ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ/ Զավեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երևի թե ես հանցանք եմ գործել՝

Գաղտնալսել եմ մանուշակներին,

Եվ նրանց քնքուշ շշուկներն առել

Իմ տողերի մեջ…

Տեսագրել եմ գաղտնորեն փորձել

Մի հանցագործի նման շատերին,

Պոետական մեծ ատյանի առջև

Կանգնեցրել՝ որպես արդար դատերի

Խենթ երկրպագու… Հավքերին, ասենք,

Ու եղնիկներին՝ սիրով արբեցած,

Նաև ժայռերին՝ ժայռերին բուսած,

Եվ ջրվեժներին՝ ճյուղ-ծամեր հյուսած,

Լեռներին ապա՝ բյուր դարեր ուսած։

 

Փաստերի մասին՝ գաղտնորեն լսած,

Կարող եք կարդալ իմ շատ երգերում,

Անքնության եմ տրվել, ճիշտն ասած,

Խրվելով այսպես բազում մեղքերում։

Ինչպես որ քամու թևերով թռած

Սերմերն են աճում քարաճեղքերում,

Թաքնալսումիս գաղտնիքները բաց

Իմ մի գրքից մի գիրք են դեգերում։

 

Հրաշք են՝ ամառ, աշուն, թե գարուն,

Թե ձմեռ, իրոք հրաշք ու զարմանք,

Բանաստեղծումի գործն է այսպիսին՝

Մի մարդ գրում է, կարդում հազար մարդ։

 

Շարունակում եմ գաղտնալսումը,

Թե ճիշտ չեմ անում, Տերը թող ների,

Այլ հնար չունեմ, սիրտս ուզում է՝

Երգերով գտնեմ սերը թոռների…

 

ԴԻՄԱԿ

Սիրո դիմակի տակ ես մի դեմք տեսա,

Որը, մեղմ ասած, համակրելի չէր.

Ատելություն չանվանեմ նրան,

Բայց մոտ էր այնքան,

Որ կարելի էր անվանել անգամ։

 

Մի՞թե դիմակով պիտի մենք սիրենք,

Հնարավո՞ր է սիրել դիմակով…

 

***

Մի ճանապարհ՝ փոշոտ ու հին,

Քո հետքերի հուշն է պահում,

Ուր էլ տանի կյանքի ուղին,

Դեպի այն է միտքդ սահում։

 

Մանկությունն է ճանապարհում՝

Ավարտում է  հեքիաթը երբ,

Բայց հուշերը ջերմ են պահում

Կարոտն, իբրև անուշ մի երգ։

 

Ու թվում է երբեմնակի,

Թե քայլում ես դեռ էն ճամփին,

Վառ, արևոտ եղանակի

Ուրախությամբ, դարի չափ հին։

 

Եվ մանկության խաղերն են տաք

Երազի պես, ինչպես տեսիլք,

Կապույտ, կապույտ երկնքի տակ

Սիրով լցնում հոգի թե սիրտ։

 

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Տեսեք՝ ինչ կա այս բառի մեջ՝

Խաղաղություն,

Թե որ նայենք

Իմ հայացքով պոետական՝

Խաղ, աղ ու տուն։

 

Երբ ցավերն ու կռիվներն են

Մարդկանց ուտում՝

Նույն մարդկանց իսկ հրահրած,

Երազանքն է տենչում նրանց

Խաղաղություն։

Որովհետև այս բառի մեջ,

Ինչպես ճերմակ աղավնիներ,

Թևածում են

Խաղ, աղ ու տուն։

Եվ մայրերն են սուրբ աղոթում,

Որ սեր լինի խաղաղ ու տուն,

Մանուկները խաղան ժպտուն։

Որ սուրբ աղը համ տա կյանքին

Երկնքի տակ հստակ, անգին։

 

Որ Տեր Աստված

Փոխակերպման ուժ տա բարի

Չարին դժնի ու տականքին։

 

Խաղաղություն՝

Խաղ, աղ ու տուն։

 

ԿԱՂՆԻՆ

Կանգնել է կաղնին

Զորեղ ու ամուր,

Կեղև ու կողին

Կնճիռ ու մամուռ։

Կաղնին դարավոր,

Կաղնին փառավոր,

Որ կամքով ջահել

Չունի պառավ օր։

Ուժ է ներշնչում

Մոտիկ ծառերին,

Իր ուժը տալիս

Եվ իմ բառերին։

 

***

Կապել է թաքուն մի սեր մեզ իրար,

Ես՝ տրված սիրույն և տիեզերքին,

Դու՝ ճկունագեղ, նուրբ ու հեզիրան,

Ինչպես ուռենի՝ գետի եզերքին։

Ես եմ գետը խենթ, անվերջ կարկաչուն,

Եվ քեզ մոտ, քեզ հետ և հեռագնա,

Մով հեռուներն են դյութանքով կանչում,

Իսկ քո նազանքը ասում է՝ մնա։

Դե այսպես եմ ես՝ միաժամանակ

Եվ մնացող, և գնացող ընդմիշտ,

Ես էլ եմ ուզում միասին մնանք,

Բայց հեռուներն եմ տենչում անհանգիստ։

Սիրում եմ սարերն այս արևանիստ,

Ուր շողշողում ես դու արևի պես,

Ապրում եմ սիրով թանկ հարևանիս,

Ասում՝ երկրո՛ւմ այս դու պիտի վիպես։

Եվ այդպես էլ կա՝ գրում եմ, վիպում,

Երգում սերերն իմ՝ թե՛ թաքուն, թե՛ բաց ,

Նորընծա երգ է ամեն հանդիպում,

Սուրբ ներշնչանքն է սավառնում արբած…

 

ԷՀԵ…

-Էհե, ծմակը դեղնել է,- ասաց

Իմ ծեր ուսուցիչն անցյալում մի օր,

Երբ Վերի սարից իջնում էինք ցած,

Սարերի դեղնած լանջերով անդորր։

 

Ավանակ ուներ, նստել էր վրան,

Սարվորներ էինք, օգոստոսի վերջ,

Մեր Վերի սարում անտառներ չկան,

Ներքի սարում են անտառները պերճ։

 

Երբ միանգամից սարից էն բարձրիկ

Մեր առջև բացվեց անտառը ցածում,

Մենք իսկույն աշնան շունչը զգացինք՝

Վայելելով մի տխուր հիացում։

 

Եվ ծեր ուսուցչիս թախծոտ «էհե»-ում

Այնքան բան կար, որ չի ասվի այլ կերպ,

Կյանք, որ եղել ու անցել է հերու,

Հեռու սարերում հուշ դարձել, էլ երբ…

 

Էլ ե՞րբ կլինի վերադարձ, արդյոք,

և կլինի՞ էլ, թե էլ չի լինի,

Ընթացքն աշխարհի չգիտե ոչ ոք,

Որ ոք չգիտե դարձերն էս կյանքի։

 

Անտառը բացվեց ողջույնով դեղին,

Մեզ ողջունեց մի թախծոտ ժպիտով,

Մեր լայնատարած կապույտ հանդերին

Ոսկե մի հույզ էր խաղում հոգեթով։

 

Անցավ էն օրն էլ, հեքիաթ էր անդարձ,

Իմ ուսուցիչը վաղուց էլ չկա,

Բայց, ահա, պահն էն հիշեցի հանկարծ՝

Էհե-ով գտած հուշը թովչական…

 

ԱՅՍ ԻՆՉՔԱՆ ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս ինչքան դաժանություն

Կա կյանքում այս կարճատև,

Նենգորեն իրար ուտում,

Սիրում են դավել, ատել։

 

Մի բան, որ շինում է մարդ,

Ուզում է տասն ավերել,

և բանն այս չունի ավարտ,

Սիզիփյան վայրէջք-վերելք։

 

Մարդու սիրտն անուշ տենչով

Ջանում է լուսարձակել,

Մինչ անթիվ ցավեր տանջող

Մութով են շուրջը փակել։

 

Այս ինչքան դաժանություն

Կա կյանքում այս մի օրվա,

Դառնացած, ահա, արթուն՝

Գրում եմ ես պղտորված։

 

Ինչպես որ գետն է հաճախ

Պղտորվում անձրևներից,

Պղտորվել ես էլ հիմա՝

Տանջվում եմ հին ցավերից…

 

***

Չես հոգնի երբեք,

Ժողովուրդ իմ հեգ,

Վեհ ու տանջալի

Ճամփին քո բեկ-բեկ։

 

Չես մարի երբեք,

Դու՝ բորբ արևելք,

Բայց անսպառ են

Մթին ցավ ու վերք։

 

Տրված է վերուստ

Քեզ դժնի վերելք,

Փորձելու են միշտ

Երթդ ավերել։

 

Վեհապանծ երթ է

Բաժին հասել քեզ,

Աստված քեզ հետ է,

Լույս պիտի երգես։

 

ԱՌԱՎՈՏ

Օ, ինչ լավ է, երբ սովորական մի

Պարզ օր է բացվում…

Արթնանում ես ու լվացվում

Մղձավանջից, մութից, սուտից,

Մի գտնված ուրախությամբ ասես լցվում, ժպտում նաև,

Որովհետև լույս ես տեսնում,

Աշխարհ, արև, ասում բարև,

Բարև առնում,

Հարազատիդ, հարևանիդ

Քո բարևով արև անում,

Տխրությունն ու ցավը վանում,

Սրտից գուցե մի փուշ հանում։

 

Օ, ինչ լավ է, երբ մի ջերմիկ,

Տաք, մտերմիկ սուրճ ես խմում

Առավոտյան վայելումով,

Գրում տողեր, ինչպես հիմա,

Հենց այս պահին,

Մինչ արևը փռի շողեր,

Լույս ու բարի,

Ուրախության ժպիտ բերի,

և օրվա հետ մտերմանաս,

Գործի գնաս,

Աշխարհ մտնես մանուկների

Ձեր դպրոցում։

 

Ինչ լավ է այս երգը գրել՝

Արևով ու լույսով օծուն,

Քանզի այնքան բաներ կան, որ

Սիրտ են խոցում,

Նենգ ուժեր կան, չարեր՝ գործուն…

Խաղաղ ծովն են ալեկոծում…

Ավաղ՝ նաև մեր մեջ, մեզ մոտ,

Մեզ հետ, ավաղ…

 

և ինչ լավ է, ամեն դեպքում,

Որ արևոտ օր է բացվում՝

Սովորական ու գեղեցիկ,

Իբրև ժպիտ հարազատի,

Հույս ու հավատ,

և պարզապես

Առավոտյան սուրճ մի գավաթ…

 

ՏՐԻՈԼԵՏ

Ես էլ չգիտեմ՝ ինչ է կատարվում,

Երբ քեզ տեսնում եմ, երբ ժպտում ես դու,

Մի տաք ալիք է գալիս, ինձ փարվում,

Ես էլ չգիտեմ՝ ինչ է կատարվում։

Ամբողջ աշխարհից հանկարծ կտրվում

Ու հայտնվում եմ սիրո արվեստում,

Ես էլ չգիտեմ՝ ինչ է կատարվում,

Երբ քեզ տեսնում եմ, երբ ժպտում ես դու։