Տարին հոբելյանական է «Տաղարան»-ի համար, հնագույն երաժշտության անսամբլը տոնում է իր 45-ամյակը: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան:
Մոտ կեսդարյա պատմություն կերտած այս բացառիկ անսամբլը իր տաճարային երաժշտությամբ անտարբեր չի թողնում անգամ ամենաբծախնդիր հանդիսատեսին: Յուրաքանչյուր համերգի «Տաղարան»-ը ներկայանում է նոր շնչով, ժամանակին համընթաց, ակադեմիական բեմահարթակից հնչեցնելով 5-15-րդ դարերի հայ ազգային մշակույթի բացառիկ արժեքներ՝ շարականներ, տաղեր, հոգևոր ու աշխարհիկ գոհարներ և համաշխարհային հնագույն երաժշտություն:
«Տաղարան»-ը 45 տարիների անբասիր աշխատանքային գործունեությամբ ազգային ու համամարդկային մշակութային ժառանգությունը պահում, պահպանում, հանրայնացնում ու փոխանցում է սերունդներին։ Անգնահատելի է անսամբլի դերը մերօրյա մշակութային պատմության կերտման, կայացման, հայի ու ազգայինի դաստիարակման գործում։
2026 թվականի յուրաքանչյուր համերգ սպասված տոնակատարություն է լինելու հանդիսատեսի համար՝ իր ուրույն ձեռագրով ապահովելով մշակութային հրավառություն:
Դե իսկ սկիզբը …
1981 թվականին Գրիգոր Դանիելյանը, նույն ինքը՝ Դանիել Երաժիշտը հիմնեց «Շարական» հնագույն երաժշտության անսամբլը և ղեկավարեց այն մինչև 1985 թվականը: Անսամբլի անվանումը հուշել է իր ուսուցիչը՝ երաժշտագետ Ռոբերտ Աթայանը։ Մաեստրոն առաջնորդվել է այն գաղափարով, որ եթե 200-300 տարվա մշակութային պատմություն ունեցող երկրները կարող են հնագույն երաժշտության անսամբլներ ունենալ, ապա հազարամյակների պատմություն ու մշակույթ ունեցող հայ ազգը աներկբայորեն պետք է ունենա իր հնագույն երաժշտական ստեղծագործությունները պրոֆեսիոնալ կատարմամբ ներկայացնող և ավետող անսամբլ։ 1985 թվականին «Մելոդիա» ֆիրմայի կողմից Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ անսամբլի ձայնագրությունը, իսկ 1986 թ. թողարկվեց «Շարական» հնագույն երաժշտության անսամբլի ձայնասկավառակը։
Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն, խորապես կարևորելով անսամբլի տեղը և դերը, որոշում է կայացնում անսամբլը ընդգրկել եկեղեցական միջոցառումների շարքում՝ տալով իր օրհնությունն ու բարեմաղթանքը: Կոմկուսի ղեկավարության առաջարկով՝ հնագույն երաժշտության անսամբլը անվանակոչվել է «Տաղարան», քանի որ անվանումն ուներ կրոնական ու հոգևոր բնույթ:
«Տաղարան»-ի առաքելությունն ի սկզբանե եղել է վեր հանել ու հանրահռչակել մեր ժողովրդի հնագույն երաժշտությունը: 1987 թ. անսամբլի ղեկավարությունը ստանձնում է կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը: 1988 թ. «Տաղարան»-ը ստացել է պետական կարգավիճակ։ Այս տարիներին անսամբլը ծաղկունք ապրեց, ներկայացավ այլ հարթության բարձունքից` հաղորդելով նոր շունչ ու որակ: Երվանդ Երկանյանը «Տաղարան»-ի համար մշակել է 350-ից ավելի հայ հոգևոր, ժողովրդական, ազգային, հայրենասիրական ստեղծագործություններ, որոնք առանձնանում են բարձրաճաշակ, երկանյանական հոգու նուրբ ձեռագրով: Երվանդ Երկանյանի մշակումները առանձնահատուկ են հայ հոգևոր երգարվեստի ոճի ճշգրիտ ըմբռնմամբ, կոմպոզիտորական բարձր վարպետությամբ:
Այդ տարիներին «Տաղարան»-ն առաջին անգամ հանդիսատեսին է ներկայացրել Կլաուդիո Մոնտեվերդիի «Պոպեայի թագադրությունը»-ը, Քրիստոֆ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» և Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերաները` համերգային ձևաչափով։ Երվանդ Երկանյանի ղեկավարության օրոք, 1990 թվականին, «Մելոդիա» ֆիրմայի կողմից Մոսկվայում «Տաղարան»-ը ձայնագրվել ու թողարկել է ձայնասկավառակ։
1994 թվականից անսամբլը ղեկավարում է լավագույն մաեստրոներից մեկը` դաշնակահար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը, որը ոչ միայն պահում է անզուգական ու մաքրամաքուր բարձր արվեստ ներկայացնելու իր առաքելությունը, այլ նաև բեմ է բարձրացնում այնպիսի գոհարներ, որոնց մշակումներն ու գործիքավորումները տասնամյակներ շարունակ ունկնդրին ուղեկցում և տեղափոխում են երաժշտության տիեզերական աշխարհ:
Մաեստրո Սեդրակ Երկանյանի ձեռամբ «Տաղարան»-ը հսկայական գործունեություն է ծավալում` ներկայացնելով հայ հոգևոր միջնադարյան երաժշտությունից մինչև եվրոպական մինչդասական ու բարոկկո շրջանի երաժշտություն: Հայ մշակութային գանձերին զուգահեռ՝ հնչում է նեգրական սպիրիչուելներ, իսպանական, ֆրանսիական, իտալական, գերմանական, չինական հնագույն երաժշտության ամբողջական պատկերներ: «Տաղարան»-ը, լինելով միակը, գրեթե կես դար երաժշտական ոճային առանձնահատկությունով, բարձր վարպետությամբ, մենակատարների ու նվագախմբի համահունչ ներդաշնակությամբ միշտ բարձրակետում է: Ակադեմիական բեմից, ակադեմիական հնչողությամբ, ճշմարիտ արվեստով կրթում ու դաստիարակում է որակյալ հասարակություն: Հիրավի, անսամբլի առաքելությունը մեր օրերում բարդ է, բայց Ս. Երկանյան մաեստրոն գիտի, որ յուրաքանչյուր ճշմարիտ արվեստագետ ինքն է իր ուղին հարթում՝ հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ ի շահ «Տաղարան»-ի: Մաեստրոն, հավատարիմ մնալով իր գենետիկ կոդին, կոմիտասյան ուղենիշը այցեքարտ դարձրած, կերտում է «Տաղարան»-ի իր ղեկավարության եռահատորը: Նա քարտեզագրել, մշակել ու «Տաղարան»-ի երկացանկը հարստացրել է հորովելների, քոչարիների, հայկական խճանկարների, հարսանեկան հայտնի ու անհայտ երգերի ու պարեղանակների շարքերով:
Անսամբլը ներկայացրել է «Կարոս խաչ» վիպերգությունը և Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա գրված «Վարք հիմարաց» խաղերգությունը (կոմպոզիտոր` Դ. Սաքոյան)։
«Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլը 45 տարիների կարևոր ու բեղմնավոր գործունեության ընթացքում մասնակցել է մի շարք միջազգային փառատոների, հայտնի ստուդիաների կողմից ձայնագրվել` թողարկելով ձայնասկավառակներ, նկարահանել տեսահոլովակներ, մշտապես արժանացել հեղինակավոր հեռուստա-ռադիո ծրագրերի ուշադրությանը, միջազգային ու տեղական մամուլի անդրադարձներին։ Համերգային ծրագրերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում՝ ներկայացնելով հայկական մշակույթը, բարձր հնչեցնելով Հայաստան անունը:
«Գրական թերթը» շնորհավորում է սիրված անսամբլին և հարգարժան մաեստրո Սեդրակ Երկանյանին՝ ստեղծագործական նոր բարձունքների մաղթանքով:
Մարիաննա ԳԵՎՈՐԳՅԱՆ
