Հայրս շատ հյուրասեր էր։ Սիրում էր իր արարած-ստեղծած հացն ու գինին ոչ մենակ վայելել… Ամռանը հաստ պատերով մեր զով մառանում, լավաշ գրտնակելու կլոր սեղան-տախտակի մեջտեղում, արծնապատ դույլով ոսկեշող գինին էր դնում և հյուրերին հորդորում՝ իրենց բաժակները հենց դույլի միջից գինին լցնել ու ըմպել՝ որքան սրտերը կուզե։
Մեկ ընդհանուր ամանից խմելն ու ուտելը համարում էր ավելի ջերմ ու ընկերական (բժիշկների աչքից ու ականջից հեռու՝ հիգիենի՜կ, ստերի՜լ, ալկոգե՜լ…)։
Նաև ասում էր, թե լսել ու կարդացել է, որ ընկեր բառը հայերի կենցաղում ծագել է հենց ընդհանուր ամանից սնվելու կենսակերպից, այսինքն՝ ընդ+կ»ր=ընկ»ր։ «Դե գիտեք,-ասում էր,- ռուսներն էլ միասին որսած ավարը կամ այլ ուտելի ապրանք (վայրի մեղր, սունկ, արմտիք և այլն) որոնելն ու գտն»լը ՛՛ՑՏՉՈՐ ՌքՌ՛՛ են կոչ»լ, որից էլ առաջացել է «ՑՏՉՈՐՌք»-ը։
Ես հորս և մեր հյուրերի այդօրինակ խոսք ու զրույցից կյանքային շատ բաներ էի սովորում իմ մանկապատանեկան տարիներին։
Մայրս ամռանը սեղանին ոսկեվազյան եղանակով եփված, աղով պահածոյացված Սևանի կողակ ձուկ էր հրամցնում՝ պատրաստված կանաչ լոբով, դդմիկով, պոմիդորով ու կիսակծու տաքդեղով։ Աշնան ամիսներին էլ մեր օջախի հյուրերը ոսկեփրփուր անապակ գինու հետ հաճույքով ճաշակում էին ղավուրմա (տհալ)՝ բռունցքով ջարդած հում գլուխ սոխով ու մորս դրած անմահական թթվով։
Հայրս, սակայն, հարկ էր համարում նաև հյուրերին բարեկամաբար նախազգուշացնել, որ ոսկեվազյան գինին, ճիշտ է, շատ անուշ ու սահուն է խմվում, բայց… մեկ ժամ հետո է արբեցնում… Եվ դա համեմատում էր մեր համագյուղացի Մեջլումյան Պապեի հրացանի հետ: Ապա պատմում էր, որ մի անգամ տարեց որսկան Պապեն, «իմ պես հնացած, խարխլված, ծերացած» (չակերտյալը իր ինքնաբնորոշումն է…), միփողանի հրացանով որսի գնալիս նշան է բռնում իրենց բակի ընկուզԵնու բարձր ճյուղին կչկչացող, աղմկարար կաչաղակին։ Քաշում է ձգանը, և «չըրթ»՝ հրացանը չի որոտում, կաչաղակը թռչում, հեռանում է, ինքն էլ զենքը ուսն է գցում ու դաշտ մտնում։ Հասնում է Քասաղ և Շաղվարդ գետերի միախառնման՝ Ջրխառնուրդի ձորաբերնին։ Բարձր ժայռից ներքև է նայում, աղվես է փնտրում, և հենց նույն պահին ուսից կախված հրացանն ինքն իրեն կրակում է։ Պապեն թեթև ցնցվում է այդ անակնկալից ու զարմանքով ասում՝ «Լավ ի էլի, տանը չրթես եմ, դաշտում կրակել ի…»։ Հիմա մեր գինուն էլ կսազի ասենք՝ մեր տանը խմում, գնում են, իրենց տանը հարբում են…»։
Ոսկեվազյան գինուն այդ բնորոշ հատկությունը ժամանակի հետ կմոռացվեր (քանզի, ցավոք սրտի, այլևս չկան «Ոսկեհատ» («Խարջի») տեսակի խաղողի նախկին այգիները…), եթե դրան չծանոթանար և մեծատաղանդ բանաստեղծի իր գրչով չարժևորեր հողածին ու հողապաշտ պոետը՝ Համո Սահյանը։
1950¬ական թվականներին «Գիտելիք» ընկերությունը մայրաքաղաքից մտավորականների մի խումբ է գործուղում՝ Աշտարակի շրջանի աշխատավորության համար դասախոս»ելու, գիտահանրամատչելի զրույցներ անելու։
Ոսկեվազի կոլտնտեսության ծխախոտի չորանոցի ծածկի ստվերում դասախոսում են Համո Սահյանը և երկու այլ մտավորական։ Վերջիններիս հյուրասիրելու համար իր տուն է հրավիրում կոլվարչության նախագահ Սուրեն Աթանեսյանը, իսկ Համո (Հմայակ) Սահյանն ասում է, որ նախապես ինքը խոստացել է և կգնա իր անվանակցի՝ գյուղատնտես Հմայակ Մանուկյանի տուն։
Հայրս հետագայում հաճախ սիրում էր վերհիշել, որ բանաստեղծը մեր տուն եկավ, մառանի կարասների ողորկ մակերեսը ափով շոշափեց, ապա՝ թմփթմփացրեց. գինով լիքերը ձայն-ծպտուն չհանեցին, դատարկները՝ զրնգացին։ «Էդպես էլ որոշ մարդկանց դատարկ գլուխներն են զրնգում, իսկ լիքերը՝ լռում իմաստուն»,- դեմքին մեղմիկ ժպիտ խաղացնելով՝ խոսեց բանաստեղծը։
Ապա նրա աչքովն են ընկնում եզրային լիքը կարասի վերնամասի շուրջբոլորը՝ դեռևս թաց կավի վրա արված հայկական ոճի գեղեցիկ զարդանախշերը, ստեղծման տարեթիվը՝ 1619 թ., և շնորհալի բրուտագործի ստորագրությունը` ժամանակի ուղղագրությամբ՝ Դաւիթ։
– Ինչ լավ է,- ուրախ արձագանքում է Հ․ Սահյանը,- փաստորեն վարպետ Դավթի շինած կարասը «Ծննդյան վկայական» ունի․․․
Մեր օջախ այցելած հարգևոր հյուրին պատվում են «Ոսկեհատ» («Խարջի») տեսակի խաղողից քամված անմահական գինով և թանձր աղաջրում պահված Սևանի կողակ ձկով՝ իր բանջարեղենային «ատրիբուտներով»։ Համո Սահյանն ասում է, որ թեև ինքը հայրենի եզերքի՝ Սիսիանի Որոտան գետի շքեղ կարմրախայտ ձկանն է մանկությունից քաջածանոթ ու սովոր, սակայն բանջարեղենային բաղադրիչներով եփված Սևանի կողակը, հատկապես՝ գլխամասը, յուրահատուկ հաճելի համ ուներ և համեղ էր։
Հայրս այստեղ էլ իր սիրած՝ Պապեի հրացանի պատմությունն է անում։ Բանաստեղծը ուրախացած ասում է. «Լավ պատմություն է, ես դա միշտ կհիշեմ»։
Վերջում հայրիկս օշականցի ընկերոջ որդու «Պոբեդա» ավտոմեքենայով և «Դաւիթ»-ի կարասից լցված ոսկեվազյան գինով լի տակառիկով Երևան է ճանապարհում թանկագին հյուրին։
Շաբաթներ անց, երբ բանաստեղծը նույն՝ աշխատավորության համար ելույթ ունենալու առաքելությամբ կրկին Ոսկեվազ է գալիս, հայրիկիս հետ հանդիպում են գյուղի մշակույթի տանը, ջերմ բարևելուց հետո Հ. Սահյանն ասում է.
– Հարգելի անվանակից, ձեր Ոսկեվազի գինին, իրոք, որ որսորդ Պապեի հրացանի պես էր՝ ձեր տանը «չըրթեցի», Երևանում՝ մեր տանը «կրակեց»։
***
…2011 թվականին գրականագետ, հայրենակից բանաստեղծի մեծ բարեկամ Շչորս Դավթյանի հետ, նրա ղեկավարած «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնում պոետի երկերի քառահատորյակն էինք կազմում։ Այստեղ հանդիպեցի մինչ այդ ինձ անծանոթ, ընդամենը ութտողանի մի բանաստեղծության, և հուզմունքից հոգիս տակնուվրա եղավ… Բանաստեղծը գեղարվեստական խոսքով արժևորել էր իմ գյուղի նշանավոր ըմպելիքը…
Ձեր Ոսկեվազի գինին հնուց
Արար-աշխարհ է հիացնում,
Այդ նրանից է, որ խմելուց
Մի ժամ հետո է արբեցնում…
Դու ինչքա՛ն լավ ես քամում գինին,
Ասա՛ գաղտնիքը, թող իմանամ՝
Ինչպե՞ս անեմ, որ երգս լինի
Ձեր Ոսկեվազի գինու նման։
1952 թ.
(Համո Սահյան, Երկեր չորս հատորով, հատոր 1-ին, էջ 204, Երևան, «Ոսկան Երևանցի» տպագրատուն, 2011 թ.)։
***
Ի դեպ, մեկ հիշարժան հավելում. «Գիտելիք» ընկերության գործուղումով Ոսկեվազ է գալիս նաև Պարույր Սևակը։ Դասախոսությունից և Հարոյենց թաղակապ մառանում հյուրասիրվելուց հետո մառանով տպավորված պոետը հետագայում գրած իր «Հայաստան» հանրածանոթ բանաստեղծության մեջ ունի նաև այսպիսի սքանչելի տողեր.
… Դու մրգերի շտեմարան,
Ոսկեվազյան գինու մառան…
Այո՜, աստվածապարգև աշխարհզգացումով այսպիսին են հող-հայրենիից ծնված-սնված հատընտիր պոետները, որոնք տեսնում, զգում և… բանաստեղծում են…
