Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

ԱԺ-ն (որն արդեն ճամպրուկներն էր հավաքում) 68 ՔՊ-ական ձայներով (ընդդիմությունը քվեարկությանը չմասնակցեց) ընդունած ընտրական օրենսգրքի փոփոխություններով ընտրական իրավունքից զրկեց այն քաղաքացիներին, որոնք ընտրական ցուցակների հրապարակմանը նախորդած երկու տարիների առնվազն կեսը չեն ապրել ՀՀ-ում: Փոփոխությունը չի տարածվում ուսման մեկնածների և պաշտոնական գործուղվածների վրա։

Նիստը արտահերթ էր, օրենքն ընդունվեց հրատապ ռեժիմով, առանց հանրային քննարկման և Վենետիկի հանձնաժողովի գնահատականի, էլ չենք ասում բովանդակության մասին,- հիմնականում այս փաստարկներով ընդդիմացավ խորհրդարանական ընդդիմությունը:

ՔՊ-ն այդ ամենին ուներ հիմնականում մեկ պատասխան՝ հանրային պահանջ, որը ձևավորվել էր 2026-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում երևան եկած  «ընտրական տուրիզմով», իսկ տուրիստները հիմնականում ՌԴ-ից եկած ՀՀ քաղաքացիներն էին:

Արդյոք այս փոփոխությունից հետո ավելի ժողովրդավար կդառնա՞ն ընտրությունները,- չեմ կարծում, միայն այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիների մի մասը զրկվում է Սահմանադրությամբ իրենց տրված իրավունքից, արդեն հարցի պատասխանն է:

Բայց…

«Աշխարհում ապրող հայերի ընդհանուր թիվը տարբեր գնահատականներով կազմում է մոտ 7-ից 11 միլիոն մարդ։ Քանի որ շատ երկրներում էթնիկ ծագման հստակ մարդահամար չի անցկացվում, ճշգրիտ թիվը նշելն անհնար է։ Այդուհանդերձ, հայերի ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 70%-ը, բնակվում է պատմական հայրենիքի սահմաններից դուրս՝ կազմելով Հայկական Սփյուռքը։ Բնակչության բաշխվածությունն՝ ըստ հիմնական երկրների՝

Հայաստան․ մշտական բնակչությունը կազմում է մոտ 3 միլիոն 75 հազար մարդ։

Ռուսաստան․ տարբեր աղբյուրներով այստեղ բնակվում է 1,7-2,5 միլիոն հայ (ամենախոշոր սփյուռքը)։

ԱՄՆ․ հայկական համայնքը հաշվվում է մոտ 1-1,5 միլիոն (հիմնականում կենտրոնացած է Կալիֆոռնիայում)։

Ֆրանսիա․ եվրոպական ամենամեծ համայնքն է՝ մոտ 500,000-800,000 հայ»։  (Տեղեկատվությունը՝ Վիքիպեդիա, ԱԲ):

Այսինքն՝ իմ երկրի վաղվա օրը որոշողների գերակշռող մեծամասնությունը չի ապրում Հայաստանում, բայց տեսականորեն կարող է ինքը դառնալ հիմնական որոշողը՝ ում  ընտրի, իր ընտրության «պտուղները ճաշակելու» հաճույքը թողնի երկրում ապրողների վրա ու «գնա իր գործին»… Այս անգամ, ինչպես անթաքույց իրենց առաջարկը հիմնավորում էին ՔՊ-ի պատգամավորները, «ընտրական տուրիզմի» քամիները փչում էին «հյուսիսային կողմերից»: Իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ հաջորդ անգամ քամին ամերիկյան կամ եվրոպական չի լինի… Ի դեպ, դեռ հարց է՝ եկողների որ մասը ում օգտին քվեարկեց, ով էր եկել իր ցանկությամբ, իսկ ով՝ ուղղորդմամբ,- բայց խնդիրը այս լույսի տակ դիտարկելիս առավել ևս կարևորվում է հարցը՝ ո՞վ է որոշելու, թե ինչպես ենք ապրելու մենք այստեղ, որ ընդամենը 30 տոկոսն ենք պայմանական  7-11 միլիոնի

Ի դեպ, «ընտրական տուրիզմով» եկածների մասին, որպես արդարացում, ասվում էր, թե՝ ստիպված են եկել, հակառակ դեպքում կնեղեին… Ինչքանո՞վ է դա ճիշտ, չգիտեմ, բայց որ այս փոփոխությունը յուրօրինակ փրկօղակ կարող է դառնալ նման իրավիճակներում, աներկբա է: Լինի հյուսիսից թե հարավից, օվկիանոսից անդին թե այսդին, որևէ քաղաքական քամի չի կարողանա իմ հայրենակիցներին դարձնել «ընտրական տուրիստ» իր շահն ու օգուտը առաջ տանելու համար:

Իհարկե, ցանկալի կլիներ, որ ՀՀ-ում անցկացվող ամեն մի ընտրություն դառնար աշխարհի չորս ծագերում ապրող հայերի միաբանության հերթական մերան, բայց աշխարհն ունի իր գրված ու չգրված օրենքները, իսկ ինձ մնում է սփոփվել Կատոն Ավագի «Չկա օրենք, որ բոլորի սրտովը լինի» մտքով: