ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՍԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆՏՐԱԿԱՆ ՆՈՐ ՑԵՆԶ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՕՐԵՆՔԻ ՄԱՍԻՆ

Անահիտ ԱՐՓԵՆ

ԵՎ ՍԱԿԱՅՆ Ի՞ՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՈՎ ԹՔԱԾ ՈՒՆԻ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ

 ՎՐԱ, ԵԹԵ ԻՆՔՆԵՐՍ ԵՆՔ ՔԱՆԴՈՒՄ

Ընտրողի նստակեցության թե չնստակեցության ինչ ցենզ էլ սահմանվի, ոչ իրավական համակարգում ծառայեցվելու է ձեռքում լծակ ունեցողի նպատակներին: Մի կողմից, պետք է որ երկրի ապագան որոշող ընտրողներն անմիջական կապ ունենան Հայաստանի հետ, մյուս կողմից էլ՝ հեռվից ավելի ազատ են գնահատում մեր վիճակը։ Խաբկանք է, թե երկրում մշտապես կամ տևական ապրող անձինք ավելի լավ են տիրապետում ներքաղաքական, տնտեսական և սոցիալական իրավիճակին, ինչը թույլ կտար կայացնել ավելի իրազեկված ընտրություն: Կյանքը ցույց է տալիս, որ հաճախ ընտրատեղամասի կողքն ապրողն անգամ ընտրության չի գնում, իսկ ժողովրդի մեծ մասն անտարբեր է կամ անտարբեր է ձևանում: Հիմնականում ելք չեն տեսնում: Ոմանց համար պաշտոնը, նեղ «անձնական» շահն ազգից գերադասելի են: Ոմանք պատեհապաշտական մղումով կամ չնչինագույն ընտրակաշառքով են առաջնորդվում, շատերն էլ ո՛չ իրենց քթի տակ են նայում, ո՛չ առաջ, ո՛չ վերլուծում են, ո՛չ գնահատական տալիս, ուղղակի իրենց օրն են մթնեցնում։

Եթե փաստացի բնակվողի քվեարկությունն ապահովում է ընտրական գործընթացի կառավարելիություն, օգնում է հստակեցնել ընտրողների ռեգիստրը, մյուս կողմից էլ իշխողին թույլ է տալիս ընտրացուցակներ լցնել ում ասես՝ մեռած թե կենդանի, կամ, օրինակ, մեկ բնակարանում գրանցել հարյուրավոր մարդկանց՝ այլազգիների կամ հայերեն բառ չխոսող անձանց, որոնք եթե անգամ փաստացի պահանջված չափով բնակվել են Հայաստանում, միևնույն է, Հայաստանի կյանքով չեն ապրում, ազգի դարդն էլ չեն լացելու, բայց ՀՀ քաղաքացու կամ ընտրողի փաստաթուղթ ունեն։ Արդյունքը՝ ավելի վատ, ընտրությունը՝ վատթարագույն։ Մինչդեռ, ինչպես ասում են, արյունը ջուր չի դառնում, և քիչ չեն օտար ափերում հայտնված հայեր, որոնք ավելի իրազեկ են, թե հայրենիքում ինչ է կատարվում, և ավելի օգտակար են, քան երկիրը ներսից քանդողները։ Ուրեմն, հեչ վատ չէր լինի, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող այդպիսի անձինք իրենց ձայնի իրավունքից անարդարացիորեն չզրկվեին։ Այն իրավունքից, որը կարող է նվիրվել օտարին:

Մի կողմից՝ քվեարկելու իրավունքը տրվում է նրանց, ովքեր հարկ են վճարում մեր երկրում, և ում ամենօրյա կյանքի վրա էլ ազդելու են ընտրվողների կարգած օրենքները, մյուս կողմից էլ՝ հենց գումար և տնտեսական լուրջ ներդրումներ են պետք լինում, Սփյուռքից են ակնկալվում: Ի դեպ, արտերկրում ապրողներից շատերն իրենք են բարեգործական կամ ահռելի ֆինանսական աջակցություն ցուցաբերում Հայաստանին, էլ չասենք, որ Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացի իրենց հարազատներին ապրուստի փող են ուղարկում, որով արդեն իսկ մասնակցում են երկրի կյանքին, թեթևացնում սոցիալական բեռը և, ուրեմն, պետք է նույնպես մասնակցեն ընտրություններին, մանավանդ, երբ ոչ արդար ձևավորված իշխանության բացասական որոշումներն ավելի վնասակար են։ Ցավն այն է, որ սրա հետևանքն էլ է անմիջականորեն կրում Հայաստանի ժողովուրդը, ինչպես որ ներսում բնակվող և ընտրող պատեհապաշտների, ընտրակաշառքով ընտրողների ու ընդհանրապես չմասնակցողներինը: Եվ սա ավելի վատ է, քան եթե երկրի աշխարհաքաղաքական վեկտորը որոշեն մարդիկ, որոնք չեն կրելու այդ որոշումների անվտանգային ռիսկերը: Ամեն դեպքում և ինչքան էլ օտարի քարոզն ու անտեղյակությունն իրենց գործն անեն, որի պակասություն չկա բուն Հայաստանում, ընտրություն կատարելիս ոչ հայաստանցին համեմատաբար ավելի ազատ ու անաչառ կլինի, գոնե գրոշներով ձայն չի վաճառի՝ ժողովրդի ապագան էլ հետը։ Մեր մեջ ասած, լավ թե վատ, մենք ամեն տեղ նույնն ենք, և սահմանափակումը միայն կառավարողներին է ձեռնտու, որոնք էլ օրենքները հարմարեցնում են իրենց և ընդլայնում իրենց հնարավորությունները։

Ուստի, խնդրո առարկան միանշանակ չէ, ուրեմն, պետք է արդար համակարգմամբ կիրառել տարբեր մոդելներ ու ստանալ առավելագույնս արդար արդյունք։ Ի վերջո, ՀՀ Սահմանադրությամբ, բոլոր քաղաքացիները ձայնի իրավունք ունեն, ուրեմն, էլ ի՞նչ ժողովրդավարություն, եթե չի ապահովելու նրանց իրավունքների հավասարություն՝ անկախ գտնվելու վայրից։ Սև սրտին գորշ մխիթարանք՝ նաև ասենք, որ մեր հայրենակիցների ներգրավվածությունը շատ կարևոր է, իսկ ընտրելու իրավունքի սահմանափակումը կարող է օտարել նրանց և թուլացնել կապը հայրենիքի հետ: Մինչդեռ ընտրությանը մասնակցելը խթանում է ոչ միայն հայաստանցու ակտիվությունը, այլ նաև հայրենադարձությունը, որոնք երկուսն էլ այսօր կենսական նշանակություն ունեն երկրի և ազգի համար։   

 

Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՑՈՒ  ՁԱՅՆԸ  ՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆ  Է

1965 թվականին մեր Ղասաբյան ընտանիքը  ներգաղթեց հայրենիք, որը հայրենաբաղձներիս համար հեքիաթագույն խաբկանք էր՝ Սովետական Հայաստան կոչվող: Այնուհետև ամբողջ իմ գիտակցական կյանքն ապրեցի «Ես ասանկ կըսեմ, դուք անանկ հասկցեք», սուտի արշինով չափված ու ձևված «հայրենիքում», որն աշխարհից «մարդասիրական» երկաթյա վարագույրներով բաժանված  ՍՍՀՄ–ի  հանրապետություններից մեկն էր՝ ՀՍՍՀ հորջոջվող: Խոսքս հուշագրություն  չէ, պարզապես ուզում եմ վկայել՝  սովետական մտածողություն կոչվածին կողքից չէ, որ ծանոթ եմ, ընդհակառակը՝ տևական ժամանակ ուսերիս «վայելել» եմ նրա ծանրությունն ու բավականին հստակ զգացել ու հասկացել, թե ինչ է նշանակում քաղաքականությամբ թելադրված խտրականությունը: Կենսագրությանս հոսքում հավանաբար հազար անգամ  պատասխանել եմ մի անմեղ հարցի՝ արտասահմանում բարեկամ ունե՞մ, թե՞ ոչ, ու ամեն անգամ անգիր արածի պես  հարցին նույն կերպ պատասխանելիս ինձ նվաստացած ու օտարական եմ զգացել` այդ հարց-մահակը գլխիս պահած սովետական երկրից, որտեղ  հաշվենկատ քաղաքական գաղափարախոսության լույսի ներքո  նախապես կասկածյալ ես՝ հայրենիքդ դավող օտարերկրյա գործակալ: Ամեն անգամ ինձ տված այդ անհեթեթ հարցի պատճառով էր նաև, որ հոգեպես  հեռացել էի և օտարվել ապրածս «արդար» միջավայրից: Ուստի, երբեմնի սովետական ցավեցնող  մտածողությունը վերապրեցի, երբ իմացա, որ հապշտապ  կերպով (եթե մի ամիս անց լիներ, աշխարհը քանդվելու էր)  Ազգային ժողովն օրենք է ընդունել ընտրության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին: Փաստորեն, այս փոփոխությամբ Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ զրկվում են իրենց հայրենիքի տերը լինելու իրավունքից՝ ընտրելու իրավունքից` դրանով իսկ օրինականացնելով պետության մեջ անօրեն խտրականության, կասկածանքի ու ատելության երերուն ներկայությունը, ինչը, թերևս, առաջ պոռալով ետ-ետ էրթալ է նշանակում:

Ես չեմ կարող հասկանալ՝ ինչո՞ւ մեկը, որն ամբողջ օրը բակում նարդի պիտի խաղա, իր տղային ծառայությունից փախցնի ու ընտանիքի անդամների հետ տեղավորի ուրիշ երկրում, ընտրելու իրավունք ունենա, իսկ մյուսը, որի զավակը ծառայում է բանակում, ընտանիքը հայրենիքի լավուվատի մեջ է եփվում, ինքն էլ հանգամանքների բերումով տնից-տեղից կտրված՝ արտագնա աշխատանքի է` ընտանիքին նեցուկ լինելու համար, ընտրելու իրավունք չունենա: Կարծում եմ՝ այս օրենքն ազգը պառակտող, քաղաքացու իրավունքին  հարվածող, սովետի մտածողությամբ (ճիշտ է, ժամանակները փոխվեցին, բայց այդպես էլ սովետից չպրծանք), պահի տակ որոշված անհեռատես ու մերժելի մի բան է: Տեսնես ո՞ւմ է պետք կամ ձեռնտու օդի մեջ կախված Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որ ընտրելու իրավունքից զրկված է: Աներկբա է, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես, ուրեմն, ընտրելու իրավունք պետք է ունենաս և տեր լինես հայրենիքիդ ճակատագրին, հակառակ դեպքում քանի՞ լումա արժե ՀՀ քաղաքացի լինելդ: Հայաստանի Հանրապետությունն առաջին հերթին պետք է ոչ թե կասկածի, այլ` հավատա իր հպատակներին: Նարեկացին ասում է ՝ «Զի հավատացի, ուստի խոսեցի»: Այո, Երկիրը պիտ հավատա իր քաղաքացիներին, որ նրանք  խոսեն, ու լսելի դառնա արդարության ձայնը, քանզի ձայն բազմաց, ձայն Աստծո: Այո, պետությունը երիցս պետք է վստահի իր քաղաքացուն. «Ապավինելով անստվերագիր այս վստահության՝//Կործանվածս ահա կանգուն եմ նորեն,//Թշվառս՝ հաղթող,//Մոլորյալս՝ ուղղված դարձին կենարար,//Ամենաթշվառ չարագործս՝ հույսին,//Մատնվածս մահվան՝ կյանքին կատարյալ,//Ապականյալս՝ շնորհին անեղծ,//Դժնագործությամբ տարվածս՝ լույսին,//Անասնակենցաղ ստորնասերս՝ երկնքին Աստծո,//Կրկնակ գայթածս՝ նորոգ փրկության,//Մեղքով կապվածս՝ խոստմանն հանգստի,//Վիրավորվածս անամոք՝ դեպի դեղն անմահարար,// Ստամբակյալս վայրագաբարո՝ հնազանդության,//Աստանդականս խռովյալ՝ կոչին,//Ապերասանս դժնի՝ հեզության,//Ընդիմախոսս լուտաբան՝ ներման» (Մատյան ողբերգության, Բան ԺԱ, Գ):

 

 

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Պարզից էլ պարզ է, թե ինչու ընդունվեց Ազգային ժողովի ընտրությունների նոր կանոնակարգը, ըստ որի՝ քվեարկելու իրավունք ունեն քվեարկությանը նախորդող 730 օրվա ընթացքում առնվազն 366 օր Հայաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները։ Ընտրությունների արդյունքները վստահաբար այլ կլինեին, եթե ավելի շուտ ընդունվեր այս օրենքը, որով կկանխվեր իշխանության ձգտող միլիարդատիրոջ ճիգ ու ջանքը՝ իր համար ընտրազանգված ապահովելու համար Հայաստան բերելով ռուսական անծայրածիր ճահճում լռված-մնացած ու տարիներով հայրենիքի երես չտեսած ՀՀ քաղաքացիներին։ Ընդ որում, այս մասին իմացանք ոչ թե իշխանամետ լրատվամիջոցներից կամ սոցկայքերից, այլ՝ «առաջին ձեռքից». դեռ մայիսին թե՛ իմ, թե՛ կնոջս ռուսաստանաբնակ (ցավոք) ազգականներից ոմանք մեզ հայտնեցին, որ իրենց հետ կապվել են ու առաջարկել են իրենց հաշվին Հայաստան մեկնել՝ կալուգացի օլիգարխին ընտրելու պայմանով…

 

 

Գոհար ՌՇՏՈՒՆԻ

Հայաստանում ընդունվել է մի օրենք, ըստ որի` ընտրություններին կարող են քվեարկել միայն այն քաղաքացիները, որոնք վերջին երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի փաստացի բնակվել են երկրում։

Այս օրենքները տարբեր երկրներում տարբեր են․ երբեմն ամբողջական արգելք է սահմանվում արտերկրում բնակվող քաղաքացիների համար, երբեմն էլ խիստ իրավական պատասխանատվություն՝ ընտրություններին չներկայանալու դեպքում․ տուգանքներ, պետական ծառայության մեջ աշխատանքի խնդիրներ, պետական ծառայություններից օգտվելու մերժում։

Շատ երկրներ ակտիվորեն կիրառում են սփյուռքի մասնակցությունը ընտրություններին, սակայն տարբեր են ոչ միայն մեխանիզմները։ Օրինակ՝ Իտալիան և Ֆրանսիան իրենց քաղաքացիներին թույլ են տալիս քվեարկել փոստով կամ հատուկ էլեկտրոնային համակարգերով, նույնիսկ եթե նրանք տասնամյակներով ապրում են Եվրոպայից դուրս։

Բայց Իմ կարծիքով, չի կարելի խախտել երկրի քաղաքական հավասարակշռությունը։ Յուրաքանչյուր երկրում կա գործող իշխանությունների, բարեփոխումների, ընտրված զարգացման ուղիների կողմնակիցների և հակառակորդների որոշակի քանակ։ Չի կարելի խախտել այդ կենդանի, գործող հավասարակշռությունը՝ արհեստականորեն ներմուծելով արտաքին ուժեր, որոնք միավորված են մեկ գաղափարով և ցանկությամբ։ Առավել ևս այն պատճառով, որ այս երկրում, թեկուզ իրենց հայրենիքում, շարունակելու են ապրել տեղի բնակիչները՝ բացարձակապես տարբեր պայմաններում և իրականություններում։ Հենց տեղի բնակիչներն են մնում երկրի իրական կյանքի կրողները։

Ինչո՞ւ։ Դա հիշեցնում է օտարերկրյա ներխուժում, որի նպատակն է փոխել երկրի զարգացման վեկտորը։ Ահա թե ինչու պետք է դնել արգելքներ այդ ներթափանցման դեմ։ Հայկական անձնագիրը նման է անցագրի, որը բացում է դռները ներթափանցման համար։ Բայց հենց այդ անսպասելի երևույթը, երբ մարդկանց ամբոխները այդ անցագրով միաժամանակ մտնում և դուրս էին գալիս (նույնիսկ վարձատրության դիմաց), ստիպեց ընդունել «բնակության ցենզի» մասին օրենքը։

Իրականում ամեն ինչ նման էր ամրոցի գրավմանը՝ արտաքին օգնությամբ։ Օրինակ՝ իմ հիշողության մեջ կա 988 թվականը, երբ իշխան Վլադիմիր Սվյատոսլավովիչը ամբողջ մի դրուժինա՝ կրիվիչներ, վարյագներ, պեչենեգներ, բերեց որպես օգնություն Բյուզանդիայի կայսրերին (Հայկական՝ Մակեդոնյան դինաստիայի)՝ ճնշելու զորավար Վարդ Ֆոկայի (նա էլ էր հայ) լայնածավալ ապստամբությունը 988–989 թթ.։ Ի դեպ, ոչինչ անվճար չի լինում․ դրա դիմաց իշխան Վլադիմիրը պահանջեց նրանց քրոջը՝ արքայադուստր Աննային իրեն կնության տալ։

Այսպիսով, կարծում եմ, որ այս օրենքը առաջին հայացքից կարծես թե խտրական, իրականում՝ արտաքին ուժերն արգելափակող է, և այն ստիպված էին ընդունել անսպասելի, թեև կանխատեսելի հանգամանքների պատճառով։ Սա բացարձակապես բնական դիմադրություն է արտաքին ուժերին։

 

Զավեն ԲԵԿՅԱՆ

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրավունք ունենալու համար Հայաստանից տևականորեն բացակայող մեր քաղաքացիների համար Հայաստանում փաստացի բնակության ժամանակը որոշակի ժամանակահատվածում ընտրական ցենզ սահմանելը բարդ հարց է, բայց արդեն իսկ՝ լուծված։ Տարբեր երկրներում տարբեր ընտրական օրենսդրական առանձնահատկություններ կան՝ ելնելով տվյալ երկրի ազգային-պետական շահերից։ Օրինակ, Մոլդովայում Մայա Սանդուն իշխանությունը կկորցներ, եթե արտասահմանում ընտրական տեղամասերի «առատություն» չստեղծվեր, բացառությամբ… Ռուսաստանի։ Սանդուն ձայների մեծամասնություն ստացավ «դրսի» ձայների հաշվին, որովհետև երկրի ներսում կային ռուսադրածո օլիգարխներ, որոնք, օրինակ, «հավելյալ թոշակ» էին տալիս մոլդովացի թոշակառուներին՝ միայն թե սրանք Սանդուին կամ արևմտամետ ուժերին չընտրեին։

Քաղաքականությունն ինքնին, մեղմ ասած,  քի՛չ բարոյական երևույթ է, այստեղ կարևորը երկրի շահերը արտաքին էքսպանսիայից պաշտպանելն է։ Մինչ այս էլ, գիտենք, մեր սփյո՛ւռքը քվեարկելու իրավունք չուներ։ Գիտենք, թե անցած ընտրություններում ինչ ագրեսիվ միջամտություններ եղան մեր «ոխերիմ դաշնակցի» կողմից՝ փողերի ներհոսք առ Հայաստան ընտրակաշառք տալու համար (այդ կաշառատուների և կաշառառուների երևի մի փոքր մասը միայն  հայտնաբերվեց), ուղղորդված, «առաքյալ  ընտրողների» զանգվածային ներհոսք Ռուսաստանից և այլն։ Եթե շփոթվենք ու բարոյականությա՛ն տեսանկյունից սրա դեմն առնելու համար հատուկ օրենք ընդունելն անբարոյական համարենք (ինչի վերաբերյալ վայնասուն է դրել «հինգերորդ շարասյուն» կոչվածը), ճի՞շտ կլինի, իրենց արածը բնական է, մերն՝ անբնակա՞ն… Ոչ, ամեն ինչ նորմալ է, ամեն մի  երկիր իրավունք ունի ԱՄԵՆ ԿԵՐՊ պաշտպանել իր ինքնիշխանությունն արտաքին վտանգներից ու միջամտություններից։