ է դաշտերում աճեցնում,
Բոցավառում, փառաբանում աներկյուղ՝
Խորունկ հրճվանքն արարումի բույրերի…