Երաժշտություն կոշտ  լեզուների համար/ Քիտ Ղարիբյան

Քիտ Ղարիբյանը բանաստեղծ է ու գրաքննադատ:  Ծնվել է 1943 թ.   Բոմբեյում (Հնդկաստան),  1961 թ. ներգաղթել է Կանադա: Ապրում է Օնտարիո նահանգի Միսիսագա քաղաքում: Ստացել է դոկտորի աստիճան Քուինսի համալսարանում, դասավանդել է ՄաքԳիլի, Թրենթի և Կոնկորդիա համալսարաններում։ 37 գրքի հեղինակ է, որոնցից  12-ը՝ բանաստեղծական: Արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ 2013 թ.-ին՝  ՀՀ Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալի, 2014 թ.-ին՝  Սուրեյի միջազգային գրողների համաժողովի պոեզիայի մրցանակի,  ինչպես նաև Միսիսագայի արվեստի մրցանակի:

 

Կարծում էին՝ երկրի սիրտը

չի  խոցվի երբեք ներսից,

քանզի Սուրբ Գիրքն է ավետում.

ապրել՝ անցյալը երազելով,

ոչինչ չէր կարող խաթարել այն,

ներկան՝ երգող թռչուններ ու կանայք.

իրական՝ ինչպես կարելի է պատկերացնել,

ապագան՝ կախարդական մի վայր:

 

Բայց մղձավանջ է հիմա, քարտեզդ է այրում

երիտասարդներին ու ծերերին, բռնակալների

քմահաճույքով՝ կեղծ հրեշտակներով թևավոր`

բարձրանալու մոլեռանդությամբ իսլամական

փայլփլուն մինարեթի մոտ մեծ մզկիթի,

մինչդեռ արևմուտքի գայլերն են  սպիտակ

պահապան պարսպի մոտ ոռնում, ագահ

առաջնորդներն են ոհմակի՝ կաշառքի  ծարավի:

 

Ո՛չ գիշերն է քեզ խեղդում, ո՛չ լուսինը,

ո՛չ անապատը, ոչ  էլ  ծովը կամ արևը,

մոլլաներն են քարոզներով ճղրտուն, ոստիկաններն

ու իշխանավորները՝ զենքերով դավադիր,

երազանքներդ լուսավոր սպանում:

 

 

Վերքերով եք ծնվել դուք,

ձեռքերին ձեր՝ քար, աղից տոչոր շուրթեր,

սրտերը ձեր՝ վշտահար,

ձեր երկրում օրհնանք չէ, ոչ էլ գինի

ու ծիածան և կամ լույս միայն՝

հասմիկի կամ ճոճվող արմավենու վրա:

 

Դուք, որ մութ խոռոչներ եք տեսնում

ձեր երկրի սրտում, խաղաքարտի վրա՝

ավազակների վտանգը կոտորածի,

բանաստեղծություններ եք արտասանում

ազատության, ձայները ձեր՝ թափվող փետուրներ

ավազի վրա այրվող, մինչդեռ մարդասպաններն են հափշտակում

հայելիները, երգերն համառ, մեղեդիներն անմխիթար,

օրագրերը կենդանի, տենչանքները՝ խեղդելով վախն իրենց,-

պատմությունը երկրաշարժերի, կայծակը,

ձայները՝  գաղտնի թաքնված բջիջներում

ձեր մաշկի, քաջությունը՝ ոսկորներում:

 

 

Դուք իսկական սիրահարներ եք հայրենիքի,

հուսառատ օրերի պահապաններ, ձայներ խարանող,

կրքի նահատակներ, լուսիններ

ավերակներին նայող, կյանք կծկվող,

քանզի բռնություն ու մահ է

պարտադրված այս պահին։

 

 

Բայց դուք գիտեք՝ ազատատենչությունը

շնորհն է երիտասարդության, երաժշտություն

կոշտ լեզուների, ադամանդե շղթաներով սրտերի համար,

երբ երգն է ձեր հնչում սոխակներից,

համպարի զեփյուռից, արյան հեղեղից վեր։

ձեռքերը ձեր`  կապկպված,

գրկախառնություններ՝ մահվան պես իրական,

իրական՝ ինչպես հեքիաթները

հեքիաթասացի, լույսն առաջնորդող,

որ վառվում է ջրի վրա

քաղաքի պարիսպների մոտ՝

ստվերված բեկորներով մարդկային,

բազումք են  զանգվածաբար մեռնում

անվախ՝ բարձրացնելով դեմքերն աղճատ։

 

Փառք դեպի արևը պարզած բազուկներին քո,

անհիշատակ քո անուններին,

որ  հիմն են գրում անջնջելի,

խմբերգ՝ վերամբարձ մի ավարտով.

Մահ ամենայն  մահ է նախ և առաջ, բայց դագաղները

մեռյալների մահճակալներ են դառնում նորածինների:

 

 

Թարգմանությունն անգլերենից՝ Հերմինե ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ