ԱԽՐ ԻՆՉՊԵՍ ԵԼԱՐ, ԳՆԱՑԻՐ… / Ալվարդ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Փորձելու եմ գրել մի մարդու մասին, ում զուսպ, փոքրիկ գովեստի խոսքն անգամ երկար ժամանակ ոգեշնչում էր յուրաքանչյուրիս, ով համարձակվում էր ոտք դնել գրական ասպարեզ:
Անսահման մեծահոգի և բարի, նա իր գովեստ-հորդորները չէր շռայլում աջ ու ահյակ, շատ լավ հասկանալով, որ գրամոլների բանակը, ավա՜ղ, օրեցօր ահագնանում է, և դժվար է նրանց դիմադրել, նրանք շատ ակտիվ են և գրեթե անհաղթահարելի: Այդ էր պատճառը, որ զգույշ և ժլատ իր գնահատականները շատ թանկ էին և դատավճռի պես անբեկանելի: Հետևողական էր ամեն ինչում և հատկապես ընկերության, սեփական սկզբունքները պահպանելու հարցերում:
Վահագն Դավթյանի, Հրաչյա Հովհաննիսյանի, Սերո Խանզադյանի հետ ընկերությունը, նրանց նախշուն պատմությունները, համով-հոտով հումորն ու կատակները, որոնց եզրից երբեմն մենք էլ էինք ներկա և մասնակից լինում, հենց այն մշակութային, զրնգուն գրական կենսոլորտն էին ստեղծում, որի օդը շնչելով էլ ձևավորվում էինք մենք` մեր ազգային և ստեղծագործական դիմագիծը, մեր մարդկային տեսակը:
Ստալինյան բռնապետության ստորացուցիչ, մատնության որոմով աղտոտված ժամանակներում մաքուր մնացած այս մարդիկ` մեր գրականության իշխանազունները, իրենց հոգու խորքում պահել էին զարհուրելի, տիեզերական թախիծ անցյալ-կորուսյալի համար` Մեծն Չարենցի, Բակունցի, Մահարու (Գուրգեն Խան), Թոթովենցի և էլի ու էլի… ստալինյան եղեռնի զոհերի համար:
Մեր քիչ թե շատ ազատ սերնդի «հերոսականե հոխորտանքներին Սահյանի հեռուն նայող, իմաստուն կկոցված լուռ հայացքը բնորոշ էր նրա մյուս ընկերներին ևս:
Նրանք Աստծո փորձությունը մաքուր էին անցել` հավատով, որ մեր գարունը, միևնույնն է, հայերեն է գալու… Այս ողբերգությունների մասին առանձնահատուկ համուհոտով պատմում էր ընկերախմբի և իր ժամանակի գրականության համեստ, իմաստուն լուսահոգի Մկրտիչ Սարգսյանը:
Մեր հոգևոր բանկը նրանց սեփականությունն էր և նախանձախնդրորեն ուզում էին արժանավոր, իրական ժառանգներին զտել ու գտնել` զերծ հոմո-սովետիկուսին հատուկ փչացածությունից: Ազգի սերմացուն մաքուր և առողջ էին ուզում ընտրել: Այդ ինչպես էին ողբում Մուշեղ Գալշոյանի մահը: Երկրաշարժը: Արցախյան ազատամարտը օր առ օր շնչում ու արտաշնչում էին արդեն ամեն ինչ տեսած նրանց սրտերը:
Հրանտ Մաթևոսյանը առանձնահատուկ տեղ էր գրավում Համո Սահյանի կյանքում: Եվ ոչ միայն նրա: Այդ ժամանակ արհեստականորեն ասպարեզ նետված գյուղագիրներ և քաղաքագիրներ ջրբաժանը հիվանդագին և նույնքան մտացածին մթնոլորտ էր ստեղծել և լայն հնարավորություն ճապուկ միջակություններին այդ առճակատումների ժամանակ իրենց տաքուկ տեղն ապահովելու գրականության արևի տակ: Կարծում եմ, այս ջրբաժանը հղացվել էր Մոսկվայում` թուլացնելու, տրոհելու ռուսական կայսրությանը բռնակցված ժողովուրդների ազգային հոգևոր-մշակութային արժեհամակարգը:
Սովետահայ պաշտոնական դիրքորոշումը պատերազմ էր հայտարարել «գյուղագիրե Հրանտ Մաթևոսյանին: Ահա այս պահին էր, որ Սուրեն Աղաբաբյանը, Հրանտ Թամրազյանը, Համո Սահյանը, Վահագն Դավթյանը և Սովետական Հայաստանի փոխվարչապետ Ալեքսան Կիրակոսյանը լրջորեն պատնեշեցին հետագա տխուր զարգացումները, որի զոհը դարձավ լուսահոգի Պարույր Սևակը: Չգիտեինք, որ հենց այդ շրջանում էր սկսվում հսկայական կայսրության տրոհումը` մշակութային մեծ հեղափոխություններով: Սա, իհարկե, խոսակցության ուրիշ նյութ է:
Մերը` մարդկության հոգսերից և սեփական տաղանդի ծանրությունից ուսը թեքած, ոսկելեզու ուրբաթախոսի` Մեծն Համո Սահյանի մասին էր: Ու չգիտես ինչ ասես այն ցորյանի պես սովորական, բայց կենսատու բանաստեղծության մասին, որը միայն ինքը կարող էր ստեղծել:
Անկրկնելի…

One thought on “ԱԽՐ ԻՆՉՊԵՍ ԵԼԱՐ, ԳՆԱՑԻՐ… / Ալվարդ ՊԵՏՐՈՍՅԱՆ

  1. Շնորհակալութիւն, որ սկսաք թերթին պատկերատիպը զետեղել այս կայքէջին վրայ։ Ինչ լաւ պիտի ըլլայ, որ թերթին նախորդ թիւերն ալ երեւին։ Արխիւ ստեղծուի։ Վրէժ-Արմէն Արթինեան

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։