Սկիզբը՝ թիվ 24-ում
Հետաքրքիր է, ի՞նչ կլիներ, եթե նրանք փոխվեին տեղերով` Կաֆկան նկարիչ է, Մունկը` գրող: Փորձենք պատկերացնել.
«Աղաղակը». կտավ, յուղաներկ, 91-73,5 սմ., հեղինակ` Ֆրանց Կաֆկա:
Նկարին` Պրահայի միջնադարյան քարակերտ կամուրջն է, կոպտատաշ վիթխարի քարերի մուգ շագանակադարչնագույն շինվածքն իր կամարները մռայլ սյուներով իջեցնում է լայնահուն գետի կապտասև ջրերի մեջ, կատաղած–փրփրած ալիքները բախվում են իրենց ընթացքը խոչընդոտած մամռակալ քարերին: Կամրջի սալարկի ողորկ մակերեսները սառը ժլատ արտացոլանքներ ունեն, հեռվում` ամպերի մեջ մխրճված, տեղ–տեղ երևակվող աշտարակների սրածայր գմբեթների ուրվագծերն են, գորշասև ամպերը ծանրորեն կախվել են կամրջի վրա, թվում է` ուր որ է կպատռվեն, կհեղեղեն կամուրջը սևամաղձ ջրերով: Կամրջի մեջտեղում, քարե զանգվածեղ բազրիքին թիկունքով հենված ճերմակաշապիկ երիտասարդն է, որ զույգ ձեռքերով գրկել է արնաշաղախ կուրծքը, տարակուսած–սարսափած մեզ է նայում, ոչ այն է՝ ինքն է իրեն հարվածել, ոչ այն է՝ լայնեզր սև գլխարկներով, մուգ բոսորագույն բաճկոններով, սև տաբատներով ու սև կոշիկներով երկու տղամարդիկ, որ հեռանում են` թիկունքներն արնածոր երիտասարդին արած, նվազ հավատալի է, որ երիտասարդին դանակահարել է մուգ մանուշակագույն վերարկուով բարեկազմ կինը, որ էլի մեջքն անտարբերությամբ երիտասարդին դարձրած՝ հեռանում է կամրջի սալարկով` հեռացող տղամարդկանց հակառակ ուղղությամբ, սևաթույր փարթամ մազերը ալիք–ալիք իջած են ուսերին և մեջքին, հեռու հորիզոնի մարող–աղոտ լուսաշեղբը գլխին կարմրադեղնավուն լուսապսակ է կազմել: Արնաքամ լինող երիտասարդը երկար ու ձիգ աղաղակում է, բայց ոչ ոք չի արձագանքում, նա, թվում է, չի էլ սպասում արձագանքի նկարում պատկերված ամենայնից, նրա աղաղակը օգնության կանչ չէ, նրա տարակուսած հայացքն ու սարսափի աղաղակը դարձած են երկինք, չերևացող այնկողմնային հեռուներին»:
Հատված «Դատավարություն» անավարտ վեպից, հեղինակ` Էդվարդ Մունկ.
«Ֆրեյլեն Բյուրստների պատուհանն աղոտ լուսավորվեց, Էդվարդը դուրս եկավ գիշերային մութ ստվերների միջից ու աննկատ մոտեցավ, ձգվեց` կրունկները կտրելով գետնից, նայեց… Մանկամարդ կինը հագուստն էր փոխում, դրսայինը հանել, պատրաստվում էր ներսայինը հագնել… Ի՜նչ գեղեցիկ է` մտածեց զմայլված Էդվարդը. հարևանուհուն այսպես, կիսամերկ, երբեք չէր տեսել: Գեղեցիկ էր, այո, թե՛ մարմինը, թե՛ դեմքը, թե՛ փարթամ շիկավուն մազերը, որ ոսկեզօծ մանրալիքներով իջած էին մեջքին, բայց շարժումներից ցնցվում, բացում էին մերկ ուսերը, մերթ մեկը, մերթ մյուսը… Տարօրինակ էր, երբ հանած զգեստը պահարանում տեղավորելու համար գնաց սենյակի հեռավոր կիսամութ անկյունը, կերպարանափոխվեց, մեջքը կորվեց, դալկացած մաշկի տակից կոպտորեն երևակվեց ողնաշարը, կողոսկրերը, դեմքը կնճռոտվեց, պարզ–ողորկ աղջկական արտահայտությունը դարձավ ծռված–բազմիմաստ, դիվային… Բայց չէ, լույսուստվերի մեղքն է, ահա, ետ է գալիս ու էլի նույն գեղեցկուհին է… Էդվարդը պոկվեց պատուհանից, մտավ շքամուտքով, ուզեց իր սենյակի կողմը գնալ, բայց հարևանուհու դռան առաջ ոտքերն ասես մեխվեցին գետնին, կանգ առավ կամուկացի մեջ, վերջապես վճռեց ու թակեց: Իսկ դուռը, պարզվեց, փակ չէ` թակոցի հրումից ճռռալով ետ գնաց:
– Աստված իմ…- բացականչեց վախեցած կինը,- Էդվա՞րդ… Դե, ինչպե՞ս կարելի է առանց թույլտվության ներխուժել միայնակ կնոջ սենյակ… Սիրտս ոնց խփեց…
– Բաց էր…
– Ժամին նայե՞լ եք:
– Ուշ է, գիտեմ, բայց… մտա, մտա, որ ներողություն խնդրեմ, չէի կարող վաղվան թողնել, գիշերն ինձ հանգիստ չէր տա:
– Դե խնդրեք ու գնացեք, ես ծանր օր եմ անցկացրել, առավոտյան վաղ գործի եմ:
– Ֆրեյլեն Բյուրստներ, իմ նկատմամբ դատավարություն է սկսված, և այն ձեզ էլ է անհանգստություն պատճառել, ես իմացա, որ դատական ծառայողներն իմ տունը խուզարկելուց հետո ձեր տուն են մտել…
– Մտել են, այո:
– Թեյ եք հյուրասիրել…
– Չլինի՞ խանդում եք… ձեր վիճակում… Աստված իմ, Էդվարդ, ինչ ծիծաղելին եք: Առաջարկեցի` քաղաքավարությունից ելնելով, չմերժեցին, նույնիսկ մուրաբա ուզեցին… Էդվարդ, ի՞նչ մեղք եք գործել, խեղճ տղա, ի՞նչ մեղադրանք է ներկայացված ձեզ… Մա՞րդ եք սպանել…
– Ուր է թե…- համարյա անձայն նետեց Էդվարդը, իրեն թվաց` ուրիշ մեկն էր, որ խոսեց իր ներսից:
– Չլսեցի,- համառեց կինը:
– Չգիտեմ… ոչ մի մեղք երբևէ չեմ գործել… կարծես թե…
– Իրենք ի՞նչ են ներկայացնում:
– Ոչինչ: Ասում են` մեղավոր ես, և քո դատավարությունն սկսված է: Իսկ ձեզ ի՞նչ հարցեր տվին:
– Հատուկ ոչինչ, էնպես… ում հետ եք մտերիմ, ովքեր են հաճախ գալիս ձեր տուն…
– Եվ ինչ պատասխանեցի՞ք:
– Ոնց կա: Հո չէի՞ թաքցնելու: Էդվարդ, ես չեմ կարող թաքցնել, գիտե՛ք:
– Գիտեմ, այո: Թաքցնելու բան էլ չկա, մտերիմներ չունեմ, երբեմն աշխատակիցներս են այցելում, պատահում է` գարեջուր ենք խմում…
– Այդպես էլ ասացի:
– Հարևաններից էլ միայն ձեզ հետ եմ մտերիմ… թե՞ չէ…
– Ինձ մի խառնեք, խնդրում եմ: Ու այնպես մի նայեք, ասես ես էլ եմ մեղավոր ձեր այդ դատավարության համար:
– Այո, իհարկե: Չգիտեմ՝ ինչ է կատարվում, հանգիստ ապրում էի, ու մեկ էլ… Ախր, որ կողմից էլ նայում եմ` մեղավոր չեմ… Սակայն ներսումս մի ուրիշ Էդվարդ ասում է` գուցե մեղավոր ես, բայց ինքդ էլ չգիտես: Ես էլ փնտրում եմ, փորփրում եմ հիշողությունս, ամբողջը` սկսած մանուկ հասակից…
– Խեղճ Էդվարդ… Մոտ եկեք, եկեք գրկեմ ձեզ, մոր կարոտ ունեք երևի, խեղճ տղա… Թուլացեք, շատ եք լարված:
Կինը գրկեց մոտ եկած Էդվարդին. ցավակցող գիրկ էր, տաք, հոգատար… Էդվարդը գլուխն իջեցրեց նրա կրծքին, կնոջ մազերը թափվեցին վրան, ծածկեցին՝ ասես պատսպարելով արտաքին աշխարհից, էդվարդին թվաց, թե նրանք շոշափուկների պես գալարվում, շարժվում են իր կիսադեմին, ծոծրակին… Հանկարծ զգաց կնոջ տաք, խոնավ բերանի հպումը պարանոցին, քիչ հետո զգաց նաև սուր ատամների ծակոցը, բայց չշարժվեց, չվանեց, հաճույքը գերազանցում էր ցավին, ցավն ինքն էլ հաճելի դարձավ, երբ անցավ անակնկալի շեմը, բացի այս, չգիտես ինչու, կնոջ գրկին, նրա շուրթերին ու ատամներին խոնարհաբար հանձնված Էդվարդն իրեն պաշտպանված էր զգում…»:
Նկարիչ ընկերս՝ Վարուժան Վարդանյանը, մի անգամ մի ցուցահանդեսի շուրջ ծավալված զրույցի ժամանակ նկատեց` նկարչությունը գրականություն չէ: Համաձայն եմ, այդպես է: Բայց ես գրող եմ, և իմ համակրանքն ավելի ասելիքային, պատմողական նկարչության կողմն է: Իհարկե, չկա նկար, որ ինչ-որ բան չասի, նույնիսկ` աբստրակցիան, խնդիրը ասելիքի չափի մեջ է, ինձ համար` որքան խոր, բազմաշերտ, այնքան գրավիչ, իհարկե դա չպետք է լինի ի հաշիվ նկարչության, ի հաշիվ ձևի, չափի, գույնի, ներդաշնակության ու գեղագիտական ճաշակի, ինչը, անշուշտ, նկարչի համար դժվար լուծելի խնդիր է: Էդվարդ Մունկը լուծել է այդ խնդիրը, ներդաշնակել է, չի զիջել ոչինչ` ձեռք է բերել առավելը: Նա տարված է եղել գրականությամբ, նույնիսկ գրելու փորձեր է արել, նրա նկարչությունը պատմողական է, նրա նկարչությունը մեծամասամբ սեփական կենսագրությանը, կենսափորձին է խարսխված, Մունկը շատ բան ունի պատմելու իրեն պատուհասած կյանքից, նրա կյանքի դրաման բեմադրված է նրա կտավների վրա: «Հիվանդություն, խելագարություն և մահ` սև հրեշտակներ, որ պահակն էին իմ օրորոցի, ուղեկիցը` կյանքիս ամբողջ ընթացքի»` ասել է նա: Մունկին մշտապես հալածել է մահվան տեսիլը, հինգ տարեկան էր` թոքախտից մահացավ մայրը, իսկ երբ տասնչորս էր, մահացավ սիրելի քույրը, էլի թոքախտից (նկարիչը պատկերել է նրան «Հիվանդ աղջիկը» նկարին), կնոջ մահից հետո հայրը համակվեց կրոնական մոլագարությամբ, օր ու գիշեր, իր սենյակում փակված՝ անդադար աղոթում էր, ինչը ճնշող ազդեցություն էր գործում Մունկի վրա (նկարել է` «Ծերունին աղոթքի մեջ»), հայրը մահացավ, երբ նկարիչը քսանվեց տարեկան էր: Այսպես ծնվեցին Մունկի մելամաղձոտությունը, ընկճախտային հոգեվիճակները, որ գնացին սրացման, զարգացման ճանապարհով` դառնալով հիվանդագին հոգեկան շեղում: Ահա այն «շտեմարանը», որից սնվում էր Մունկի ստեղծագործությունը: Իր ապրումները, իր հույզերը պատկերելու համար նրան անհրաժեշտ էր հասնել գերարտահայտչականության: Կերպարվեստն ունի գերարտահայտչականության օրինակներ դեռևս Մունկից շատ առաջ (Բոսխ, Բրեյգել, Ռեմբրանդտ, Գոյա, ուրիշներ), սակայն սրանք առանձին դեպքեր են, ուղղություն դառնալու, դպրոց ստեղծելու միտում չեն ունեցել: Մունկն ինքն էլ նման միտք չուներ, չգիտեր, որ դառնալու է էքսպրեսիոնիզմի նախակարապետը, նկատենք` էքսպրեսիոնիզմը, որպես ուղղություն, ձևավորվեց այն ժամանակ, երբ Մունկի էքսպրեսիոնիստական շրջանն արդեն ավարտվել էր, պարզապես այդ ուղղության ջատագովներն իրենց ուղղությունը ձևավորելու հիմնական խթանները Մունկից էին ստացել, հատկապես` նրա «Աղաղակը» նկարից, բնականաբար նրան էլ համարեցին իրենց ուղղության նախակարապետ:
Թեև էքսպրեսիոնիզմի հիմնական դերակատարը մարդկային դեմքն է, սակայն Մունկի բնապատկերները նույնիսկ` էքսպրեսիվ, Մունկը բնությունից պոկում է իր ուզածը, առանձնացնում, կերպավորում, դարձնում խոսող, հույզ ու ապրում ներկայացնող, Մունկի պեյզաժային տարրերը մարդկային զգացմունքների շունչ են առնում նրա վրձնի գունային ու ձևային ուրույն լուծումների շնորհիվ, խոսում են (ավելի շուտ` աղաղակում), բան են ասում, հիմնականում` վախի, անակնկալի, մահվան հետ առնչվող արտահայտություններով: Ինչո՞ւ… Որովհետև Մունկին հետաքրքրում է կյանքի ողբերգական կողմը: Կյանքի իմաստը, բուն բովանդակությունը նրա կողմից ընկալվում, քննվում, ուսումնասիրվում է մահվան հետ առնչությամբ: «Կմախքի ձեռքը» ինքնանկարում, ամբողջովին սև ֆոնի միջով, ասես անդինից, հայտնվում է Մունկի դալուկ, մելամաղձոտ դեմքը, ներքևում հորիզոնական պառկել է կմախքացած մի ձեռք, որը խորհրդանշում է կյանքի փխրունությունը, մահվան անխուսափելիությունը, նկարիչն ասես հիշեցնում է` մի՛ մոռացիր մահվան մասին: Սակայն միայն ճակատագրի մատուցած դժբախտությունները երևի թե բավարար չէին լինի Մունկին` կյանքի ողբերգականության մեջ «ներքաշվելու» համար, շատ մարդկանց եմ ճանաչում, որ ավելի ծանր դժբախտությունների են հանդիպել, բայց մնացել են կենսալեցուն, ամուր, նույնիսկ` լավատես, ուստի, Մունկի դեպքում (ինչպեսև` Կաֆկայի)՝ հիմնականում տեսակի խնդիր է, նրա տեսակը կյանքը «փորում է» այնտեղ, որտեղ մարդիկ սովորաբար աշխատում են չմտնել, չխորանալ, շրջանցել, փորձության չենթարկվել: Մունկն ասես բարձրացնում է մարդկանց դիմակները` մերկացնելով ճշմարտությունը, և տեսնում է նրանց վախերը, ապրումները, տառապանքները, մահվան անխուսափելիության սարսափի կնիքը: Արտահայտչությունը, էքսպրեսիան մարդկային հույզերի գերլարվածության պահին պոռթկում է, «աղաղակում», հենց այդ պահն է պատկերում Մունկը, սակայն հույզի, ցավի, ապրումի պատճառը, բովանդակությունը մնում է չբացահայտված կամ մինչև վերջ չբացահայտված (նկարչությունը սահմանափակ է դա անելու համար), այն կարելի է կռահել, «կարդալ», այլ կերպ ասած` դառնալ մասնակից, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում մասնավորապես՝ Մունկի, ընդհանուր առմամբ՝ էքսպրեսիոնիզմի դրսևորումները: Վերցնենք հենց «Աղաղակը». նրա աղաղակող կերպարի միջից աղաղակը պարզապես ժայթքում է` բերանից, աչքերից, ձեռքերից, կեցվածքից… Ընդհանրապես, այս նկարի վրա աղաղակում է ամեն բան` երկինքը, ծովախորշը, կամուրջը, մթնոլորտը… միայն կամրջով հեռացող երկու մութ թիկունքներն են, որ չեն աղաղակում, սակայն նրանց անտարբերությունը կարծես շեշտում է համընդհանուր աղաղակը: Ի՞նչն է այս տոտալ աղաղակի պատճառը… Յուրաքանչյուր դիտորդ ինքը կարող է փնտրել, և այն, ինչ կգտնի, շատ բանով կախված է իր անձնական փորձից, իր տեսակից, իր ապրածի քանակից ու որակից, որքան հույզ ու ցավ ինքն է տարել իր կյանքում, այնքան էլ բացատրություն կգտնի: Նույնն է «Վախը» նկարի դեպքում, վախեցած դեմքերը նույն կամրջով են անցնում, Մունկը նրանց դեմքերից քերել է դիմակները, մերկացրել է դեմքերը, նայի՛ր, փնտրի՛ր նրանց հույզերի պատճառը: Հետաքրքիր է նաև «Մելանխոլիա» նկարը, որտեղ մելամաղձով է ներծծված ամեն բան` երկնքի և ջրերի խամրած կապույտը, գորշաճերմակ ամպաշերտերը, առափնյա մութ անտառը, ափամերձ մռայլ քարերը, վերջապես գլխավորը` մելամաղձի տառապանքն ապրող կերպարը, որ նկարի անկյունում է տեղավորվել` մնացյալից խռոված, երես թեքած, մերժված, մեկուսացած (հավանաբար` Մունկն իրեն է ենթադրել), նայում ես նրան ու հասկանում` սա արդեն մելամաղձություն չէ, անդին է, ինքնասպանության շեմին հասած խոր ընկճախտ է, պատճառը գուցե նաև հեռու նավամատույցին կանգնած հազիվ նշմարելի կանացի ֆիգուրն է (գուցե կանացի ֆիգուր չէ, պարզապես լույսի շյուղիկ է, այս դեպքում` տարբերություն չկա), նկարի միակ լուսավոր բիծը, որն ասես ծաղր է` գլխավոր կերպարի թիկունքին ուղղված:
Նկարչությունն իր հղացումներն իրագործելու համար տարածքային հնարավորություններ շատ ունի, համարյա` անսահման, այլ է ժամանակի խնդիրը, ժամանակ նկարագրելու կինոյի կամ գրականության հնարավորությունները նկարչությունը չունի, զսպված է պատկերի անշարժությամբ: Ժամանակի ընթացք նկարելու համար նկարիչները տարբեր հնարքների են դիմում, հիմնականում` խորհրդանիշերի օգնությանը, ասենք` անիվը, որ պտտվող-անցնող ժամանակ է խորհրդանշում, կամ հոսող ջուրը, էլի ինչ-որ խորհրդանիշեր` ընդհանուր-ընդունված կամ անհատապես մտահղացած: Մունկը, բացի խորհրդանիշերից, դիմել է նաև բազմակերպարայնության միջոցին, օրինակ` «Կնոջ երեք հասակը» նկարը, ուր կնոջ` երեք փուլերով ծերացող պատկերներն են (խորքում, ստվերի մեջ, տղամարդու մութ կերպարանք կա, գուցե Մո՞ւնկն է, ի՞նքն է իր թաքստոցից հետևում կնոջ անցնող ժամանակին): Նույնը` «Կյանքի պարը» նկարում, որտեղ կինը ժամանակի մեջ պարելո՛վ է աննկատ ծերանում, և արդեն ծերացած կերպարը կարոտախտային հետահայացով նայում է իր անցյալի պարերին, իսկ ջրերում արտացոլված լուսնի լույսը ֆալոսային գծագրում ունի, ի՞նչ է ակնարկում նկարիչը, կյանքի այս ամբողջ պարի կենտրոնում ֆալո՞սն է, մարմնական սե՞րը: Ժամանակային խաղի պատկերումը բնորոշող ևս երկու հետաքրքիր հղացում` «Կանայք ծովափին» և «Հանդիպում տիեզերքում»: Առաջին նկարում լողափին կանգնած շեկ փարթամ մազերով մանկամարդ կինն է, նայում է անծայր հեռուներին` ի՞նչ է սպասվում այնտեղ, ապագայում, ո՞վ է սպասում, սե՞ր, երջանկությո՞ւն… նա նոր պիտի սկսի ապրել այդ ժամանակը: Իսկ նրա կողքին, դեղին ավազների վրա նստած սևազգեստ կինն արդեն ապրել է իր ժամանակը, մսխել` ետ է եկել, հոգնած մահանում է, գուցե` նույն կինն է երկու ժամանակների մեջ, ջահել շիկամազը նոր է գնալու իր ժամանակն ապրելու, իսկ կողքին նստած ծերացած էլի ինքն արդեն ապրել է այն, եկել է մահանալու, ի՞նչ է մտածում մահացողը՝ անցյալին նայելով` կուզե՞ր նորից ապրել, թե՞ հոգնել է, կշտացել, ուզում է հեռանալ անվերադարձ: Մյուս նկարին` «Հանդիպում տիեզերքում», ամբողջապես երկնագույն երկայնամազ կինը, հանց դելֆին, լողում է տիեզերական տարածքում, նրան մերձ լողում է նարնջագույն տղամարդը… Ի՞նչ է հուշում նկարիչը, սերը տարել է տիեզե՞րք` հեռացնելով, մաքրելով երկրային խարդավանքներից, խանդերից, թե՞ սիրո գերագույն պահն է, որ նրանց հասցրել է տիեզերք, և անժամանակ է նրանց սիրո ժամանակը տիեզերքում, հավիտենական… Սակայն ինչո՞ւ է տիեզերքը սև, ու սերմնաբջիջներ են լողում սևի մեջ, սիրո ծուղակ-սև խոռո՞չ է, Մունկի վա՞խն է սիրո նկատմամբ, սիրո կործանարար բնո՞ւյթը, որ վաղ թե ուշ կործանելու է, մնալու են միայն քաղցած սերմնաբջիջները…
Ահա և Մունկի վերջին ինքնանկարը (առհասարակ` վաթսունից ավելի ինքնանկար ունի, ասես կյանքի տարբեր փուլերում ինքն իր առջև հաշվետվություն է տալիս ինքնանկարներով: Նույնն անում էր Ֆրանց Կաֆկան` օրագրությամբ), որտեղ ծերացած ինքն է, ուրիշ կերպար չկա, բայց կան իրեր, որ ակնարկում են ժամանակը` մահճակալն է մի կողմում, մյուս կողմում` ժամացույցը (դու քնում, արթնանում ես, իսկ քո ժամանակը հոսում է, մոտենում ավարտին), սենյակի դուռը ետևում բաց է, ասես հրավիրում է դուրս գալու անհայտության մեջ, բացված դռան հարևանությամբ՝ պատին, կանացի կերպարով նկար կա, որը երևի կանանց հետ ունեցած հարաբերությունների հիշատակման առաքելությունն ունի` ցանկությունների, երազանքների, տվայտանքների, մտահոգությունների, վախերի… Ընդ որում, կնոջ նկարի գորշասև ֆոնը նույնական է դռան բացվածքի հեռացում խորհրդանշող գունավորումին: Ինքնանկար` մի ամբողջ կյանք, որ մոտեցել է ավարտին: Սակայն պակասում է էքսպրեսիան, դրամատիզմը, թեթև տխրում ես ընդամենը, խորությամբ չես վերապրում հեղինակի պատկերածը, ինչպես դա լինում էր նախորդ ինքնանկարների կամ «Աղաղակը» նկարի հետ առնչվելիս կամ «Մադոննայի», «Խանդի», «Վախի», մյուսների… Ո՞ւր կորավ էքսպրեսիան… Տարի՞քն է պատճառը… Գուցե, բայց ոչ միայն…
Երկարատև ներքին պայքարից հետո Էդվարդ Մունկն, այնուամենայնիվ, որոշեց բուժվել, մինչ այդ բուժման կարիքը զգացել էր, բայց խուսափել էր` գիտեր՝ իր արվեստի ճամփան հիվանդությունն է հարթում, մեծ, խոր արվեստը հիվանդություն է սիրում, այնտեղ է բնավորվում, հիվանդությունն ունա՛կ է հատելու շերտեր, թափանցելու խորքեր, ուր առողջությունը մուտք չունի, արվեստագետի համար դա տառապանք է, բայց արվեստի համար` սնուցման աղբյուր, ժամանակին ինքն էր խոստովանել` «Ես չեմ ցանկանում ազատվել իմ հիվանդությունից, որովհետև իմ արվեստը շատ բանով պարտական է նրան»: Սակայն այլևս անկարող եղավ տառապելու, այլևս անտանելի էր ապրել հետապնդման մոլուցքի, սոցիոպատիայի, սևեռումների, կպչուն մտքերի, վախերի, նաև` ալկոհոլային կախվածության հետ (ալկոհոլից «կախվելը» հավանաբար հոգեկանի այն մյուս դրսևորումները մեղմելու, խեղդելու ցանկությունից էր), և Մունկը ճակատագրական վճիռ կայացրեց` պոկեց իրեն «դժոխքից» (ինքնանկար ունի` «Դժոխքում», ինքը` մերկ, շուրջը՝ կարմիր-նարնջագույն հուրը, թիկունքում` սև ստվերը, որն ասես պատրաստվում է կլանել նրան), պոկեց-հանձնեց հոգեբույժներին:
Ութ ամիս տևեց բուժումը, ութ ամիս անց կլինիկայից դուրս գրվեց հավասարակշիռ հոգեկանով նկարիչը, նրա հոգին խաղաղված էր կարծես, ինքն էլ էլի մեծ նկարիչ Մունկն էր, որ շարունակում է ստեղծագործել: Բայց նրա պատկերումներից չքվել էր դրամատիզմը, ողբերգությունը, սուզումները մարդկային էության մթին խորքեր, խափանվել էր ենթագիտակցության տեղեկատվությունը, գուցե նաև` նրանից իր հայացքն էր թեքել արվեստի ոգին, մնացել էր արհեստավորը: «Սիգարետ` առանց նիկոտինի, խմիչք` առանց ալկոհոլի, կանայք` առանց սեռի»,- տխրությամբ կատակել էր նա իր նոր վիճակի առիթով: «Աղաղակի» նկարիչն այլևս չի աղաղակում, աղաղակելու ցանկությունը, հնարավոր է, չի կորսվել իսպառ, սակայն գնացել է խորքեր, թաքնվել է, չի դրսևորվում` այլևս չվստահելով հեղինակին:
Սակայն աղաղակողը մնում է, նկարի վրա է, նա չի կարող իր հեղինակի պես կողմ քաշվել, չի ուզում, աղաղակել է, աղաղակում է, աղաղակելու է:
Դե իսկ նկարիչ էդվարդ Մունկը, իր տեսակին բժշկությամբ դավաճանած, շարունակում էր ակտիվ ստեղծագործել` հրաշալի պեյզաժներ, դիմանկարներ, վարգող ձի, մարմնեղ բնորդուհիներ, գեղեցիկ անհույզ կերպարներ, ինտերիերների ձևավորումներ… Հանրային սերն ու հարգանքը նրա նկատմամբ աճում էր, սեփական երկրում նա վերջապես արժանացավ մեծ ճանաչումի, բազմաթիվ մրցանակների, Մունկին վստահվեց Օսլոյի համալսարանի ինտերիերների ձևավորումը, ծնվեց հանդիսությունների դահլիճի մեծ որմնանկարը` ճաճանչարձակ «Արևը», որը, ըստ հեղինակի մտահղացման, ծառայելու էր որպես հավերժականության խորհրդանիշ:
Սակայն, արդյոք «Արեգա՞կն» է հավերժացնելու Էդվարդ Մունկին, թե՞ «Աղաղակը», «Մադոննան»… Անտարակույս` վերջինները, որովհետև Մունկը գնահատելի է նախևառաջ որպես կյանքի ողբերգական կողմը ուսումնասիրող, մարդկային էության մութ խորքերը ներթափանցող արվեստագետ, էքսպրեսիոնիզմի ամենաճանաչված հեղինակ:
