Դուք ոչինչ չգիտեք մարդկանց մասին, որ ապրում են ինչ-որ տեղ, բայց մի օր նրանք դառնում են ձեր մտերիմը՝ հազարավոր կիլոմետրեր հեռու մնալով ձեզնից: Այդպես Հայաստան եկավ Գաբրիել Գարսիա Մարկեսը՝ իր 100 տարվա մենությամբ, մի քանի օրում մեզ համար ավելի հասկանալի, ավելի շոշափելի ու ավելի հարազատ դարձավ մեր հազարամյա մենությունը, որի ընթացքում մենք, սակայն, ոչ մի անգամ մեր քաղաքի վրա չպարզեցինք մի մեծ պաստառ՝ վրան գրված՝ «Աստված կա»: Մեզ թվաց՝ մեր հիշողությունը շատ ավելի տարողունակ է, մենք՝ ավելի դիմադրունակ, մեր պատմությունը միայն մեր պատմությունն է: Իսկ նա 21 տարեկանում արդեն գիտեր, որ 100 տարվա մենությունը համաշխարհային պատմություն է: Մենք անապատում չէինք ապրել, ու սառույց տեսնելը մեր մանկության հրաշքը չէր, բայց մենք հասկացանք, որ մեր մանկությունն էլ ուներ իր հրաշքները, որ մենք չէինք հասկացել: Գնդակահարության պատի տակ կանգնած Աուրելիանո Բուենդիան, որ վերհիշում էր իր տանուլ տված բոլոր 17 պատերազմները, մենք էինք: Բայց մենք մոռացել էինք մեզ:
Լատինամերիկյան գրականության բումը անցյալ դարի 70-ական թվականներին ի՞նչ էր: Ինքնաբավ եվրոպացիների հնարա՞ծը: Երբ նրանք հասկացան, որ իրենցից դուրս էլ աշխարհ կա, այդ աշխարհում՝ մարդիկ: Ու այդ մարդիկ գիտեն գրել: Ինքնահայտնագործում ապրող ամերիկացիների ճի՞չը: Երբ նրանք այլևս դադարել էին սպասել, որ իրենց հասկանան, ու իրենք էին որոշել իրենց հասկանալ: Ու հասկանալու համար սկսել էին գրել իրենց պատմությունը: Կուբայի հեղափոխությունը քաղաքական առիթ էր, որ աշխարհը հիշի Լատինական Ամերիկայի գոյությունը: Քաղաքականությունը գուցե նախկինում երբեք այդքան հրաշալի չէր ներգործել գրականության վրա: Միանգամից պարզվեց, որ Էռնեստ Հեմինգուեյից բացի Խորխե Լուիս Բորխես կա, Խուլիո Կորտասար, Էռնեստո Սաբատո, Ժորժի Ամադու, Գաբրիել Գարսիա Մարկես, Մարիո Վարգաս Լիոսա, Ալեխո Կարպենտիեր, Խոսե Լեսամա Լիմա, Կառլոս Ֆուենտես, Խուան Ռուլֆո, Ֆեռնանդո Ալեգրիա, Պաբլո Ներուդա, Աուգուստո Ռոա Բաստոս, Խոսե Մարիա Արգեդաս, Մանուել Սկորսա, Խուան Կառլոս Օնետի… Ու նրանք այնքան տարբեր են ու այնքան հակասական, նրանք այնքան լավ գիտեն աշխարհը, կյանքն ու մարդուն, նրանք այնքան անմիջական ու այնքան խորքային են, որ շատ հազվադեպ են տրվում առաջին ընթերցումով, միանգամից ու լիովին: Եվ յուրաքանչյուր ընթերցում բերում է նոր ընկալում, նոր զգացում ու նույնիսկ նոր հեղինակ: Բայց՝ նույն հարազատությունն ու նույն խոսքը՝ իբրև կամուրջ, որ միացնում է ոչ միայն տարածությունը, այլև ժամանակը, ոչ միայն տարածությունն ու ժամանակը, այլև տարածության ու ժամանակի մեջ՝ մարդկանց: Եվ լատինամերիկյան գրականության բումը մարդուն վերադարձրեց ինքնաճանաչման անհրաժեշտությունը: Գաբրիել Գարսիա Մարկեսը առաջինն անցավ այդ կամուրջը: Նրա ծննդավայր Արակատական, որ դարձավ Մակոնդո, իրապես կարող է մոգական ռեալիզմի մայրաքաղաք կոչվել: Իսկ մոգական ռեալիզմը ոչ այլ ինչ էր, քան աշխարհի առաջ դրած հայելի, որտեղ ժամանակը ապրում էր որպես ժամանակ՝ առանց բաժանվելու անցյալի, ներկայի ու ապագայի: Ժամանակի անընդհատության զգացողությունը այն սառույցն էր, որ մեր մանկության օրերին հալվել էր՝ առանց հրաշքի գիտակցությունը տալու: Նրա Խուաններն ու Ուրսուլաները մեր կողքին էին, մենք էին, բայց մենք մոռացել էինք, որ կարող ենք թռչել:
87 տարեկանում վախճանված Գաբրիել Գարսիա Մարկեսը փակեց Մակոնդոյի դռները, նա այլևս ոչինչ չի գրի:
Հ.Գ. «Ես կվերադառնամ օգոստոսին»՝ նրա վերջին անտիպ վեպն է՝ 53-ամյա կնոջ մասին, երկու տարբերակներով ու երկու տարբեր վերջաբաններով: Հրատարակիչները դեռ չգիտեն՝ ո՛ր տարբերակը հրատարակել: