Գյուղը դատարկվում էր։ Իննսուներեքամյա Ալեքսանդր պապը, որ երբեք չէր ընկճվել և ոչ մի իրավիճակում իրեն չէր կորցրել, միշտ սթափ բանականությամբ էր քննել իրերն ու երևույթները, իրեն հատուկ փիլիսոփայությամբ մեկնաբանել աշխարհի բանը, այժմ շվարած սենյակի երկայնքով այս ու այն կողմ էր գնում ու քթի տակ թնթորում… Նա փորձում էր հասկանալ կատարվածն ու կատարվելիքը, հիմա ի՞նչ. ինքը պետք է լքի իր տունը, իր օջախը, ծննդավայրը, մի ամբողջ ժողովուրդ պետք է դառնա անտուն, անտեր, գաղթական… Թերևս սա ամենաանհավանականն էր, որ երբևէ անցել էր նրա մտքով: Անգամ 90-ականներին, ավելի քան չորս տարի տևած սարսափելի պատերազմի ժամանակ, չէր ընկճվել, չէր կորցրել իրեն, չէր պատկերացրել նման անդառնալի աղետ։ Իր ապուպապերի հողից ո՞ւր գնա, իր հազարամյա երկիրը թողած, իր պատկառելի տարիքն առած` ո՞ւմ դուռը ծեծի, ասի՝ ես ո՞վ եմ, որտեղի՞ց եմ, ինչո՞ւ եմ եկել… Մի մեծ խայտառակություն՝ չասված ու չլսված, չտեսնված… Ապրած կյանքն այժմ մի գրոշի արժեք չուներ։ Նա իրեն ոչ թե պարտված՝ ոչնչացված էր զգում։ Ներսը լափու էր տալիս, չգիտեր՝ ինչ աներ։ Երանի մի բան փոխվեր, երանի հրաշք կատարվեր։ Նայում էր ճամպրուկին, ախր ոնց տեղավորեր դրա մեջ իր ունեցածը, իր տունը, իր երկիրը, իր ապրած կյանքը…
– Չէ՛, զուլում է, զուլում…
Ալեքսանդր պապն այն մարդկանցից էր, որ միշտ իրատես էր և նախապես հաշվարկում էր բոլոր փաստերն ու իրողությունները և անսխալ հետևություններ անում: Դեռ խաղաղ էին օրերը, երբ զգուշացնում էր՝ ուշ թե շուտ թուրքը գալու է Արցախի հողերի ետևից, ոխակալ թշնամին չի հրաժարվելու մեր հայրենիքը գրավելու մտքից: Դրախտավայր է Արցախը՝ հարուստ հանքերով, ջրային պաշարներով, բերրի հողերով ու անտառածածկ տարածքներով։ Միշտ էլ թուրք-քոչվորները զավթում էին լավագույն տարածքները, պտղատու հողերն ու այգիները, գյուղերն ու քաղաքները, ուրիշ ազգերի ստեղծածը: Մեկ դար առաջ ցեղասպանել ու հայաթափել են Արևմտյան Հայաստանը, ապա՝ Նախիջևանը… Տե՛ս, երբ են Դաշտային Ղարաբաղը զավթել, հիմա էլ եկել է Լեռնային Ղարաբաղին տիրանալու հերթը։ Գիշերուզօր պետք է զինվեինք ու ավելի շատ մտածեինք նեղ օրվա մասին: Ուր է թե էդպես լիներ։ Իրականում պապի նպատակը շրջապատի մարդկանց ահաբեկելը չէր, և ոչ էլ բնույթով էր հոռետես, պարզապես պատմության պատգամը գերազանց էր յուրացրել, նաև՝ իր կյանքի փորձառությունից, թուրքին լավ ճանաչելուց: Նրանց հետ կողք կողքի ապրել էր ողջ գիտակցական կյանքը, խորհրդային համակեցության տարիներին: Նախ, դեռ տակավին պատանի, սովորելու համար մեկնել էր Բաքու, ապրել մորաքրոջ տանը, որի հարևանները ադրբեջանցիներ էին, ապա որպես վարորդ՝ աշխատել էր ադրբեջանցի նախարարի մոտ։ Քաջատեղյակ էր նրանց բարքերին ու սովորություններին, անսխալ ճանաչում էր նրանց տեսակը, մտածողությունը, հոգեբանությունը, անգամ լեզվին էր տիրապետում, ուներ ընկերներ: Երբ վերադարձավ հայրենի Խաչեն գյուղ, աշխատանքի անցավ կոլտնտեսությունում նախ՝ որպես բեռնատարի վարորդ, ապա կոլտնտեսության լուծարումից հետո՝ գյուղապետի վարորդ: Նրա մեքենայում մշտապես Օմար Խայամի գիրքն էր, որտեղից պարբերաբար մեջբերումներ էր անում։ Որքա՜ն իմաստնացած էին նրա զրույցները․ ձորակի մարդիկ գալիս էին նրանից խրատ ու խորհուրդ հարցնելու: Խոսում էր դանդաղ ու կշռադատված, ամեն մի խոսքը՝ համեմված ժողովրդական իմաստնությամբ ու իմաստասիրական մեջբերումներով: Զարմանում էին՝ ոնց էր այդքանը հիշում: Ալեքսանդր պապը շատ էր սիրում գիրք կարդալ, առավել շատ անհագ ընթերցում էր հայոց պատմություն, հայ գրականություն, հայագիտությանը վերաբերող աշխատություն: Կային գրքեր՝ «Իսրայել Օրին», «Գևորգ Մարզպետունին», «Մխիթար Սպարապետը», որոնք անընդհատ վերընթերցում էր։ Իր սեղանի գրքերն էին, ու սրբությամբ էր պահում: Ինչքան էլ աշխատանքից հոգնած, ուշ գար, անպայման պիտի ընթերցեր։ Այդ արարողակարգը երբեք չփոխվեց մինչև կյանքի վերջը: Կարդում էր երբեմն նաև առանց ակնոցի: Մի անգամ Մոսկվա էր մեկնել ու իր հետ մի բացառիկ գիրք էր բերել՝ «Родословные тайны армянских князей»»: Ամեն օր ընթերցում էր ու վերընթերցում այդ գիրքը: Այն հայ իշխանավորների մասին գաղտնիքներ պարունակող գիրք էր, բավական արժեքավոր:
Հատկապես ձմռանը հաճախակի էր վառարանի կողքին նստում, գիրքը վերցնում ու խորասուզվում տողերի մեջ: Շնչառությունը դանդաղում էր, դեմքին մի տեսակ լարվածություն էր հայտնվում: Եվ երբ հարցրել են՝ ինչու է Օրի կարդում, հատկապես, երբ տխուր է, պատասխանում էր. «Որովհետև երբ իմ մեջ աղմկում է անհուսությունը, Օրին ինձ հիշեցնում է՝ մարդն է հողը պահում, ոչ թե պատը»:
Ալեքսանդր պապն ուներ իր ապրելու կանոններն ու փիլիսոփայությունը, որոնք տարիների ընթացքում դարձել էին նրա կենսակերպը: Սնվում էր օրը երկու անգամ. չափավոր ու շատ դանդաղ, մանրակրկիտ ծամելով, հետն էր երկա՜ր խորհելով։ Ամեն բան չէր ուտում, ուտում էր միայն իր սիրած ուտեստներն ու կերակուրները, ամենից շատ սիրում էր տոլմա, խաշիլ, կուրկուտ։ Թեյ շատ էր խմում, վաղ քնում և վաղ արթնանում, ապրում էր բնության հետ հաշտ ու համերաշխ: Միայն մի բանում էր աշխարհի հետ անհաշտ, որ թուրքը պիտի տիրանա իր ունեցվածքին, իր պապերի հողին, իր լեռներին ու աղբյուրներին, իր սրբատեղիներին…
Հաճախակի հիշում էր այդ համակեցության տարիները, թե ինչպես էին ամեն օր ազերիները կովերն ու ոչխարները գողանում։ Ամենացավալին այն էր, որ իրենց քրտինքով ստացված գյուղմթերքի մեծ մասն ուղարկվում էր Բաքու, իսկ չարքաշ գյուղացիներին չնչին մասն էր մնում գոյատևելու համար: Շատ անարդարություններ էր տեսել կյանքում, պայքարել դրանց դեմ, եղել է չափազանց ազնիվ, ինչի համար իրեն էին վստահում պատասխանատու գործերը:
Երբ սկսվել էր արցախյան շարժումը, Ալեքսանդր պապը վտանգ էր զգացել, գիտակցել է, որ լավ բանի չի տանելու այդ ամենը, քանի որ ըմբոստանում են չարիքի դեմ, որի դարավոր նպատակն է վերջ տալ հային ու Հայաստանը: Շարժմանը հաջորդեց երկարատև պատերազմը: Վիճակն օրհասական էր, 5-6 տարեկան թոռներին հարսի հետ ճանապարհեց Երևան․ հրամայել էին կանանց ու երեխաներին տարհանել, դրությունը ծանր էր… Որդիներն ու գյուղի տղամարդիկ առաջնագծում էին, թեժ մարտերում։ Ավագ որդին ծանր վիրավորվեց։ Գյուղը 9 զոհ տվեց:
Պատերազմը դեռ չէր ավարտվել, երբ Երևանից հարսը թոռների հետ եղբոր որդու զինվորական բեռնատարով, որով գնացել էր զինամթերք բերելու, վերադարձան Արցախ: Երբ հասան Շուշի, այն ավերված տեսան, դեռ թանձր ծուխ էր բարձրանում հրդեհված տներից ու շինություններից, ամենուր անսարք հրասայլեր ու զրահամեքենաներ էին ճանապարհին, սևացած ու պայթած արկերի կտորներ էին թափված այս ու այն կողմ։ Հասան գյուղ, երեխաներին դիմավորողը Ալեքսանդր պապն էր՝ կնոջ հետ։ Աչքները ջուր էր կտրել, մինչ երեխաները կհասնեին տուն։
Օրեր, ամիսներ ու տարիներ գլորվեցին։ Հետո եղավ ապրիլյան քառօրյա պատերազմը, և էլի զոհեր, վիրավորներ, տարածքային կորուստ։ Չանցած 4 տարի՝ նորից պատերազմ սկսվեց։ 2020 թ. սեպտեմբերի 27-ն էր, կիրակի օր։ Ալեքսանդր պապը, սովորության համաձայն, առավոտ կանուխ արթնացել ու իջել էր այգուց հավաքած մրգերից օղի թորելու, երբ սկսվեց ռմբակոծությունը: Սկզբից թվացել էր՝ որոտ է, բայց ի՞նչ որոտ, երկինքը լազուր կապած էր, իսկ աշնան արևը հաճելիորեն տաքացնում էր ցողաթաթախ հողը: Չարաբաստիկ պատերազմի ձայներն էին, վաղուց ականջին ծանոթ, որ չես շփոթի աշխարհում և ոչ մի ձայնի հետ. դղրդում էին երկիր ու երկինք, ասես աշխարհի վերջն էր։ Այսքան մոտիկ ու հուժկու երբեք չէին եղել հրետակոծությունները։ Թողեց բահն ու աճապարեց տուն։ Տնեցիներն արդեն խուճապահար դուրս էին եկել բակ և չգիտեին ինչ անել: Պապն ուղղորդեց բոլորին նկուղ՝ հորդորելով պահպանել հանգստություն ու զգոնություն։ 90-ականներին թոռներին էր պատսպարել նկուղում, հիմա էլ՝ ծոռներին…
Անօդաչու թռչող սարքերը երամի պես գրոհել էին կապույտ լազուրը և ռմբակոծում էին ամենուր, ուր տեսախցիկը ֆիքսում էր՝ կլիներ տուն, մեքենա թե զորամաս, վայրկյանների ընթացքում վերածվում էր մոխրի:
…Իր մտքերի հետ կռիվ տալով՝ անվերջ ձգում էր ժամանակը, որպեսզի մի քանի վայրկյան ավելի մնար իր օջախում, իր կառուցած տանը, որը երկու անգամ քանդել ու վերակառուցել էր, առաջին անգամ քանդել էր իրենց հայրական փոքրիկ անշուք տունը, որն ավելի շատ հյուղակ էր։ Դեռ փոքր էր, երբ երազել էր մի օր այդ տնակի տեղը մի մեծ տուն կառուցել ու կառուցել է երկհարկանի գեղեցիկ առանձնատուն։ Ու երբ տեսել է, որ իր սրտով չէ, քանդել ու տեղը ավելի մեծն է կառուցել՝ մտածելով, որ մեծ գերդաստան են, բարեկամներն էլ՝ շատ, որպեսզի բոլորին տեղ լինի:
Մի ամբողջ կյանք է ապրել իր տանը։ Այդտեղ ծնվել, մեծացել էին չորս զավակներն ու թոռները: Կինը՝ Մանյան, գյուղի բուժքույրն էր. բարի ու գթասիրտ կին, անչափ սիրված բոլորի կողմից: Հիշեց, թե ինչքան հաճախ էին իր մեքենայով գիշերվա կեսին հիվանդներին հասցնում մայրաքաղաքի հիվանդանոց: Այդպես էր պետք. օգնել մարդկանց, քանի կարող ես ու ինչով կարող ես։ Դա է կյանքը, մնացածը սուտ բան է:
Բա ողջ կյանքում տունտեղ դնես, ոսկոր ճաքեցնես, որ էսօր թուրքը քո տնից քեզ հանի՞, բա այսքան արյուն թափես, երկիր կառուցես, որ էսօր քարուքանդ անեն, արած-թողածդ թուրքը գա վայելի՞, բա այսքան անարդար աշխարհ կլինի՞..․
Անողոք պատերազմը ծվեն-ծվեն արեց Արցախը: Երբեք չի մոռանա, երբ ավտոբուսներով ծերերին, երեխաներին ու կանանց տարհանեցին Երևան: Երբեք իր տնից դուրս չէր գա, եթե չլիներ թոռների համառությունը: Ճանապարհին, Հակարի գետ չհասած, թշնամին թիրախավորեց իրենց ավտոբուսը։ Հրաշքով փրկվեցին. ռումբը ճանապարհի կողքին պայթեց, ու քիչ էր մնում՝ պայթունի ալիքից ավտոբուսը շրջվեր ձորը: 44 օր տևած աղետալի պատերազմից հետո գոնե վերադարձան տուն, չնայած շատերը կորցրել էին իրենց տունուտեղը, զավակներին: Շուշին, Հադրութը, Քարվաճառը, Քաշաթաղն ու հարակից բնակավայրերը թուրքին են անցել: 44-օրյա պատերազմում ավագ որդին Քռասնի-Կարմիր շուկա հատվածում, ռազմագործողությունների ժամանակ կրկին վիրավորվեց: Այս անգամ չորրորդ սերնդի զենքի՝ անօդաչու թռչող սարքի ռմբակոծության հետևանքով:
…Նորից սեպտեմբեր ու նորից պատերազմ։ Այս անգամ տևեց ընդամենը մեկ օր, բայց ամենաղետալին էր, անդառնալին: Հանձնում էին Արցախից մնացածը՝ առանց արցախցու կամքն ու ցանկությունը հարցնելու:
Ալեքսանդր պապը, որ միշտ ուշիուշով հետևում էր լուրերին, մշտապես հույս էր պահում, որ մեծ տերություններն ինչքան էլ իրենց շահերն ունենային Ադրբեջանից ու Թուրքիայից, այնուամենայնիվ չէին թողնի, որ աշխարհի մեծագույն անարդարությունը տեղի ունենար:
…Մտքերի մեջ իրեն կորցրած՝ մոտեցավ պատշգամբին, խորը հառաչեց ու նայեց խոժոռված Սըրումանց սարին, որ բոլոր պատերազմների ժամանակ գյուղի վահանն էր, իր վրա էր վերցնում գյուղի վրա արձակած բոլոր արկերն ու գնդակները։ Նայեց աշնանային երփներանգ հագած ծեր հսկային ու աչքերը խոնարհեց. ի՜նչ ասեր, նայեց աջ՝ Կըրասեն Ծյորեն, ու ավելի խորը հառաչեց։ Այդ դեղնակարմիր անտառի փեշին գյուղի հանգստարանն է, որտեղ ննջում են իր հարազատները՝ նախապապը՝ Թուրանց Վանին, պապը՝ Մովսեսը։ Հայրը՝ Վլադիմիրը, չկար, գերեզման չունեցավ, մնացել էր հայրենական պատերազմում։ Հորեղբայրներն ու նրանց զավակները, մորական տատը՝ Շահում աճին, մի տղամարդ կին, հիշում էր միշտ խլեղով՝ տարազով, ձիու վրա նստած, որ գիշեր-ցերեկ աշխատել է աղջկա որբացած յոթ զավակներին մեծացնելու, ոտքի կանգնեցնելու համար, ղոչաղ ու չարքաշ մայրը՝ Աստղիկը, վաղաժամ մահացած կինը՝ Մանյան, երեք եղբայրները. ավագ եղբայրը՝ գյուղսովետի նախագահ Նարիմանը՝ (ավանդույթի համաձայն՝ թուրքի անուն էին դրել, որ չմահանա, մինչ իրեն ունենալը մայրը երեք անգամ ծննդաբերել էր, բայց երեխաները մահացել էին) կնոջ՝ Փառանձեմի հետ, Երեմը՝ իր կնոջ՝ Եփրաքսյայի հետ, վաղաժամ մահացած Սերգեյը՝ չորորդ եղբայրը, որ տակավին երիտասարդ էր, անգամ ամուսնացած չէր, իսկ Արտյուշան մնացել էր հեռավոր միջին Ասիայում՝ Ուզբեկստանում, չկարողացան դին տեղափոխել հայրենի գյուղ, ավագ քույրը՝ Նատալյան, եղբոր ջահել տղաները՝ ավտովթարի զոհ դարձած, վաղաժամ մահացած Վիտալիկը, Վլադիկն ու կինը՝ Սվետլանան… Մի ամբողջ գերդաստան իրեն էին սպասում այնտեղ՝ հանգստարանում, հիմա ինքը ո՞ւր գնա, հարազատներից հեռու ո՞ր հողում պիտի հանգրվանի… Յոթ զավակներից ինքն ու փոքր քույր Սվետլանան են մնացել… Երկուսն էլ տարիքն առած, երկուսն էլ դարձած գաղթական… Ախր այդպես ոնց կլինի, մարդկության, բնության մեծագույն անօրինությունն է, մեծագույն զարհուրանքն ու ոճրագործությունը մարդ արարածի հանդեպ…
– Մարթին կյանքը ծանդր պատմությունա,- խորհում էր պապը,- էս պատերազմներն էլ իրենց հերթինըն աղ լցնում էդ մի թիքյա կյանքին ու ավելի դառնացնում:
– Դեդո, պըրծեր, քշաց հըղեյնք ինում, թորքերը մտալն շենը,- ներքևից կանչեց թոռը:
– Պա բենզինըք քըթալ,- հարցրեց պապը:
– Չէ, ճարալչընք, յէկ ճանապարհվենք, գուցե հղեննի մի լյուս ծաքյի,- զայրույթից ու վրդովմունքից թոռը ծխախոտ էլ չուներ, որ ծխեր, գոնե ջղերը մի պահ հանգստանային: Վերջին անգամ երբ էր ծխել, չէր հիշում, ինը ամիս շրջափակում էր, հացի խնդիրն էր օրհասական, հիմա նաև լինել-չլինելու խնդիրն է։ Ե՞րբ էր, որ ընկերներով ռուս զինվորներից շատ թանկ գնով մի տուփ սիգարետ գնեցին: Երանելի պահ էր։
Երեկ բոլոր զինվորականներին հորդորել էին վառել իրենց զինվորական գրքույկներն ու շորերը, որովհետև եթե հանկարծ թուրքերը ներխուժեին տները, առաջինը հաշվեհարդար էին տեսնելու հենց պատերազմի մասնակիցների հետ: Տասնհինգ տարվա զինվորական թոռը, որ մասնակցել էր երեք պատերազմերի ու 18 տարեկանից բանակում էր, չէր համակերպվում խայտառակության հետ, և եթե պապիկի ու հոր հարցը չլիներ, գուցե ինքը այլ կերպ վարվեր, մտքով ամեն ինչ անցնում էր:
Ամեն մեկն իր մտքերի ծանրությունից կուչ էր եկել հարազատ տան պատի տակ, ու այդ բեռով պիտի ճանապարհվեին, ապրեին այդ բեռան տակ։ Ապրեի՞ն, ինչպե՞ս… Պատերազմների, կորուստների, անորոշության, գաղթի երկար ու ձիգ ստվերները փռվել էին նրանց կյանքի բոլոր մնացյալ օրերի վրա…
Մեքենայի մեջ ընդամենը 2-3 լիտր վառելիք էր, հազիվ կբավականացներ մինչև Ստեփանակերտ: Ամենածանրը տնից դուրս գալն էր, Ալեքսանդր պապը դժվարությամբ ու դժկամությամբ իջավ աստիճաններով, ասես ամեն քայլի հետ ուզենար հետ քայլ անել, բայց իջավ ու մտավ այգի՝ իր տնկած ծառերին հրաժեշտ տալու։ Մեկ առ մեկ հիշեց, թե որ ծառի տնկին որտեղից էր բերել, տնկել, ջրել փայփայել իր զավակի պես, խնամել, որ մի օր բերք տա, ու իր թոռներն ու ծոռները վայելեն: Ծառերի շվաքի ներքո ինքն իրեն ոչինչ զգաց. ծառը մնում է, ինքը գնում է։ Հիշեց, որ երկու օրից արտը պետք է հնձեին, աչքը ջուր էր կտրել, մինչ ցորենի հասկերը դեղնել էին: Ապա մտավ գոմ, դուռը բացեց ու իր պահած-պաշտած անասուններին բաց թողեց, իսկ հավերի առջև տան եղած ցորենը շաղ տվեց ու առատ ջուր լցրեց ջրամանները: Հալումաշ անող 9 ամիսներին մի հավ չմորթեցին՝ պահելով նեղ օրվա համար: Շրջափակում էր, հաց չկար, ալյուր չկար, ամիսներ գլորեցին կիսասոված, սոված… Է՜հ, կոպեկ չարժե, այժմ պարտվածի պես լքում են իրենց հայրենիքը:
Խոր ծերության մեջ ստիպված պետք է դառնա գաղթական՝ հեռանարով իր տնից, ծննդավայրից, քանի որ թուրքը ներխուժել է իր երկիրը, իր տուն, և նա է հիմա թելադրողը։ Պապի մտքով ակամայից դրվագ առ դրվագ անցան հայոց պատմության ողբերգական ժամանակները, և խորը հառաչ քաշելով՝ հարցրեց՝ ո՞ւր ենք գնում։ Մարդ էլ օրը ցերեկով իր տնից-տեղից կգնա՞, ո՞ւր ենք գնում, ո՞ւր եք ինձ տանում։ Մեզ աքսորում են, սա աքսոր է,- կոկորդի մեջ խեղդելով՝ արտաբերեց ու նստեց մեքենան: Սարսափելի էր զգալ ու տեսնել, թե ինչպես են քեզ ոչնչացնում, արծվից դարձնում անզոր ու թուլամորթ ճնճղուկ: Պապն անդադար մտքերի հետ էր, փորփրում էր հիշողությունները, դեմ առ դեմ նստած էր իրենց հանդեպ իրականացված հրեշային ոճրագործության փաստի առաջ, անհուսալի ապագայի առաջ։
– Քու հյար շտեղա,- հարցրեց թոռանը։
– Քեցալա բենզինու հետա,- պատասխանեց թոռը՝ երկար հառաչ քաշելով:
– Դե տոռնը քլիդի,- արցունքների միջից արտաբերեց պապը:
Թոռը կողպեց տան դուռը, ապա բանալիները զգուշությամբ դրեց գրպանի մեջ, որ հանկարծ չկորցնի: Միակ բանը, որ տանում են իրենց տնից, բանալիներն են: Մի օր գուցե ետ վերադառնան, տունը ավերված չտեսնեն: Թեպետ հոգու խորքում գիտեին, որ թուրքը ոչ մի կողպեքի չի նայելու, մտնելու են ու…..
Որդին եկավ, սակայն դատարկաձեռն, ոչ մի տեղ վառելիք չկա, եկավ ու հուսաբեկ նստեց մեքենան։ Մի պահ հիշեց, որ հրաժեշտ չի տվել տանը, անգամ չի մտել տուն ու չի վերցրել մի հուշ, գոնե տաք վերարկուն, որ ցրտին ծածկվեր։ Իրականում ոչինչ չէր զգում՝ ոչ ցուրտ, ոչ տաք, ընդարմացել էին զգայարանները, սառել էր ու կարկամել։ Միտքն էլ չէր ընդունում աչքի առաջ կատարվող իրականությունը: Առաջ եկան կռվի օրերը… Պետք էր անխնա կոտորել դրանց, որ այսօր չզրկեին մեր տներից։ Մինչ այսօր արկերի բեկորները մարմնում իրենց զգացնել էին տալիս, ցավեցնում, վերջին երկու որովայնի վիրահատությունների վերքերն էլ դեռ թարմ էին, բեկորները վնասել էին կենսական կարևոր օրգանները, բայց հոգու ցավից այժմ ոչ մի մարմնական ցավ չէր զգում, ասես մարմինը չկար, կար միայն վառված սիրտ ու պրկված, ցավագար ջղեր։
Մեքենան շարժվեց՝ ետևում թողնելով Խաչենն իր դատարկվող տների ու ննջեցյալների հետ միայնակ, վիզը ծուռ։ Միակ կենդանության նշույլը որբացած շներն ու կատուներն էին, որ տերերի հետևից անհույս կաղկանձում էին՝ կարծես զգալով իրենց անտեր մնալը:
Աշնան արևը, որ բարձրացել էր գյուղի սուրբ Ստեփանոս եկեղեցու գմբեթից վեր, ասես անիմաստ շողում էր ու իզուր փորձում էր ջերմացնել ամայացող երկիրը, հեռացող մարդկանց ընդարմացած սրտերը, ասես հետ էր կանչում, երևի ուզում էր ասել՝ մի գնացեք, արտը հնձեք, բերքը հավաքեք… Մեքենան դանդաղ սլացավ Արուսյակի կամրջով դեպի անորոշություն…
Ստեփանակերտ տանող ճանապարհին զարմանալիորեն մեքենա գրեթե չկար, վերին գյուղերի բնակչությունը մի գիշերվա մեջ դուրս էր եկել՝ ով ինչով և ինչպես կարողացել է. մեկը` մեքենայով, մեկը` ձիով, մեկը` ոտքով, անտառներով ու ձորերով։ Վերջինն իրենք էին, որ ետ նայելով դուրս եկան։ Գյուղը լքելու հրահանգի օրը Ալեքսանդր պապը չուզեց դուրս գալ, նախ դա գիտակցության մեջ չտեղավորվեց, և ապա ցանկացավ մի գիշեր էլ իր տանը քնել, գուցե հաջորդ օրը լույսը բացվելուց ինչ-որ բան փոխվեր։ Հույսը չէր կորցնում, բայց առավոտյան եղավ անխուսափելին՝ իրենց հազար տարվա գյուղը պիտի թողնեին, թուրքերն արդեն մտել էին գյուղերն ու խոշտանգում էին անզեն մնացած մարդկանց:
Արցախի ամենահին գյուղերից մեկն է Խաչենը, հնում Սեյդիշեն՝ ուսուցչի գյուղ անվամբ: Հնամյա գյուղի մասին են պատմում 12-13-րդ դարերի խաչքարերն ու ավելի վաղեմիություն ունեցող՝ գյուղի գերեզմանատան քարերի վրայի գրությունները:
Հիշեց Ղազարոս Աղայանի գերդաստանի գլխավոր Աղանց Վերդիին, ով 300 տարի առաջ նույնպես ստիպված էր բռնել գաղթի ճանապարհը։ Մեծ գրողը եղել է Խաչենում և իր աչքով տեսել Աղանց բաղն ու աղբյուրը, Աղանց ընկուզենին, որն այն ժամանակ մի չոր կոճղ է եղել: Ալեքսանդր պապը խնամքով էր ցանում Աղանց տափը և Աղանց ընկուզենու բարիքները հյուրասիրում ամեն անցվորի:
Մեքենան կանգնեց Ստեփանակերտի Մազին կամրջի մոտ գտնվող բենզալցակայանի մոտ, ահավոր հերթ էր: Բոլորը սպասում էին վառելիքի: Ավելի քան 20 ժամ սպասելուց հետո լիցքավորեցին մեքենան ու շարժվեցին առաջ: Մեքենաների հոսքն այնքան մեծ էր ու խիտ, որ երեք օր տևեց 4-5 ժամվա ճանապարհը: Մինչ կհասնեին Հակարի կամրջին, որտեղ անցակետն էր, ու կանգնած էին թուրքերը, Ալեքսանդր պապը ճանապարհին վատացավ, մի կողմից սարսափելի հոգեկան տառապալից վիճակը, մյուս կողմից անվերջ ձգվող ավտոշարասյունների հոգեհան անող դանդաղ ընթացքն ավելի անտանելի էր դարձնում: Թոռը դիմեց ռուս խաղաղապահներին՝ պապին փրկելու նպատակով: Գրեթե մեկ կիլոմետր ոտքով քայլեց դեպի ռուսական զորամասը և օգնություն խնդրեց: Դժվարությամբ համոզեց, որպեսզի գան ու պապիկին օգնություն ցուցաբերեն: Մեկ ժամ անց ռուսական շտապ օգնության մեքենան եկավ, բայց պապը ոչ միայն չնստեց մեքենան, այլև նրանց առերես մեղադրեց իրենց հետ կատարվող աղետի համար: Երկու ռուս զինվորականները, որ մեծ դժվարությամբ էին հաղթահարել ճանապարհը. վրդովված թողեցին ու գնացին: Հետևից կանայք աղերսեցին, որպեսզի իրենց երեխաներին կամ տարեցներին տանեն։ Զինվորականները նրանց խնդրանքին անհաղորդ մնացին:
Գաղթի ճանապարհը հյուծիչ էր ու անտանելի, նրանց աչքի առաջ վշտից ու սովից երկու կին մահացան. նրանց դիակները հանեցին մեքենաներից ու դրեցին ճանապարհի կողնակին: Շատերը վառելիք չունենալու պատճառով թողել էին նաև իրենց մեքենաները: Ամբողջական գյուղեր տեղավորվել էին բեռնատարների մեջ. գլխիկոր ծեր ու մանուկներ, կանայք ու տղամարդիկ հուսահատ կանգնած էին թափքին, և նրանց քարացած աչքերում վշտի անհունություն էր դաջված, նրանք անգամ չգիտեին՝ ուր են գնում և ինչ է լինելու իրենց հետ: Կային մեքենաներ, որ այդպես էլ Հայաստան չհասան, ավտովթարներից կամ գլորվեցին ձորը, կամ ուղևորներով հրդեհվեցին:
Մեքենան դանդաղ մոտեցավ Հակարի կամրջին։ Մի ամբողջ զորք էր կանգնած կամրջի աջ ու ձախ կողմերին, հերթով ստուգում էին բռնատեղահանվածներին: Հրամայեցին իջեցնել ապակիները, որպեսզի ավելի տեսանելի լինեին ներսում գտնվողները, վեց թուրք զինվորական գլուխները խոթեցին մեքենայի պատուհաններից ներս: Մանրակրկիտ զննելուց հետո թույլատրեցին առաջ ընթանալ:
Անցնելով կամուրջը՝ հասան Գորիս, այնտեղից էլ՝ Երևան, ասել է թե՝ փրկվեցին: Հուզումներից, լարվածության, ջղաձգման ու սարսափի փոթորկահույզ գրոհումներից հետո իրականության գիտակցումից մտախռով պապը ամբողջ մարմնով կուչ եկավ վարձու բնակարանի բազմոցին: Շուրջն ամեն ինչ օտարոտի էր, օտարություն էր փչում ամեն ինչից, բայց ինքն այլևս նրան էր պատկանում՝ այդ օտար ու խորթ միջավայրին, դեպի տուն վերադարձի այլևս ոչ մի ճանապարհ չկար:
Օրեր, ամիսներ գլորեցին երևանյան բնակարանում՝ կարոտելով իրենց օջախին, իրենց երկրին։ Ալեքսանդր պապն իրեն հատուկ դիմադրողականությամբ դիմակայում էր անասելի ուժով ու գերմարդկային տոկունությամբ՝ ամեն օր իր տան կարոտից մաշվելով, բայց հոգու խորքում հույս փայփայելով, որ մի օր անպայմանորեն վերադառնալու է իր երկիր: Նա չէր ուզում այդքան հեշտ ու հանգիստ հանձնվել, անհետ ջնջվել, ոչնչանալ… Սակայն վիշտն ավելի ուժեղ գտնվեց և տապալեց նրան՝ մարելով պապենական հողում հող դառնալու միակ ցանկությունը:
Ժամանակ առ ժամանակ նրա հիշողության ծալքերում հառնում էին հրապուրիչ ու դյութող հայրենի գյուղաշխարհն ու նրա մարդիկ: Անուններ էր արտաբերում, որոնք վաղուց չկային, հանգչում էին գյուղի գերեզմանատանը: Անվերջ խոսում էր գյուղի մարդկանց հետ, ասես, ողջ են և ներկա են, իր կողքին են ու զրուցում են երկրի անցուդարձից։ Մի ուրիշ աշխարհում էր՝ իրեն հարազատ ու ջերմ: Գոհունակ ժպիտը դեմքին՝ ասես չէր ուզում դուրս գալ այդ աշխարհից…
Ամբողջ օրը ոչինչ չկերավ, երեկոյան թոռը փորձեց կերակրել, բայց, իզուր, պապը ոչինչ չկերավ, ասաց՝ հետո։ Հանգիստ ու խաղաղ քնով անցավ։ Այդ գիշեր նրա աչքերն առհավետ փակվեցին։ Տառապյալի դեմքն այլևս խաղաղ էր՝ հոգին վերջապես տուն էր վերադառնում։
