Դեռ հին հույները և հայերը գիտեին, որ տիեզերքում ամեն ինչ կատարվում է բնական – մեխանիկական ճանապարհով: Այդ ձևով են ստեղծվել տիեզերական մարմինները, երկիրը, կենդանական և առարկայական աշխարհը, Մարդը: Դրանք Մարդու կարիքները բավարարելու համար չեն ստեղծվել: Մարդը, որպեսզի արդարացնի գոյությունը, ինքնահաստատվի տիեզերքի մեջ և երկրի վրա, պետք է գոյապայքար մղի: Բախտ է, որ նրան, ի տարբերություն մյուս գոյերի, տրվել է այնպիսի մի բացառիկ հատկություն, ինչպիսին գիտակցությունն է, որով ճիշտ կողմնորոշվելու շնորհիվ շարունակ առաջադիմում է` շրջապատը նպատակահար դարձնելով :
Գիտակցության հետ մարդկանց «խմորի» (Հ. Պարոնյան) մեջ առկա են այնպիսի բաղադրիչներ, որոնք պայմանավորում են նրանց կոչումը` մեկը ծնվում է որպես «բանջարաբույծ» (Եզոպոս), մյուսը` զինվոր կամ առևտրական, երրորդը` գրող փիլիսոփա: Առաջինները սերունդների բնականոն կյանքն են ապահովում, իսկ գրողը, Ժամանակի հզորագույն աստված Քրոնոսի կողքը նստած հսկում է, որպեսզի մարդիկ «մարդ գան ու մարդ գնան աշխարհից» (Հ. Թումանյան): Էսքիլեսը, նախքան Պրոմերևսին նվիրված դրամաները գրելը, անշուշտ, խորամուխ է եղել մարդկության պատմության այն կարևոր փաստերի մեջ, որոնց շնորհիվ «կրակի գործածությունը» հեղափոխեց նախամարդկանց` «անհարատև էակների» ընթացքի բովանդակությունը: Նրանք, որ սկզբում աչք ունեին, բայց չէին տեսնում, ականջ ունեին, բայց չէին լսում, իրենց կյանքն ապրում էին` ոչնչի մասին չունենալով պարզ պատկերացում, սովորեցին «համարձակ նայել մահվան աչքերին». նրանց մեջ բնակվեց «խռովահույզ հույսը». նախկինում «ողորմելի», «անբան» արարածները վերածվեցին առողջ մտածելու ունակ մարդկանց, որոնք տիրապետեցին բոլոր արհեստներին, տարբերեցին տարվա եղանակները, սկսեցին հասկանալ և ըմբոշխնել երկրային կյանքի բերկրանքն ու տիեզերքի խորին խորհուրդը: Էսքիլեսը ծանոթ է եղել նաև այն առասպելին, որը կյանքի փաստը վերագրել է Պրոմեթևսին` Զևսի ըմբոստ որդուն: Բայց նա գիտակցել է նաև, որ մարդկության նոր պատմությունը լուսաբանելու տեսակետից կարևոր է անցած կյանքի փաստը նորովի գրական նյութի վերածելը և գործընթացների արժեքը սերունդներին փոխանցելը: Գրողը, հավատարիմ կոչմանը, իր ստեղծագործության մեջ հաստատել է այն արժեհամակարգը, որով մարդկությունը պետք է առաջնորդվի. նա պետք է կարողանա մահվան աչքերին համարձակ նայել. հասկանա, որ «տարբեր բան է որպես ստրուկ կամ արքա ապրելը». մերժելի է «աստվածների ճորտը» լինելը. սեփական քրտինքով հացը վաստակելը պատվաբեր է օտարների ողորմածությամբ ապրելուց («Շղթայված Պրոմեթևսը»):
Բոլոր ժամանակների գրողները կյանքի փաստից գրական նյութ մշակելիս մարդու կեցության տեսակետից կենսական խնդիրներ են վճռել: Հոմերոսը, իր դարաշրջանի հանրության պահանջների համաձայն, կենտրոնացել է անցյալի, Հեսիոդոսը` ներկայի և ապագայի փաստերի իմաստավորման վրա: Եզոպոսը` մեր Խիկարը, կարևորել է, որ գրողը կյանքի փաստերը գրական նյութի վերածելիս առաջնորդվի ոչ թե ներշնչանքով ու արտաքին տպավորությամբ, այլ, գիտելիքի և փորձի վրա հիմնվելով, իրերի խորքը թափանցի, որովհետև գրողի ստեղծագործություններն իրականության պարզ վերարտադրություն չեն, այլ, իսկն ասած, ներթաքուն իմաստություն բովանդակող առակ, որոնց մեջ գաղտնագրվում են կեցության օրենքները (ինչը ենթադրում է, որ ընթերցող հանրությունն այն պետք է ընդունի ոչ թե որպես տոն օրվա քաղցրավենիք, այլ իր կյանքը պատմող և կենսական հարցերում կողմնորոշելու առաքելություն ունեցող գաղտնագիր և դրանց չմոտենա առանց վերծանելու լեզվի իմացության, մանավանդ, մեջը համոզմունք չմշակի, թե յուրացրել է): «Հետաքրքրասեր» և «անհետաքրքրասեր» մարդկանց մասին պատմող նրա առակը ճիշտ մեր օրերի այն մարդկանց (և ազգերի) երկու տեսակի մասին է. նրանցից մեկը` շատ «կարդացած» լինելով, իր գիտելիքները ցույց տալու սնապարծությամբ շարունակ խառնվում է իրեն չվերաբերող հարցերին, իսկ մյուսը, գիտակցելով, որ կյանքը գոյապայքար է, կենտրոնանում է իր ընտանիքի և ազգի ներկայի ու ապագայի հոգսերի վրա:
Մեծ գրողները բնատուր և աստվածատուր բացառիկ շնորհներով օժտված, նաև մեծ ուսուցիչների աշակերտած երևելի անհատականություններ են: Նրանք ավանդում են, թե մարդկային արժեքների տեսակետից ինչպես պետք է վերաբերվել կյանքի փաստերին: Մի անգամ, երբ Ալեքսանդր Մակեդոնացին շքախմբով գալիս է Դիոգենեսի մոտ և հարցնում. «Ի՞նչ կուզես դու քեզ համար», Դիոգենեսը, որ խոտի վրա կիսապառկած է լինում, պատասխանում է. «Արևիցս մի քիչ էն կողմ գնա»: Լսելով այս պատասխանը, Ալեքսանդրի մարդիկ մտածում են, թե Դիոգենեսը հերթական հիմարությունն արեց. չօգտագործեց մեծահարուստից մի արժեքավոր բան ստանալու հարմար պահը: Մինչդեռ առակի Ալեքսանդրը, պատասխանի խորիմաստությունից տպավորված, նկատում է. «Եթե ես Ալեքսանդր չլինեի, կուզենայի Դիոգենես լինել»: Գ. Նարեկացին մարդկային կյանքի փաստերից այնպիսի գրական նյութ է ստեղծել, որ նպաստի մարդկության ինքնագիտակցության զարգացմանը և առաջադիմությանը: Դանտե Ալիգիերին կյանքի փաստերի հիման վրա համաշխարհային պատմության նախընթաց դեմքերին տեղադրել է մարդկային արժեհամակարգի բաժինները ներկայացնող «Դժոխքի», «Քավարանի» և «Դրախտի» մեջ` ի գիտություն և դաս սերունդների: Մոլիերը հաստատել է այն վտանգավոր փաստը, որ ժամանակների փոփոխության հետ մարդկության տեսակի իդեալներն են փոխվում` ուժը, հերոսությունը և իմաստությունը պանծացնող մարդուն` Ալեքսանդրին նոր ժամանակներում գալիս է փոխարինելու Դոն Ժուանը` կնամոլը և հեշտամոլը: Լ. Տոլստոյը արծարծել է կյանքի այն օրինաչափությունը, որ «Բոլոր բախտավոր ընտանիքները բախտավոր են միևնույն ձևով. յուրաքանչյուր ընտանիք դժբախտ է յուրովի»: Բոլորովին մեր օրերում Չ. Այթմատովն իր հերթին դիտել է, որ մարդու և ժողովուրդների կյանքում վտանգավոր է պատմական կենսափորձից ծնված հիշողության կորուստը. այն նրանց կարող է վերածել մանկուրտների` երկոտանի «թրքանների» (Լեոնարդո դա Վինչի):
Ամփոփենք: Կյանքի փաստը գրական նյութի վերածելու խնդիրը առաջանում է այն վաղնջական ժամանակներից սկսած, երբ մարդը գիտակցության շնորհիվ նպատակամղվում է երկրի վրա և տիեզերքում ինքնահաստատվել: Այդ խնդրի իրականացման գործում իրենց կոչումն ու առաքելությունն ունեն բոլոր քաղաքակրթությունների, հանրությունների գրողները: Խնդիրն այն է, որ թույլ տան նրանց իրենց կոչումն ու առաքելությունը լիովին կատարելու, թե չէ երբեմն ինչ է դուրս գալիս. «Ես ուզեցի երգել փառքը աստծո, երգել գովքը պայծառ սիրո և հացի, սիրտս լցվեց, և չգիտես թե ինչու գորշ օրերի տրտմությունը երգեցի» (Եղ. Չարենց և Սիամանթո),- բողոքել են նրանք: