Հրանտ Թադևոսյանի գարնանային բնանկարի թեմաներով
Լեռներից վերև բարակ-փիրուզե
Երկինքն է ծփում ամպերով-նավակ,
Թխպերը թռչունք՝ ոնց աղավնակերպ
Արարված լինեն, սակայն ո՛չ ձեռամբ:
Ո՜ւմ միտքն է այսպես նուրբ եզրագծել՝
Զատելով երկինք՝ հողերից հերկված,
Կապտամշուշե վարագույր քաշել
Լեռան մերկացող կրծքերի վրա:
Հեռուների քով՝ նորածիլ-կանաչ,
Վառ-կարմիր-կակաչ դաշտն է տարածվել,
Ես էլ աննշմար (ոչ ոք չիմացավ)
Տարրալուծվեցի մշուշների մեջ…
Մի ճերմակաթույր ամպիկ ոնց հեծյալ
Ինձ առավ թամբին և սուրաց եթեր,
Իմ հեռացումից ոչ ոք ցավ չառավ
Եվ անհուսությամբ չհայեց Վերև…
ՀԵՌԱՍՏԱՆՆԵՐՈՒՄ ԱՐԵՎԱՄՈՒՏ ԷՐ ՍԵՐԿԵՎԻԼԱԹՈՒՅՐ․․․
Սեդրակ Երկանյանի «Հայրենի մայրամուտ» կտավի մոտիվներով
Հեռաստաններում արևամուտ էր սերկևիլաթույր,
Ժամն էր ննջումի գունափոխումով մուգ-դեղնադարչին,
Թեթև մշուշված լեռնապարերին՝ անվրդով անդորր,
Անընկալելի եթերայնությամբ կապտականաչի։
Հողը դարչնության ջերմով էր շնչում աշնանավերջի,
Եվ լեռնահովտի գոգում վեր ու ցած լույսը կխաղար,
Զմրուխտե առու – արահետներ են ստվերել գետնին
Բարձրուղեշ ծառեր, որ կիսամթան ժայռեր կթվան։
Իսկ գուցե նրանք վանականներ են զգեստավորված,
Կընթանան դանդաղ հեռու և մոտիկ, խմբով ու մենակ,
Գուցե դառնում են ժամերգությունից ուշ երեկոյան,
Հողը՝ Սուրբ սեղան, և վերջալույսն է վանքը դռնբաց։
Ո՜նց ներդաշնակել անդորրությանը խռովությունս
Եվ շնչավորվել երեկոների վեհ խաղաղությամբ,
Լուռ խոնարհությամբ ընդունել հղած Քո փորձությունը
Եվ չդադարել բանաստեղծելը աղավնաբերան․․․
***
Լորիկ Մինասյանի «Սուրբ Հռիփսիմե վանքը» կտավը
Մոխրակապտաթույր միգամածության թավիշ-դյութանքով
Ասես շուրջանակ ճառագայթում է վանքը Կուսանաց,
Մինչ մայրամուտի պայծառ-լուսարար պատարագումով
Հաշտության խոսքով Անտեսն է ասես իբրև հուշարար:
Միտքս մինչ այս պահ սերտած աղոթքի բառը մոռացած՝
Նոր սաղմոսների կնդրուկաբուրվառ հունչն է որոնում՝
Մերձավոր դաշտի գունափոխ խոտի ալեհերությամբ,
Չոր ավշե ճյուղքով ծառի մերկացյալ անօգնությունով:
Ո՜նց տագնապներից նահատակներից ապաստան հայցել՝
Քարե մաշվածքով դողդոջ հասնելով ոսկերքին նրանց,
Վանել նենգություն և մինչև դրժում անձը ճանաչել,
Ներել հայցողին… և չհայցողին բաց թողնել խաղաղ…
Կապտալուսաթով և մոխրաթափանց միգամածությամբ
Հասնում է պահը ուշ ժամերգության և լուռ խոկումի,
Կարողությո՜ւն տուր կշռել չափումով տիեզերական,
Կասկածի թույնով չխարկվել երբեք, չտրվել խանդին:
ԾԱՆԵՑԻ ՆՐԱՆ…
Գրիգոր Նազարյանի վանքանկար-բնանկարի թեմաներով
Լեռներում ձյունեց մեղմ ու մանրաշաղ,
Երբ մութը իջավ գետնին ծանրորեն,
Թվաց՝ խավարն է այդ հավերժական,
Եվ ճրագներն են Տեղերում հատնել:
Համրորեն ձյունեց, և արահետներ՝
Բարձունքներ տանող, աննշմար դարձան,
Անդ դեգերում էր միտքս անհասցե՝
Փնտրելով ջերմիկ ու մեն ապաստան:
Երբ մոլորյալիս քայլքին ընդառաջ
Արևելք կողմից Լույսը բողբոջեց,
Հունչեր արձակեց վաղ ժամերգության
Լեռնապարը՝ ոնց քահանայապետ:
Շենը նկատվեց, վանքը՝ գմբեթարդ,
Եվ ժամերգուի ձայնը կլսվեր,
Տեսնես՝ այս գիշեր ո՜վ էր բուժարար,
Ո՜վ էր՝ ճամփորդիս համար աղոթեց:
Պիտի բողբոջի՞ ծառը երկամյա,
Որ ուխտավոր է երևի տնկել՝
Թողնելով հույսին վանքի մերձակա,
Անծանոթների խնամքը հայցել:
Ծանեցի նրան, ով որքան խոնարհ,
Նույնքան ըմբոստ է աստ աղոթելիս,
Մեջը՝ ի՜նչ տոչոր, ինչպիսի՜ հավատ՝
Պատարագներին մեղմ ձայնարկելիս…
