Եկեք իմ ղեկավարությամբ պտույտ մը կատարենք ոչ թե Պոլսո թաղերուն մեջ, այլ՝ Երևանի բակերով, փողոցներով ու հրապարակներով։ Սխալ ասացի «իմ ղեկավարությամբ», չեմ սիրում «իմ» դերանունն ու «ղեկավարություն» բառը, սրանք ո՞ւր, ես՝ որտե՞ղ, մենք միմյանց օտար ենք, գրեթե թշնամի։
Ես ընդամենը փորձում եմ պատմվածք գրել, որը ոչ մեկին պետք չէ, անգամ ինձ, նույնիսկ՝ սիրելի կնոջս, որը դեռ չի ծնվել կամ էլ երբեք աշխարհ չի գալու, որի արդյունքում աշխարհը կդառնա մութ ու անարև, մեռած մի աստղ տիեզերքի տխուր անհուններում։
Թեև ժամանակին կատուն ճոն էր, շունն էլ գլխին գդակ չուներ՝ վկայում է աստվածատուր մի ականատես, մարդիկ մի տեղից մեկ ուրիշ տեղ գնալու համար էշ էին նստում, ձի հեծնում և ուղտ կամ ելնում իրար շալակ, որովհետև նավ, ինքնաթիռ և ուրիշ որևէ փոխադրամիջոց չկար, կարծես տարիներն ու դարերը կանգ էին առել, անգամ Հիսուս Նազովրեցին էր էշով ման գալիս՝ աշխարհում տարածելու իր քրիստոսյան վարդապետությունը, մինչև որ մի օր, մի երջանիկ առավոտ, գիշերվա համատարած մթության միջից, աչքերը վառման, սուլոց երգեցողությամբ եկավ ավտոբուսը։ Մի քեֆ-ուրախություն, որ աշխարհը չէր տեսել։ Ոչխար, կով ու գոմեշ էին մատաղ անում։ Սեղաններն՝ առատ, կարմիր գինին հոսում էր գետի պես։ Մարդկությունը խմում հա խմում էր ավտոբուսի կենացը։ Ավտոբուսը դարձավ սրբապատկեր։ Ավտոբուսի վարորդներն ավելի պաշտելի էին մարդկանց, քան շատ երկրների թագավորները, նախագահներն ու վարչապետերը, նկարիչներ, գրող, երաժիշտ ու գիտնական։ Տղա նորածիններին Ավտոբուս անունն էին տալիս, աղջիկներին՝ Ավտոբուսուհի։ Չկարծեք՝ ես խելագարվել եմ, խելագարը դուք եք, որ իմ այս բառերի ճշմարտությանը չեք հավատում, անհավատնե՛ր։
Բազմահարկ շենքի ստվերում լուռ կանգնած է ավտոբուսը, եթե կույր եք, չեք տեսնի, ես մեղք չունեմ, որ կույր եք, ես աչքերիս դնում եմ արևային ակնոցը, որի մի ապակին կարմիր է, մյուսը՝ կապույտ։ Ավտոբուսը երկու գույն ունի, կողերը կապույտ են, իսկ առջևի ու ետևի ծածկույթները՝ կարմիր։ Ես ձեռքիս ձախ ափով ահա այսպես փակում եմ ակնոցի կարմիր ապակին, և ավտոբուսը դառնում է ամբողջովին կապույտ։ Հետո նույն կերպ փակում եմ կապույտը, և ավտոբուսը ձեռք է բերում կարմիր գույն, կարծես լինի ՍՄԿԿ։ Զվարճալի խաղ է, ես ծիծաղում եմ ՍՄԿԿ-ի, ավտոբուսի և ինձ վրա, դուք էլ խաղացեք, վերցրեք ակնոցս և դրեք ձեր աչքերին, խնդրեմ, ավելի մեծ բավականություն կստանաք, քան այս պատմվածքն ընթերցելիս։
Այս աննման ավտոբուսը գերման ժողովրդի գիտատեխնիկական նախագծով շինվել է Չինաստանում և նրա բարի կամեցողությամբ նվիրվել Հայաստանին, ահա թե ովքեր են մեր իսկական բարեկամները, մի լուսավոր փաստ, որի հակառակ երեսին կարելի է կարդալ, եթե գրագետ ենք, թե ովքեր են մեր իրականից ավելի իրական թշնամիները երեկ, այսօր և վաղը նույնպես։
Ես բազմաթիվ, բայց մի լավ թե վատ սովորություն ունեմ, դեռ մանուկ կյանքում քանդում-կոտրում էի խաղալիքները, որ իմանամ ինչ կա-չկա դրանց տակ, այս սովորությունն իմ մեջ ապրում է, և այժմ, չգիտեմ ինչու, ցանկանում եմ ճանաչել առարկայի ու երևույթի, անգամ մարդու ամբողջական պատկերը։ Ախր որ ի՞նչ։ Պատահել է՝ քանդել եմ, կոտրել, մերկացրել, և տակը եղել է միայն դատարկություն։ Դե պատկերացրեք՝ ինչպիսի, գրեթե մահացու հիասթափություն եմ ապրել աշխարհից։ Չեմ ցանկանում, որ դուք երբևէ ունենաք իմ այդ հիասթափությունը, չեմ ուզում, որովհետև ձեզ սիրում եմ։ Կարևոր չէ, որ դուք ինձ չեք սիրում, կարևոր է իմ սերն ու նվիրվածությունը ձեզ։
Ես սողալով մտնում եմ ավտոբուսի տակ, հետաքրքիր է՝ ի՞նչ կտեսնեմ։ Կարճ-երկար, լայն ու նեղ ալյումինե խողովակներ կան, հավանաբար սա արգելոցի ոտնակն է, իսկ այս մեկով երևի արագացնում կամ դանդաղեցնում ես ավտոմեքենայի ընթացքը, չեմ հասկանում՝ սա ի՞նչ է, երևի այստեղից դուրս են գալիս այրվող բենզինից առաջացած գազերը, ո՞ւր են ցնցումներից ուղևորներին ապահովագրող զսպանակները, ո՞ւր են, չեմ տեսնում, մի՞թե գերմանացիք չեն ցանկացել, որ ես ու դուք հանգիստ, անցնցում երթևեկենք մեր քաղաքի քար ու փոս թաղերով, իսկ սա, անկասկած, ավտոբուսի խլացուցիչ տուփն է, եթե ցնցվում ես, գոնե ականջներդ ապրում են անաղմուկ խաղաղությամբ՝ հակառակ քաղաքական մեքենայի…
Ես ետ ու ետ սողալով դուրս եմ ելնում ավտոբուսի տակից, և վերջին վայրկյանին գլուխս ցավոտ խփվում է ինչ-որ բանի, ու աչքերս մթնում են։ Միայն պայծառ արևն է ինձ վերադարձնում այն տեսողությունը, առանց որի չեմ կարող իմ գոյությունն զգալ ու մտածել։
Ավտոբուսը չորս կլոր անիվ ունի՝ երկուսն առջևում, մի զույգ էլ՝ ետևը։ Աղջիկը երգում է՝ «Արաբեն եկավ, յարո ջան, ակները կլոր…»։ Ես ծափահարում եմ նրան, որն աղջիկ չէ, այլ՝ տղա, հազիվ տասնութ տարեկան, մեծ բանաստեղծ ու նկարիչ՝ ծնված ոչ թե Փարիզի բոհեմային փողոցներում, ոչ թե Պոլսո, այլ՝ Երևանի թաղերուն մեջ։ Դանդաղ, երբեմն կանգ առնելով՝ ուշադիր քայլում եմ ավտոբուսի շուրջ, կարծես դա առարկա չլինի, այլ՝ մարդ, որին ուզում եմ ավելի ու ավելի լավ ճանաչել և մտերմանալ։ Սկիզբ ու վերջում երկու ընդարձակ դուռ՝ ֆիզիկապես պակասավոր քաղաքացիներին օգնելուն միտված թեք հարթակներով, որ նրանք կարողանան հեշտ ու հանգիստ ներս-դուրս անել։ (Ներողություն այս «պակասավոր»-ի համար, հազար ներողություն, սա պատմվածքիս ամենասխալ ու պակասավոր բառն է)։ Թագավոր վարորդը, գլուխը ղեկին, մեռածի պես քնած է, իսկ ես՝ հազարամյա մեռածի նման արթուն, կարծես երբեք չեմ քնել ո՛չ այս, ո՛չ իսկ մեկ ուրիշ ժամանակի ու տարածության մեջ։
Նստում եմ գետնին, անիվներից մեկի մոտ, մեջքս հենում դրան, սիգարետ վառում և ծխելիս ընկնում ցերեկային քնի գիշերային գիրկը։ Երազումս համեղ միս եմ ծամում։ Ո՞ւմ պատվին է այս մատաղը,- հետաքրքրվում եմ տիրոջից, որին տեսնում եմ առաջին անգամ, իսկ նա ինձ՝ երկրորդ։ Մեր հարսը տղա է ծնել,- պատասխանում է նա երջանիկ ժպիտով։ Ի՞նչ ես ուզում դառնա քո ուրախությունը։ Հարսիկին հարցրու։ Հարսի՞կ… Զինվոր եմ ուզում, հոպար,- ասում է մանկամարդ կինը, մի ձեռքի ափը կրծքին է, մյուսը՝ դեռևս թմբուկ փորի վրա։ «Ծնունդդ շնորհավոր թող լինի այսօր»,- երգում է ամբողջ տունը, փողոցը, քաղաքը, ծնունդդ շնորհավոր, Հայաստան երկիր, աշխարհ ու տիեզերք։ Ավտոբուսի խլացուցիչ հռնդյունից արթնանում եմ և ներս վազում։
– Բարև, թագավոր ջան։
– Աստծո բարին մեր ժողովրդին,- ասում է վարորդը,- նստիր, գնում ենք։
Ավտոբուսը շարժվում է դանդաղ, հետո՝ արագ և անմիջապես՝ է՛լ ավելի դանդաղ ու զգուշավոր, քանզի երկրագնդի վրա չկա մեկ ուրիշ քաղաք, անգամ Տոկիոն ու Նյու Յորքը, որտեղ ճանապարհներն այսքան ծանրաբեռնված ու վտանգավոր լինեն անվտանգ երթևեկության համար, ինչպես Երևանում։ Մարդ վախենում է տնից դուրս գալ, չգիտի ողջ-առողջ կմնա՞, թե՞ կվերադառնա վիրավոր ու մեռած։
Ավտոբուսում միայն ես եմ ու վարորդը։ Ես ետ-առաջ հաշվում եմ ապակյա պատուհաններն ու երկու շարքով տարածված կաշեպատ նստարանները, ինչպես ասացի՝ բնավորություն է, սովորություն, ցանկանում եմ ամեն բան տեղը տեղին իմանալ։ Փողոցներին նայող տասներկու լուսամուտ և քսանչորս հարմարավետ աթոռներ։ Մեղմ ու սրտալից երգում է Շառլը՝ «Մամա, օ՜, մամա»։ Ես հիշում-տեսնում եմ իմ մորը, որը մահացել է շատ տարիներ առաջ, բայց հիմա այստեղ է՝ ավտոբուսում, իմ մեջ, և նրանից առնում եմ մեր երկրի ծաղկուն հովիտների բույրը, «մայր իմ անուշ ու անգին»։
Կանգառներից մեկում ավտոբուս է մտնում հավանաբար ինձնից տարեց կամ երիտասարդ մի բնական գեղեցկուհի, կապույտ մի աղջիկ և նստում ինձնից հեռու աթոռին։ Մեր գեղեցիկները քիչ չեն ու հարբեցնող, այնքան շատ, որ կարող ենք արտահանել Արևելք ու Եվրոպա, օրինակ՝ կոնյակի փոխարեն, բայց… Բայց ինչո՞ւ են դառնում արհեստական, քիթ ու բերան շպարում թանձր քսուկներով, իրենց թուխ ու ջրվեժ մազերը դարձնում դեղին անապատ, շուրթերը, օ՜, շուրթերը փչում ֆուտբոլի գնդակի չափ՝ դառնալով թղթե էակներ, արհեստական բանականություն և ռոբոտ։ Չեմ ուզում ռոբոտային աշխարհ, մարդ եմ ուզում, մարդ՝ բանական ու զգացմունքային, հասկանո՞ւմ եք։ Չհասկացաք։ Հետևաբար, կգան օրեր ավելի դժնի ու կենսատու, քաղցր «Ջերմուկի» տեղ կխմեք թթու և մահաբեր «Բժնի»։ Ես ազատ մարդ եմ, ինչպես երկնքում լողացող արագիլը, իմ ճիշտ թե սխալ կարծիքը չեմ պարտադրում ձեզ, որևէ խորհուրդ չեմ տալիս, դուք էլ ազատ եղեք, ազատության հավասար մեկ էլ սերն է, ազատ եղեք թե՛ ողջ ժամանակ և թե՛ մեռած, որ մարդ մնաք ու սիրեք իրար։
Կապույտ աղջիկ, երազային իշխանուհի,- մտածում է սիրտս,- խնդրում եմ, արի ինձ մոտ։
Նա լսում է սրտիս բաբախյունը և մոտենում, գալիս, ավելի մոտենում՝ դառնալով ինձ կողակից։ Թվում է՝ հազար տարի այս ավտոբուսում ենք, նույն փափուկ աթոռին։
– Ի՞նչ է անունդ։
– Տատու,- ասում է նա։
– Քանի՞ տարեկան ես, Տատու։
– Աստված գիտի։
– Աստված կա՞։
– Դու ես,- ասում է նա՝ ավելի մերձենալով ինձ, կարծես երկուսով մեկ մարմին և մեկ սիրտ ու հոգի լինենք։ Ամաչում ենք համբուրվել, որովհետև վարորդն ավտոբուսի ամբողջ ներսն արտացոլող հայելու մեջ տեսնում է մեզ։
Ամբոխները Ազգային ժողովի հատվածում Մարշալ Բաղրամյան պողոտան փակել են, միտինգ են անում՝ «Նիկոլ, գեթ աութ», «Տաշիրը՝ վարչապետ», «Ռուսաստանը՝ փրկիչ» կոչերով։ Ծածանվում են Ռոբի և հարյուր ու ավելի տարեկան հայտնի կուսակցության դրոշները։ Գունավոր պաստառներին Տաշիրի մեծադիր պատկերն է՝ «Ազատություն Տաշիրին» մակագրությամբ։ Այդ պահին ես հիշում եմ մի տեսարան ռուսական հին կինոֆիլմից, որտեղ ռուս ամբոխը բղավում է՝ «Свобода Деточкину, свобода!»։ Ո՞վ է այս փոքրատառ մարդը, որի ազատության համար պայքարում է ամբոխը՝ պատրաստ մեռնելու։ Մինչև այժմ ոչ ոք չգիտի։ Ես էլ չգիտեմ, և հույս չկա, թե մի օր կիմանամ։ Օդը լցված է այս ու այնտեղ եփվող խորովածի թանձր ծխահոտով։ Տաշիրցիները հազարավոր միտինգավորների պիցցա են բաժանում անվճար, դոլար նվիրում, մի հիսունանոց էլ հասնում է ինձ։ Ավտոբուսի վարորդը վերցնում է իմ հարստությունը, ուշադիր դիտում, շոշափում է, հոտ քաշում տակ ու վրա և պատռում։ «Ինչո՞ւ»,- շփոթվում եմ ես։ «Կեղծ է,- ասում է նա,- քսերոքս»։
Որևէ ճանապարհ չկա շրջանցելու այս միտինգը։ Ավտոբուսը զգուշորեն ետընթաց է անում և հասնելով գրողների միության կարմրատուֆ շենքին՝ դեմքով դառում է դեպի օպերայի հրապարակ։ Այստեղ երեխաները հեծանիվ են քշում և ուտում ադի-բուդի։ Իմ ամենասիրած օպերան «Աիդան» է։ Ռադամե՜ս… Տերյան փողոց, Շրջանային, Մատենադարան, Աբովյանի արձանը, գնում ենք Սարի թաղ։
Ես իմ կապույտ աղջկան ասում եմ, գուցե չեմ ասում, այլ՝ լուռ մտածում եմ. ամբոխը երեք գլխավոր հատկանիշ ունի, միաժամանակ նա տգետ է ու մեծամիտ, երկրորդ՝ քանդարար ու ոչ շինարար, և ապա՝ ակամա հայրենասեր ու դավաճան։ Մի ժողովրդի ամբոխացումն ի վերջո նրան տանում է ոչնչացման։
– Ինչքան շատ բան գիտես։
– Ես ոչինչ չգիտեմ, Տատու։
Սարի թաղում փողոցներ չկան, ընդամենը՝ դժվարանցանելի ճանապարհներ։ Հողաշեն տները իրար կողքի, միմյանց մեջ, իրար տակ ու վրա։ Կչկչան հավեր, խռխռ խոզ ու զռան էշեր են ապրում այստեղ մարդկանց հետ։ Բայց… բայց նրանց երեխաներն ամեն օր իջնում են քաղաքի բարեկարգ թաղամասեր և սովորում մոդայիկ կամ մոդեռն համալսարաններում՝ մի օր դառնալով պրոֆեսոր։ Սարիթաղցի իմ համակուրսեցին նույնիսկ ուսանող ժամանակ դարձավ ակադեմիկոս, երբ լուծեց աշխարհում անլուծելի մաթեմատիկական խնդիրներից մեկը։ Չէ, նա քաղաքի կենտրոններ չեկավ ապրելու, այլ՝ մնաց իր ծննդավայր Սարի թաղում, չցանկացավ նաև Մոսկվա տեղափոխվել, Հռոմ ու Բոստոն։ Սակայն մարդկային այս տաղանդն ու բարոյականությունը Սարի թաղի միակ առանձնահատկությունը չէ, շատ էական է նաև նրա աշխարհագրական դիրքը։ Նրա բարձունքից ամբողջովին երևում է Արարատը, աստվածային լեռն այդպես չի երևում և ոչ մի կետից, անգամ տիեզերքն այդ հնարավորությունը չի տալիս։ «Արարատի ծեր կատարին դար է եկել վայրկյանի պես ու անցել»։ Թեև շատ շոգ ամառ է, երկնքից արևը կրակ է թափում, բայց Արարատը զարդարված է հավերժական ոսկեձյուն թագով։
– Խնդրում եմ, կանգնիր, նայեմ Արարատին, դու էլ նայիր, դու էլ, Տատու։
Կանգ ենք առնում։ Արարատը մտնում է ավտոբուս։
– Իմ ճաշելու ժամն է,- ասում է վարորդը,- կինս տոլմա է պատրաստել, մենք այստեղ ենք ապրում, դուք էլ եկեք։
Շնորհակալ լինելով՝ քաղաքավարությամբ հրաժարվում ենք, ուզում ենք մենակ մնալ ու համբուրվել։ Ո՞վ ասաց, թե Արարատը ծեր է, ոչ, միլիոն անգամ միլիոն տարեկան երիտասարդ է նա և դեմ չի լինի, այլ՝ կուրախանա, որ ես ու կապույտ սիրուհիս համբուրվենք իր հայացքի առջև։
Ես չեմ համարձակվում առաջինը համբուրել նրան, մեկ էլ տեսար ասաց այնպիսի մի բառ, արեց այնպիսի մի շարժում, որից կմեռնեմ, երբ մանավանդ հիմա այնքան ցանկանում եմ ապրել։ Տեսնելով՝ հապաղում եմ՝ ինչ և ոնց անեմ ու չանեմ, նրա շուրթերը սրտի ջերմալից թրթռոցով հպվեցին իմ շրթունքներին…
– Լուսամփոփի պես աղջիկ, աստվածային աչքերով,– ասացի նրան հանճարի բառերը։
– Գիժ,– ասաց նա։ Եվ դա այս կյանքում ինձ ասված ամենաքաղցր բառն էր։
Մենք այնքան էինք հեռացել անսեր իրականությունից, որ չնկատեցինք՝ ոնց ավտոբուսը տեղից շարժվեց։ Մի քանի մոլորված պտույտ գործելով Սարի թաղում՝ մենք վերադարձանք Երևանի գեղատեսք փողոցներ, որտեղ աշխարհի ամենաշքեղ սրճարաններն են ու ռեստորանները։ Մի կին դրոշակ է պարզել։ Մի տղամարդ փող է փչում։ Մի կին քայլելով արտասանում է Օթելլոյի վերջին բառերը և փորձում ինքնասպան լինել։ Մի տղամարդ գլխով սուզվել է աղբամանի մեջ։ Մի կին տանում է մաս-մաքուր սափրված, ֆետրե լայնեզր գլխարկով մեծադիր դիմանկարը՝ «Նիկոլ վարչապետ» մակագրությամբ։
Այս շրջագայության վերջին կանգառը Սասունցի Դավիթ երկաթուղային կայարանն է։ Բարև, Դավիթ, անպարտելի ձիավոր։
Արևը մոտենում է քոչարի պարող լեռնաշղթային, բայց դեռ հեռու է մութ գիշերը։
Ես փորձում եմ հրաժեշտ տալ կապույտ աղջկան, սակայն երկար ժամանակ չի հաջողվում բաժանվել, ես նրան եմ գրկել, նա՝ ինձ, և միմյանց դեմքին շաղում ենք ջերմ ու քաղցր արցունքի անձրևներ։
(Աշխարհի արևմտա-արևելյան կողմից հազար տարեկան ծերունու ձայն եմ լսում, որը մտնում է պատմվածք ու դուրս չի գալիս. «Ձեզ խորհուրդ ու խրատ խոսեմ։ Մի՛ եղեք հարբեցող, գող, դավադիր, ծույլ, կաշառակեր, կնամոլ, այսօր ու միշտ եղեք սիրող հոգի, որ երբեք չմեռնեք»)։
Ինչպես լուսաբաց վարդի թերթիկներ, ես նրա մեջ եմ փակվել, նա՝ իմ, և միմյանց դեմքին շաղում ենք ջերմ արցունքի անձրևներ։
– Դու ինձ չասացիր քո անունը։
Երբ մեր շուրթերն էին օծվում վարդամեղրով, մեր սերը դառնում էր սիրուց ահավոր կարոտ, անհաս հորիզոն, որին ինչքան մոտենում ես, նա այնքան ու ավելի հեռանում է քեզնից։ Դա մահացու զգացողություն է, մի խոր ու անափ ծով, որը խմում ես ու չես հագենում։
– Ի՞նչ է անունդ։
– Իմ անունը Ավտոբուս է,- ասացի ես։
– Ի՜նչ սիրուն անուն ունես։ Հիմա ո՞ւր ես գնում։
– Սահմանի դիրքերը։
– Ես էլ եմ գալիս։
– Ոչ։
– Ինձ մենակ մի՛ թող։
– Հրամայում եմ, դու պետք է ապրես։
– Ես քեզ միշտ կսպասեմ, ուր էլ որ գնաս, ինչ էլ որ լինի։ Մի՛ գնա,- նա լաց եղավ,- խնդրում եմ, մի՛ գնա։
Ես շրջվեցի։
– Ես քեզ սիրում եմ,- ասաց նա իմ ետևից։
Ես մի քանի քայլ էլ հեռացա։
– Ես քեզ չեմ սիրում,- հուսահատ բղավեց նա,- ինչո՞ւ ես գնում։
Ես այլևս նրան չնայեցի, որ նա չտեսնի իմ արցունքը։
– Կանգ առ։
Ես ավելի էի հեռանում՝ շարունակելով լսել վառվող մոմի պես աստիճանաբար մարող նրա նվաղուն ձայնը։
– Ես քեզ չեմ սիրում… Ես քեզ սիրում եմ… չեմ սիրում, չեմ սիրում,- նա հեկեկաց։
Նրա ձայնը վերջնականապես հանգավ, երբ ես մտա կայարան և նստեցի սահման մեկնող գնացքը։
Ո՛չ Պոլսո, այլ՝ Երևանի թաղերում այդ անմոռանալի պտույտից մեկուկես տարի անց, ապրիլի 24-ի առավոտյան, երբ ձյունոտ լճակից բուռ ու բուռ ջուր էի խմում, ես սպանվեցի դիպուկահարի արձակած փամփուշտից։ Ինձ տարան Եռաբլուր և զինվորական պատիվներով ու արարողակարգությամբ հանձնեցին հողին։ Սպիտակ մարմարե տապանաքարի վրա իմ անունն է փորագրված և երկու սև կակաչ։
Ահա շատ տարիներ, յուրաքանչյուր ապրիլ ամիս Տատուն գալիս է այստեղ և մի ամբողջ օր լռում։ Նրա թախծոտ աչքերից արցունքի մարգարիտ կաթիլներ են գլորվում լուսամփոփ այտերով և կանգ առնում ծաղիկ շուրթերի վրա։
Ես չեմ արտասվում։
Ես կարոտում եմ, հիշում և մտածում եմ։
2026 թ. ապրիլ
