ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ / Վարարակնի հովիտը

ArturՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ, արձակագիր, լրագրող
ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
ծննդյան 60-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

Վարարակնի հովիտը
(հատված «Ժայռանտառի պոեզիա» շարքից)

Ժայռանտա՜ռ: Որքա՜ն կենդանի ես ու խրոխտ: Նույնիսկ ուղղաձիգ քիվերդ այնքա՜ն հարթություններ են կրում, որ ձյունածածկ են: Տխրության շղարշ է իջել: Ճերմակ մենություն: Որքա՜ն նկատելի են դեմքիդ կնճիռները: Ժայռափոր ակնախոռոչներդ անթարթ դիտում են շուրջդ: Խոր ձմռանը շունչն է քարացել: Իսկ գարո՜ւնդ: Գարունդ վարա՜ր է: Արևի ընկալիչներն են անձեռակերտ վիմերիդ վերնամշակը: Ձյանդ շերտը շուտ կհալչի: Փչակներիդ ու ժայռախորշերիդ, ժայռակացարաններիդ զովությունը երբեք սառույց չի դնի, ոչ էլ արևը գոլորշի կհանի քո հազար երդիկների շնչող դնչերից: Ժայռափոր կացարաններում խոնավություն կա պաշարված, սակայն մամուռ չի բռնում: Այդ պատճառով ժայռոտ հովիտներդ ու անձավներդ անլուռ ու անմեռ են:
Ձորագլխին փռված սարահարթին կարկատան արտեր են: Միահամուռ ու համակամ հասկեր են շրշում հեռվում: Հասկերից և ոչ մեկը մյուսին չի ստվերում: Հասկերի օրինակելի համատիրությունը քամուց միօրինակ թեքվելու միասնականության շարակազմ է կերտել, որ խմբավարի փայտիկը նրանց համաշունչ շառաչը կարող է խաթարել: Ամպի մի քուլա աթարի ծխի պես երդիկից ներս է լցվել, որ ձեռքով չես հանի բնից: Ձորում թափառող ձայների բնական աղմուկն ինքնածին է, իսկ սարահարթից` շառաչը ձոր չի հասնում: Ձորում հանգչում է ժայռակացարանների հիշողությունը, որտեղ մարդ չի ապրում: Հազար ծտեր թռան զառիթափին հենված մոշուտի ուղղությամբ` կարծես ուղեցույց տալով, որ ձորում մոշը հասունացել է: Ծտերը կանգնեցին կտրված ճոպանի վրա, ու հեռվից թվաց, թե արահետը հենց այդտեղ ծունկ է տալիս ու շարունակվում քարափի վրա: Մինչդեռ հետո պարզվեց, որ արահետը նախ վեր է ածվել կածանի, այնուհետև մտել է ժայռափոր կացարանը և ելել դուրս, շարունակվել է դեպի լայն գետահովիտը: Այսպես մի պահ կարծես կտրվում է մտքի թելը, որ հիշվելու է դեռ հետո` կորած շավղի պես:
Կածանի պես անվախ, արահետի նման հանպատրաստի ու հնարամիտ է զառիթափի կեռմանով անցնող շավիղը: Քարանձավի պես խոհուն խոնարհվում եմ ցածր մուտքից: Անհյուրընկալ ու անկոչ` կողքից ներս է սահում մի սողուն, ու մնում արևի ուղեցույց ճառագայթի տակ:
Ձորում բնիկներ կան, որ պահպանել են ինքնությունը, գոյատևելու բնազդը: Այս ձորից ու աշխարհի երեսից չվերացող ժողովուրդ ենք: Ապրելու, իր հողում հավիտենապես ներկա լինելու իրավունքի ուժով ժողովուրդ ենք: Հարկ եղած դեպքում` ուժի իրավունքով, մենք մեզանով զորացող, ինքնիշխան ու կազմակերպված ժողովուրդ ու ազգ ենք: Վարարակնի հովտում զորավոր ապագա եմ տեսնում, հենվելով ոչ թե խարտյաշ հույսի, այլ խոնարհ հավատի վրա: Քարանձավից ավելի ցայտուն է երևում երկնքի աստղը, կարծես օգնություն է սպասվում աստղանավից: Տղա՛, երբ աստղը աստեղային շող է ցած կախում, վե՛ր բարձրացիր, ձորում երկրորդ հնարավորություն չի բացվի: Ձորում ցոլք տեղաց: Լույս տեսա ձորում: Այստեղ հին ու նոր գերեզմանոցներ կան: Բայց երրորդն էլ պետք է` կեղծիքն ու սուտը, ագահությունը թաղելու, որ երբեմն հակում ունի ելնելու` կրկին վերաթաղելու համար: Բախտախնդիրը խնդիր չէ, անցողիկ է: Մի անցող տեղ լիներ տեղափոխվեր, ուր շաղը չի նստում:
Հիմա խրամատում ենք, թեև խաղաղություն է: Անկախ ու ազատ, ինքնիշխան, սոցիալական պետություն ենք: Վիրավորական է հաղթող ժողովրդի նմա՛ն շերտավորումը: Ահավոր է: Ո՞վ կհանի վիրավորին խրամատից: Խրամատում մատ պետք չէ թափ տալ: Խրամատում հայրենասերը նա է, ով լավ է անում իր գործը, ինչպես ամենուր: Խրամատը փորձադաշտ ու փորձանքադաշտ չէ, այլ մարտադաշտ ու թռիչքադաշտ է: Ժողովրդին փորձության պետք չէ դնել: Հույս չունեմ, բայց հավատ ունեմ: Քարափի նման քարե արցունք ունեմ, որ մի օր դուրս կգանք աղքատի խրամատից: Թևաթափ է լինում ազգն ու ժողովուրդը: Արդեն ուշացել ենք: Արժանապատիվ հեռանալու մեջ նվիրում ու ազնվություն չի մնացել, բայց դեռ նվազ խիղճ կա:
Ասպետությամբ լեցուն միմյանց խոյահարելու պատրաստ երկու ժայռերի միջև ոսկեգույն առեղծված թռավ, ցած իջավ ու չիմացվեց` մարտից առաջ գի՞ր եղավ, թե՞… Ապառաժը ցոլաց, ասես մի աժդահա: Նրա զրահի շեղբը փայլեց վերին լույսը հագին: Ասպետներն անթարթ մնացին: Գիր էր, քանզի մնաց…
Ասպետության պատրաստ խոյահարող ժայռեր շատ կան: Ապրող ժամանակը պարապ իր կանգառը պահել, վերջ ու մահ չունի, ինչպես այս քարափը, որ ամեն օր արթնանում է թնդուն տարափով:
Անքննելի լույսն իր պատգամը, դարերի օրհնանքը նրա մեջ լարած կարգախոս ունի` ապրի՛ր արարած, մի՛ խոթիր քիթդ ուրիշի տեղակ: Մեղա Տե՜ր, մեղա՛, ստուգապես մեղա՛, որ բարբառեցի, լույսիդ խառնեցի վաստակ ու մաստակ, խրամատում ծպտյալ մեծահարուստին, որ ոչի՜նչ չունի բաշխել, գնահատել նաև կամենալ:
Հետո… շատերը հանուն դիպլոմի սովորեցին: Դեռ լավ է, որ համալսարանը խրամատ չէ բանակից փախչելու համար: «Բյուր անգամ մեղա՛, պա՛պ Աստված, մեղա՛, ինչե՜ր եմ ասում, բերանս ծեփի՛ր քո արդար աջով»: Հետո դիտավորյալ հիվանդացան:
Վարարակնի հովիտը զմայլելի պատկերասրահ է: Արվեստը շնչում է բաց երկնքի տակ: Մենք վարժվել ենք սովորականությանը, որ բնության կանաչը ներդաշնակվում է բոլոր երանգների հետ: Հովիտ մտած երկու վիթ զույգ ծաղիկների իրենց բույրը խառնել են բնության ձուլածո խառնվածքին: Նրանց հագին կապույտն ու սպիտակը կարծես լուծված են միմյանց մեջ: Երկուսին առանձնացնելը մեղքի ու արվեստի զգացողության կորուստ կհամարվի: Նրանց կարկաչուն ծիծաղը մեկը մյուսին լրացնող հնչյունների անմեղ խորալ է հեղել` զսպված, կոտրած վանքի մոտով անցնելիս: Ծիածանի գույները երթադրելիս բնության վրձինն իր վրա գույների խառնուրդի երանգներ է պահպանել լույսի առաքումն ու պառակտումը միահեծանության անդորրից խլելով և երկնակամարի գաղտնիքը զույգ զբոսաշրջիկի աչքերի առկայծումներին համադրելու համար: Գույների տոները, հնչյունի ու բույրի նկատելի թագավորությունը արքայական անդորր է գուշակում ձորի երանելի վիճակին համահունչ, որ ապրեց ձորն ու ձորի մարդը:
Կիրճից հորդող զեփյուռն արագացրեց ձորում շվարած դեռատի անցորդների սիրամարգի քայլերը, ու նրանց միահամուռ նազանքը փարվեց պղնձե գրաբար շնչող ապառաժի թանձր հանքանյութին: Ընդերքը մեկ անգամ արդեն քարացել էր հրաբխային լավայի դրսևորման պահին: Խորքում պահպանվել է, սակայն, վայրի ու բորբոքուն ոգեշնչումը: Նրբիրան ու ծաղկահասակ անցորդները մերժեցին բնության բրտությունը փխրունության փոխակերպած բարի կամքը և անշնորհակալ հայացք նետեցին կնոջ հետ մրցակցող վայրի գեղեցկության թովչանքի վրա: Բնության մեջ կենսակերպի բնական հույզը այսպես է մեռնում: Փորձեցի զգայարաններս վարժեցնել հաղորդակցության խենթ կամքին, սակայն տարիքս ոչ ոքի չշահագրգռեց: Իհարկե, թաքցրեցի իմ ողջ էությունը: Քանզի շատ դժվար է անծանոթուհիներին հոգի պարզել, ճիշտ չէին հասկանա: Սովորաբար ծանոթանում եմ, երբ իրենք են դիմում: Անծանոթուհիները դժվար են պաշտպանվում իրենց բաժին հասած ծանոթության հուժկու ազդակներից: Ո՞վ է այդ տղամարդը, որ միաժամանակ բժիշկ է, աղքատ տնօրեն, բանաստեղծ ու կյանքի ինքնաբուխ ընթացքին տրված ռոմանտիկ: Դժվա՜ր է, շատ դժվար է ամեն գեղեցկուհու համար` հասկանա՛լ, որ այստեղ գեղեցկությունը բնության ու մարդու համակեցություն է, առանց առևտրի շահարկումի: Ինչպես ասում են, այստեղ գործում է բազմանշանակությունը և մատչելիությունը մերժող ներդաշնակության օրենքը:
Ձորում հորթ փնտրող դպրոցականներ կային: Հորթը թռչկոտում էր հրճվանքից, գուցե խռովել և հետո է զգացել, որ արժանացել է ուշադրության: Իսկապես, ուշադրության արժանի էր նա, ինչպես քայլող խաշլամա. վանքում շատ անգամ մատաղ են մատուցել… Հորթը դա զգում էր, ինչպես կենդանի արարած: Ի՜նչ արած: Բնազդ ներշնչող դողն իջավ դեռատի լանջերի բլուրներին: Լանջին լարված երկու աղավնիներ բնության համերաշխության խորհուրդն են շնչում: Շոգը, մարմնի կատարելության անթարգմանելի ձեռագիրը լույսոլորտ հանած, մեծարել է Վարարակնի հովտի անձեռակերտ մերկությունը, և ընդունված է կարծել` «կինը հրապուրիչ է միայն հայտնվելով», ինչպես Փրկչի հայտնությունը երկնային անկանխատեսելի եզերքից:
Հրայրքից վարդագույն է սփռել ժայռը: Ամոթխածությունը թոթափած և աշխարհ տեսած սփոփանքը, նախնականության օրենքով թրծված, շիկնանք է նետել Վարարակնի հովտին ընծայած բնական դեմքերին` հիշեցրել տերյանական աղջկա տեսիլքներ: Այդպես քարայծը իջնում, վստահ ջուր է խմում գետից կամ մատղաշ բարդիների կանոնավոր շարակազմը տրոփում է սիրտը` հանկարծ վարարած մի վտակի ահից, որ հորդել է քամի կուլ տված կիրճի բերանից: Մի տեղ ապառաժի շերտ է բացվել, կրաքարի հանգած բնավորությունը գրգռել: Դաշտային ծաղիկների հախուռն բազմազանության և հազար գույների անմոռաց խենթության հետ մրցակցող առույգ ու կայտառ տասներորդցիների փունջը և երեք ուսանողուհիներ շրջապատեցին ինձ: Վստահության, հետաքրքրության ու անասելի ակտիվության մի իսկական հրդեհ բռնկվեց անծանոթ ուխտավորների հոգում: Սկսեցին վստահել ու մարդկայնորեն խանդել, երբ սպիտակ ու վարդագույն ծաղկաթերթերով զարդարված ծաղկեփունջ նվիրեցին ինձ: Ծաղկեփունջը փոխանցեցի երկու անծանոթ զբոսաշրջիկներին: Պատճառաբանելով` մեծ քարերի միջով հոսող մանուշակների կայտառ առուն և քարափի կրծքին մասուրի բողբոջ թուփը, որ ձորում սփռված են և իմն եմ համարում: Բնության ինքնաբուխ ոգեշնչման ողջ թրթիռը հաջողվեց վստահության պաշարի ճարտարությամբ ու հմտորեն փոխանցել քմահաճ զբոսաշրջիկներին: Այլևս հարազատի հոգածությամբ ինձ հետ մնացին ձորում և ցայժմ կապված են ինձ հետ բջջային հեռախոսակապով:

ԱՐՑԱԽԻ ԱՌԱՎՈՏԸ
Նախաստեղծության բոցը քեզ կերտեց`
Շռա՜յլ այգաբաց, լույսդ ճո՜խ, վսեմ`
Ցայգօղի խմած ու մյուռոն գինի
Անսահմանության գովեստ Բարձրյալի:
Հավիտենության տենչանք բաղձալի
Ժայռիդ ու վեմիդ պերճանքը թավիշ,
Ցոլանք է ու ցող, մաշկդ` լուսաշող
Խավոտ շուրթերով ըմպել ես` ավի՛շ:
Կարոտի ընծա` եղյամդ-պարզկա,
Միրաժը հեռվի արտացոլքերի,
Արարչության առեղծվածն անձև,
Ջրերդ հորձանք կայծակնահարի:
Հիշեցում են, մե՜ծ ճոխության հրաշք
Հակվել են բարուն դղիրդ ու որոտ
Արևի հրով բողբոջդ խրոխտ
Քո ճշմարտության առջև ծնկաչոք:
Պայթյունը ցրել` ծաղկունքի բերկրանք-
Դարձրել երկրային, ներկայությո՛ւնդ,
Անձրևն ու ձյունը քամիդ է բերել,
Մաքրել փոշին ու խավը փռել:
Անծիր բերկրանք հեղել սերմերին`
Հովերիդ բովում ու եզերքներում,
Գարունդ` նայի՛ր, սփոփանք էր երեկ
Բազմաշնորհ ձիրքեր խորքերում:
Հավատարի՜մ են անուրջներդ, լուրջ
Կախարդանքի աննման հորձանք,
Ամռան արևդ` վայելքի պարծանք,
Շիկնա՜նք` ամոթխած
ծաղկաբույլերում:
Մշտահոլով է աշունդ, երկի՛ր,
Կրկին զսպված դաշտերո՛ւմ ձմռան,
Հավերժ պատվար երկչոտ ցողունիդ-
Նախաստե՜ղծ Բարձրյա՛լ,
Քո բարձրաթռիչ`
Մեծահոգության բողբոջը պայթած,
Ճայթեց հողին կայծակդ վերին,
Որ արդար, անձուկ սերմերը տեսնեմ`
Մխրճած հողի սխրանքում բերրի:
Տապալիր թերին անհամաձայնիս,
Բազմամեղիս կամք ներարկիր ըմբոստ,
Համոզմունքը մեծ դեռ ծածկագրիր,
Կամքդ` անխոտոր, գթառատ` ուղի՛դ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։