ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր, լրագրող, հրապարակագիր ՍԵՐԺ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ծննդյան 80-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
ԵՍ ԳՏԱ ՄԵՐՕՐՅԱ ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆՅԱՆԻՆ
Արարատի, Արագածի, Արա լեռան և Արտին սարի քառանկյան գրավիտացիայի ձգողական դաշտում է Սերժ Մանուկյանի ծննդավայր Ոսկեվազ գյուղը: Տիեզերական ուժերը ազդում են բնակավայրի երևույթների ու հատկապես ապրողների կենսաբանության վրա, պարզապես կերտում են մարդուն սարի պես գագաթին ամպեր գերող, ուժեղ, ակտիվ և շնորհներով լեցուն: Այդ էներգետիկայում իր պապերի Խոյ բնօրրանի գենետիկ սերմնահատիկն է ծիլ տվել Ոսկեվազյան հողում: Քիչ այն կողմ Մեսրոպ Մաշտոցի դարավոր տագնապներով անհանգիստ․․․ հանգստարանն է, ուր Սերժ Մանուկյանը մտնում է իբրև սրբալույս տաճար և դուրս գալիս ոգեղենության նոր լիցքերով: Սա նրա գենետիկ կենսագրությունն է, իսկ աշխատանքայինը ընդամենը դրա ածանցյալ շարունակությունն է: Այդպիսին է Աշտարակի Ոսկեվազի ոսկեմաս Սերժ Մանուկյանը՝ 80-ամյա ճշմարիտ հայորդին: Հիշո՞ւմ եք Թումանյանի «Հառաչանք» պոեմի 80 տարեկան ծերունու խոսքը: Նա չի հիշեցնում, որ ինքը 80 տարեկան է, այլ` ասում է՝ «…Էս է չորս քսան տարիս լրացավ…»: Ութսունը այնքան խոսուն չէ, որքան չորս քսանը, ախր ամեն քսանը մի վաստակած ութսունի կյանք է, տագնապ ու տառապանք, նաև՝ արժանապատվություն, երազանք… Սերժ Մանուկյանը թումանյանական ժողովրդական մտածողության ու պատկերավորման այս տրամաբանության մեջ է: Միայն Սերժ Մանուկյանը կարող է իր ապրած 80-ը չորս 20-ի բաժանել ու գումարել, ինչը մարդիկ ճշմարիտ կենսագրություն են համարում: Դե ուրեմն, խոսքը տանք նաև թվերին ու փաստերին: Ծնվել է 1946-ին Աշտարակի շրջանի Ոսկեվազ գյուղում: Ավարտել է ԵրՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, աշխատել Աշտարակի կուսշրջկոմում, շրջանային թերթում, եղել է Պրոֆտեխուսումնարանի տնօրեն, Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության Արագածոտնի մարզային ծառայության պետ, Արագածոտնի մարզպետարանի լրատվական ծառայության ղեկավար, Հայկական ավիացիայի մամուլի ծառայության ղեկավար, ընտրվել է Բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի իսկական անդամ, արժանացել է Բնության և հասարակության միջազգային ակադեմիայի Պատվավոր դոկտորի կոչման, ԽՍՀՄ և Հայաստանի ժուռնալիստների միությունների, Լրագրողների միջազգային դաշնության անդամ, բազմակի մրցանակակիր ու մեդալակիր:
Բնավորությամբ չափազանց զուսպ է, ներհուն, հանրագիտարանային իմացությամբ, բարեվարքության և էթիկայի սահմանները հարգող, ծանրակշիռ խոսքի վարպետ, սեփական կարծիքը հիմնավորող, բայց ուրիշին չպարտադրող ժուռնալիստ, բնապաշտ և մարդապաշտ գրող… Սերժ Մանուկյանը յուրովի է մեկնաբանում Մարդու, Աստվածայինի և Տիեզերականի Նարեկյան ըմբռնումը՝ «Ես եմ համայնը, և ամենայնն է իմ մեջ»: Եվ մի՞թե ավելի հասկանալի բառերով հնարավոր է բացատրել Սերժ Մանուկյանի խոհը՝ «Ես տիեզերքի մասնիկն եմ, և տիեզերքը իմ մեջ կա։ Յուրաքանչյուր բանական էակ այս ընկալումով կարող է բացել աշխարհաճանաչողության մեծ դռները․․․»։ Իբրև հայտնություն՝ կարդում էի Սերժ Մանուկյանի հերթական «Որսորդի գրքի կրակոցներ» հանրագիտարանային ժողովածուն: Հիշեցի մեծ բնապաշտ Վախթանգ Անանյանի որսորդական պատմվածքները և բնաշխարհի հրաշալիքները․․․ Եղավ հայտնությունը՝ Սերժ Մանուկյանը մեր օրերի Վախթանգ Անանյանն է․․․ Զարմանալի չէ, գուցե նախախնամության ամենատես մատը խառն է, որ նրանք մտերիմներ էին: Որսորդությունը երկուսի համար էլ վայրի կենդանիների վրա որսամսի համար կրակելը չէ, այլ՝ հայրենի բնաշխարհում անընդմեջ շրջելով՝ բնապաշտությամբ սերունդ դաստիարակելն է․․․ Սերժ Մանուկյանի սիրտը ճմլվում է Շաղվարդի զմայլելի գրկում զարկված բադի համար․ «․․․Միամի՜տ, խեղճ բադեր․․․ Չթռան, դեռ գեղանի պարանոցները ուղղեցին մոտեցողներին։ Երևի կարծեցին, թե հաց էին նետելու իրենց․․․ Խաբկանք․․․ Տեղաց քարե կարկուտ։ Բադաքլորի գլուխը վերջին անգամ մետաղական կանաչ-կապույտ փայլերով շողշողաց և ջախջախված ու արնակոլոլ շրմփաց ջրի հայելու վրա․․․ Կտուցը կախ՝ օդում շվարած պտույտներ էր անում վշտահար մարին, սրտակեղեք ձայներով ընկերոջը վերև կանչում․․․»։ Մեղք գործելու, բնության ներդաշնակությունը խաթարելու զգացողության մասին Մանուկյանի այս պատկերը մտովի համադրեցի ճապոնական գրականության հայտնի թանկաներից մեկին՝ «Մարդիկ, քարկոծեք ինձ, ես հենց նոր բալենու ծաղկած ճյուղը կոտրեցի․․․»։ Երկուսում էլ մեղքի զգացողությունն է։ Եթե ճապոնական տարբերակում մեղք գործողը զղջում է, կամենում ապաշխարել և պատրաստ է պատիժը կրելու, ապա հայկական տարբերակում մեղավորը չի զգում մեղքը և չի զղջում արածի համար։ Նրա փոխարեն մեղքի ցավը զգում է որսորդ գրող Սերժ Մանուկյանը և ապաշխարում։ Համեմատությունը ցավով հիշեցնում է, որ մենք չափից ավելի դաժան ենք կենդանական և բուսական աշխարհի հանդեպ, անխնա ոչնչացնում ենք մեզ պահող ու կերակրող մայր բնությունը, ինչի զավակն ենք մենք․․․ Բնապաշտ գրողը հիշեցնում է՝ մի մոռացեք, որ բադը, մրջյունը և հսկայամարմին փիղը հոգեվարքի նույն ցավն են ապրում․․․ Իսկ մարդիկ այս քաոսային ժամանակներում, տարված ինտերնետ և արհեստական բանակունություն հրաշքներով, մոռանում են իսկական հրաշքը՝ բնաշխարհը: Սերժ Մանուկյան գրողի բարոյական խրատականը մարդկանց մեջ բնության և տիեզերական ներդաշնակության պահպանության զարթոնքն է, ամեն թիզ հող հայրենիք է, իսկ դրա խաթարումը՝ մեծագույն մեղք՝ «Երբ լսեցի, որ ամեհի բուլդոզերներով խոշտանգել են գինեվետ հովիտը, այլևս այն տեսնելու սիրտ չունեցա․․․ Այո՛, անհեռատես, անհոգի կառավարիչների կամոքն արմատահան արվեցին տոհմիկ հայ այգեպանի պաշտամունք խաղողի դարավոր վազերը, բարիքների աղբյուր սրսուռ հողը տրորեցին-ճզմեցին մետաղյա բիրտ թրթուրների տակ, տարածքը վերածեցին ընդանենը պարզ բանջարանոցի ու խոտհարքի, տեղ-տեղ էլ՝ էրոզացված գորշ, ամուլ խոպանի․․․»։
Մեղավորն ու մեղքը կան, ապաշխարողը չկա։ Եվ Սերժ Մանուկյանը բազում մեղսագործների փոխարեն ակամա դառնում է մեծ ապաշխարող։ Մեր մեղավորը չի զղջում ճապոնական տարբերակի նման՝ «Քարկոծեք ինձ, մարդիկ․․․»։ Միայն հատ ու կենտ մեղանչողներն են զղջում, այն էլ՝ կեսբերան․․․ Սա է բնապաշտ գրող Սերժ Մանուկյանի հոգու ցավը։ Ինչո՞ւ է մարդ արարածն այսքան ապերախտ․․․ Բնապաշտ գրողը այս տագնապն է բարձրաձայնում իր հրաշալի պատմվածքներով, հոդվածներով, ահազանգերով՝ փրկենք բնությունը, որ մենք էլ փրկվենք․․․
Հեղինակը հայոց որսորդության մերօրյա պատմիչն է։ Հին և միջնադարյան պատմիչներով հիշեցնում է հայ և օտար արքաների որսորդական ավանդույթները, նրանք նույնիսկ անտառ-արգելոցներ էին հիմնում, կենդանական և բուսական աշխարհի տեսակների բազմազանությունը ապահովում։ Արքայական որսի արարողությունները հատուկ ծիսակարգեր էին, նաև զինվորներին էին վարժեցնում, մերձեցնում մայր բնությանը․․․ Սերժ Մանուկյանը որսորդական բազմաթիվ փաստերը սոսկ վերապատմող չէ, այլ՝ ժողովրդական մտածողությամբ, համուհոտով և ականատեսի աչքով պատմող է, երբեմն բարբառային ու նաև գրաբար խոսքով կոլորիտ ստեղծող․․․ Սա սոսկ ընթերցանության գիրք չէ, այլ՝ դասագիրք հատկապես քաղաքային վանդակ հիշեցնող բնակարաններում բնություն չտեսած երեխաների համար։ Այս գիրքը պետք է ուսումնական հաստատություններում դառնա օժանդակ ընթերցանության ձեռնարկ, հանդիպումների և քննարկումների թեմա, ինչպես ժամանակին Վախթանգ Անանյանի գրքերը։ Համակարգչի պոչը բռնած երեխաների մեծ մասը ձինն ու էշը, շունն ու գելը իրարից չեն ջոկում, հեռացել են բնությունից՝ դառնալով ինտերնետի գերին։ Դպրոցներում բնասիրության դասեր պետք է անցկացնել՝ հատկապես դասագիրք ունենալով նաև Սերժ Մանուկյանի այս բացառիկ հանրագիտարանը։ Պատկերացնում եմ, թե ինչ հրաշալի դասեր կանցկացնի հանրագիտարանային իմացությամբ տասնամյակների բնասեր որսորդն ու բնության գաղտնիքները բացող գրողը․․․ Շահեկան ու դաստիարակիչ կլինի նաև եթերային տարբերակը։ Հայոց բնաշխարհի բարեկամ, ոսկեբերան պատմիչ Սերժ Մանուկյանի ամեն պատմություն իր խրատականն ունի՝ սիրել և պահպանել մարդկության օրորոց բնությունը, սովորել նրանից: Գիրքը իմացության շտեմարան է՝ բնագիտություն, ազգագրություն, որսորդություն, հայրենագիտություն, գրականագիտություն, հուշագրություն: Գրողի առաջին օգնականը գրականագիտական աչք ու միտք ունեցող, ճանաչված վաստակաշատ բժշկուհի Գայանե Ղարիբյանն է. նրա բժիշկ դառնալով՝ անշուշտ տուժել է գրականագիտությունը։ Սերժ Մանուկյանի ապրած «չորս քսանը» առաջին հերթին բժշկուհի գրականագետի և զավակների ընտանեկան դեղատոմսով է․․․
Ես գտա մերօրյա Վախթանգ Անանյանին, մնում է, որ դուք էլ գտնեք ձեր սիրելի, «4 20» տարեկան, բայց տակավին եռանդուն գրողին․․․
Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
